Միջազգային

Թափառող շներ. ինչպե՞ս արդյունավետ կառավարել նրանց

Լուսանկարները՝ Քենջինգ Սբմիթր

Փետրվար ամսին սոցիալական ցանցերում կտրուկ ավելացել են թափառող շներից երևանցիների դժգոհությունը պարունակող գրառումներն ու դրանց շուրջ քննարկումները։ Բնակիչներն ահազանգում են, որ քաղաքում նկատվում է թափառող շների խմբերի աճ, պատմում են շների ագրեսիվ պահվածքի և որոշ դեպքերում նաև մարդկանց վրա հարձակման դեպքերի մասին։

«Ամփոփ Մեդիան» ուշագրավ հոդված է ներկայացնում, որի սկզբնաղբյուրը Հնդկաստանի քաղաքներից մեկում գործող կենդանիների խնամքի և օգնության կենտրոնի կայքն է։ Այն ներկայացնում է խնդրի հիմնական պատճառներն ու խնդրին լուծում տալու մարդասիրական մոտեցումները։

Ինչո՞ւ են զարգացող երկրներում այդքան շատ թափառող շներն ու կատուները

Զարգացող երկրներում փողոցային շների ու վայրի կատուների այդքան մեծ քանակությունը պայմանավորված է մի քանի պատճառներով՝

1. Նրանք հեշտորեն կարողանում են սնունդ գտնել: Բարձիթողի վիճակում գտնվող աղբի այդ ահռելի քանակությունը թափառող կենդանիների համար սննդի առատ աղբյուր է, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս գոյատևել փողոցներում:

2. Նրանք շատ արագ են բազմանում: Ամեն տարի թափառող էգ շունը կարող է 2 անգամ ծննդաբերել՝ միանգամից 6-ից 9 ձագ ունենալով, իսկ կատուները տարեկան 2-ից 3 անգամ են ծննդաբերում՝ ունենալով մինչև 9 ձագ։ Այսպիսով, թափառող շան զույգը կյանքի ընթացքում կարող է 80-ից 90 ձագ ունենալ, կատուների դեպքում՝ ավելի քան 100 և հարյուրավոր ժառանգներ՝ սերնդափոխության ընթացքում:

3. Արվարձաններում ապրող բնակիչները, խանութպանները և այլք պահում են այդ կենդանիներին՝ որպես տարածքի պահապաններ, կերակրում և հոգ են տանում նրանց մասին։

Այս ամենի արդյունքում անտուն կենդանիները ժամանակի ընթացքում կտրուկ աճում են, խմբավորվում, որին նպաստում է նաև թափոնների անվերահսկելի վիճակը, ինչն էլ` որպես սնունդ, ավելի հասանելի է նրանց։

Թափառող շների և կատուների հսկայական խմբերը հասարակությանը անհանգստացնող խնդիր է։ Շների կծոցներ, կատաղախտ, լոպտոսպիրոզ, կատվի բակտերիալ վարակ․ այս բոլորը ռիսկային են այն մարդկանց համար, ում բնակության վայրում առկա են թափառող կենդանիների մեծ խմբեր։ Խնդրահարույց են նաև տարածքների համար կռիվ տվող փողոցային շների հաչոցները, որոնք նույնպես անհարմարություն են ստեղծում տեղի բնակիչների համար։

Շատ կարևոր է կրճատել թափառող կենդանիների խմբաքանակները՝ վտանգավոր հիվանդությունների տարածումը վերահսկելու և շների կծոցներին ու հարձակումներին վերջ դնելու համար։

Լատա անունով այս ձագուկը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել

Ինչպիսի՞ արդյունավետ և մարդասիրական միջոցներով կարելի է կառավարել թափառող կենդանիների խմբերը

Քաղաքային իշխանությունները որոշ զարգացող երկրներում խնդրի լուծումը տեսնում են զանգվածային ոչնչացման (այսինքն՝ շներին սպանելով) միջոցով կամ նրանց ուրիշ տարածքներ տեղափոխելով։ Այս միջոցները գուցե վաղ անցյալում արդյունավետ են եղել, բայց մի շարք պառճառներով դրանք անմարդկային են, ինչպես նաև՝ անիրագործելի զարգացող երկրների համար։

Նախ և առաջ, թափառող կենդանիներն արագ բազմանում են և մի քանի ամսվա ընթացքում կարող են փոխարինել սպանված շներին։

Երկրորդ՝ նորածին կենդանիները պետք է անմիջապես պատվաստվեն՝ հակառակ դեպքում դյուրազգաց կլինեն կատաղության նկատմամբ և, հետևաբար, ավելի շատ հիվանդություններ կտարածեն։

Երրորդ՝ աղբը, որով սնվում են շները, սննդի առատ աղբյուր է հանդիսանում՝ շարունակելով պահպանել նրանց գոյությունը։

Թափառող կենդանիների խմբերը նվազեցնելու միակ արդյունավետ և գործնական միջոցը զանգվածային ստերջացումն ու իմունիզացիան է, որին հաջորդում է շների որդեգրման կազմակերպումը կամ նրանց իրենց նախնական տարածքներ վերադարձնելը։

  • Ստերջացումը վերարտադրողական օրգանների վիրաբուժական միջամտությամբ հեռացումն է, ինչը շներին թույլ չի տալիս բազմանալ և կառավարում է վերարտադրողական հորմոնները (տեստոստերոն, էստրոգեն), որոնք նպաստում են կենդանիների ագրեսիվ վարքի դրսևորմանը։
  • Իմունիզացիան պատվաստումների միջոցով կենդանիներին անձեռնմխելի է դարձնում ընդհանուր հիվանդությունների հանդեպ:
  • Շանը իր նախնական տարածք վերադարձնելը կանխում է տարածքի համար կռիվները, և շներին չի կանգնեցնում նոր միջավայրին ընտելանալու խնդրի առաջ։
  • Թափառող կենդանիների որդեգրումը հնարավորություն է տալիս կենդանիներին ապրել սիրով լի տանը՝ երջանիկ և առողջ կյանքով։

 

Հեղինակ՝ Նիվեդիտա Բանսլ

Թարգմանությունը Թամար Սիմոնյանի

Նյութի սկզբնաղբյուրն այստեղ 

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 24/02/2020