Մեր մասին Էթիկա
Կրթություն

Զգոնության դասեր #5. ինչպե՞ս չդառնալ հեռախոսային խաբեբաների զոհ

Website-Cover-1350-850 - 1

Տեղեկատվական հարձակումները միշտ չէ, որ կայքերի կամ էլեկտրոնային նամակների տեսքով են լինում։ Երբեմն դրանք ներխուժում են մեր անձնական տարածք անսպասելի հեռախոսազանգերի տեսքով։ Հեռախոսային խաբեբայությունը կամ վիշինգը (անգլերեն՝ vishing․ առաջացել է voice phishing բառերից) նպատակ ունի կորզել ձեր անձնական տվյալները կամ ստիպել ձեզ անուղղակի ֆինանսական ծախսեր անել։

Ինչպե՞ս է աշխատում «մեկ զանգի» սխեման․ Wangiri

Գուցե շատերիդ հետ է պատահել․ հեռախոսի էկրանին նկատել եք բաց թողնված զանգեր օտարերկրյա անհայտ համարներից (օրինակ՝ Չեխիա, Ֆրանսիա, Ռուսաստան), որոնց առանձնապես չէիք սպասում։ Հավանաբար այդ զանգը հայտնի Wangiri (ճապոներենից զանգ և անջատում) սխեմայով իրականացված զանգ է։ Խաբեբաները զանգում են և անմիջապես անջատում՝ հույս ունենալով, որ դուք հետ կզանգեք։ Եթե հետ եք զանգում նման միջազգային համարի, ձեր հաշվից գանձվում է բավական բարձր գումար, որի մի մասը փոխանցվում է հանցագործներին։

Զանգեր մեսենջերներով. Viber-ի և WhatsApp-ի թակարդը

Այս նպատակով խաբեբաներն ավելի հաճախ սկսել են օգտագործել Viber կամ WhatsApp հավելվածները, ինչը թույլ է տալիս շրջանցել բջջային օպերատորների պաշտպանիչ ֆիլտրերը, ինչպես նաև զանգահարել անվճար։ Պատասխանողներին նրանք ներկայանում են որպես բանկի աշխատակից կամ որևէ ընկերության տեխնիկական աջակցության մասնագետ՝ փորձելով կորզել ձեր բանկային քարտի տվյալները կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։

🚩 Զանգողները խաբեբաներ են, եթե՝

  • Համարը ստանում եք մի երկրից, որտեղից զանգ չեք սպասում և չունեք ծանոթներ՝

օրինակ՝ +420, +33, +799 և այլն։

  • Զանգերը կրկնվում են կարճ ընդմիջումներով, տարբեր կոդերով համարներից և տարբեր հարթակներից (սովորական հեռախոսազանգ, Viber,WhatsApp
  • Զանգը հնչում է ընդամենը մի քանի վայրկյան։

Ի՞նչ անել և ինչպե՞ս պաշտպանվել

Նախևառաջ՝ պահպանե՛ք սառնասրտությունը։ Հեռախոսազանգին պատասխանելը (առանց որևէ տվյալ հայտնելու) դեռ չի նշանակում, որ ձեր հեռախոսը «կոտրվել» է կամ տվյալները գողացվել են։

  • Մի՛ զանգեք հետ. երբեք հետ մի՛ զանգեք անծանոթ միջազգային համարներին։
  • Մի՛ հայտնեք անձնական տվյալներ. հիշե՛ք, բանկի աշխատակիցը երբեք չի հարցնի ձեր քարտի եռանիշ թիվը (CVC կոդը) կամ հեռախոսին ստացված մեկանգամյա գաղտնաբառը։
  • Արգելափակե՛ք համարը. կասկածելի զանգից հետո անմիջապես օգտագործեք հեռախոսի Block ֆունկցիան։
  • Տեղեկացրե՛ք բանկին. եթե, այնուամենայնիվ, հայտնել եք որևէ տվյալ, անմիջապես կապվեք ձեր բանկի հետ և սառեցրեք քարտը։

🛡️ Ձեր զգոնությունը լավագույն պաշտպանությունն է։ Թույլ մի՛ տվեք, որ պատահական զանգը խաթարի Ձեր թվային անվտանգությունը։

ℹ️ «Զգոնության դասեր» շարքը «Ամփոփ Մեդիայի» և «Լրագրողներ հանուն ապագայի» (JFF) ՀԿ կրթական հեղինակային նախաձեռնությունն է։ Մեր նպատակն է զինել լսարանին մեդիագրագիտության գործնական հնարքներով և փաստերի ստուգման պարզ գործիքներով՝ թվային դարաշրջանում տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու համար։

Զգոնության դաս 1. Ինչպե՞ս չխաբվել սոցցանցերում

Զգոնության դաս 2. Ինչպե՞ս 5 վայրկյանում բացահայտել ֆիշինգը

Զգոնության դաս 3. Ինչպե՞ս չընկնել «հուզական թակարդը»

Զգոնության դաս 4. Թույլ մի՛ տուր էմոցիաներին կառավարել քեզ 

Շարունակելի․․․

🤝 Համագործակցության հրավեր
Մենք բաց ենք համագործակցության և հովանավորչական առաջարկների համար՝ այս շարքն ավելի ընդլայնելու և ինստիտուցիոնալ հարթակ դարձնելու նպատակով։ Եթե հետաքրքրված եք աջակցել մեդիագրագիտության տարածմանը, գրե՛ք մեզ քննարկման համար հատևյալ էլհասցեին՝ [email protected]։

Պատկերները՝ «Ամփոփ Մեդիայի»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/05/2026