Մեր մասին Էթիկա











Տնտեսություն Քաղաքական

«Առանց ենթակառուցվածքի՝ գազի դիվերսիֆիկացումը պոպուլիզմ է»․ փորձագետը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության և այլընտրանքների մասին

Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, իսկ երկրի գազատրանսպորտային համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմ Արմենիային»։ Միաժամանակ վերջին տարիներին ավելի հաճախ են քննարկվում Իրանից, Թուրքմենստանից կամ Ադրբեջանից գազ ներմուծելու և մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները։

Որքանո՞վ են այս տարբերակներն իրատեսական, ինչ է Հայաստանին տվել 2013 թվականի հայ-ռուսական գազային համաձայնագիրը, և կարո՞ղ են արևային էներգետիկան կամ նոր ատոմակայանը փոխել Հայաստանի էներգետիկ կախվածության պատկերը։ «Ամփոփ Մեդիան» այս հարցերի շուրջ զրուցել է էներգետիկ հարցերով փորձագետ, պրոֆեսոր Վահե Դավթյանի հետ։

Հարց․ 2013-ի գազային համաձայնագրերն ի՞նչ տվեցին Հայաստանին և ի՞նչ ռիսկեր ստեղծեցին։

Վահե Դավթյան

Վահե Դավթյան․ Դե տեսեք, իրականում գիտենք, որ ի սկզբանե, երբ ձևավորվել էր «ՀայՌուսգազարդը», 45%-ը պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը, 45%-ը՝ ռուսական «Գազպրոմին», իսկ 10%-ը՝ ևս ռուսական «ԻՏԵՐԱ» ընկերությանը: Հետո տարիների ընթացքում Հայաստանի մասնակցությունը նվազեց, և 2013 թվականին վերջին մնացած 20%-ը փոխանցվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որն ըստ այդմ վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»՝ դառնալով 100%-անոց ռուսական ընկերություն:

2013 թվականի գազային համաձայնագրերը, մի կողմից, ստեղծեցին գնային և սակագնային կանխատեսելիության բավականին մեծ պաշար, մյուս կողմից, իհարկե, էներգետիկ սուվերենության և ինքնիշխանության տրամաբանության մեջ առաջացրին նոր խնդիրներ: 

Եկեք հերթով անդրադառնանք շատ համառոտ. 2013 թվականին սահմանվեց նոր բանաձև, որով Հայաստանի Հանրապետության համար մատակարարվող գազի գինը պետք է հասներ 189 դոլարի (ընդ որում՝ դրանից առաջ քննարկվում էր լիովին այլ գնագոյացում, որի ներքո գինը կարող էր հասնել մինչև 300 դոլարի): Այսինքն՝ սա ստեղծեց որոշակի կանխատեսելիության և կայունության ռեսուրս: Դրա հետ մեկտեղ, Հայաստան մատակարարվող բնական գազի գինը կապվեց Ռուսաստանի Օրենբուրգի մարզի գազի գնի փոփոխականի հետ: Դրանից անմիջապես հետո, երբ Հայաստանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու մասին, սահմանին սկսեցին կիրառվել գներ, որոնք էապես զիջում էին շուկայականին, և այդ տրամաբանությունը շարունակվում է առ այսօր:

Այսինքն, եթե ամբողջացնեմ, Հայաստանի համար ստեղծվեց գնագոյացման շատ բարվոք իրավիճակ, և մենք առ այսօր շարունակում ենք ռուսական գազը ներկրել շուկայականից շատ ավելի ցածր գնով: Եթե խոսենք հստակ թվերով, ավելի ցածր գնով ստանում է միայն Բելառուսը ($128՝ 1000 խորանարդ մետրի դիմաց): Մեզ համար բազային գինը 165 դոլարն է, բայց քանի որ սահմանին կիրառվում է կալորիականության ինդեքսը (ներկրում ենք ավելի բարձր կալորիականությամբ գազ), վերջնական գինը հասնում է 177-177.5 դոլարի:

Գնային առումով, եթե հարցը դիտարկում ենք նեղ տնտեսական նպատակահարմարության և գազատրանսպորտային համակարգի արդյունավետության տեսանկյունից, 2013 թվականի գազային պայմանագրերը դրական ազդեցություն ունեցան և առ այսօր շարունակում են ունենալ: Բայց երբ հարցը փորձում ենք դիտարկել ավելի լայն ռազմավարական տրամաբանության մեջ (և սա իմ խորին համոզմունքն է), եթե խոսքը վերաբերում է կրիտիկական ենթակառուցվածքներին, իսկ գազատրանսպորտային համակարգը դրանց առանցքներից է, ապա պետությունը անպայման պետք է առնվազն մասնակցություն ունենա դրա կառավարմանը, եթե ոչ ամբողջությամբ տնօրինի այն:

Մինչդեռ 2013 թվականի համաձայնագրով սահմանված էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ՝ առանց քվեարկելու իրավունքի: Սա, ազգային էներգետիկ անվտանգության տեսանկյունից, իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում: Հաճախ զուգահեռներ են անցկացնում «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, բայց այնտեղ իրավիճակը լիովին այլ է, որովհետև երկաթուղային ենթակառուցվածքը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության 100%-անոց սեփականությունը: Իսկ այստեղ ամբողջ գազատրանսպորտային համակարգը, ներառյալ մայրուղային գազամուղները և Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատվածը, պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:

Երբ պարբերաբար խոսվում է Հայաստանի գազային շուկան Իրանից բնական գազ ներկրելով էապես դիվերսիֆիկացնելու մասին, տեխնիկական կողմը մի կողմ դնելով՝ պետք է հասկանալ մի պարզ բան. կարևորը ոչ թե գազի մոլեկուլների աշխարհագրական ծագումն է, այլ այն, թե որ ենթակառուցվածքներով և ինչ լոգիստիկայով է դա հասցվում երկիր: Իրան-Հայաստան գազամուղի վերջին 40 կիլոմետրանոց հատվածը (Մեղրի-Քաջարան), որը պատկանում էր Հայաստանին, 2015-ի սեպտեմբերին որոշակի պարտքերի մարման դիմաց ևս փոխանցվեց «Գազպրոմին»:

Այսինքն՝ գազային դիվերսիֆիկացման մասին խոսակցությունները, հատկապես այսօր (այդ թվում՝ Ադրբեջանից գազ ներկրելու համատեքստում), ենթակառուցվածքային տրամաբանության մեջ մերկապարանոց են: Դիցուք՝ ներկրեցիր գազը և երկրի ներսում հրաժարվեցիր ռուսական գազից՝ փոխարինելով ադրբեջանականով: Բայց երկրի միակ գազատրանսպորտային օպերատորը և ամբողջ ենթակառուցվածքի սեփականատերը «Գազպրոմն» է:

Հետևաբար, տրամաբանությունը հուշում է. նախ բարձրացրու ենթակառուցվածքի պատկանելիության հարցը, բանակցություններ սկսիր ռուսական կողմի հետ որոշակի մասնաբաժին ձեռք բերելու շուրջ, որպեսզի դերակատարում ունենաս համակարգի կառավարման մեջ, ապա նոր մտածիր երրորդ երկրներից գազ բերելու մասին:

Առանց դրա՝ սա խիստ հատվածական մոտեցում է, որը պոպուլիզմի տարրեր ունի: Մի միտք էլ ավելացնեմ, որպեսզի պատկերն ամբողջական լինի: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, 2013 թվականից ի վեր ռուսական «Գազպրոմը» խոշոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում, ինչը հենց այդ համաձայնագրերի արդյունքն էր: Այսօր մեր երկրի գրեթե 100%-անոց գազիֆիկացումը հենց այդ պայմանագրի ուղիղ հետևանքն է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հաստատվել է «Գազպրոմի» նոր՝ շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումային փաթեթը (2026-2031 թթ. հինգ տարիների համար): Այնտեղ նախատեսված են բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնումը, կորուստների նվազեցումը և այլն: Այսինքն՝ ներդրումային ակտիվության, ենթակառուցվածքների արդիականացման և գազիֆիկացման առումով սա դրական քայլ էր:

Այնուամենայնիվ, Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից գազ ներկրելը որքանո՞վ է իրատեսական Հայաստանի համար։ Կարո՞ղ են այդ աղբյուրները լրացնել կամ մասամբ փոխարինել ռուսական գազին։

Վ․Դ․ Թուրքմենստանից մատակարարվող գազը պետք է գա Իրան-Հայաստան գազամուղով: Դրա նախագծային թողունակությունը 2.3 միլիարդ խորանարդ մետր է, իսկ այսօր լավագույն դեպքում ներկրում ենք 350-400 միլիոն խմ, այսինքն՝ օգտագործում ենք թողունակության չնչին մասը:

Սակայն Իրան-Հայաստան գազամուղը ՌԴ սեփականությունն է: Եթե ցանկանում ես կտրել ռուսական գազի մուտքը ՀՀ, բայց պահպանում ես Ռուսաստանի ենթակառուցվածքային ներկայությունը, օպերատորը («Գազպրոմ Արմենիան») իրավունք չունի հրաժարվելու Թուրքմենստանից գազ ընդունելուց (դա կխախտի միջպետական համաձայնագիրը), բայց կարող է առաջարկել սակագնի ձևավորման նոր մեխանիզմ, որը ձեռնտու չի լինի մեր տնտեսությանը:

Երկրորդ՝ «Գազպրոմը» կարող է էապես վերանայել իր ներդրումային քաղաքականությունը: Նրա համար ներդրումների երաշխիք էր հանդիսանում Ռուսաստանից շուկայականից ցածր գնով ներկրվող բնական գազը: Երբ, օրինակ, 2014-ին սահմանային գինը 165-ից իջեցրին 150 դոլարի, «Գազպրոմ Արմենիան» հայտարարեց, որ դա չի նշանակում ներքին սակագների իջեցում, այլ այդ տարբերությունն օգտագործվելու է ներդրումների վերադարձելիությունն ապահովելու համար: Իսկ վերադարձելիության հետ կապված «Գազպրոմն» այսօր լուրջ խնդիր ունի. ընկերության եկամտաբերության գործակիցը կազմում է ընդամենը 9%:

Սակագնի կառուցվածքը հետևյալն է. սահմանային գին՝ $177.5, մայրուղային գազամուղի օգտագործում՝ $25, բաշխման ցանցի ինքնարժեք՝ $41, օպերատորի ծառայություն՝ 2%, ԱԱՀ՝ 16%, կորուստներ՝ 11%։ Արդյունքում «Գազպրոմը» որպես եկամուտ ապահովում է սակագնի 35%-ը (9% եկամտաբերություն): Սա բավականին ցածր մակարդակ է, ինչը պետք է հաշվի առնել դիվերսիֆիկացիայի մասին խոսելիս:

Եթե հրաժարվենք ռուսական գազից և Թուրքմենստանից գազ բերենք Իրանով ու ռուսական պատկանելիության Իրան-Հայաստան գազամուղով, պետք է պատրաստ լինենք, որ «Գազպրոմը» կփոխի իր գնային, սակագնային և շուկայական քաղաքականությունը:

Ահա թե ապագա քայլերի համար ինչու է անհրաժեշտ նախապես հիմքեր ստեղծել, որպեսզի երկրի էներգետիկ ու տնտեսական համակարգը կոլապսի չենթարկվի: Բացի այդ, հարց է առաջանում. արդյո՞ք Իրանը պատրաստ է Հայաստանում այլընտրանք դառնալ Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ Իրանն այսօր քիչ դաշնակիցներ ունի, իսկ Ռուսաստանի հետ պահպանում է գործընկերային հարաբերություններ: Չեմ կարծում, որ Հայաստանի համեստ՝ տարեկան 2.5 միլիարդ խմ սպառմամբ շուկայի համար Իրանը պատրաստ կլինի խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ: Սա հարցի արտաքին քաղաքական կողմն է:

Ադրբեջանի մասով տեսականորեն ևս դա հնարավոր է, բայց առաջանալու են նույն խնդիրները: Բացի այդ, ի տարբերություն Թուրքմենստանի, որի համար կա ենթակառուցվածքային հիմք (Իրան-Հայաստան գազամուղը և Իրան-Թուրքմենստան միացված ցանցը), ադրբեջանական գազի համար անհրաժեշտ է նոր ենթակառուցվածք: Խորհրդային տարիներին գործող Ղազախ-Իջևան-Երևան գազամուղն այսօր գոյություն չունի և պետք է ամբողջությամբ վերականգնվի:

Երկրորդ հարցը. արդյո՞ք Ադրբեջանը կարող է տարեկան 2.5 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստանին: Հաշվարկները ցույց են տալիս, որ ոչ. Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ դուրս մղել ռուսական գործոնը սեփական ծավալային սահմանափակումների պատճառով: Ադրբեջանն ունի արտահանման բազմաթիվ պայմանագրեր (ԵՄ-ի հետ պայմանավորվել է 2027 թվականից արտահանումը կրկնապատկել՝ հասցնելով 20 մլրդ խմ-ի, առկա են թուրքական, վրացական, սիրիական շուկաները, ինչպես նաև Ռուսաստանի հետ սեզոնային հոսքերը):

Ադրբեջանցի հետազոտողների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկիրն ունի ռեսուրսային բազայի արդյունահանման խնդիր. պաշարները կան, բայց չկան անհրաժեշտ ներդրումներն ու ենթակառուցվածքները՝ կայուն արդյունահանում ապահովելու համար: Ալիևն էլ հայտարարեց, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի խոշոր ներդրումներ անելու Ադրբեջանի ենթակառուցվածքներում, ինչը չի արվում: Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել Անդրկասպյան գազամուղի նախագիծը (Կասպից ծովի հատակով Կենտրոնական Ասիային՝ Թուրքմենստանին և Ղազախստանին միանալու համար), բայց այստեղ էլ խոչընդոտ է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը:

Ուստի պնդել, թե Ադրբեջանի շնորհիվ կարող ենք դիվերսիֆիկացնել մատակարարումները, արագ եզրակացություն է: Եվ վերջապես, քաղաքական կողմը. ադրբեջանական գազ ներկրելով՝ մենք հայտնվում ենք ուղիղ կախվածության մեջ Ադրբեջանից: Արդյո՞ք վստահության մակարդակն այնքան բարձր է, որ պատրաստ լինենք նստել ադրբեջանական «գազային ասեղի» վրա: Սա հերթական արկածախնդրությունը կլինի Հայաստանի համար:

Հնարավո՞ր է գազի մատակարարումները դիվերսիֆիկացնել՝ միաժամանակ պահպանելով ռուսական գազը և ավելացնելով այլ աղբյուրներ։

Վ․Դ․ Կարող է լինել, բայց եթե նպատակը ռուսական գործոնը հայկական շուկայից դուրս մղելն է, պետք է սկսել ենթակառուցվածքից: Ենթակառուցվածքը մնում է ՌԴ 100% սեփականությունը: Գործող իշխանությունից որևէ մեկը չի ցանկանա բարձրացնել այդ հարցը, որովհետև գազատրանսպորտային համակարգի պետականացումը կամ հետգնումը ուղիղ բախում է Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարո՞ղ է վերադարձնել պայմանագրով նախատեսված գումարը և դուրս գալ 2013-ի համաձայնագրից։

Վ․Դ․ Ռուսաստանը տրամադրել է արտոնություններ բնական գազի գինը զսպելու և շուկայականից ցածր գնով մատակարարելու համար ոչ միայն դաշնակցային հարաբերությունները սնուցելու, այլև այն պատճառով, որ ամբողջ գազատրանսպորտային համակարգն իր սեփականությունն է:

Ռուսաստանը վերջին 25 տարիների ընթացքում ձեռք է բերել համակարգի 100%-անոց սեփականությունը: Բիզնես տրամաբանության մեջ պետք է բանակցել այդ սեփականությունը հետ գնելու շուրջ:

Սա «Հարավկովկասյան երկաթուղին» չէ, որտեղ սեփականությունը Հայաստանինն է, իսկ ռուսական կողմինը միայն վագոններն ու լոկոմոտիվներն են: Այստեղ ամբողջությամբ սեփականության հարց է, և դժվար թե ռուսական կողմը պատրաստ լինի զիջել իր ենթակառուցվածքը փոխհատուցման դիմաց:

Արևային էներգիայի աճը որքանո՞վ կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը ավանդական էներգիայի աղբյուրներից։

Վ․Դ․ Շատ լավ է, որ ունենք արևային էներգետիկայի բում, որին նպաստում են բնական պայմանները: Բայց աշխարհում չկա որևէ երկիր, որն իր էներգետիկ անվտանգությունն ապահովել է բացառապես վերականգնվող էներգետիկայի վրա:

Էներգետիկայում կա «դրվածքային հզորության օգտագործման գործակից» եզրույթը, որն ըստ էության ՕԳԳ-ն է: Արևային կայանների դեպքում այն լավագույն դեպքում կազմում է 45%, եղանակային պայմաններից կախվածության պատճառով: Ավանդական էներգետիկայի, մասնավորապես ատոմակայանի դեպքում ՕԳԳ-ն 90% և ավելի է:

Երբ իշխանություններն ասում են, որ կառուցել ենք «երկու ատոմակայան», ի նկատի ունենալով արևային կայանների գումարային հզորությունը, քանակական առումով ճիշտ են, որովհետև մինչև 2040 թվականի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրի ցուցանիշները գերակատարել են՝ հասցնելով 1000 ՄՎտ-ի: Բայց որակական առումով արևային կայանները ի վիճակի չեն փոխարինելու ատոմակայանին, որն ապահովում է կայուն և անվտանգ էլեկտրաէներգիայի գեներացում: Իհարկե, պետք չէ հրաժարվել արևային կայաններից. անհրաժեշտ է կոնվերգենտ (զուգամետ) մոտեցում, երբ սինխրոնացվում են վերականգնվող և ավանդական էներգիայի աղբյուրները:

Առաջիկայում Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկն աճելու է. նախատեսվում է զարգացնել արհեստական բանականության ենթակառուցվածքներ և տվյալների կենտրոններ: Firebird ֆաբրիկայի շահագործումը բերելու են էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ աճի, ինչը կարող է դեֆիցիտ առաջացնել և ավելացնել սակագնային բեռը:

Օրինակ՝ ԱՄՆ Վիրջինիա և Օհայո նահանգներում բնակչությունը բոյկոտում է Nvidia-ի ԱԲ գործարանները, որովհետև դրանց պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի պակասուրդը բերում է սակագների թանկացման: Վրաստանում մայնինգի պատճառով ապրիլի 1-ից բնակչության համար սակագինը բարձրացրին մոտ 30%-ով: Այսինքն՝ ԱԲ ենթակառուցվածքներ զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են կայուն գեներացնող հզորություններ: Դրա համար Հայաստանին անհրաժեշտ է մեծ հզորության, գիգավատային՝ 1000+ ՄՎտ ատոմակայան, ոչ թե 150 ՄՎտ հզորությամբ մոդուլային կայան:

Չնայած հայ-ռուսական հարաբերությունների անորոշությանը՝ սեպտեմբերի 28-ին Հայաստան է ժամանելու «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագահ Ալեքսեյ Լիխաչովը, ով Բիշքեկում հայտարարել էր, որ Հայաստանին առաջարկելու է գիգավատային հզորության ատոմակայան: Եթե ցանկանում ենք լինել ոչ թե էլեկտրաէներգիա ներկրող, այլ արտահանող երկիր, պետք է օգտագործենք տարածաշրջանային պահանջարկը:

Վրաստանում, Իրանի հյուսիսային նահանգներում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ պակասուրդ: Ադրբեջանում ևս էլեկտրաէներգետիկ հզորությունները բավարար չեն ներքին պահանջարկն ամբողջությամբ փակելու համար, ինչի պատճառով Ալիևն էլ է հայտարարում մեծ ատոմակայան կառուցելու մասին: «Խաղաղության դարաշրջան» մտնելը ենթադրում է ենթակառուցվածքային կապերի ապահովում:

Հայաստանն ունի ԽՍՀՄ տարիներից ձևավորված փորձ և տարածաշրջանում ատոմակայան շահագործող միակ երկիրն է, ինչը կարող ենք կոնվերտացնել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առաջխաղացման: Այժմ Իրանի հետ կառուցվող 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը մոտ 90%-ով պատրաստ է և թույլ է տալու եռապատկել փոխադարձ հոսքերը՝ հասցնելով մինչև 1200 ՄՎտ-ի: Վրաստանի հետ ևս նոր էլեկտրագիծ է նախատեսվում: Սա ձևավորում է «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցք, որը Հայաստանը պետք է օգտագործի դիրքերն ամրապնդելու համար, ոչ թե դիտարկի Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումը:

Արևային կայանները լավ միջոց են ներքին պահանջարկի որոշակի բավարարման և «կանաչ էներգետիկայի» անցման համար: Եվրոպայում 2022 թվականին ընդունված տաքսոնոմիայի օրենքով ատոմակայանը ճանաչվել է «կանաչ» աղբյուր: Խաղաղ ատոմն անդրքաղաքական ոլորտ է, օրինակ՝ Ռուսաստանը շարունակում է միջուկային վառելիք մատակարարել ԱՄՆ-ին: Ցավոք, Հայաստանում ատոմակայանի ապագան հաճախ տանում են աշխարհաքաղաքական բախման տրամաբանության մեջ՝ Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ:

Զրուցեց Գոհար Սարգսյանը

Վահե Դավթյանի նկարները՝ անձնական արխիվից
Հիմնական պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/09/2026