Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ներդրումից վեց ամիս անց կարելի է արձանագրել, որ քաղաքացիների փորձը շատ դեպքերում տարբեր է։ Շատերը ծրագրի շնորհիվ անվճար դեղեր են ստանում կամ թանկարժեք վիրահատության ենթարկվում անվճար, բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր շարունակում են ժամերով սպասել հերթերում՝ երբեմն այդպես էլ բժշկի մոտ չհասնելով։
79-ամյա Անահիտ Հարությունյանն ասում է՝ նախապես հերթագրվելու դեպքում այլևս ամբողջ օրը պոլիկլինիկայում չի անցկացնում։ 78-ամյա Շավարշ Սաղաթելյանը (անունը փոխված է), ընդհակառակը, պարբերաբար տուն է վերադառնում՝ առանց բժշկին տեսնելու։ Իսկ 74-ամյա Գագիկ Խաչատրյանի ընտանիքը կատարակտի անվճար վիրահատության համար հերթագրվել է և սպասել է մոտ երեք ամիս, բայց վերջնական արդյունքից գոհ է։
Այս երեք պատմությունները ցույց են տալիս ԱՀԱ-ի առաջին ամիսների հիմնական հակասությունը՝ համակարգը բազմաթիվ մարդկանց համար թանկարժեք բուժօգնությունը հասանելի է դարձրել, սակայն միաժամանակ մեծացրել է բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունն ու հերթերի խնդիրը։
«Հերթը հաղթահարելն ավելի բարդ է դարձել, քան հիվանդությունը»
Շավարշ պապը պատմում է, որ հերթական անգամ պոլիկլինիկայից տուն է վերադարձել հիասթափված։ Նախապես հերթագրված է եղել, սակայն ժամեր անց այդպես էլ բժշկի մոտ չի հասել։
«Չեմ կարող վիճել, բղավել, կռվել։ Ինձնից առաջ տարեց կանայք են կանգնած լինում։ Թողնում, հետ եմ գալիս»,- ասում է 78-ամյա տղամարդը։
Նրա 75-ամյա կինը՝ Երանուհի Սաղաթելյանը, դժվարությամբ է քայլում։ Աստիճաններով բարձրանալն ու ժամերով սպասելը նրա համար գրեթե անհնար են դարձել։ Ամուսնու փորձը տեսնելով՝ որոշել է ընդհանրապես պոլիկլինիկա չգնալ։
«Որ տեսնում եմ՝ Շավոն քանի ժամ է հերթ կանգնում ու դարձյալ գլխիկոր տուն գալիս, որոշել եմ չգնալ, ինձ պետք չի»,- ասում է նա։
48 տարի միասին ապրող ամուսինները գրանցված են Երևանի «Նոր Արեշ» պոլիկլինիկայում։ Շավարշի դիտարկմամբ՝ խնդիրը միայն հերթագրված չլինող քաղաքացիները չեն։ Երբեմն միևնույն ժամի համար մի քանի հիվանդ է գրանցվում, իսկ ընդունելությունները նախատեսվածից երկար են տևում։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ժամը իննի համար մի տասը մարդ գրանցված է լինում։ Մեկը մտնում է, երկար դուրս չի գալիս։ Ժամը դառնում է տասնմեկը, բայց բոլորը դեռ ասում են՝ իննի համար են գրանցված։ Կինս ասում է՝ չես կարողանում հերթում իրավունքդ պաշտպանել, բայց անհնար է․ ամեն մեկն ասում է, որ քեզնից առաջ է գրանցվել»,- պատմում է նա։
Շավարշն ունի անոթային խնդիրներ, զարկերակային բարձր ճնշում և շագանակագեղձի խնդիր։ Մեկ անգամ արդեն վիրահատվել է։ Ասում է՝ հետազոտություններն անվճար է անցել, սակայն նշանակված որոշ դեղեր չի կարողացել գտնել դեղատներում։
Երանուհու խոսքով՝ ամուսնու հետազոտությունների արդյունքներն ուղարկել են ծանոթ բժշկուհու, որն էլ նշանակումներ է արել։ Դեղերի համար ընտանիքը վճարել է մոտ 90 հազար դրամ։
Այժմ ամուսինները որոշել են իրենց փաստաթղթերը տեղափոխել մեկ այլ՝ «Էրեբունի» պոլիկլինիկա՝ հույս ունենալով, որ այնտեղ բուժօգնությունն ավելի հասանելի կլինի։
Սաղաթելյանների պատմությունը բացառիկ չէ։ Տարեց մարդկանց համար հերթը հաճախ միայն ժամանակի կորուստ չէ։ Երկար կանգնելը, աստիճաններով բարձրանալը կամ հերթում սեփական տեղը պաշտպանելը կարող են դառնալ բուժօգնությունից հրաժարվելու պատճառ։

Նախապես հերթագրվելը՝ որպես համակարգից օգտվելու պայման
79-ամյա Անահիտ Հարությունյանի փորձը տարբերվում է։ Միայնակ ապրող թոշակառուն ունի սիրտանոթային խնդիրներ, զարկերակային բարձր ճնշում և շաքարային դիաբետ։ ԱՀԱ-ի շրջանակում այժմ անհրաժեշտ դեղերի մեծ մասն անվճար է ստանում։
«Արմեդ» համակարգից ինքնուրույն օգտվել չի կարողանում, բայց հեռախոսով զանգահարում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և նախապես հերթագրվում։
«Մարդիկ կան, որ դժգոհում են, բայց ինձ այս համակարգը դուր է գալիս։ Նախապես հերթագրվում եմ, գնում եմ ու այլևս նախկինի պես ժամերով հերթում չեմ մնում»,- ասում է նա։
Վերջին այցի ժամանակ Անահիտը ստացել է առաջիկա երեք ամսվա դեղերը։ Դրանցից մեկն ընդունում է զարկերակային բարձր ճնշման համար։ Մեկ տուփն արժե մոտ 5500 դրամ, իսկ երեք ամսվա համար նրան տրամադրվել է երեք տուփ։
Սկզբում կասկածել է, թե անվճար տրամադրվող դեղերը լավ որակ կունենան, սակայն օգտագործելուց հետո, նրա խոսքով, մտահոգությունները փարատվել են։
Անահիտն ամսական ստանում է 56 հազար դրամ կենսաթոշակ։ Չնայած երեք երեխա ունի, ապրում է միայնակ։ Նախկինում դեղերի ծախսերի մեծ մասը հոգում էին երեխաները, իսկ այժմ այդ ֆինանսական բեռը թեթևացել է։
Կինը կատակում է, որ գուցե այս տարի խնայած գումարով երեխաներն իրեն Ջերմուկի առողջարանային կենտրոն ուղարկեն։
Որպեսզի դեղերը չսպառվեն, նա հաջորդ այցից մոտ մեկ ամիս առաջ զանգահարում է պոլիկլինիկա։
«Հունիսին ստացել եմ երեք ամսվա դեղերս, իսկ հաջորդ այցս նշանակված է սեպտեմբերի 5-ին։ Այցի թերթիկն արդեն ունեմ։ Կգնամ ու հաջորդ երեք ամսվա դեղորայքը կստանամ»,- ասում է նա։
Սակայն նախապես հերթագրվելը հարմար է հիմնականում այն դեպքում, երբ առողջական վիճակը կանխատեսելի է։ Հանկարծակի վատ զգալու դեպքում, Անահիտի խոսքով, առանց հերթագրման բժշկի մոտ հասնելը դժվար է։
«Այդ դեպքում մնում է շտապ օգնություն կանչել, հատկապես երբ ճնշումս հանկարծ բարձրանում է, ու դեղերով չեմ կարողանում իջեցնել»,- ասում է նա։
Հերթերից դժգոհող մարդկանց նա խորհուրդ է տալիս նախապես գրանցվել։ Անահիտը պատմում է, որ վերջին այցերից մեկի ժամանակ հերթում սպասող մի ծանոթ կին, չհամբերելով, որոշել է հեռանալ և դեղերը գնել դեղատնից։ Ավելի ուշ պարզվել է՝ նա նախապես հերթագրված չի եղել։
«Մի քիչ էլ հիվանդը պետք է կազմակերպված լինի։ Պետք է նախապես հերթագրվել, ոչ թե անմիջապես գնալ ու ասել՝ եկել եմ, տվեք դեղերս։ Բժիշկներն էլ շատ ծանրաբեռնված են։ Շատերը պարզապես չգիտեն՝ ինչպես օգտվել համակարգից, գալիս են, տեսնում հերթը և հիասթափված հեռանում»,- ասում է Անահիտը։
Նրա պատմությունը ցույց է տալիս նաև համակարգի մեկ այլ խնդիր․ թվային կամ հեռախոսային հերթագրումը նվազեցնում է սպասելու ժամանակը միայն այն քաղաքացիների համար, որոնք գիտեն՝ ում զանգահարել, երբ գրանցվել և ինչպես պլանավորել հերթական այցը։
Վեց ամսում ԱՀԱ-ում ընդգրկվածների թիվը հասել է 1,7 միլիոնի։ Նրանցից շուրջ կեսն արդեն օգտվել է բժշկական որևէ ծառայությունից։ Այս մասշտաբով է պայմանավորված, որ բուժօգնության հասանելիության ընդլայնմանը զուգահեռ հերթերը դարձել են համակարգի ամենատեսանելի խնդիրներից մեկը։
Անվճար վիրահատություն՝ մոտ երեք ամիս սպասելուց հետո
74-ամյա Գագիկ Խաչատրյանը նույնպես սկզբում չէր վստահում անվճար բուժօգնությանը։ Երբ բժիշկները նրա մոտ կատարակտ՝ աչքի ոսպնյակի մթագնում հայտնաբերեցին, զգուշացրին, որ առանց վիրահատության տեսողությունը շարունակելու է վատանալ։
Գագիկը, սակայն, չէր շտապում վիրահատվել։ Ընտանիքի անդամները նկատում էին, որ հատկապես երեկոյան մեքենա վարելիս նա արդեն դժվարանում է տեսնել։
«Ասում էր՝ լավ եմ տեսնում։ Բայց մենք զգում էինք, որ տեսողությունն աստիճանաբար վատանում է։ Երբ ծանոթներից իմացավ, որ մի քանիսն անվճար վիրահատվել են ու գոհ են, ինքն էլ համաձայնեց նորից հետազոտվել»,- պատմում է նրա հարսը՝ Անի Կարապետյանը։
Վաղարշապատի «Մաստեր Ֆարմ» պոլիկլինիկայում վերահաստատել են, որ վիրահատությունն անհրաժեշտ է։ Այնուհետև նրան ուղեգրել են «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։
Գագիկին մարտի վերջին հերթագրել են և ասել, որ հավանաբար մայիսի սկզբին կվիրահատվի։ Սակայն հերթը հասել է միայն հունիսի 26-ին։
«Մայիսի կեսն էր, դեռ չէին զանգել։ Գնացի հիվանդանոց ու հարցրի՝ ամիս ու կես է անցել, հերթս չի՞ հասել։ Ասացին՝ ավելի հրատապ դեպքեր են եղել, դրա համար իմ հերթը հետ է ընկել։ Խոստացան մայիսի վերջին զանգել, բայց վերջապես հունիսի 26-ին վիրահատվեցի»,- պատմում է նա։
Գագիկի խոսքով՝ վճարովի տարբերակով կատարակտի վիրահատությունը, կախված բարդությունից, կարող էր արժենալ 250–400 հազար դրամ։ Ընտանիքի համար այդ գումարի խնայողությունը զգալի աջակցություն էր։
Սակայն անվճար բուժման նկատմամբ կասկածները միայն Գագիկինը չէին։ Անի Կարապետյանը հիշում է, որ առաջին այցելության ժամանակ բժշկի կաբինետից դուրս եկող հիվանդներից մեկը դժգոհել է վիրահատության արդյունքից։ Դա անհանգստացրել է ընտանիքին։
Անին խորհրդակցել է ծանոթ բժիշկների հետ, որոնք խորհուրդ են տվել չհրաժարվել վիրահատությունից։ Անհանգստություն է առաջացրել նաև այն, որ բուժումը մարզային հիվանդանոցում էր իրականացվելու։
«Բայց ամեն ինչ շատ լավ անցավ։ Սկզբում մասնագետների հետ կապված խիստ կասկածներ ունեինք, հետո պարզվեց՝ հրաշալի մասնագետներ ունենք»,- ասում է նա։
Կարապետյանի գնահատմամբ՝ հերթերը մեծ են նաև այն պատճառով, որ երկար ժամանակ բուժումը հետաձգած քաղաքացիները հիմա հնարավորություն են ստացել անվճար վիրահատվել։
Գագիկի վիրահատությունը կատարվել է շաբաթ օրը։ Այդ օրը, ընտանիքի տեղեկությամբ, բուժկենտրոնում ևս 13 հիվանդ է վիրահատվել։
«Մտածում էի՝ շաբաթ օրը չեն աշխատի։ Հետո հասկացա, որ նույնիսկ հանգստյան օրերին են վիրահատում, որովհետև հերթերը շատ են»,- ասում է Անին։
Նրա խոսքով՝ հերթագրման մեխանիզմը միշտ չէ, որ հասկանալի է հիվանդներին։ Իրենց հետ սպասող մեկ այլ քաղաքացի, որը ծանր վիճակում էր, նույնպես մոտ երկու ամիս հերթում է եղել։
«Տպավորությունն այն էր, որ հիվանդներին հիմնականում կանչում են ըստ հերթագրման։ Բայց մեզ համար հստակ չէր, թե ինչպես է որոշվում՝ որ դեպքն է առաջնահերթ կամ հրատապ»,- ասում է Կարապետյանը։
Չնայած երկար սպասելուն՝ ընտանիքը ծրագրի արդյունքը դրական է գնահատում։
«Աստված տա՝ ծրագիրը շարունակական լինի։ Սա մեծ աջակցություն է թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար։ Վիրահատության ժամանակ նաև ոսպնյակ են տեղադրում, և նույնիսկ դա է ներառված ծրագրում»,- ասում է նա։
Միաժամանակ Անին հարցնում է՝ եթե պետությունը կարող էր նման բուժօգնություն ապահովել, ինչո՞ւ ծրագիրը տարիներ առաջ չի ներդրվել, երբ բազմաթիվ մարդիկ բուժման գումար չունենալու պատճառով պարզապես ապրել են իրենց ցավի կամ վատացող տեսողության հետ։

Հիվանդանոցային ծառայությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ համակարգի միջոցով քաղաքացիները ստացել են նաև բարձրարժեք միջամտություններ՝ սրտի վիրահատություններից մինչև ուռուցքաբանական բուժում։ Սակայն միայն կատարված ծառայությունների թիվը ցույց չի տալիս, թե որքան են մարդիկ սպասել, քանի անգամ են դիմել բուժհաստատություն կամ ինչ դժվարություններ են հաղթահարել մինչև բուժմանը հասնելը։
Նախարարությունը հերթերի միջին ժամկետը երկու շաբաթ է գնահատում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ԱՀԱ-ի առաջին փուլն անցել է «բավական սահուն»։ Նրա խոսքով՝ ընդգրկվածների թիվն աճել է ոչ միայն նախապես սահմանված խմբերի, այլև համակարգին կամավոր միացած անհատ ձեռնարկատերերի և այլ քաղաքացիների հաշվին։
2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ընդգրկել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին, տաքսի ծառայությունների վարորդներին և բոլոր գրանցված աշխատողներին՝ անկախ աշխատավարձի չափից։ Կառավարության ծրագրով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը ապահովագրությունը պետք է տարածվի Հայաստանի ամբողջ բնակչության վրա։
Նախարարը հայտնել է, որ մայիսին բժշկական ծառայություններից օգտվելու ակտիվությունը կտրուկ բարձրացել էր։ Նրա գնահատմամբ՝ դրա պատճառը ընտրություններից հետո համակարգի հնարավոր դադարեցման մասին շրջանառվող կեղծ լուրերն էին։
«Քաղաքացիները փորձում էին հնարավորինս արագ օգտվել ծառայություններից՝ մտավախություն ունենալով, որ բարեփոխումը կարող է կանգ առնել։ Սակայն հունիսի վերջին շաբաթվա տվյալները ցույց են տալիս, որ դիմելիությունը կայունացել է»,- ասել է Ավանեսյանը։
Անդրադառնալով հերթերին՝ նա նշել է, որ առաջնային օղակում բժշկի ընդունելության միջին սպասման ժամկետը չի գերազանցում երկու շաբաթը։ Որոշ թերապևտների և նեղ մասնագետների մոտ, սակայն, մեծ պահանջարկի պատճառով հերթերը կարող են ավելի երկար լինել։
Նախարարության ներկայացմամբ՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները հերթագրման կարիք չունեն և կարող են անմիջապես դիմել բուժհաստատություն։ Պլանային բուժօգնության դեպքում ծառայությունը, որպես կանոն, տրամադրվում է մեկից երկու շաբաթվա ընթացքում։
Քաղաքացիների պատմությունները, սակայն, ցույց են տալիս, որ «միջին սպասման ժամկետը» միշտ չէ, որ նկարագրում է կոնկրետ հիվանդի անցած ճանապարհը։ Մեկը կարող է հերթագրվել ու ընդունվել սահմանված ժամին, մյուսը՝ ժամերով սպասել պոլիկլինիկայում, իսկ վիրահատության կարիք ունեցող հիվանդը՝ սպասել մի քանի ամիս։
Հասանելիությունը միայն անվճար լինելը չէ
ԱՀԱ-ի առաջին վեց ամիսներին շատ քաղաքացիներ ստացել են բուժում, որն այլապես կարող էին հետաձգել կամ ընդհանրապես չստանալ։ Անվճար դեղերը թեթևացրել են հատկապես թոշակառուների և նրանց ընտանիքների ծախսերը, իսկ թանկարժեք վիրահատությունները հասանելի են դարձել նաև սահմանափակ եկամուտ ունեցող մարդկանց։
Սակայն բուժօգնությունը չպետք է սահմանափակվի այն անվճար դարձնելով․այն պետք է նաև ժամանակին և հստակ ընթացակարգերով մատուցվի։
Այս նյութում առկա քաղաքացիների պատմությունների միջև հակասություն չկա։ Դրանք նույն համակարգի տարբեր կողմերն են։
ԱՀԱ-ի հետագա արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն նրանից, թե քանի մարդ է ընդգրկվել կամ քանի ծառայություն է մատուցվել, այլև նրանից, թե որքան արագ, պարզ և արժանապատիվ ճանապարհով է քաղաքացին հասնում իրեն անհրաժեշտ բուժօգնությանը։
Հեղինակ՝ Գայանե Մկրտչյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 22/07/2026










