Հայաստանի Անկախության հոբելյանական՝ 35-րդ տարեդարձի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված 2026 թ․-ի շնորհավորական ուղերձը նախորդ տարիների համեմատ զգալիորեն կարճ է։
Այլևս չկան «դաշնակցային հարաբերությունների», ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կամ տարածաշրջանային անվտանգության մասին ձևակերպումները, որոնք գրեթե մշտապես ընդգրկված են եղել նախորդ տարիների նրա ուղերձներում։
Այս տարվա ուղերձում միայն ասվում է.
«Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։
Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում, վերահրապարակվել է նաև բազմաթիվ լրատվամիջոցներում։
Ուղերձի կարճությունը նկատելի է հատկապես Հայաստանի անկախության հոբելյանական 35-ամյակի ֆոնին։
ՌԴ նախագահի շնորհավորանքում բացակայում են հայ-ռուսական հարաբերությունների, երկկողմ համագործակցության ու դրանց հետագա զարգացման մասին ձևակերպումները։
2018–2024 թվականների շնորհավորանքներում Պուտինը պարբերաբար ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը, խոսել երկկողմ համագործակցության, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և տարածաշրջանային անվտանգության մասին։ 2020-ին, օրինակ, ուղերձում հատուկ նշվում էր, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ «բարեկամական, դաշնակցային հարաբերություններին»։
2021-ին այդ բառամթերքը նույնիսկ ընդլայնվել էր․ Պուտինը հիշատակել էր ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն և 2020–2021 թթ․ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը՝ դրանք կապելով Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ զարգացման հետ։
2022-ի ուղերձում ևս Ռուսաստանը Հայաստանին ներկայացնում էր որպես «բարեկամական և դաշնակցային հարաբերությունների» գործընկեր, հիշատակում էր ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն, ինչպես նաև եռակողմ հայտարարությունները։
2024-ին ՌԴ նախագահի ուղերձն արդեն ավելի կարճ էր, բայց նրանում դեռևս առկա էին այնպիսի առանցքային քաղաքական ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «ռուս-հայկական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը» և «ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական համագործակցությունը»։
2025-ին նրա ուղերձի բառամթերքը ևս մեկ քայլով հետ մղվեց։ «Դաշնակցային հարաբերություններ» ձևակերպումը դուրս եկավ, իսկ ուղերձում նշվում էր միայն, որ ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են «բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա», ու դրանց զարգացումը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։
2026-ին այդ հարաբերությունների մասին արդեն ընդհանրապես խոսք չկա։
Ուղերձում չկա ոչ «դաշնակցային հարաբերություններ», ոչ «ռազմավարական գործընկերություն», ոչ ԵԱՏՄ, ՀԱՊԿ կամ ԱՊՀ, ոչ էլ երկկողմ համագործակցության զարգացման մասին վստահության մասին ձևակերպումներ։ Մնացել են միայն անձնական և «բարեկամ հայ ժողովրդին» ուղղված բարեմաղթանքները։
Փոփոխություն է նկատվում նաև հասցեատերերի մեջ։ 2018–2021 թվականներին Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության օրվա առթիվ առանձին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ 2022-ից, երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Վահագն Խաչատուրյանը, պաշտոնական հրապարակումներում Պուտինի՝ նրան ուղղված Անկախության օրվա առանձին շնորհավորական ուղերձ չի հանդիպում։
Ինչպես է փոխվել բառամթերքը
Այդուհանդերձ, միայն ուղերձի ծավալից կամ բառամթերքից հնարավոր չէ եզրակացնել, որ այն հատուկ քաղաքական ազդակ է։ Պաշտոնական շնորհավորանքների ծավալը կարող է փոխվել նաև արարողակարգային կամ խմբագրական պատճառներով։
Սակայն 2018–2026 թվականների համադրությունը ցույց է տալիս մեկ հստակ փաստ՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ Պուտինի ուղերձներում հայ-ռուսական հարաբերություններին քաղաքական անդրադարձն աստիճանաբար պակասել է, իսկ 2026-ին գրեթե ամբողջությամբ անհետացել։
Եվ սա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ պաշտոնական Երևանը ակտիվացրել է ԵՄ ուղղությամբ քաղաքականությունը, իսկ Մոսկվան ավելի բաց է սկսել խոսել ԵՄ ինտեգրման և ԵԱՏՄ անդամակցության անհամատեղելիության մասին։ 2026-ի ընթացքում կողմերի հրապարակային շփումներում հենց այս թեման է դարձել հիմնական տարաձայնությունների պատճառ։
Այսպիսով, 2026 թվականի շնորհավորանքի առանձնահատկությունը ոչ միայն սակավաթիվ բառերի մեջ է, այլև, որ ուղերձից գրեթե ամբողջությամբ հեռացվել է քաղաքական շերտը։
Եթե 2018–2023 թվականների ուղերձները միաժամանակ և՛ շնորհավորանք էին, և՛ հայ-ռուսական հարաբերությունների մասին քաղաքական հայտարարություն, ապա 2026-ի ուղերձը սահմանափակվում է արարողակարգային տեքստով։
Սուրեն Դեհերյան
Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/09/2026










