Մեր մասին Էթիկա











Սոցիալական • Տնտեսություն

«Բա որ գյուղացին էլ չպահի, ո՞վ պահի»․ ոչխարապահների կյանքը Գողթի ամառային արոտավայրերում

Սարերի այրող արևն ու կտրուկ քամին իրենց հետքն են թողել Աննայի դեմքին ու ձեռքերին․ մաշկը արևից թրծվել է, չորացել, տեղ-տեղ ճաքճքել։ Լայնեզր գլխարկի տակից թեք ժպտալով՝ Աննան գրկում է հաջորդ ոչխարին, շոշափում լցված կուրծքն ու ասում․ «Կաթը պակասել է, դեպի աշուն ենք գնում, ոչխարը ցամքում է…»։

Նրա ամուսինը խնամքով պահում է հաջորդ ոչխարի գլուխը՝ այնպես հարմարեցնելով, որ Աննան հեշտությամբ կթի անասունին։ Կինը վարպետորեն, մատների հմուտ շարժումներով, կթում է ոչխարին։ Դույլի մեջ լցվող կաթի ձայնը միախառնվում է ոչխարների մայունին, թարմ կաթի բույրը սավառնում է օդում։

Աննա Հարությունյանը ապրում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում։ Հունիսի կեսերից նա ամուսնու ու երկու որդիների հետ բարձրանում է գյուղից ավելի վեր՝ սարեր, որտեղ ոչխարների համար լավ արոտավայրեր կան։

«Այս տարի հունիսի 12-ին բարձրացանք։ Մեր կողքերը շատ մարդ չկա։ Եզդիներ կան, ովքեր ավելի վերև են։ Վերևում խոտն ավելի կանաչ է, բայց մենք այնտեղ տարածք չունենք։ Մեր տարածքը այստեղ է, վարձակալում ենք համայնքից։ Սեզոնի համար վճարում ենք 200 հազար դրամ, տասը հազար էլ ջրի համար ենք վճարում»,– ասում է Աննան՝ հերթական ոչխարին կթելուց հետո։

Գողթի համայնքային արոտավայրերը մոտ 2800 հեկտար են։ Դրանց օգտագործման համար անասնատերերը պայմանագրեր են կնքում և վճարում։

Կաթով լի դույլերը Աննան տանում է վրանների կողմը։ Դրանցից մեկը նրա ինքնաշեն խոհանոցն է՝ լի մեծ ու փոքր տարաներով, որոնց մեջ կաթն ու պատրաստվող պանիրն են։

«Ոչ աշխատող ունենք, ոչ էլ ուրիշի մոտ ենք աշխատում։ Աշխատում ենք մեր ընտանիքով»,- ասում է 47-ամյա Աննան։

Դեռևս մի քանի տարի առաջ ընտանիքն ընդամենը մի քանի ոչխար ուներ, այսօր՝ 300։ Աննայի ավագ որդին՝ Ռուստամը, 2021 թվականին բանակից վերադառնալուց հետո առաջարկել է ծնողներին ավելացնել ոչխարների գլխաքանակը։

Ոչխարների հետևից՝ դեպի սարեր

«Չորս ու կես տարվա ընթացքում հասցրել եմ 300 գլուխ դարձնել։ Այսօր գրեթե ոչ ոք անասուն չի պահում։ Ամենաշատը մեկ-երկու կով։ Մարդիկ հրաժարվում են ոչխարից, ասում են՝ դժվար է։ Ինձ համար դժվար չէ, սիրում եմ իմ գործը»,– ասում է 25-ամյա Ռուստամ Գեղամյանը։

Գեղամյանների ընտանիքում ամեն մեկն իր գործն ունի։ Արևածագի հետ են արթնանում։ Առավոտյան ժամը վեցին Ռուստամն արդեն ոչխարներին արոտ է տանում, հայրը՝ գառներին։

«Չեմ սիրում ուրիշի մոտ աշխատել, ուզում եմ իմ գործն ունենալ։ Դժվարություն կա, բայց ես չեմ ասում՝ «դժվար է, չպահեմ»։ Ես հարց եմ տալիս՝ հեշտ գործ կա՞։ Բայց սրա մեջ նաև եկամուտ կա․ ոչխարը կթում ենք, պանիր ենք ստանում, իրացնում, գառը վաճառում»։

Թերթեք նկարները

shepherds-life-armenia_8
previous arrow
next arrow

Արոտից վերադառնում են կեսօրին։ Մայրը սկսում է կթել ոչխարներին։ Ամռան վերջին, երբ կաթը պակասում է, արդեն օրը մեկ անգամ են կթում, մինչ այդ՝ երկու։

«Կաթը պետք է ցամքի, ոչխարները չաղանան ու նորից պատրաստվեն հաջորդ շրջանին։ Երեկոյան նորից արոտ ենք տանում՝ մինչև ժամը յոթ-ութը։ Հետո հետ ենք գալիս ու թողնում, որ նստեն։ Սա մեր կենսաձևն է դարձել։ Գյուղացին, կարծում եմ, պետք է անասուն պահի։ Եթե գյուղացին էլ չպահի, բա ո՞վ պահի»,– հարցնում է Ռուստամը։

Գողթում ընդամենը երեք ընտանիք է ոչխար պահում։ Ընդհանուր հաշվով գյուղում մոտ հազար գլուխ ոչխար կա, մինչդեռ գյուղն ունի շուրջ 400 տնտեսություն։ Ըստ Ռուստամի՝ նախկինում գրեթե յուրաքանչյուր տնտեսություն առնվազն 10-20 ոչխար ուներ։

Գյուղացին հրաժարվում է անասուն պահելուց

Գյուղի հովիվ Հայկ Ավետիսյանն էլ տարվա չորս ամիսն անցկացնում է սարերում։ Նրա վրանը Ռուստամենց տեղակայված վայրից քիչ այն կողմ է։ Հայկը գյուղի 90 ցուլիկներին չորս ամիս պահում է սարերում՝ յուրաքանչյուր գլխի դիմաց ամսական ստանալով 10 հազար դրամ։

Տասը տարի հովվությամբ զբաղվող Հայկը պատմում է, որ տասը տարի առաջ մոտ 300 գլուխ անասուն էր սար բարձրացնում։ Հիմա այդ թիվը երեք անգամ նվազել է, իսկ վերջին երկու տարում անկումն ավելի կտրուկ է եղել։

«Գյուղերում շատերը աշխատում են ջերմոցային տնտեսություններում։ Անասուն պահելը համարում են ոչ շահութաբեր՝ օգուտը քիչ է, տանջանքը՝ շատ։ Ձգտում են ավելի հեշտ փող աշխատել։ Այս կյանքը գյուղացին այլևս չի սիրում։

Շատ քիչ մարդիկ կան, որ կգան սարի գլուխ, անասուն կպահեն ու էս կյանքով կապրեն։ 20-30 տարի առաջ ուրիշ էր։ Հիմա ջահելները ավելի շատ դեպի քաղաք են ձգտում, ուրիշ հաճույքների, ուրիշ կյանքի»,– ասում է Հայկը։

Նրա խոսքով՝ կառավարությունը գյուղացուն խրախուսելու համար տարբեր ծրագրեր է իրականացնում՝ սուբսիդավորում, վարկավորում, որպեսզի գյուղացին զբաղվի անասնապահությամբ ու ոչխարաբուծությամբ, սակայն արդյունքն առայժմ տեսանելի չէ։

«Գյուղացին սկսել է կաթը, մածունը, պանիրը մթերային խանութից գնել։ Երբ ասում ես՝ ինչո՞ւ, ասում են՝ նախընտրում են չտանջվել»,– ասում է Ավետիսյանը։

Անասնապահությունը ծախսատար է

Ռուստամենց վրաններից քիչ այն կողմ Վարիչ Հովսեփյանի մեղվի փեթակներն են, իսկ սարերի ավելի բարձրադիր գոտում՝ նրա ֆերմայի 500 գլուխ ոչխարները։

60-ամյա Հովսեփյանն էլ է նկատում, որ անասնապահությունն այլևս գյուղացու համար առաջնային զբաղմունք չէ։

«Անասնապահության հիմնական ծախսը անասնակերն է։ Յոնջան Արտաշատից ենք գնում, տուկը՝ հազար դրամով։ Մեքենայի, աշխատուժի ծախսն էլ հաշված՝ մեզ վրա նստում է մոտ 1400 դրամ։ 500 ոչխարը օրական մոտ 50 տուկ անասնակեր է ուտում։ Ծախսատար է, բայց եթե տնտեսությունը մեծ եղավ, եկամտաբեր է նաև»,– ասում է նա։

Հովսեփյանը տարիների ընթացքում հողեր է ձեռք բերել, անասնաշենք կառուցել և զարգացրել սեփական ֆերմերային տնտեսությունը։ Այսօր նրա տնտեսության հիմնական ուղղություններից մեկը ոչխարաբուծությունն է։

«15-20 գլուխ ոչխարից եմ սկսել, որ ժամանակին ունեցել են ծնողներս։ Այս տարիների ընթացքում հողեր եմ գնել, տարածքներ ձեռք բերել, կառուցապատել եմ։ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ վարկ վերցրեցի և անասնագլխաքանակը 100 գլխով ավելացրեցի։ Տղայիս հետ միասին ենք աշխատում»,– ասում է 60-ամյա ֆերմերը։

500 գլխի հասնելու համար տարիներ են պահանջվել։ Սկզբում ընտանիքով են աշխատել, իսկ այսօր արդեն աշխատողներ ունեն։ Վարիչը միանգամից չի կենտրոնացել միայն գլխաքանակի ավելացման վրա․ վարկերով նախ հողեր է ձեռք բերել, կառուցապատել, միաժամանակ մարել վարկերը և աստիճանաբար ավելացրել անասնագլխաքանակը։

Պանիրը՝ եկամտի հիմք

Վրաններից մեկում, որն ավելի շատ հյուրասենյակ է հիշեցնում, Աննան հացի սեղան է գցել՝ կանաչ լոբի, լավաշ, պոմիդոր ու իրենց պատրաստած ոչխարի պանիրը։

«Կաթը կթում եմ ու տաք-տաք լցնում պանրի համար։ Այս ձևը տատիկներիցս եմ սովորել։ Լավ է ստացվում, պանիրը շատ է կանգնում, շուտ չի փչանում։ 100 լիտր կաթից մոտ 25-30 կիլո պանիր եմ ստանում։ Նույն օրը պատրաստում եմ, մինչև երեկո արդեն աղի մեջ ենք դնում, որ պնդանա։Պատկերացնո՞ւմ եք՝ օրական երկու անգամ կթում եմ 300 ոչխար, հետո անցնում պանրի պատրաստմանը, հաց եմ պատրաստում, դե հոգնում եմ, ժամը տասնմեկին ես քնած եմ»,– պատմում է Աննան։

300 ոչխարից ընտանիքը տարեկան մոտ 2-2,5 տոննա պանիր է արտադրում։ Պանրի հիմնական գնորդը «Բելաջիո» ռեստորանն է, բայց այն գնում են նաև գյուղացիները, ծանոթներն ու այլ հաճախորդներ։

«Շաբաթական մոտ 200 կիլո պանիր կարող է գնալ, մեկ-մեկ չեմ էլ հասցնում։ Կիլոն վաճառում ենք 3000 դրամով։ Պանիրը մեր հիմնական եկամուտն է։ Մսից էլ եկամուտ կա, գառ ենք վաճառում, բայց պանիրն ավելի շատ օգուտ է տալիս։ Մի ուրիշ բան էլ կա․ յոթ ոչխար պահելով մեծ օգուտ չես ստանա, գոնե 100 հատ պետք է ունենաս, որ եկամուտ գա»,– պատմում է Աննան։

Պանրի արտադրությունն ու գառի մսի իրացումը ևս եկամտի աղբյուր են Հովսեփյանի տնտեսության համար։ Նրա խոսքով՝ տարեկան մոտ 3-4 տոննա պանիր են իրացնում, իսկ գառի մսի ծավալը հասնում է մոտ 6 տոննայի։

«Մինչև հասնում ես էն շեմին, որ եկամուտը գերազանցում է ծախսը, տարիների չարչարանք է պետք, դիմացկունություն ու համբերություն։ Կլոր տարին աշխատում ես, ազատ օր ու ժամ չկա, շաբաթ, կիրակի չկա»,– ասում է երկարամյա ֆերմերը։

Առաջիկայում Հովսեփյանը նպատակ ունի գլխաքանակը հասցնել 1000-ի, իսկ հետագայում՝ 1500 մայր ոչխարի։

Գեղամյանների ընտանիքը, ի տարբերություն Հովսեփյանների, ոչխարների գլխաքանակն ավելացրել է առանց վարկերի՝ սեփական միջոցներով։ Աննան ասում է՝ շատ բաներից են իրենց զրկել, որպեսզի գումարը ներդնեն անասնապահության մեջ։

«Անցած տարի էգ գառներից մոտ 70 հատ պահեցինք։ Էս տարի արդեն դրանք մայր են դարձել։ Միաժամանակ գառ էլ ենք վաճառում։ Այս տարի մոտ 115 հատ գառ ենք վաճառել։ Այս ամենին զուգահեռ՝ արդեն երկու տարի է՝ մեր տունն ենք կառուցում, այս տարի կվերջացնենք։ Մինչև այդ մետաղական տնակում էինք ապրում»,– ասում է Աննան։

Պետությունը խրախուսում է ոչխարաբուծությունը

Ռուստամը բացատրում է, որ ոչխարներին սովորաբար պահում են մոտ յոթ տարի, որից հետո, երբ կենդանիները ծերանում են, մորթում են մսի համար։ Իրենց հոտի ոչխարները հիմնականում երիտասարդ են․ ընդամենը մոտ տասը գլուխ կա, որոնք նախատեսում են մորթել աշնանը։

«Իմ նպատակը գյուղի մոտակայքում տարածք ձեռք բերել ու անասնագոմ կառուցելն է, որպեսզի կարողանամ գլխաքանակը մինչև 600 գլուխ ավելացնել։ Տան շինարարությունը հենց ավարտեցինք, կդիմեմ վարկի համար, այդքան խրախուսում են ոչխարաբուծությունը, հուսամ՝ կտան։ Ձմռանը տանում են գյուղի մոտ գտնվող արոտավայրեր, բաց տարածքում են մնում, գոմի մեջ չեն նստում, ցրտին էլ սովոր են։ Եթե անձրև կամ ձյուն է լինում, էլի դիմանում են, բայց լավ կլինի, որ անասնագոմ ունենանք»,– ասում է Ռուստամը։

Վարիչը դրական է գնահատում անասնապահության զարգացմանն ուղղված պետական ծրագրերը։ Նրա խոսքով՝ ինքը բազմիցս օգտվել է վարկային ծրագրերից, որոնց դեպքում վարկի տոկոսը սուբսիդավորվում է։

«Եթե չխրախուսեն, մենք առաջ չենք գնա։ Դրանց շնորհիվ է, որ կարողանում ենք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հարցում շնորհակալ եմ նաև Էկոնոմիկայի նախարարությանը և բանկին»,– ասում է նա։

Մսի իրացման խնդիրը

Միևնույն ժամանակ, Հովսեփյանը ոլորտի հիմնական խնդիրներից մեկը համարում է արտադրանքի իրացումը, հատկապես՝ մսի։ Նրա խոսքով՝ նույնիսկ երկու գառի միս ռեստորան հանձնելու համար ֆերմերը ստիպված է մի քանի փուլ անցնել՝ անասնաբույժից տեղեկանք վերցնել, վարչական ղեկավարից անհրաժեշտ փաստաթուղթ ստանալ, կենդանիներին հասցնել սպանդանոց, վճարել մորթի համար, ապա վերցնել անհրաժեշտ փաստաթղթերն ու միսն ուղարկել ռեստորան։

«Արտադրողը և՛ արտադրի, և՛ անասնակեր կուտակի, և՛ անասնաբույժի հետևից գնա, և՛ վարչական ղեկավարի, և՛ սպանդանոց գնա։ Չի հասցնի։ Պետք է լինի մի ընկերություն, որը կզբաղվի այդ բոլոր հարցերով»,– ասում է նա։

Հովսեփյանը խնդիր է համարում նաև միջնորդների դերը, որոնք, նրա խոսքով, երբեմն արտադրողից ավելի մեծ շահույթ են ստանում։

«25 կիլոգրամանոց գառը տալիս ենք 50 հազար դրամով։ Այսինքն՝ մենք՝ արտադրողներս, մսի կիլոն տալիս ենք մոտ 2000 դրամով, իսկ սպառողին հասնում է 4500, երբեմն՝ 5000 դրամով։ Արանքում միջնորդը ավելի շատ է օգտվում, քան արտադրողը։

Մենք միայն անասնակերի վրա չէ, որ ծախս ենք անում․ պատվաստումներ, բուժումներ, արոտավայրի պայմանագրեր ենք անում, հեկտարի համար գումարներ ենք վճարում։ Էդ ամեն ինչը մեր ծախսն է։

Արտադրողը դժգոհում է իր շահույթից, սպառողը՝ իր գնած ապրանքի գնից։ Երկուսն էլ դժգոհ են։ Բայց ո՞վ է գոհ։ Արանքում միջնորդ օղակը՝ վերավաճառողը»,– ասում է նա։

Հովսեփյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մթերող ընկերություն, որը կաշխատի անմիջապես արտադրողների հետ։

«Մտնում ենք ցանկացած խանութ, ասում ենք՝ գառի միս ուզո՞ւմ եք։ Ասում են՝ մենք բերող ունենք։ Այդ խանութները ամբողջությամբ իրենց «բերողների» հետ են աշխատում։ Արտադրողը դրա հետ չի կարող առնչվել։ Թույլ չեն տալիս, չենք կարողանում միավորվել։

Իմ կենդանիների գլխաքանակը գրանցված է, ես համայնքում, անասնաբուժարանում, ամեն տեղ հաշվառված եմ։ Ես արտադրող եմ, բայց գործարք անելու հնարավորություն չունեմ։ Իսկ ինչ-որ մեկը, որ ոչ գոմ ունի, ոչ ֆերմա, ոչ արոտավայր, գալիս է ու միս է մատակարարում։ Այդ միսը որտեղի՞ց է գալիս՝ մեզ նման արտադրողներից։

Արտադրողը կլոր տարին աշխատում է, իսկ նա 10-15 օրում ապրանքը մորթում, բաժանում է խանութներում ու վերջացնում։ Չի կարող արտադրողից ավելի շահույթ ունենալ»,– ասում է Հովսեփյանը։

Օրվա երկրորդ կեսին Ռուստամը պատրաստվում է նորից ոչխարներին արոտ տանել։ Շներն արդեն գիտեն՝ գնալու ժամն է, ու օգնում են հոտը կառավարել։ Ոչխարների մայունը, շների հաչոցն ու Ռուստամի սուլոցները մի պահ ասես դառնում են մեկ ընդհանուր ձայն․ բոլորը շարժվում են նույն ուղղությամբ։

Աշնան սկիզբ ընտանիքը իջնում է գյուղ։ Աննան ասում է՝ կարևոր և ծանր իրերը հավաքում են մի տեղում, ծածկի տակ, ու թողնում սարում։

«Բա ինչքան տուրիստ է գալիս, էս ճանապարհով են բարձրանում դեպի Աժդահակ։ Նստում են, հանգստանում, սուրճ եմ հյուրասիրում։ Լեզուները չեմ հասկանում, բայց խոսում ենք։ Էս տեսակի կյանքով ենք ապրում»,– ծիծաղում է Աննան։

Հեղինակ՝ Գայանե Մկրտչյան
Տեսանյութերը՝ հեղինակի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/10/2026