Մեր մասին Էթիկա
Առողջություն

«Ուզենք, թե չուզենք՝ կախված ենք քաղաքից». Առողջապահական ռեֆորմի գյուղական երթուղին

Երևանից մոտ 38 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի առօրյան վաղուց կապված է քաղաքային ենթակառուցվածքների հետ։ Երբ բնակավայրում առողջությանը վերաբերող անհրաժեշտ հետազոտություն կամ մասնագիտական բուժում չկա, հիվանդը պետք է հասնի Էջմիածին, իսկ ավելի բարդ դեպքերում՝ Արմավիր քաղաք կամ Երևան։

Ամբուլատորիան ընդհանուր է երկու գյուղի համար և ժամանակավոր տեղակայված է հարևան Ջրառատ գյուղի գյուղապետարանի շենքում։ Ամբուլատորիայի հնարավորությունները սահմանափակ են. բժշկի նշանակած սովորական արյան անալիզը գյուղացու համար նշանակում է մեքենա փնտրել, ուղեկցող գտնել ու քաղաք հասնել։

Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը Ջրարբիում փոխել է շատ բան, բայց ոչ բոլորի համար։ Մեկի համար այն նշանակում է ամեն ամիս դեղատանը թողնվող թոշակի խնայողություն, մյուսի համար՝ միլիոնավոր դրամների վիրահատության փոխհատուցում։ Սակայն գյուղական կյանքում ապահովագրության տնտեսական օգուտը շարունակում է բախվել լոգիստիկայի, տեղում լաբորատորիաների բացակայության և թվային համակարգերի բարդությանը։

Գյուղից քաղաք՝ բուժվելու ճանապարհը

Ջրարբիում բժշկի դիմելը դեռ չի նշանակում, որ անհրաժեշտ բուժօգնությունը հնարավոր է ստանալ տեղում։

Բժշկուհի Թերեզա Տիգրանյան

Տեղամասային բժշկուհի Թերեզա Տիգրանյանի խոսքով՝ ժամանակավոր ամբուլատորիայում, որը սպասարկում է Ջրարբի և Ջրառատ գյուղերի բնակիչներին, այժմ հնարավոր է կատարել միայն էլեկտրասրտագրություն (ԷԿԳ) և զարկերակային ճնշման մոնիտորինգ։ Լաբորատորիա դեռ չկա, ուստի անալիզների համար բնակիչներին ուղղորդում են Էջմիածին։

«Որոշ դեպքերում փորձում եմ տեղում անել այն, ինչ հնարավոր է, սակայն հասկանում եմ, որ դա լիարժեք լուծում չէ»,- պարզաբանում է բժշկուհի Թերեզան։

Գյուղի տարեցների համար քաղաք հասնելը կախված է ոչ միայն բժշկի էլեկտրոնային ուղեգրից, այլև մեքենա ունեցող հարևանից կամ աշխատանքից կտրվող հարազատից։

Մկրտիչի փորձը. 3 միլիոնի խնայողություն և 30 կիլոմետրանոց երթուղի

Ջրարբիի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Վարդանյանը սեփական փորձով է զգացել ապահովագրության ֆինանսական թեթևացումը, բայց դրա հետ մեկ տեղ՝ լոգիստիկ բարդությունները։

Ջրարբիի բնակիչ Մկրտիչ Վարդանյանը

Վերջին շրջանում նա սրտի լուրջ խնդիրներով ստենտավորվել է Արմավիրի բժշկական կենտրոնում։ Բացի այդ, ունի երիկամային անբավարարություն և կանոնավոր հեմոդիալիզ է ստանում։ ԱՀԱ-ի շրջանակում այս բոլոր միջամտությունների համար Մկրտիչը որևէ լումա չի վճարել։

«Եթե ապահովագրությունը չլիներ, միայն այս միջամտությունները մոտ 3 միլիոն դրամ կարժենային»,- նշում է նա։

Սակայն ֆինանսական այս լուրջ բեռը թոթափելուց հետո առաջ են գալիս առօրեական խոչընդոտները.

Հեմոդիալիզի յուրաքանչյուր սեանսի համար նա պետք է հասնի Արմավիր քաղաք՝ անցնելով ավելի քան 30 կմ։ Իր տարիքում և առողջական վիճակում ինքնուրույն վարել չի կարող. պարտադիր պետք է ընտանիքի անդամներն ուղեկցեն։

Հեռախոսով կամ ArMed հավելվածով հերթագրվելը տարեց մարդու համար խնդիր է. այդ հարցում գյուղում շատերը դիմում են իրենց տեղամասային բժշկին։

Մկրտիչը շարունակում է ամսական մոտ 20,000 դրամ ծախսել այն երկու դեղերի վրա, որոնք ընդգրկված չեն պետության անվճար փաթեթում։

Մելանյան և Ստելլան նույն գյուղից են տարբերվող փորձով

Ջրարբիի բնակիչ Մելանյա Սիմոնյան

Գյուղի թոշակառու Մելանյա Սիմոնյանը վիրահատական միջամտությունների կարիք չի ունեցել։ Նրա համար ապահովագրությունը գործում է դեղորայքի տեսքով. տեղամասից ստանում է բարձր ճնշման և գլխուղեղի շրջանառության անվճար դեղերը։

«Նախկինում իմ գումարով էի գնում. դեղերից մեկը 7,000 դրամ արժեր։ Հիմա դեղատոմսն անվճար գրում են, ու դեղորայքս ստանում եմ»,- ասում է Մելանյան՝ հավելելով, որ թեև երկու դեղ դեռ սեփական գրպանից է գնում, ծախսերի մեծ մասը կրճատվել է։

Բոլորովին այլ է նույն գյուղի բնակչուհի Ստելլա Բաբայանի իրավիճակը։ Նա ավելի քան տասը տարի ունի շաքարային դիաբետ և հիպերտոնիա։ Տարին մեկ անգամ ուղեգրվում է Էջմիածին՝ տեսողությունը, արյան շաքարն ու երիկամները ստուգելու, քանի որ «ուզենք, թե չուզենք՝ կախված ենք քաղաքից»։

Թեև Ստելլան գիտի, որ որպես կենսաթոշակառու ունի անվճար դեղորայքի իրավունք, շաքարի և ճնշման դեղերը շարունակում է գնել իր գրպանից.

«Գումար չեմ ծախսել [հիվանդանոցներում], տղաներս զինվորական են, իրենց շնորհիվ բուժումս անվճար եմ ստացել։ Գիտեմ, որ կարող եմ գնալ ու [դեղերս] անվճար ստանալ, բայց չեմ գնում, ես էլ չգիտեմ՝ ինչի»,- անկեղծանում է նա։

Ինչ է փոխվել գյուղի բժշկի սենյակում. «ոտքից գլուխ հետազոտվելու» ցանկություն

Այս փոփոխություններն առավել տեսանելի են տեղամասային բժշկուհի Թերեզա Տիգրանյանի սենյակում, ով արդեն 52 տարի է՝ աշխատում է բուժամբուլատորիայում։ Տասնամյակների փորձի շնորհիվ նա անգիր գիտի բուժառուների հիվանդությունների պատմությունները՝ նույնիսկ առանց քարտերը բացելու։

Ըստ բժշկուհու՝ ԱՀԱ-ի մեկնարկից հետո 65-ից բարձր տարիքի բնակիչների դիմելիությունն աճել է մոտ չորս անգամ։

«Առաջ 65-ից բարձր մարդիկ հազարից մեկ էին գալիս, իսկ հիմա, քանի որ անվճար են և՛ դեղերը, և՛ լաբորատոր-գործիքային քննությունները, բոլորն ուզում են հետազոտվել։ Առաջին ամիսներին աշխատանքն այնքան էր ավելացել, որ օրական 60-70 հիվանդ էր դիմում։ Այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով մոտ 20-30-ի»,- նշում է նա։

Բժշկուհի Թերեզան հիշում է առաջին շրջանի հոգեբանական առանձնահատկությունը. մարդիկ գալիս էին «ոտքից գլուխ հետազոտվելու» պահանջով, և ինքն էր ստիպված բացատրել, որ բժիշկն է որոշում հետազոտությունների ծավալը։

Այժմ դիմումներն ավելի կանոնակարգված են դարձել. Ջրարբիից բավական շատ բնակիչներ ուղեգրվել են նեղ մասնագետների (ակնաբույժ, վիրաբույժ), ինչպես նաև ՄՌՏ հետազոտությունների և պլանային վիրահատությունների։

Ցանկի սահմանները և նոր շենքի սպասումը

Գյուղական համայնքում ամենազգայուն թեման շարունակում է մնալ դեղորայքի փոխհատուցումը։ Բժշկուհի Թերեզան պարզաբանում է, որ համակարգը թույլ է տալիս դուրս գրել միայն Առողջապահության նախարարության հաստատած ցանկում ընդգրկված դեղերը. ցանկից դուրս որևէ նշանակում ArMed-ն արգելափակում է։

Միևնույն ժամանակ, որոշ դեղերի պարագայում կիրառվում է համավճար. օրինակ՝ սիրտ-անոթային «Կոնկորի» կամ շաքարային դիաբետի «Ֆորսիգայի» դեպքում պացիենտը վճարում է նախկին շուկայական արժեքից զգալիորեն ավելի փոքր գումար։

Ջրառատի նոր ամբուլատորիայի շենքը շուտով կշահագործվի

Այսօր Ջրարբիի և Ջրառատի բնակիչները սպասում են Ջրառատում նոր կառուցված ամբուլատորիայի շահագործմանը։ Շենքն արդեն պատրաստ է, տեղափոխությունը նախատեսվում է առաջիկա մեկ ամսում։ Գյուղացիները հույս ունեն, որ նոր շենքի հետ մեկտեղ կհայտնվեն նաև ժամանակակից սարքավորումներ ու լաբորատորիա, ինչը նրանց կազատի սովորական հետազոտությունների համար քաղաքներ հասնելու պարտադրանքից։

Հեղինակ՝ Սեդա Մարտոյան
Լուսանկարները՝ հեղինակի

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։  

Այլ նյութեր այս շարքից՝ Հավասարություն և թափանցիկություն առողջապահության համակարգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/11/2026