TRIPP-ի տնտեսական նշանակության վերաբերյալ քննարկումներում հաճախ հիշատակվում են տարանցիկ բեռնափոխադրումները, նոր շուկաների հասանելիությունը, ենթակառուցվածքների զարգացումը և Հայաստանի հնարավոր եկամուտները։ Սակայն նախագծի ամբողջական տնտեսական արդյունավետության գնահատման համար դեռ անհրաժեշտ են մի շարք տվյալներ ու հաշվարկներ։
Կարո՞ղ է Հայաստանը TRIPP-ից ավելի մեծ օգուտ ստանալ, քան միայն տարանցիկ վճարներն ու զարգացման ընկերությունում իր բաժնեմասից հնարավոր եկամուտները։ Որքա՞ն կարող է արժենալ նախագծի իրականացումը Հայաստանի համար, ինչպիսի՞ դեր կունենան մասնավոր ներդրումները, և ինչպե՞ս կարող են նոր հաղորդակցությունները նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Այս և այլ հարցերի շուրջ «Ամփոփ Մեդիան» զրուցել է տնտեսագետ Սոս Խաչիկյանի հետ։
Փորձագետը TRIPP-ը դիտարկում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական կապերի զարգացման ավելի լայն հնարավորություն՝ միաժամանակ ընդգծելով, որ նախագծի եկամուտների և բեռնահոսքերի վերաբերյալ հստակ գնահատականների համար դեռ բավարար տվյալներ չկան։
Հարցազրույցը լրացնում է «Ամփոփ Մեդիայի» հետազոտությունը, որտեղ փաստաթղթերի և պաշտոնական տվյալների հիման վրա ներկայացրել ենք Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ֆինանսավորման հայտնի պայմանները և դեռ չպարզաբանված տնտեսական հարցերը։ Ամբողջական ուսումնասիրության հղումը հասանելի է սույն հարցազրույցից անմիջապես հետ։
Լրագրողի հարցը․ Ո՞րն է TRIPP-ի տնտեսական տրամաբանությունը, ի՞նչ ենթակառուցվածքներ է այն ներառելու և ինչպե՞ս են ձևավորվելու նախագծի եկամուտները։
Սոս Խաչիկյան․ Այս փուլում ինձ հայտնի չէ եկամուտների հաշվարկված մոդել։ Անկեղծ ասած՝ այն դեռ հնարավոր էլ չէ ամբողջությամբ մշակել, քանի որ դրա համար անհրաժեշտ են մուտքային և ելքային տվյալներ, որոնք այս պահին բավականին անորոշ են։
Նախագծի հիմնական տրամաբանությունը Հայաստանը Եվրոպա-Ասիա համագործակցության շրջանակում կապակցող օղակ դարձնելն է։
Ասիական տարածաշրջանը մի կողմից ունի հսկայական հումքային ռեսուրսներ, մյուս կողմից՝ աշխարհում ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է։ Ասիական երկրները ՀՆԱ-ի և տեխնոլոգիական զարգացման մի շարք ցուցանիշներով բավականին լուրջ առաջընթաց ունեն։ Հետևաբար Եվրոպայի և Ասիայի միջև կապակցվածության զարգացումը երկարաժամկետ հեռանկար ունի։
Այս համատեքստում Հայաստանի տնտեսական և քաղաքական շահը շատ ավելի մեծ է, քան միայն պետական բյուջե հնարավոր մուտքերի կամ ՀՆԱ-ի աճի կոնկրետ հաշվարկները։ Կարևորն այն է, որ Հայաստանը դառնա աշխարհի խոշոր տնտեսական կենտրոնները միմյանց կապող ենթակառուցվածքի մաս։
Հարց․ Այսինքն՝ TRIPP-ը կարելի՞ է դիտարկել որպես Արևելք-Արևմուտք կապող և Միջին միջանցքը լրացնող ավելի մեծ ենթակառուցվածքային շղթայի մաս։
Սոս Խաչիկյան․ Միանշանակ։ TRIPP-ը չեմ դիտարկում միայն որպես 42-43 կիլոմետրանոց հատված։ Դրա տրամաբանությունը շատ ավելի լայն է։
Կարևոր է, որ Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհը միանա TRIPP-ին։ Իմ տեղեկություններով՝ Վրաստանն էլ դեպի Սադախլո՝ Հայաստանի սահմանի ուղղությամբ, բավականին լուրջ ճանապարհ է կառուցում՝ Միջին միջանցքի հետ կապն ապահովելու նպատակով։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Վրաստանը նման խոշոր ճանապարհ կառուցում դեպի Հայաստան, եթե Հայաստանից հետո բեռնափոխադրումների շարունակման հնարավորություն չլինի։ Եթե Հայաստանը դիտարկվեր որպես փակ շուկա կամ փակ սահմաններով պետություն, նման ենթակառուցվածքի կառուցումն իմաստ չէր ունենա։
Կարծում եմ՝ հենց այս տրամաբանությունն է ընկած այդ նախագծերի հիմքում․ Վրաստանի կառուցվող ճանապարհը կմիանա Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղուն, վերջինս՝ TRIPP-ին, և այդպիսով կձևավորվի ավելի ամբողջական հաղորդակցային շղթա։ Այն կարող է կարևոր այլընտրանք դառնալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար։
Հարց․ TRIPP-ի համաձայնագրով նախատեսված հողօգտագործման իրավունքները կարո՞ղ են սահմանափակել Հայաստանի՝ նույն տարածքում կամ դրա հարևանությամբ Իրանի հետ այլ հաղորդակցային ու տնտեսական նախագծեր իրականացնելու հնարավորությունը։
Սոս Խաչիկյան․ Գիտեմ, որ նման հարցեր են բարձրացվում, սակայն չեմ կարծում, որ հողօգտագործման իրավունքի տրամադրումն ինքնին կարող է հանգեցնել Հայաստանի հաղորդակցության սահմանափակմանը։
Պետք է հաշվի առնել, որ TRIPP-ի շրջանակում բազմիցս ընդգծվել են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հնարավոր է՝ որոշակի հարցերի համար անհրաժեշտ լինեն հատուկ ընթացակարգեր կամ լրացուցիչ համաձայնեցումներ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը զրկվելու է այլ ենթակառուցվածքներ կառուցելու հնարավորությունից։
Ավելին՝ կարծում եմ, որ հետագայում TRIPP-ին կարող են միանալ նաև Իրանի հետ կապված նախագծեր։ Համաձայնագրում խոսվում է ոչ թե մեկ նախագծի, այլ TRIPP նախագծերի մասին։ Դրանք կարող են ներառել ավտոճանապարհներ, գազամուղներ, նավթամուղներ, ինտերնետային և այլ ենթակառուցվածքներ։
Չեմ կարծում, որ այս ամենը կարող է սահմանափակվել միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ստեղծմամբ։ Սա ավելի լայն նախագիծ է, որի շրջանակում Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղին և Իրանի հետ հաղորդակցությունը նույնպես կարող են կարևոր դեր ունենալ։
Հարց․ Ինչո՞ւ է այս փուլում Ադրբեջանն ավելի արագ առաջ շարժվում TRIPP-ի աշխատանքներում, քան Հայաստանը։
Սոս Խաչիկյան․ Ադրբեջանն արդեն կառուցում է երկաթուղու իր հատվածը։ Դա բնական է, քանի որ այդ երթուղային ցանցը գտնվում է Ադրբեջանի կառավարման ներքո։ Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է․ դեռևս կան որոշակի հստակեցումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել նախքան շինարարության մեկնարկը։
Տնտեսական տեսանկյունից կարելի է սկսել, օրինակ, ավտոմայրուղուց, որի կառուցումը հնարավոր է իրականացնել Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության շրջանակում՝ առանց այլ երկրների հետ լրացուցիչ համաձայնեցումների։ Կարծում եմ՝ այս փուլում հենց ավտոմայրուղուն կարելի է առաջնահերթություն տալ։
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ունի նաև որոշակի իրավակարգավորիչ և քաղաքական սահմանափակումներ։ Մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում կան հարցեր, որոնք կարող են լրացուցիչ քննարկումներ պահանջել։ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ և այս առումով ավելի քիչ կաշկանդվածություն ունի։
Հայաստանը պետք է ապահովի անհրաժեշտ փաստաթղթային հիմքը, քանի որ նախագիծը վերաբերում է իր տարածքին։ Ադրբեջանն իր տարածքում շինարարություն իրականացնելու համար նույն ծավալի փաստաթղթային գործընթացի կարիքը չունի։ Հետևաբար երկու երկրների առաջընթացի տեմպերը համեմատելիս պետք է հաշվի առնել այս տարբերությունը։
Հարց․ TRIPP-ի կառուցման համար սահմանների հստակեցումն անհրաժեշտ կլինի՞։ Եվ արդյո՞ք ճանապարհը, երկաթուղին ու խողովակաշարերն անցնելու են նույն՝ 42-43 կմ հատվածով։
Սաս Խաչիկյան Համաձայնագրում հստակ նշված չէ, որ բոլոր ենթակառուցվածքներն անցնելու են Մեղրիի տարածքով։ Հնարավոր է՝ տարբեր նախագծեր անցնեն տարբեր ուղղություններով։
Օրինակ՝ ավտոճանապարհը կարող է անցնել Սիսիանի ուղղությամբ, գազամուղը՝ մեկ այլ հատվածով։ Հնարավոր է՝ քննարկվեն նաև այլ երթուղիներ, այդ թվում՝ Իջևան-Ղազախ ուղղությունը։ Դրանք առանձին նախագծեր են, և այս փուլում դրանց վերջնական տեղադրությունը հստակեցված չէ։
Հենց այդ պատճառով էլ համաձայնագրում խոսվում է TRIPP նախագծերի համախմբի մասին։ Բոլոր ենթակառուցվածքները պարտադիր չէ, որ անցնեն նույն 42-43 կիլոմետրանոց տարածքով։
Այդ 43 կիլոմետրը պայմանականորեն կապվում է նախկինում քննարկված երթուղու հետ, որը, եթե չեմ սխալվում, մոտ 42.8 կիլոմետր է։ Սակայն ամբողջ նախագիծը միայն այդ ճանապարհահատվածը չէ։
Եթե տարբեր ենթակառուցվածքներ անցնեն Հայաստանի տարբեր տարածքներով, բնականաբար, դրանց իրականացման համար համապատասխան հատվածներում անհրաժեշտ կլինի նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնել։ Եթե որևէ նախագիծ անցնի Ջերմուկի տարածաշրջանով, ապա այդ հատվածում նույնպես կարող է առաջանալ սահմանների հստակեցման անհրաժեշտություն։
Սա իմ անձնական գնահատականն է․ այն տարածքներում, որտեղով կանցնեն նախագծերը, համապատասխան սահմանային հարցերը պետք է կարգավորվեն։
Հարց․ Տարբեր գնահատականներ են հնչում TRIPP-ի տնտեսական արդյունավետության վերաբերյալ։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ավելի հստակ տնտեսական հաշվարկների մասին։
Սոս Խաչիկյան Տարբեր գնահատականներ կան, և դրանք բավականին տարբեր են իրարից։ Ես հիմք չունեմ այդ թվերը ո՛չ հաստատելու, ո՛չ էլ հերքելու։
Շինարարության արժեքը, վստահ եմ, հնարավոր է գնահատել։ Բայց երբ խոսում ենք նախագծի ընդհանուր տնտեսական արդյունավետության, տարեկան եկամուտների կամ բեռնահոսքերի մասին, անհրաժեշտ են շատ ավելի հստակ տվյալներ։
Այնուամենայնիվ, կան տնտեսական էֆեկտներ, որոնք պարտադիր չէ գնահատել միայն կոնկրետ թվերով։ Օրինակ՝ TRIPP-ի գործարկման դեպքում Հայաստանի արտահանման հնարավորությունները միանշանակ կընդլայնվեն։ Այսօր մեր արտահանման համար հիմնական ուղղություններից մեկը Լարսի անցակետն է։ Այլընտրանքային հաղորդակցային ուղիներ ունենալը և արտահանումը դիվերսիֆիկացնելը տնտեսապես շահավետ է։
Բացի դրանից՝ Հայաստանը կարող է դառնալ միջազգային տնտեսական հանգույցներից մեկը։ Շատ ընկերություններ, հաշվի առնելով Հայաստանի հաղորդակցային հնարավորությունները, կարող են այստեղ հիմնել իրենց մասնաճյուղերը կամ արտադրական կառույցները՝ հնարավորություն ստանալով կապվելու տարբեր շուկաների հետ։
Կարծում եմ՝ երկարաժամկետ հեռանկարում խոսքը կարող է լինել ոչ միայն միլիոնավոր, այլև միլիարդավոր դոլարների տնտեսական հնարավորությունների մասին։ Սակայն դա հնարավոր չէ հաշվարկել այսօրվա տնտեսական մոդելով, քանի որ խոսքը նոր տնտեսական միջավայրի ձևավորման մասին է։
Իհարկե, օգուտների և հնարավորությունների հետ միասին կան նաև ռիսկեր։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է ունենալ այնպիսի քաղաքականություն և դիվանագիտություն, որը թույլ կտա այդ ռիսկերը կառավարել և նույնիսկ դրանցից օգտվել։
Հարց․ Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ TRIPP-ի վերաբերյալ տնտեսական հաշվարկներ դեռ չեն իրականացվել։ Արտգործնախարարությունն էլ նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ դեռ պետք է կատարվեն։ Ի՞նչ չափի պետական ծախսեր կարող են անհրաժեշտ լինել Հայաստանի համար։
Սոս Խաչիկյան․ Թվերին չեմ տիրապետում, բայց չեմ կարծում, որ Հայաստանի պետական բյուջեի վրա մեծ ֆինանսական բեռ է դրվելու։ Նախագծում հիմնականում ներգրավված են լինելու միջազգային և մասնավոր ընկերություններ։
Հիշենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրով նախատեսված համագործակցությունը միայն TRIPP-ին չի վերաբերում։ Խոսվում է նաև տվյալների կենտրոնների և այլ նախագծերի մասին։ Այդ ուղղությամբ արդեն իրականացվում են խոշոր ներդրումներ, մինչդեռ պետական բյուջեի անմիջական մասնակցությունը գրեթե զրոյական է եղել։
Իհարկե, պետությունն ունի իր մասնակցությունը կառավարման և իրավական կարգավորումների գործընթացներում, սակայն դա չի նշանակում, որ ամբողջ ֆինանսական բեռը դրվելու է պետական բյուջեի վրա։
Հնարավոր է՝ որոշ ենթակառուցվածքներ ֆինանսավորվեն պետական միջոցներով, հնարավոր է՝ ներգրավվեն նաև վարկային ռեսուրսներ, և որոշ չափով ավելանա Հայաստանի պետական պարտքը։ Բայց միջազգային նախագծերի դեպքում ավելի նպատակահարմար է ֆինանսավորումն իրականացնել միջազգային կառույցների և գործընկերների մասնակցությամբ, քան ամբողջ բեռը դնել պետական բյուջեի վրա։
Հարց․ Ինչպե՞ս է գործելու TRIPP-ի կառավարումը․ ո՞վ է վերահսկելու բեռների մուտքը, ստուգումն ու անվտանգությունը, և ի՞նչ դեր կունենան հայկական սահմանապահներն ու front office-ի և back office-ի համակարգերը։
Սոս Խաչիկյան․ Կարծում եմ՝ հայ սահմանապահներն ունենալու են համապատասխան վերահսկողական իրավունքներ։ Սահմանը հատող բեռների նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացվի։
Միաժամանակ կարծում եմ, որ հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների անմիջական շփումները պետք է հնարավորինս նվազագույնի հասցվեն։ Դա պայմանավորված չէ միայն երկու երկրների միջև առկա խնդիրներով։ Այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս սահմանային վերահսկողության մի շարք գործընթացներ իրականացնել տվյալների և տեխնոլոգիական համակարգերի միջոցով։
Ձեր նշած front office-ի և back office-ի համակարգերը հենց այդպիսի մեխանիզմներ են։ Նախնական փուլում կարող են աշխատել տվյալների վրա հիմնված համակարգերը, որոնք կբացահայտեն կասկածելի բեռները։ Եթե համակարգերը հայտնաբերեն, օրինակ, զենքի տեղափոխման փորձ, բնականաբար, պետք է ներգրավվի նաև սահմանապահ ծառայությունը։
Հնարավոր է՝ սկզբնական փուլում ավելի մեծ դեր ունենան տեխնոլոգիաները, քան մարդկային գործոնը։ Սակայն եթե անհրաժեշտություն առաջանա, հայ սահմանապահները կարող են ներգրավվել վերահսկողության գործընթացում՝ ամերիկացի կամ անվտանգության այլ աշխատակիցների հետ համագործակցությամբ։
Հարց․ Հայաստանի հիմնական տնտեսական շահը ԹՐԻՓՓ նախագծում ո՞րն է լինելու։
Սոս Խաչիկյան․ Անկեղծ ասած՝ բաժնեմասից ստացվող եկամուտներն ու տարանցիկ վճարներն ինձ համար երկրորդական են։ Հայաստանի բաժնեմասը կարող է լինել 26, 28 կամ հետագայում նույնիսկ 40 տոկոս, բայց դա այն հիմնական տնտեսական արդյունքը չէ, որը մենք պետք է ակնկալենք։
Առաջնահերթն այն է, որ Հայաստանը մուտք ունենա արտաքին աշխարհ և դառնա տարանցիկ հաղորդակցության կենտրոններից մեկը։
Իմ տեսանկյունից՝ առավելագույն հնարավորությունը TRIPP-ին միացող Հյուսիս-հարավ ավտոմայրուղին է, որը կապահովի նաև Վրաստանի և Միջին միջանցքի հետ կապը։ Այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական և քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեցող կարևոր կենտրոններից մեկը։
Ենթակառուցվածքներ կավելանան ամբողջ Սյունիքի տարածաշրջանում բնականաբար ԹՐԻՓՓ-ը չի լինի միայն փակ համակարգ, նրան սպասարկող կազմակերպություններ, օժանդակ կառույցներ կլինեն։ TRIPP-ը միայն բեռնափոխադրումների ենթակառուցվածք չէ։ Այն ներառում է նաև ավտոմայրուղի, որից կարող են օգտվել զբոսաշրջիկները։ Նման ենթակառուցվածքները կարող են խթանել զբոսաշրջությունը, տեխնոլոգիական զարգացումը և տնտեսական մոդելի արդիականացումը։Դրանց սպասարկման համար Սյունիքում կարող են ստեղծվել նոր ընկերություններ և ծառայություններ։ Այս ամենը կնպաստի տարածաշրջանի միջազգայնացմանը, կփոխի տեղական բիզնեսի մշակույթը և մարդկանց սոցիալ-հոգեբանական վարքագիծը։
Հարց․ Եթե TRIPP-ը դիտարկենք որպես Միջին միջանցքի մաս, ապա ո՞րն է լինելու Հայաստանի հիմնական տնտեսական շահը այդ ամբողջ հաղորդակցային շղթայում։ Ի՞նչ նոր հնարավորություններ կարող են առաջանալ Հայաստանի տնտեսության համար։
Սոս Խաչիկյան․ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն այսօր հաղորդակցությունների սահմանափակությունն է։ Եթե առանձնացնեմ երեք գործոն, որոնք կարող են կարևոր լինել Հայաստանի տնտեսության արդիականացման համար, դրանցից մեկը հաստատ կլինի Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։ Այստեղ կարևոր է ոչ այնքան կոնկրետ Թուրքիայի հետ հարաբերությունը, որքան հաղորդակցության հնարավորության ստեղծումը։
Այսօր հաղորդակցությունն ամբողջ աշխարհում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և դիվանագիտական գործիք է։ TRIPP-ը հենց այդ համատեքստում եմ դիտարկում։
Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարող են դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի հարաբերությունների վրա Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Հայաստանի արդիականացված տնտեսական մոդելը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև այդ երկրների համար։
Իհարկե, շատ բան կախված է լինելու մեր կառավարման հմտություններից և կարողություններից։ Բայց ճիշտ հաղորդակցային կապերի ստեղծման դեպքում նույնիսկ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարող է ունենալ տարածաշրջանային շատ ավելի մեծ դերակատարություն։
Հարցազրույցը՝ Սեդա Մարտոյանի
Կարդացեք նաև
- TRIPP-ի պայմանավորվածությունները կան, տնտեսական հաշվարկները՝ դեռ ոչ․ ինչ է սպասվում Հայաստանին
- Ռուսագետ Նարեկ Սուքիասյան․ «TRIPP-ում Ռուսաստանի ուղղակի դերը դժվար է պատկերացնել»
- Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան․ TRIPP-ի երեք սցենարները․ երբ կշահի Հայաստանը, և երբ՝ ոչ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/11/2026










