Մեր մասին Էթիկա











Լրահոս • Միջազգային • Քաղաքական

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան․ TRIPP-ի երեք սցենարները․ երբ կշահի Հայաստանը, և երբ՝ ոչ

TRIPP-ի գործարկումը կարող է ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև նոր հաղորդակցային կապ։ Սակայն Հայաստանի համար նախագծի հնարավոր տնտեսական օգուտները կախված են նաև նրանից, թե արդյոք տարածաշրջանում կբացվեն այլ երթուղիներ, և հայկական փոխադրողները կկարողանան օգտվել դրանցից։

Ի՞նչ կլինի, եթե գործարկվի միայն Հայաստանի հարավով անցնող մոտ 43 կիլոմետրանոց հատվածը։ Ինչպե՞ս Թուրքիայի՝ Նախիջևանի ուղղությամբ նախատեսվող նոր երկաթուղին կարող է ազդել Հայաստանի տնտեսական հնարավորությունների վրա։ Եվ ո՞ր դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք մասնակից, այլ ոչ միայն տարանցիկ տարածք։

Այս հարցերի շուրջ «Ամփոփ Մեդիան» զրուցել է քաղաքագետ, Ժողովրդավարության և զարգացման տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։

Փորձագետը ներկայացնում է TRIPP-ի զարգացման երեք հնարավոր սցենար՝ սահմանափակ ապաշրջափակումից մինչև տարածաշրջանային հաղորդակցությունների ավելի լայն բացում։ Նա անդրադառնում է նաև Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի շահերին, ինչպես նաև Հայաստանի համար նախագծի անվտանգային նշանակությանը։

Զրույցը «Ամփոփ Մեդիայի» TRIPP-ի հետազոտության մաս է։ Հիմնական ուսումնասիրությա հղումը սույն հարցազրույցից հետո։


Հարց․ Ո՞րն է TRIPP-ի հիմնական աշխարհաքաղաքական նպատակը, և ինչպե՞ս է այն կապվում Միջին միջանցքի ու Թուրքիայի շահերի հետ։

Տիգրան Գրիգորյան․ Թուրքիայի համար այս երթուղին կարևոր է Ադրբեջանի և նաև Կենտրոնական Ասիայի հետ ուղիղ կապի տեսանկյունից։ Թուրքիան կառուցում է Կարս-Դիլիջան-Երասխ երկաթուղին, որը, ամենայն հավանականությամբ, կապվելու է TRIPP-ի հետ։ Ի սկզբանե Ադրբեջանը հաղորդակցությունը դիտարկում էր որպես Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի միջոց։

Եթե խոսում ենք ավելի խոշոր դերակատարների մասին, ապա Ռուսաստանն ի սկզբանե ցանկանում էր այդ հաղորդակցության կառուցումն իրականացնել իր վերահսկողության ներքո։ Դա չհաջողվեց, և ԱՄՆ-ի ներգրավվածության նպատակներից մեկը նաև Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելն է։

TRIPP-ը կարող է դառնալ Միջին միջանցքի հարավային հատվածը, թեև այդ միջանցքի տնտեսական հեռանկարները դեռ ամբողջությամբ հստակ չեն։ Ակնկալիքն այն է, որ Ադրբեջան-Վրաստան գործող երթուղուց բեռնափոխադրումների մի մասը կտեղափոխվի հարավ՝ ստեղծելով տնտեսական նպատակահարմարություն։

Հայաստանի համար TRIPP-ը, իմ կարծիքով, առաջին հերթին անվտանգային և որոշակի առումով խաղաղաշինական մեխանիզմ է։ Եթե տնտեսական դիվիդենտների մասին ենք խոսում, կարևոր է, որ գործընթացը միայն TRIPP-ով չսահմանափակվի։ Եթե Հայաստանի հարևանների հետ այլ հաղորդակցություններ չբացվեն, TRIPP-ը մեծ հաշվով կշարունակի կատարել հիմնականում անվտանգային գործառույթ։

Հարց․Դուք նշեցիք, որ Թուրքիան Կարս-Իգդիր-Դիլիջան երկաթուղին կառուցում է դեպի Նախիջևան, այս դեպքում  ինչո՞ւ է նրան անհրաժեշտ TRIPP-ը, և արդյո՞ք այդ երկաթուղին կարող է շրջանցել Հայաստանի տարածքով նախատեսվող Թուրքիա-Ադրբեջան կապը։

Տիգրան Գրիգորյան․ Թուրքիան այդ երկաթուղին կառուցում է, որպեսզի այն միանա Նախիջևանին, բայց Նախիջևանից դեպի արևելք՝ Ադրբեջան և Կենտրոնական Ասիա, հասնելու համար դեռ անհրաժեշտ է TRIPP-ը։ TRIPP-ը Հայաստանի տարածքով անցնող մոտ 43 կիլոմետրանոց հատվածն է, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանի մայրցամաքային հատվածի հետ։

Լավատեսական սցենարի դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապը պետք է անցնի Հայաստանի տարածքով՝ Նախիջևանից Երասխ մտնելով, ապա Գյումրիով հասնելով Կարս։ Եթե Թուրքիան կառուցում է առանձին երկաթուղի դեպի Նախիջևան, ապա այդ դեպքում Կարս-Գյումրի ուղղությամբ Հայաստանի տարածքով անցնելու անհրաժեշտությունը կարող է նվազել։

Այսինքն՝ Թուրքիան իր նոր երկաթուղով կարող է ստանալ Հայաստանի տարածքը շրջանցող այլընտրանքային կապ։ Մինչդեռ Հայաստանի շահը այն է, որ ապաշրջափակումը ներառի նաև Հայաստանի տարածքով Թուրքիա-Ադրբեջան երկաթուղային կապը, որպեսզի Հայաստանը ոչ միայն իր տարածքով ապահովի հաղորդակցություն, այլև ինքը ներգրավված լինի այդ տարածաշրջանային կապի մեջ։

Քարտեզի հիմքը՝ ՄԱԿ (UN)։ Երթուղիների սխեմատիկ գծանշումները՝ «Ամփոփ Մեդիա»

Հարց․ Իրանը կարո՞ղ է հետագայում ներգրավվել TRIPP-ում կամ օգտվել դրա ենթակառուցվածքներից։

Տիգրան Գրիգորյան․ Իրանցի առևտրականներն այսօր Հայաստանի հյուսիս հասնելու համար օգտագործում են Մեղրի-Ագարակ հատվածը։ Տեսականորեն նրանք կարող են նույնը անել նաև երկաթուղով՝ Նախիջևանի տարածքով հասնելով Երասխ։ Բայց սա մտահոգություններ է առաջացնում Մեղրիի և Ագարակի բնակիչների շրջանում, քանի որ նման փոփոխությունը կարող է ազդել նրանց տնտեսական գործունեության վրա։

Հարց․ Արդյոք Ադրբեջանը TRIPP-ից ավելի հստակ օգուտներ ունի, քան Հայաստանը։

Տիգրան Գրիգորյան․ Բնականաբար։ TRIPP-ը որպես կոնցեպտ ծագել է ադրբեջանական պահանջի հիման վրա։ 2020-ից հետո Ադրբեջանը տարբեր ձևակերպումներով պահանջում էր անխոչընդոտ ցամաքային կապ իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։

TRIPP-ը այդ պահանջի և Հայաստանի կարմիր գծերի որոշակի կոմպրոմիսն է։ Մի կողմից կա պարզեցված անցում, մյուս կողմից Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու վերահսկողությունը տարածքի նկատմամբ։ Ադրբեջանը նախկինում պնդում էր, որ իր քաղաքացիները չպետք է առնչվեն հայ սահմանապահների հետ։ TRIPP-ի դեպքում այդ շփումը զգալիորեն նվազեցվում է, թեև պահպանվում են մաքսային և այլ վճարները։

Այստեղ որոշակի ասիմետրիա կա։ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ստանում է պարզեցված ռեժիմ, մինչդեռ Հայաստանի բեռները Նախիջևանի տարածքով անցնելիս կարող են առնչվել ադրբեջանական սահմանապահների հետ։ Եթե ամբողջական ապաշրջափակում տեղի ունենա, այդ ասիմետրիան որոշ չափով կարող է մեղմվել։

Հայաստանում TRIPP-ի վերաբերյալ երկու ծայրահեղ մոտեցում կա՝ այն ներկայացնել որպես աղետ կամ որպես մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ։ Իրականությունը, կարծում եմ, այս երկու մոտեցումների միջև է։ Սա, հնարավորության սահմաններում, առավելագույնին հասնելու փորձ է, բայց այն որպես մեծ հաղթանակ ներկայացնելն էլ ճիշտ չէ։

Հարց․ Որո՞նք են TRIPP-ի հնարավոր ամենավատ և ամենալավ սցենարները։

Տիգրան Գրիգորյան․ Ամենավատ սցենարն այն է, որ բացվի միայն 43 կիլոմետրանոց հատվածը, իսկ Թուրքիան կառուցի Կարս-Դիլիջան-Երասխ երկաթուղին, և Հայաստանը շարունակի մնալ շրջափակման պայմաններում։ Այդ դեպքում հիմնականում Թուրքիան և Ադրբեջանը կօգտվեն այդ հատվածից։

Կա միջին սցենար, որի դեպքում TRIPP-ը կգործարկվի, և Հայաստանը կկարողանա Նախիջևանի տարածքով հասնել Երասխ, հնարավոր է՝ նաև Ադրբեջանի տարածքով գնալ դեպի Ռուսաստան և Իրան, բայց Թուրքիան Հայաստանի տարածքը կշրջանցի իր նոր երկաթուղով։ Այս դեպքում ապաշրջափակումը կլինի մասնակի։

Լավագույն սցենարի դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապը կանցնի նաև Հայաստանի տարածքով՝ Երասխ-Գյումրի-Կարս ուղղությամբ։ Այդ դեպքում Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորություններն ավելի մեծ կլինեն։

Իմ կարծիքով՝ ամենահավանականը միջին սցենարն է՝ TRIPP-ի գործարկում, Նախիջևանի տարածքով Երասխ հասնելու հնարավորություն և, հնարավոր է, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան ու Իրան բեռների փոխադրում։

Հարց․ Ինչո՞ւ է ԱՄՆ-ը երկարաժամկետ ներգրավվել TRIPP-ում, եթե նախագիծը նաև տնտեսական նպատակ ունի։

Տիգրան Գրիգորյան․ Նախ պետք է նշել, որ ԱՄՆ-ը այս պահին անվտանգության որևէ երաշխիք չի ստանձնել։ Խոսքը հիմնականում ֆինանսական և կառուցվածքային ներգրավվածության մասին է։

ԱՄՆ-ի համար սա կարևոր հաղորդակցության վրա ներկայություն ունենալու և այն վերահսկելու հնարավորություն է, հատկապես Միջին միջանցքի տրամաբանության շրջանակում։ Կարևոր է նաև կրիտիկական հանքանյութերի արտահանման թեման, որը նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։

Մյուս պատճառը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ներդրումն այս փուլում համեմատաբար փոքր է իր մասշտաբների համար, և այն դիտարկվում է որպես ներդրում, որը ժամանակի ընթացքում պետք է վերադարձվի, ոչ թե նվիրատվություն կամ դրամաշնորհ։

Ընդհանուր առմամբ, սա օրինակ է այն մոտեցման, երբ համեմատաբար քիչ ռեսուրսներով հնարավոր է հասնել արտաքին քաղաքական նշանակալի արդյունքների։

Հարց․ Իսկ TRIPP-ի տարածքում ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը։

Տիգրան Գրիգորյան․ Չեմ կարծում, որ այնտեղ ռազմական ներկայացուցչություն կլինի։ Հնարավոր է մասնավոր պահնորդական ընկերությունների ներգրավում։ Միևնույն ժամանակ հստակ նշված է, որ Հայաստանի իրավապահ և ուժային մարմինները հասանելիություն են ունենալու այդ տարածքներին։

Սահմանազատումից հետո, հավանաբար, այդ հատվածում պետք է լինեն նաև սահմանապահներ։ Բայց front office-ը սահմանապահների համակարգ չէ․ մաքսային ստուգումն իրականացնելու է մասնավոր ընկերությունը։

Հարց․ Դուք Սյունիք այցելել եք և տեղում ուսումնասիրել երթուղին։ Ի՞նչ խնդիրներ տեսաք և որքանո՞վ է տարածքը պատրաստ ենթակառուցվածքների կառուցմանը։

Տիգրան Գրիգորյան․ Գլխավոր խոչընդոտը տեղանքի լանդշաֆտային առանձնահատկությունն է։ Տարածքը շատ նեղ ու ժայռոտ է, և դժվար է պատկերացնել, որ երկաթուղուց բացի այստեղ հնարավոր կլինի այլ խոշոր ենթակառուցվածք կառուցել։

Սովետական շրջանի երկաթուղու որոշ հետքեր պահպանվել են, բայց երկաթուղին որպես այդպիսին չկա․ այն պետք է գրեթե զրոյից կառուցվի։ Նախկին երկաթուղու տեղանքը հիմա հիմնականում գրունտային ճանապարհ է, որը, մասնավորապես, օգտագործվում է Նռնաձոր հասնելու համար։

Մեկ այլ կարևոր խնդիր տեղացիների իրազեկվածությունն է։ Այցի ժամանակ տեղի բնակչությունը և տեղական իշխանությունները շատ քիչ տեղեկություն ունեին ծրագրի մասին։

Հարցազրույցը՝ Սեդա Մարտոյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/11/2026