Մեր մասին Էթիկա
Առողջություն • Իրավունք

Ծննդաբերության ցավից մինչև համակարգային փոփոխություններ. ինչ է բացահայտել «Անվտանգ ծնունդը»

«Հիմա, երբ ասում են ծննդաբերություն, միայն դա եմ հիշում»․ այսպես է նկարագրում իր առաջին փորձառությունը 35-ամյա Սվետլանան (անունը փոխված է)։ Թեև նա հոգեբանորեն պատրաստված էր գնում ծննդատուն, բայց պատրաստ չէր, որ ծննդաբերությունից հետո առաջացած պատռվածքները կարելու են առանց ցավազրկման՝ պատճառելով անտանելի ցավ։ Նրա հիշողության մեջ ծննդաբերությունն առաջին հերթին կապվում է ոչ թե երեխայի լույս աշխարհ գալու ուրախության, այլ անպաշտպանվածության զգացման հետ։

Սվետլանայի պատմությունը եզակի չէ։ Հայաստանի տարբեր ծննդատներում կանանց ունեցած նմանատիպ շուրջ 20 փորձառություն է հավաքագրվել «Անվտանգ ծնունդ» նախաձեռնության շրջանակում, որոնք հրապարակվում են safebirth.ampop.am հարթակում։

Թեև պատմությունները տարբեր տարիների են վերաբերում, դրանցում կրկնվում են նույն խնդիրները՝ ցավի անտեսում, կոպիտ ու նվաստացնող վերաբերմունք, առանց պատշաճ բացատրության միջամտություններ և հոգեբանական ճնշում։ Այս դրսևորումներից շատերը տեղավորվում են «մանկաբարձական բռնություն» հասկացության շրջանակում։

Երբ հետևանքները չեն ավարտվում ծննդատանը

Մանկաբարձական բռնությունը միայն ֆիզիկական կոպտությունը չէ։ Այն դրսևորվում է նաև վիրավորական խոսքով, գանգատների անտեսմամբ և առանց տեղեկացված համաձայնության գործողություններով։ Նման վերաբերմունքը կնոջ մոտ առաջացնում է խորը անօգնականության զգացում՝ նույնիսկ առանց ֆիզիկական բարդությունների ծննդաբերության դեպքում։

Այս խնդիրն ունի նաև լայն հասարակական հետևանքներ։ Նախագծի շրջանակում հանդիպել են կանայք, ովքեր առաջին ծննդաբերության ծանր փորձառությունից հետո այլևս երբեք չեն ցանկացել կրկին մայրանալ։ Սա մանկաբարձական բռնության հնարավոր ժողովրդագրական կողմն է․ միջավայրը, որտեղ կինը զգում է խոցելի ու անպաշտպան, ուղղակիորեն ազդում է ապագա ընտանիքների որոշումների վրա։

Էթիկա և տեխնոլոգիա. ինչպես խոսել ցավոտ թեմաներից առանց վնասելու

«Անվտանգ ծնունդ» նախագիծն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի և «Ամփոփ Մեդիայի» կողմից՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (DDF) աջակցությամբ և «Sigrid Rausing Trust» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։

Սույն նախագիծը ստեղծելիս թիմը նախապես հաշվարկել էր զգայուն պատմությունների հրապարակման հետ կապված էթիկական մարտահրավերները՝ հերոսների անանունության պահպանման անհրաժեշտությունը։ Այս խնդիրը կանխատեսված էր, և լուծման համար նպատակային կիրառվել են արհեստական բանականության (ԱԲ) գործիքները։

Յուրաքանչյուր պատմության հիման վրա ստեղծված ասոցիատիվ պատկերներն ու անիմացիոն հոլովակները հնարավորություն են տվել տեսանելի դարձնել մթնոլորտն ու մարդակենտրոն մոտեցման կարևորությունը՝ առանց իրական դեմքեր բացահայտելու (նշենք, որ դրանք գեղարվեստական ներկայացումներ են, այլ ոչ թե փաստագրական կադրեր)։

Բացի այդ, նախագծի շրջանակում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի փորձագետների կողմից մշակվել է նաև մասնագիտական ուղեցույց լրագրողների համար՝ զգայուն թեմաներն էթիկայի և մարդու արժանապատվության նորմերի խիստ պահպանմամբ լուսաբանելու նպատակով։

Պատմություններից՝ մասնագիտական ուսումնասիրություն

Նախաձեռնության առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 5-ին Երևանում կայացած «Անվտանգ ծնունդ․ էթիկա և բարեվարքություն ծննդօգնության ընթացքում» կլոր սեղան-քննարկմանը։

Միջոցառմանը մասնակցել են առողջապահության ոլորտի մասնագետներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ներկայացվել է «Անվտանգ ծնունդ․ Իրավական և հոգեբանական համապարփակ վերլուծություն և բարեվարքության ուղեցույց» փաստաթուղթը, որի հիմքում նախագծի ընթացքում հավաքված իրական պատմություններն են։

Նախագծի հեղինակ, «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր-խմբագիր Սուրեն Դեհերյանն իր ելույթում անդրադարձել է հատկապես մանկաբարձական բռնության և ծնելիության միջև հնարավոր կապին։

«Եթե ուզում ենք, որ կանայք չվախենան կրկին մայրանալուց, պետք է մտածենք ոչ միայն երեխայի ծնվելուց հետո տրամադրվող աջակցության, այլև այն միջավայրի մասին, որտեղ այդ երեխան լույս աշխարհ է գալիս», – նշել է Դեհերյանը։

Ծրագրի իրավաբան-փորձագետ, առողջապահական իրավունքի մասնագետ Վիոլետա Զոփունյանը ներկայացրել է ծննդօգնության ընթացքում պացիենտների իրավունքների պաշտպանության խնդիրները։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում համապատասխան օրենսդրական կարգավորումներ կան, սակայն դրանք գործնականում հաճախ թերի են կիրառվում։

Առանձնացված խնդիրներից են տեղեկացված համաձայնության ապահովումը, ցավի գնահատումն ու կառավարումը, ինչպես նաև կնոջ՝ իր բուժօգնության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքի պահպանումը։

«Համաձայնությունը պարզապես ստորագրված թերթիկ չէ», – ընդգծել է Զոփունյանը՝ նշելով, որ կինը պետք է յուրաքանչյուր միջամտության վերաբերյալ իրեն հասկանալի տեղեկատվություն ստանա։

Ծրագրի հոգեբան-փորձագետ, պերինատալ հոգեբան Լիլիթ Չոբանյանն էլ ներկայացրել է բացասական ծննդաբերական փորձառությունների հոգեբանական հետևանքները։

«Կնոջ ապրումների և ծննդաբերական փորձառության որակի վրա չափազանց մեծ ազդեցություն ունի բուժանձնակազմի վերաբերմունքն ու աջակցությունը», – նշել է Չոբանյանը։

Նրա խոսքով՝ նման փորձառությունները որոշ դեպքերում կարող են հանգեցնել երկարատև հոգեբանական դժվարությունների, այդ թվում՝ նոր հղիության և ծննդաբերության նկատմամբ ուժեղ վախի։

Հոգեբանն անդրադարձել է նաև բուժաշխատողների ծանրաբեռնվածությանը, մասնագիտական սպառմանն ու նրանց հոգեբանական աջակցության անհրաժեշտությանը։

Նախագծի անդամները

Ի՞նչ է առաջարկվում փոխել․ բարեվարքության կանոններ

Որպեսզի նախագիծը տա գործնական արդյունք, փորձագետների մասնակցությամբ մշակվել է «Ծննդօգնության բարեվարքության կանոնների» ձևանմուշը։ Այն միտված է ամրապնդելու կնոջ արժանապատվության, տեղեկացված համաձայնության և հարգալից հաղորդակցության սկզբունքները բուժհաստատություններում։

Նոյեմբերի 5-ի քննարկման ընթացքում փաստաթուղթը տրամադրվել է ոլորտի շահագրգիռ կողմերին՝ առաջիկա օրերին մասնագիտական դիտարկումներ ստանալու ակնկալիքով։ Հարթակը շարունակելու է համալրվել նոր պատմություններով՝ ընդգծելով նաև այն դրական օրինակները, երբ բուժանձնակազմի հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը փոխել են կնոջ կյանքը։

Նախագծի երկարաժամկետ նպատակը «վհուկների որսը» կամ անձնավորված մեղադրանքները չեն, այլ համակարգային բացերի վերհանումը։ Ծննդատունը պետք է լինի մի վայր, որտեղ կինը ստանում է ոչ միայն բժշկական բարձրորակ օգնություն, այլև իրեն զգում է լսված, պաշտպանված և անվտանգ։

Պատմություններին և մուլտիմեդիա նյութերին կարելի է ծանոթանալ safebirth.ampop.am հարթակում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/11/2026