Հայ ֆերմերների համար 2026-ը բարդ տարի էր․ ռուսական շուկայի սահմանափակումները նրանց կանգնեցրել են փակուղու առաջ։ ԵՄ-ն բացել է մաքսատուրքերից ազատ շուկա, սակայն այդ ուղղությամբ շարժվելու և եվրոպական ստանդարտներին հասնելու համար հազարավոր ֆերմերների անհրաժեշտ են տարիներ ու համակարգային բարեփոխումներ։
Տան բակում գտնվող 1700 քառակուսի մետր մակերեսով ջերմոցը տարիներ շարունակ ապահովել է Գեղամի ընտանիքի ապրուստը։ Ընտանիքի անդամների ուժերով նա ծաղիկ է մշակել, իսկ երեք տարի առաջ գյուղի ծայրին ևս 3000 քմ հողատարածք էր գնել՝ բիզնեսն ընդլայնելու նպատակով։ Սակայն 2026 թվականի գարուն-ամառ շրջանում Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական գյուղմթերքի, մասնավորապես՝ ծաղիկների ներմուծման սահմանափակումները փոխեցին իրավիճակը։ Այսօր Գեղամը վաճառքի է հանել նոր ջերմոցի համար նախատեսված հողակտորը և փորձում է փրկել եղած տնտեսությունը։
«Երբ ռուսական սահմանափակումները մտան, ու պարզ դարձավ, որ սպառման խնդիրներն անխուսափելի են, 3000 հատ ծաղիկ բարձեցի մեքենաս ու գնացի ծաղկի շուկա։ Երեկոյան բոլոր 3000 ծաղիկները թափեցի տան բակում»,— պատմում է Գեղամը։
Նրա խոսքով՝ ծաղիկը հնարավոր չէ երկար պահել սառնարանում, իսկ մշակաբույսը փոխելն արագ լուծում չէ, քանի որ ծաղկի թփերը բերքատվության են հասնում 1-3 տարում։ Գեղամն իր վիճակը համեմատաբար տանելի է համարում միայն այն պատճառով, որ հասցրել էր փակել վարկերը և վարձու աշխատողներ չունի՝ ի տարբերություն այն ջերմոցատերերի, որոնք պահում են 2-ից 10 աշխատակից։
Գեղամը մեկն է ծաղկի մշակությամբ զբաղվող հարյուրավոր տնտեսվարողներից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ամփոփ Մեդիային» հայտնեցին, որ երկրում ջերմատների միասնական ռեեստր չի վարվում, ուստի հստակ հայտնի չէ, թե քանի տնտեսություն է տուժել ծաղկի արտահանման ռուսական սահմանափակումներից։
Ռուսական սահմանափակումների շղթան և առաջին հարվածը
2026 թ․-ի գարնանից Հայաստանի արտահանման ոլորտը բախվեց ռուսական շուկայի փուլային սահմանափակումներին։ Սկզբում սահմանափակվեցին որոշ ալկոհոլային խմիչքներ և հանքային ջրեր, ապա ուժի մեջ մտավ Հայաստանից ծաղիկների և դեկորատիվ բույսերի ներմուծման ժամանակավոր արգելքը։ Հունիսից կարանտինային հսկողության պատրվակով սահմանափակումները տարածվեցին շուրջ 130 ապրանքատեսակի՝ թարմ մրգի, բանջարեղենի, չրերի վրա։ Հունիսի 2-ից արգելվեց հայկական ձկնամթերքի ներմուծումը (բացառությամբ երկու ընկերության), իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքի ներմուծումը։
Իրավիճակն առավել բարդացավ նրանով, որ արգելքը տարածվեց նաև հայկական ապրանքների՝ Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ տարանցման վրա։
Թեև վնասների ամբողջական վիճակագրություն չկա, ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի տրամադրած տվյալները ցույց են տալիս ռիսկի գոտում հայտնված տնտեսությունների մասշտաբը.
- Թարմ պտուղ-բանջարեղեն. մշակությամբ զբաղվում է ավելի քան 300 հազար տնտեսություն և ֆերմեր։
- Չրարտադրություն. ոլորտում գործում է ավելի քան 300 տնտեսվարող։
- Ձկնաբուծություն. երկրում գործող 150-160 տնտեսություններից արտահանում իրականացրել է միայն 15-ը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանից դեպի Ռուսաստան ընդհանուր արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 651 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 816 մլն դոլարի դիմաց (նվազումը՝ շուրջ 165 մլն դոլար)։
Սահմանափակումների ամենաուղղակի հետևանքն արձանագրվեց գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշներում։ 2026-ի առաջին կիսամյակում ոլորտն արձանագրեց 11,9% իրական անկում, ընդ որում՝ բուսաբուծությունը կրճատվեց 23,9%-ով։
Երրորդ եռամսյակի բերքահավաքի և անասնաբուծության աճի հաշվին ինն ամիսների կտրվածքով ընդհանուր անկումը մեղմվեց՝ հասնելով 4,8%-ի։
«Հունիսից սկսված հիմնական սահմանափակումները շարունակվում են արդեն վեցերորդ ամիսը։ Եթե այս տեմպը պահպանվի, երկրորդ կիսամյակի պատկերն ավելի մտահոգիչ կլինի»,— «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Նրա գնահատմամբ՝ գյուղատնտեսական անկումը հնարավոր չէ վերականգնել մեկ օրում, և դրա ազդեցությունը զգալի կլինի նաև հաջորդ տարի։
Արտահանման թույլատրող փաստաթղթերի դինամիկան ևս վկայում է ավանդական մշակաբույսերի կտրուկ նվազման մասին։ 2026-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, ծիրանի արտահանման թույլատրված ծավալը նվազել է 75,4%-ով, սալորինը՝ 65,2%-ով, դեղձինը՝ 59,3%-ով, իսկ խաղողինը՝ 57,2%-ով։ Փոխարենը եռապատկվել են սոխի (+228%) և վարունգի (+252%) թույլատրված ծավալները։
Պետական աջակցություն և ԵՄ արտոնություններ․ խոստումներն ու թվերը
Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը գործարկեց արտահանողների աջակցության մի շարք ծրագրեր՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումից մինչև մաքսատուրքերի փոխհատուցում։ Հոկտեմբերի վերջին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նաև հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ օդային բեռնափոխադրումների ավիավառելիքի ծախսերի 50%-ը։
Միաժամանակ, ակտիվացավ եվրոպական ուղղությունը։ Ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի համար, ԵՄ-ն կբացի իր 450-միլիոնանոց սպառողական շուկայի դռները հայկական արտադրանքի առաջ։
Արդեն սեպտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատեց, իսկ 2026 թվականի հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտավ Հայաստանի հետ առևտրի ազատականացման երկամյա ժամանակավոր միջոցառումը։ Դրանով զրոյացվեցին կամ նվազեցվեցին ներմուծման մաքսատուրքերը հայկական արտահանման շուրջ 80%-ի համար՝ ներառյալ սակագնային քվոտաների ենթակա որոշ գյուղմթերքներ։
Սակայն մինչև նոր արտոնությունների ուժի մեջ մտնելը արձանագրված վիճակագրությունը ցույց է տալիս, թե որքան փոքր է եվրոպական շուկայի տեսակարար կշիռը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից ընդհանուր արտահանվել է 32 243,5 տոննա պտուղ-բանջարեղեն։ Դրանից ԵՄ երկրներ է ուղղվել միայն 1 576,2 տոննան կամ ընդհանուր ծավալի 4,9%-ը (778 տոննա պտուղ և 798,2 տոննա բանջարեղեն)։ Նույն ժամանակահատվածում արտահանված 11 մլն հատ ծաղկից ԵՄ 16 երկիր է հասել 1,35 միլիոնը։
ԵՄ արտահանման հիմնական ուղղությունը Լեհաստանն է (352,1 տոննա ծիրան, 179,8 տոննա լոլիկ, 154,2 տոննա պղպեղ, 78 տոննա կեռաս), որին հաջորդում են Ռումինիան, Լատվիան, Ֆրանսիան և Հունաստանը։
Հատկանշական է, որ եվրոպական շուկան նախկինում էլ բաց է եղել Հայաստանի համար. մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկիրն օգտվում էր GSP+ արտոնյալ ռեժիմից, սակայն արտոնյալ հազարավոր ապրանքատեսակներից ԵՄ էր արտահանվում ընդամենը մի քանի տասնյակ անուն ապրանք։

«Եվրոպական շուկաներ փոքր քանակներով միրգ, չիր կամ գինի միշտ էլ արտահանվել են։ Բայց մեծ ծավալներն անհնար են ճանապարհների և ենթակառուցվածքների պատճառով»,— կարծում է Աշոտ Հարությունյանը։ Ըստ նրա՝ առաջիկա 10 տարում հայկական գյուղմթերքը ռուսական շուկային լիարժեք փոխարինող չի ունենալու, քանի դեռ երկրի ներսում լուծված չեն մթերման, վերամշակման և սերտիֆիկացման համակարգային խնդիրները։
Անտեսանելի պատնեշներ․ ինչո՞ւ զրոյական մաքսատուրքը բավարար չէ
Մաքսատուրքերի վերացումը չի նշանակում սննդամթերքի անվտանգության և որակի պահանջների մեղմացում։ Եվրամիությունում գործում է ռիսկերի գնահատման վրա հիմնված համակարգ, որն արմատապես տարբերվում է ԵԱՏՄ կարգավորումներից։

«Մենք սովոր ենք գնալ համապատասխանության գնահատման մարմին, ստանալ սերտիֆիկատ և արտահանել։ ԵՄ-ում այդպիսի մոտեցում չկա. սննդի բիզնես օպերատորն ինքը պետք է ներդնի վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի (HACCP) համակարգը»,— «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում բացատրում է Դավիթ Պիպոյանը, «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ։
Նա ընդգծում է նաև պետական և մասնավոր ստանդարտների տարբերությունը. եթե անգամ ապրանքը բավարարում է ԵՄ օրենսդրական պահանջներին և հատում է սահմանը, եվրոպական խոշոր սուպերմարկետների ցանցերը պահանջում են լրացուցիչ մասնավոր հավաստագրեր (օրինակ՝ GlobalG.A.P.), առանց որոնց ապրանքը պարզապես չի հայտնվի վաճառասեղանին։
Փորձագետի դիտարկմամբ՝ հիմնական խոչընդոտները մի քանիսն են.
- Քիմիական անվտանգություն. ԵՄ-ում արգելված թունաքիմիկատների և անասնաբուժական դեղամիջոցների ցանկը շատ ավելի ընդգրկուն է, իսկ մնացորդային նյութերի նորմերը՝ խիստ։
- Ուշացած պլանավորում. Հնարավոր չէ աճեցնել բերքը և հետո որոշել, թե ուր արտահանել։ Թունաքիմիկատների և պարարտանյութերի ընտրությունը պետք է կատարվի սեզոնից առաջ՝ ըստ թիրախային շուկայի օրենսդրության։
- Մասնագետների պակաս. Երկրում մատների վրա հաշված ագրոնոմներ և փորձագետներ կան, որոնք տիրապետում են ԵՄ կամ ԱՄՆ սննդային օրենսդրությանը։

Պետական համակարգում ևս ընդունում են պահանջների բարդությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը «Ամփոփ Մեդիային» տեղեկացրեց, որ այժմ գույքագրվում են տարբեր երկրների պահանջները՝ տնտեսվարողներին նախապես իրազեկելու համար։ Ամենաբարդը ԵՄ չափորոշիչներն են, որոնց նրբություններին ծանոթանալու նպատակով ԵՄ TAIEX գործիքի շրջանակում երկու անգամ՝ այդ թվում սեպտեմբերի 22-29-ը, եվրոպացի փորձագետներ են աշխատել Հայաստանում։
Մյուս կողմից՝ եվրոպական շուկա մուտք գործելը պահանջում է զգալի նախնական ներդրումներ՝ արտադրական տարածքների արդիականացում, լաբորատոր փորձարկումներ, պիտակավորում ու թարգմանություն, սառը շղթայի ապահովում։ Հայաստանի տնտեսական իրականության պայմաններում այս ծախսերին գումարվում է նաև էներգակիրների ռիսկը. ջերմոցատերերի գնահատմամբ՝ գազի ծախսը կազմում է մթերքի ինքնարժեքի 20%-ն ամռանը և մինչև 40-50%-ը ձմռանը։ Աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին գազի հնարավոր թանկացումը կարող է հայկական արտադրանքը դարձնել գնային առումով անմրցունակ։
Մանր տնտեսություններ, լոգիստիկա և շուկայի մշակույթ
Գյուղատնտես Դավիթ Դավթյանը, որն այս տարի գործընկերների հետ սկսել է հայկական ծնեբեկ արտահանել Սինգապուր, վստահեցնում է՝ իր հաջողությունը ռուսական շուկայի փակման հետ կապ չունի, այլ երկու տարվա հետևողական աշխատանքի և միջազգային ցուցահանդեսների մասնակցության արդյունք է։

«Մարդկանց թվում է, թե շուկան փակվեց, խուրջինը ուսիս գցեցի, գնացի Սինգապուր, ասացին՝ արի՛։ Շուկայի դիվերսիֆիկացիան տասնյակ տարիների աշխատանք է, կախարդական փայտիկ գոյություն չունի»,— նշում է Դավթյանը։
Նրա և ոլորտի մյուս փորձագետների համոզմամբ՝ հայկական գյուղատնտեսության գլխավոր խնդիրը ծայրահեղ մասնատվածությունն է։ Հարյուր հազարավոր մանր գյուղացիական տնտեսություններ չեն կարող ինքնուրույն ապահովել ո՛չ միջազգային ստանդարտներ, ո՛չ արտահանման համար անհրաժեշտ միատարր խմբաքանակներ։
«Երբ 70 տարբեր գյուղացուց ապրանք է հավաքվում, ստացվում է 70 տարբեր որակի և քիմիական կազմի մթերք։ Գյուղացին չպետք է զբաղվի ստանդարտացմամբ. նա պետք է աճեցնի լոգիստիկ կենտրոնի պահանջներին համապատասխան, իսկ կենտրոնը վերահսկի որակը, տեսակավորի և արտահանի»,— ասում է Դավթյանը։
Բացի այդ, ըստ գործարարի, պետք է շուկաներին նայել առանց «վարդագույն ակնոցների». եվրոպական շուկայում հայկական բանջարեղենը դժվար թե գնային մրցակցության դիմանա տեխնոլոգիապես զարգացած Իսպանիայի կամ Նիդերլանդների հետ։ Հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել նաև Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Իրաքի և Պարսից ծոցի երկրների շուկաները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային համակարգերի զարգացման բաժնի պետ Մագդա Հովհաննիսյանն ընդունում է, որ կոնսոլիդացիայի և կոոպերատիվների պետական ծրագրերից ֆերմերները դժվարությամբ են օգտվում՝ միմյանց հանդեպ անվստահության և սեփական հողակտորը միավորելու դժկամության պատճառով։
Նա մատնանշում է նաև սպառողական մշակույթի տարբերությունը՝ որպես օրինակ բերելով ծաղկի ճգնաժամը. «Մեր ջերմատնային ծաղիկը որակապես փայլուն է, բայց աճեցվել է ռուսական շուկայի ճաշակով՝ բարձր ցողունով և մեծ գլխով։ Եվրոպացի սպառողն այդպիսի ծաղիկ չի գնում, նրանք նախընտրում են կարճ՝ մոտ 50 սանտիմետրանոց և փոքր գլխով վարդեր»։
Լոգիստիկ փակուղի և անպատասխան հարց
Նույնիսկ համապատասխան որակի և ստանդարտների առկայության դեպքում մնում է աշխարհագրության և լոգիստիկայի խնդիրը։ Դեպի Ռուսաստան բեռնատարը բեռնվում էր Հայաստանում և առանց վերաբեռնման հասնում գնորդին։ Եվրոպական ուղղությամբ ցամաքային ամենակարճ ճանապարհը՝ Թուրքիայի տարածքով, քաղաքական պատճառներով փակ է։ Անկախ կողմերի դրական հայտարարություններից, առայժմ պարզ է չէ՝ թե երբ կբացվի, և կբացվի՞ արդյոք առաջիկայում հայ արտահանողների համար, թե՞ ոչ։ Այլընտրանքային ծովային երթուղին՝ Վրաստանի նավահանգիստներով, ենթադրում է բազմակի բեռնում-բեռնաթափում (ավտոմեքենա–նավ–ավտոմեքենա կամ երկաթուղի)։ Յուրաքանչյուր վերաբեռնում ոչ միայն թանկացնում է ապրանքը, այլև ավելացնում է ճանապարհի տևողությունը մինչև 7-10 օր, ինչը կրիտիկական է 2-3 օրում փչացող թարմ պտուղ-բանջարեղենի համար։
Փորձագետների գնահատմամբ՝ ռուսական շուկայից կախվածությունը թոթափելու և արտահանման կայուն համակարգ կառուցելու համար Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 5-10 տարվա համակարգված աշխատանք։ Բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Գեղամի նման փոքր տնտեսություններ վարող հազարավոր ձեռներեցներ կկարողանան գոյատևել այս անցումային տարիներին։
Հեղինակներ՝ Գևորգ Ավչյան, Սուրեն Դեհերյան
Վիզուալիզացիա՝ Կարինե Դարբինյան, Վան Սիմոն
Գլխավոր լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/11/2026














