Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների դիմանկարը՝ թվերով

Նոյեմբերի 29-ին Հայաստանի տասը համայնքներում անցկացվելիք ավագանու համամասնական ընտրություններին մասնակցում է 970 թեկնածու՝ ընդգրկված 21 ընտրական ցուցակում։

Նրանց գրեթե կեսը 30–44 տարեկան է, յուրաքանչյուր չորրորդը՝ անկուսակցական, իսկ մեկ երրորդը՝ կին։ Սակայն 21 ընտրական ցուցակներից միայն մեկն է գլխավորում կին, իսկ 11-ի առաջին համարները համայնքների գործող ղեկավարները կամ նրանց տեղակալներն են։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալները՝ ներկայացնելու թեկնածուների սեռային, տարիքային, կուսակցական պատկանելության և զբաղվածության պատկերը, ինչպես նաև ընտրական ցուցակների առաջին համարների զբաղեցրած պաշտոնները։

Վերլուծությունն ընդգրկում է համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքները։ Արևուտի և Մեծաձորի մեծամասնական ընտրությունների թեկնածուները հաշվարկներում ներառված չեն։

Թեկնածուների կեսը ՔՊ-ի սեփական ցուցակներում են

Նոյեմբերի 29-ի համամասնական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ Նրանց առաջադրած 21 ընտրական ցուցակներում, ԿԸՀ-ի՝ նոյեմբերի 23-ի տվյալներով, ընտրապայքարում մնացել է 970 թեկնածու։

Թեկնածուների թվով առանձնանում է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։ Նրա ցուցակներում ընդգրկված է 485 թեկնածու՝ բոլոր թեկնածուների ուղիղ կեսը։

ՔՊ-ն մասնակցում է բոլոր տասը համայնքների ընտրություններին՝ իննում սեփական ցուցակով, իսկ Ապարանում՝ «Գործարար» կուսակցության հետ կազմած «Համերաշխություն» դաշինքով։

Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ամենամեծ թիվը Սպիտակում է՝ 175։ Հաջորդում են Կապանը՝ 154, և Սևանը՝ 137 թեկնածուով։

Ամենաքիչ թեկնածուներն Աշոցքում են՝ 42, որտեղ ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն։

Սակայն միայն թեկնածուների թվով հնարավոր չէ բնութագրել համայնքում քաղաքական մրցակցության աստիճանը։ Օրինակ՝ Աշտարակում առաջադրված 81 թեկնածուներն ընդգրկված են մեկ ընտրական ցուցակում՝ ներկայացված ՔՊ-ի կողմից, մինչդեռ Մեծամորում առաջադրված է 80 թեկնածու՝ երկու մրցակից ուժերի անունից։

Թեկնածուների մեկ երրորդը կանայք են, բայց միայն մեկն է գլխավորում ցուցակ

Նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող 970 թեկնածուներից 325-ը կանայք են՝ 33,5%, իսկ 645-ը՝ տղամարդիկ՝ 66,5%։

Կանանց շուրջ մեկ երրորդ ներկայացվածությունը պետք է դիտարկել նաև Ընտրական օրենսգրքի՝ ընտրական ցուցակներում սեռային համամասնությունն ապահովելու պահանջի համատեքստում։ Օրենքը սահմանափակում է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների առավելագույն մասնաբաժինը ցուցակի համապատասխան հատվածներում։

Սակայն ցուցակներում կանանց մեկ երրորդ ներկայությունը չի արտահայտվում դրանց առաջին համարներում։

21 ընտրական ցուցակներից միայն մեկն է գլխավորում կին՝ Ամասիայում ՔՊ-ի ցուցակը, որի առաջին համարն է համայնքի գործող ղեկավար, 76-ամյա Ջեմմա Հարությունյանը։

Մյուս 20 ցուցակները գլխավորում են տղամարդիկ։

Այսպիսով՝ կանայք կազմում են բոլոր թեկնածուների 33,5%-ը, սակայն ընտրական ցուցակների առաջին համարների ընդամենը 4,8%-ը։

Համայնքների միջև կանանց ներկայացվածության տարբերությունները համեմատաբար փոքր են։ Ամենաբարձր մասնաբաժինն Աշտարակում է՝ 37% (30 կին՝ 81 թեկնածուից), իսկ ամենացածրը՝ Ապարանում՝ 30,5% (18 կին՝ 59 թեկնածուից)։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ընտրական ցուցակներում կանանց թվային ներկայացվածության ապահովումը դեռ չի նշանակում նույնպիսի ներկայացվածություն դրանց առաջնորդների մակարդակում։

Թեկնածուների գրեթե կեսը 30–44 տարեկան է

Նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող 970 թեկնածուների մեդիան տարիքը 41 է։ Այսինքն՝ թեկնածուների կեսը 41 տարեկան է կամ ավելի երիտասարդ, իսկ մյուս կեսը՝ 41 տարեկան կամ ավելի տարեց։

Ամենամեծ տարիքային խումբը 30–44 տարեկաններն են՝ 477 մարդ կամ ընդհանուրի 49,2%-ը։

18–29 տարեկան թեկնածուները 108-ն են՝ 11,1%, իսկ 45–59 տարեկանները՝ 268 կամ 27,6%։ Եվս 117 թեկնածու 60 և բարձր տարիքի է՝ 12,1%։

Թեկնածուների տարիքային կազմը համայնքների միջև զգալիորեն տարբերվում է։

Ամենացածր մեդիան տարիքը Սպիտակում է՝ 36։ Կապանում այն 39 է։

Ամենաբարձր մեդիան տարիքն Աշոցքում է՝ 51։ Նոյեմբերյանում այն 46,5 է։

Այսպիսով՝ Սպիտակի և Աշոցքի թեկնածուների մեդիան տարիքները տարբերվում են 15 տարով։

Համեմատության համար՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների մեդիան տարիքը 43 էր։ Յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն անկուսակցական է

Նոյեմբերի 970 թեկնածուներից 239-ը կամ 24,6%-ը որևէ կուսակցության անդամ չէ։

Ընտրական ցուցակում ընդգրկվելը պարտադիր չէ, որ նշանակի անդամակցություն այն կուսակցությանը, որն առաջադրել է թեկնածուին։ Կուսակցությունների և դաշինքների ցուցակներում կարող են ընդգրկվել նաև անկուսակցականներ, ինչպես նաև այլ կուսակցությունների անդամներ՝ օրենքով սահմանված պայմաններով։

Այս տարբերությունն առավել տեսանելի է դաշինքների օրինակով։

Ապարանում ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի 59 թեկնածուներից 28-ը «Գործարար» կուսակցության անդամներ են, 13-ը՝ ՔՊ-ի, իսկ 18-ը՝ անկուսակցական։

Այսինքն՝ դաշինքի ցուցակի 47,5%-ը կազմում են «Գործարար» կուսակցության անդամները, 22%-ը՝ ՔՊ-ի, իսկ 30,5%-ը որևէ կուսակցության անդամ չէ։

Թեև «Համերաշխություն» դաշինքը ձևավորել են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը, նրա ցուցակում ՔՊ-ի անդամ թեկնածուները կազմում են մոտ մեկ հինգերորդը։

Մեկ այլ օրինակ է Սևանի «Վստահություն» դաշինքը։

Դաշինքի 56 թեկնածուներից 30-ը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության անդամներ են, տասը՝ Ռամկավար ազատական, ութը՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, իսկ երկուսը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության։ Վեց թեկնածու անկուսակցական է։

Այսպիսով՝ «Վստահություն» դաշինքի ցուցակում ընդգրկված են նաև այն ձևավորած երկու կուսակցությունների անդամ չհանդիսացող անձինք։

Այս օրինակները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող դաշինքների կուսակցական կազմը և դրանց ցուցակներում ընդգրկված թեկնածուների անձնական կուսակցական պատկանելությունը միշտ չէ, որ համընկնում են։

Ցուցակների կեսից ավելին գլխավորում են գործող համայնքապետերն ու նրանց տեղակալները

Նոյեմբերի 29-ի ընտրական ցուցակների առաջին համարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 21 ցուցակներից ինը գլխավորում են համայնքների գործող ղեկավարները, ևս երկուսը՝ նրանց տեղակալները։

Գործող համայնքապետերից հինգը գլխավորում են ՔՊ-ի սեփական ցուցակները։

Դրանք Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանն են, Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը, Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, Բաղրամյանի համայնքապետ Շանթ Առաքելյանը և Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։

Ապարանում գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանը գլխավորում է ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության «Համերաշխություն» դաշինքի ցուցակը։

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության, իսկ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը՝ «Վստահություն» դաշինքի։

Եվս երկու ցուցակների առաջին համարները համայնքապետերի տեղակալներ են։ Մեծամորում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը, իսկ Բաղրամյանում «Գործարար» կուսակցության ցուցակը՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը։

Այսպիսով՝ 21 ընտրական ցուցակներից 11-ի առաջին համարները, ըստ ԿԸՀ-ին ներկայացված զբաղվածության տվյալների, գործող համայնքային իշխանության ներկայացուցիչներ են։

Հատկանշական է նաև, որ մեկական ընտրական ցուցակ ունեցող Աշտարակում, Ապարանում և Աշոցքում այդ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը։

Սակայն ընտրական ցուցակի առաջին համարը լինելը դեռ չի նշանակում ինքնաբերաբար համայնքի ղեկավար ընտրվել։ Համամասնական ընտրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունը կախված է ավագանու ընտրությունների արդյունքներից և օրենքով սահմանված ընթացակարգերից։

Թեկնածուների ավելի քան մեկ քառորդը նշել է, որ չի աշխատում

Նոյեմբերի 29-ի ընտրական ցուցակներում 273 թեկնածուի զբաղմունքի դաշտում նշված է «չի աշխատում»։ Դա ընդհանուրի 28,1%-ն է։

Մյուս 694 թեկնածուն նշել է աշխատանք կամ այլ զբաղմունք, իսկ երեքը՝ ուսանող լինելու հանգամանքը։

Աշխատող կամ զբաղված թեկնածուների թվում կան մասնավոր հատվածի աշխատակիցներ, անհատ ձեռնարկատերեր, համայնքային կառավարման համակարգի ներկայացուցիչներ, կրթության, առողջապահության և այլ ոլորտների մասնագետներ։

Զբաղվածության պատկերը, սակայն, զգալիորեն տարբերվում է ըստ համայնքների։

Ամասիայի 81 թեկնածուներից 38-ի՝ 46,9%-ի տվյալներում նշված է «չի աշխատում»։ Սա ամենաբարձր մասնաբաժինն է տասը համայնքների շրջանում։

Սպիտակում այդպիսիք 75-ն են՝ 175 թեկնածուի 42,9%-ը, իսկ Բաղրամյանում՝ 23-ը՝ 57 թեկնածուի 40,4%-ը։

Մինչդեռ Աշոցքում 42 թեկնածուներից միայն մեկի դիմաց է նշված «չի աշխատում»՝ 2,4%։ Կապանում այդպիսիք 20-ն են՝ 154 թեկնածուի 13%-ը։

Սակայն այս թվերը չեն բնութագրում համապատասխան համայնքների գործազրկության մակարդակը։ Դրանք վերաբերում են միայն ընտրություններին մասնակցող թեկնածուներին և գրանցման փաստաթղթերում նրանց նշած զբաղվածությանը։

«Չի աշխատում» ձևակերպումն ինքնին չի նշանակում, որ տվյալ անձը պաշտոնական վիճակագրության չափանիշներով գործազուրկ է։ Նույնպես, ընտրական փաստաթղթերում աշխատանքի վայրի կամ զբաղմունքի նշումը բավարար չէ անձի բոլոր եկամտի աղբյուրները կամ տնտեսական գործունեությունը գնահատելու համար։

 

Մեթոդաբանություն

Վերլուծությունը հիմնված է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ տրամադրված 21 համամասնական ընտրական ցուցակների տվյալների վրա։

Սեռի, տարիքի, կուսակցական պատկանելության և զբաղվածության վերաբերյալ հաշվարկները կատարվել են ընտրապայքարում մնացած 970 թեկնածուների տվյալների հիման վրա։

Թեկնածուների տարիքը հաշվարկվել է 2026 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ։ Մեդիան տարիքը տարիքների դասավորված շարքի միջնակետն է, ոչ թե միջին թվաբանականը։

Կուսակցական պատկանելությունը վերաբերում է թեկնածուի անձնական կուսակցական անդամակցությանը և չի նույնացվում նրան առաջադրած կուսակցության կամ դաշինքի հետ։

Ցուցակների առաջին համարների պաշտոնները ներկայացված են ԿԸՀ-ին տրամադրված գրանցման փաստաթղթերում նշված աշխատանքի վայրերի և պաշտոնների հիման վրա։

Զբաղվածության կարգավիճակները նույնպես որոշվել են ընտրական ցուցակներում նշված տեղեկությունների հիման վրա։ «Չի աշխատում» նշումը չի նույնացվում գործազրկության պաշտոնական ցուցանիշի հետ։

Վերլուծությունը չի ներառում Արևուտի և Մեծաձորի մեծամասնական ընտրությունների թեկնածուներին։

Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի

#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/11/2026