Արդարադատության նախարարությունը շրջանառության է դրել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցելու արգելքը տարածել համակարգի բոլոր հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի վրա։
Բացառություն է նախատեսված միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում մասնակցելու դեպքերի համար։ 2024 թվականին ընդունված այդ սահմանափակումը սահմանվել էր միայն քրեակատարողական ծառայողների համար։ Մինչդեռ, ըստ նախագծի հիմնավորման, համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողները անվտանգային ռիսկերի գնահատման առումով գտնվում են նույն գոտում։