Մեր մասին Էթիկա
Առողջություն

«Թվերը շեղվել են կանխատեսումներից»․ հարցազրույց առողջության ապահովագրության պահանջարկի և նոր ռիսկերի մասին

Սամվել Խարազյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից շուրջ յոթ ամիս անց արդեն տեսանելի են ոչ միայն բուժօգնության մեծ պահանջարկն ու ֆինանսական առաջին ցուցանիշները, այլև համակարգի այն խնդիրները, որոնք առաջացել են աշխատանքի ընթացքում։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանի խոսքով՝ առաջին վեց ամսում իրականացվել է այնքան վիրահատություն, որքան նախկինում միջինում կատարվում էր մեկ տարվա ընթացքում։ Նա դա համարում է համակարգի կարողությունների և պատրաստվածության ցուցանիշ։

Միաժամանակ հաջորդ փուլում շահառուների շրջանակն ընդլայնվելու է, և համակարգ պետք է մուտք գործեն նաև այն քաղաքացիները, որոնք ֆինանսական պատճառներով տարիներ շարունակ հետաձգել են բուժումը։ Սա կարող է նոր ճնշում ստեղծել բուժհաստատությունների, մասնագետների և ապահովագրական համակարգի ֆինանսավորման վրա։

«Ամփոփ Մեդիայի» թղթակից Գևորգ Ավչյանը զրուցել է Սամվել Խարազյանի հետ հետաձգված բուժօգնության պահանջարկի, քաղաքացիների գրպանից կատարվող ծախսերի, համավճարների, հերթերի, դեղերի փոխհատուցման, ապահովագրավճարի հնարավոր փոփոխության և համակարգի առաջիկա ռիսկերի մասին։

Հարցազրույցը կարդալու համար կպահանջվի մոտ 15 րոպե։ Կարող եք պահպանել հղումը և վերադառնալ նյութին ավելի ուշ։

«Համակարգը սպասված էր, բայց շատ ուշացած»

– Պարո՛ն Խարազյան, համակարգն արդեն յոթ ամիս է՝ ներդրված է, և տեսնում ենք, որ բավականին մեծ իրարանցում է առաջացրել։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում՝ որքանո՞վ էր պահանջված նման համակարգի ներդրումը, և արդյո՞ք այն ճիշտ ժամանակին ներդրվեց։

– Մեր կարծիքով՝ իրականում շատ ուշացած էր։ Պատկերացրե՛ք՝ որքան հետաձգված դեպքեր կային, որոնք 2026 թվականին հնարավորություն ունեցան սպասարկվելու։ Իսկ դրանից առաջ շատ նման դեպքեր են եղել, երբ մարդիկ այդ հնարավորության բացակայության պատճառով կորցրել են կյանքի որակը, որոշ դեպքերում՝ նաև կյանքը, կամ նվազել է նրանց ապրելիության ցուցանիշը։

Տարբեր գնահատականներ կան ընդհանուր տնտեսության, սոցիալական, վարքագծային, սոցիալ-մշակութային և հոգեբանական ազդեցությունների վերաբերյալ, բայց ամեն դեպքում համակարգը սպասված էր։

Դա տեսնում էինք թե՛ սոցիալական հարցումներից, թե՛ տարբեր հետազոտությունների և տնային տնտեսությունների հարցումների տվյալներից։ Ըստ վիճակագրության՝ քաղաքացիների մոտավորապես 20 տոկոսը նշել էր, որ ֆինանսական պատճառներով չի դիմում բժշկի։ Իսկ ինքնաբուժման ցուցանիշը երկու-երեք անգամ ավելի բարձր էր։

Այս տվյալները վկայում էին, որ առողջական խնդիրները հիմնականում մնում էին չլուծված։ Արդյունքում ունենում էինք հիվանդացության աճ, որովհետև եթե հիվանդությունը ժամանակին չի բուժվում, առաջանում են բարդություններ, դրանց հետևանքով՝ հաշմանդամություն և այլ խնդիրներ։ Սրանք մեկը մյուսից բխող հետևանքներ են, որոնք տարիներ շարունակ արձանագրվել են։

Քաղաքացիների մոտավորապես 20 տոկոսը ֆինանսական պատճառով չէր դիմում բժշկի, իսկ ինքնաբուժման ցուցանիշը երկու-երեք անգամ ավելի բարձր էր։

– Իհարկե, վեց-յոթ ամիսը շատ կարճ ժամանակ է, բայց կա՞ արդեն ընդհանուր պատկեր, թե Ձեր նշած խնդիրների առումով ինչպիսի միտումներ կամ փոփոխություններ են նկատվում։

– Հիմա շատ դժվար է գնահատական տալ, որովհետև նման եզրակացությունները տարիների ցուցանիշների հիման վրա են արվում։ Բայց երբ քարտեզագրում ենք ծառայությունների տեսակները և տեսնում, թե որ խմբերն են ծառայություններ ստանում, արդեն նախնական տվյալներից ակնհայտ է, որ այս ուղղությամբ լուրջ փոփոխություններ ենք ունենալու։

Օրինակ՝ գրպանից կատարվող ծախսերի մասով Հայաստանը առաջին տեղերից մեկում էր․ առողջապահական ծախսերի մոտ 80 տոկոսը կատարվում էր քաղաքացիների գրպանից։

Այսօր ընդհանուր համավճարը կազմում է մոտավորապես 1,8 տոկոս, իսկ դեղորայքի համավճարը՝ մոտավորապես 8 տոկոս։ Մինչդեռ նախկինում միայն դեղորայքի ծախսերը կազմում էին շուրջ 30-40 տոկոս։

Այս նախնական ցուցանիշները թույլ են տալիս ենթադրել, որ լուրջ փոփոխություններ ենք ունենալու թե՛ ծառայությունների, թե՛ ծախսերի կառուցվածքում, մասնավորապես՝ գրպանից կատարվող ծախսերի մասով։

Հետագայում ավելի ամբողջական պատկեր կներկայացնենք, որովհետև իրականացվում են նաև ընդհանուր առողջապահական ծախսերի վերաբերյալ այլ հետազոտություններ։ Կարծում եմ՝ հաջորդ տարվա կեսերին արդեն ավելի ամբողջական գնահատականներ կունենանք։

Նախնական ցուցանիշները թույլ են տալիս ենթադրել, որ առողջապահական ծախսերում քաղաքացիների գրպանի բեռը զգալիորեն նվազելու է։

Ո՞ր կառույցն ինչի համար է պատասխանատու

– Այս ընթացքում, որքանով է հնարավոր եղել հետևել արձագանքներին, կա՞ն հարցեր, որոնք մարդկանց համար դեռ անհասկանալի են։ Օրինակ՝ բազմիցս հնչել է դերաբաշխման հարցը։ Կա Ձեր հիմնադրամը, Առողջապահության նախարարությունը և Պետական առողջապահական գործակալությունը։ Մարդիկ հաճախ շփոթում են՝ ով ինչի համար է պատասխանատու, և որ խնդրի դեպքում որ կառույցին պետք է դիմեն։

– Հիմնադրամն ամբողջությամբ պատասխանատու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և բժշկական օգնության փաթեթում ընդգրկված ծառայությունների հասանելիության ապահովման համար։

Պետական առողջապահական գործակալությունը պատասխանատու էր պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության մասով։ Քանի որ այժմ չապահովագրված անձանց համար որոշ ծառայություններ դեռևս հասանելի են, այդ մասով հետագա սպասարկումը նույնպես իրականացնելու է հիմնադրամը։

Այսինքն՝ քաղաքացիների, բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ պայմանագրային հարաբերությունները, ինչպես նաև մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու են հիմնադրամի կողմից։

Ի՞նչ է փոխվելու պարագաների և դեղերի փոխհատուցման համակարգում

– Այս յոթ ամիսների ընթացքում ի՞նչ դասեր եք քաղել։ Ի՞նչ բացեր եք տեսել բարեփոխման իրականացման ընթացքում, և ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք արձանագրել։

– Առանձին ծառայությունների մասով կարող եմ նշել, որ փոփոխությունների կարիք կա, օրինակ, երբ փոխհատուցում ենք որոշակի պարագաներ՝ ոսպնյակներ, օրթոպեդիկ սարքեր, կոնքազդրային հոդեր, մետաղական կոնստրուկցիաներ և այլն։

Ներկայիս կարգավորումն այնպիսին է, որ եթե քաղաքացին ընտրում է մի պարագա, որի գինը շատ ավելի բարձր է մեր սահմանած փոխհատուցման չափից, այդ դեպքում մենք չենք փոխհատուցում ո՛չ պարագան, ո՛չ էլ ծառայությունը։

Այժմ աշխատանքներ ենք իրականացվում, որպեսզի հաշվարկենք այդ պարագաների գները և սահմանենք առավելագույն փոխհատուցման չափ՝ այնպես, ինչպես կիրառվում է դեղերի դեպքում։

Եթե քաղաքացին ընտրի ավելի թանկ պարագա, ինքն այդ դեպքում կվճարի միայն տարբերությունը, իսկ մենք կփոխհատուցենք թե՛ ծառայությունը, թե՛ մեր փոխհատուցման չափի շրջանակում գտնվող գումարը։

– Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը։ Նախատեսվո՞ւմ են փոփոխություններ համավճարների, դեղորայքի ցանկի, ծառայությունների կամ արժեքների մասով՝ արդեն առկա փորձից ելնելով։

– Այո՛։ Այժմ նախապատրաստում ենք դեղորայքի ցանկի և գների փոփոխություն։

Նոր գնումների, վաճառքի գների և շահութաբերության մակարդակի ցուցանիշներն անընդհատ փոխվում են, իսկ հենց դրանք են կառավարության որոշմամբ հիմք հանդիսանում դեղերի փոխհատուցվող գների հաշվարկի համար։

Բնականաբար, այդ ցուցանիշների փոփոխության դեպքում մենք նույնպես պետք է համապատասխան փոփոխություններ կատարենք դեղորայքի ցանկերում և գներում։

– Դեղերի գներն ավելանալո՞ւ են, թե՞ նվազելու։

– Գների փոփոխություններն այնքան չեն ազդելու մարդկանց վճարումների վրա, որովհետև հիմնականում փոփոխվում են հիմնադրամի կողմից վճարվող չափերը։ Չեմ կարծում, որ համավճարների չափերն էականորեն կփոխվեն։

Բացի դրանից, կարևոր է, որ յուրաքանչյուր ազդող նյութի համար ունենանք տարբեր առևտրային անվանումներով դեղեր, որոնցից առնվազն մեկը ամբողջությամբ փոխհատուցվում է։

Եթե քաղաքացին ընտրում է այնպիսի դեղ, որի գինը բարձր է մեր փոխհատուցվող չափից, ինքը վճարում է միայն տարբերությունը։ Մեզ համար կարևոր է արդար և ազնիվ լինել ապահովագրված անձանց նկատմամբ։

Մենք պահանջ ենք դրել նաև դեղատներին, որպեսզի ներկայացնեն իրենց դեղերի մնացորդները։ Այսինքն՝ քաղաքացին կկարողանա մուտք գործել համակարգ, գրել տվյալ դեղի անունը և տեսնել այն դեղատների ցանկը, որտեղ այդ դեղն առկա է։

Քաղաքացին պետք է կարողանա տեսնել՝ իրեն անհրաժեշտ փոխհատուցվող դեղը որ դեղատանն է առկա։

Վեց ամսում՝ նախկին մեկ տարվա վիրահատությունների ծավալը

– Վերլուծություններ ունե՞ք, թե որ օղակում է ամենամեծ պահանջարկը։ Մարդիկ ավելի շատ առաջնային օղա՞կ են դիմո՞ւմ, թե՞ հատկապես վիրահատությունների պահանջարկն է մեծացել։

– Վիրահատությունները շատ են։ Հիմնականում դրանք այն հետաձգված դեպքերն են, որոնց մասին խոսում էինք։

Այսօր արդեն այնքան վիրահատություն ենք կատարել, որքան նախկինում միջինում կատարվում էր ամբողջ տարվա ընթացքում։ Այսինքն՝ վեց ամսում իրականացրել ենք այն ծավալը, որը նախկինում կատարվում էր մեկ տարում։

Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս համակարգի ծանրաբեռնվածությունը, բայց նաև պատրաստվածությունը։ Շատերն էին շեշտում, որ համակարգը պատրաստ չէ։ Բայց համակարգը ցույց տվեց, որ պատրաստ էր։

Սա, բնականաբար, ազդելու է մարդկանց կյանքի որակի և մյուս ցուցանիշների վրա։

Վեց ամսում իրականացրել ենք այնքան վիրահատություն, որքան նախկինում՝ մեկ տարում։

2027-ին սպասվող նոր ալիքը

– Պարո՛ն Խարազյան, համակարգի ներդրման սկզբում թաքնված կամ հետաձգված հիվանդությունների պատճառով միանգամից մեծ ալիք առաջացավ։ Սակայն 2027 թվականի հունվարի 1-ից շահառուների թիվն ավելի է մեծանալու։

Այս պահին հիմնականում օգտվում են 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները, այսինքն՝ համեմատաբար ավելի վճարունակ հատվածը։ Ավելի քիչ վճարունակ քաղաքացիները դեռ նոր պետք է ներառվեն համակարգում։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով չեն դիմել բժշկի, դեռ նոր են գալու։

Այս պարագայում արդյո՞ք համակարգի վրա ավելի մեծ ճնշում չի լինելու, և արդյո՞ք այն պատրաստ կլինի սպասարկել այդ նոր ալիքը։

– Մենք էլ էինք ակնկալում, որ 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներն ավելի վճարունակ են և այդքան մեծ պահանջարկ չեն ձևավորի, բայց տվյալները ցույց են տալիս, որ իրականությունը մի փոքր այլ է։

Հիմա դեռ դժվար է վերջնական գնահատել, որովհետև դիմելիությունը գնահատում ենք ներկայիս ցուցանիշների հիման վրա։ Թվերը որոշ չափով շեղվել են մեր նախնական կանխատեսումներից, բայց արդեն տեսնում ենք, թե որ ծառայություններն են առավել պահանջված այս խմբի մոտ։

Այդ մասով իրականացնելու ենք որոշակի գործողություններ, որպեսզի ռիսկերը մեղմենք և կառավարելի դարձնենք։

Այս խմբի մոտ առավել պահանջված են հենաշարժողական համակարգի, ողնաշարի, դիմածնոտային վիրաբուժության և նմանատիպ ծառայությունները։ Այդ ուղղություններով արդեն ունենք անելիքներ, որպեսզի ծառայությունների մատուցման առումով ավելի պատրաստ լինենք։

Թվերը որոշ չափով շեղվել են մեր նախնական կանխատեսումներից։

Որքա՞ն է վճարել հիմնադրամը, և որքա՞ն՝ քաղաքացին

– Մի ճշտում էլ՝ հիմնադրամի հաշվետվության մեջ խոսվում էր 102,4 միլիարդ դրամի փոխհատուցման մասին։ Դա ապահովագրավճարների չա՞փն էր, թե՞ բժշկական ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարումները։

– Դա այն գումարն է, որը փոխհատուցել ենք բժշկական կազմակերպություններին՝ մատուցված ծառայությունների դիմաց։

– Իսկ ընդհանուր ծառայությունների արժեքից որքա՞ն է փոխհատուցվել, և որքա՞ն է քաղաքացին վճարել սեփական միջոցներից։ Կա՞ նման վերլուծություն։

– Համավճարները կազմել են մոտավորապես 1,6 տոկոս։ Այսինքն՝ 102,4 միլիարդ դրամից բացի՝ քաղաքացիների կողմից համավճարի տեսքով վճարվել է մոտավորապես 1,6 միլիարդ դրամ։

Դա առանձին ցուցանիշ է․ լրացուցիչ 1,6 միլիարդ դրամ վճարել են քաղաքացիները։ Ինչ վերաբերում է ամբողջությամբ վճարովի ծառայություններին, այդ մասով դեռ ամփոփ տվյալներ չունենք։

Որտեղի՞ց է ֆինանսավորվում համակարգը

– Ապահովագրավճարներից հավաքագրված գումարը բավարարո՞ւմ է համակարգին։ Ի՞նչ աղբյուրներից է ֆինանսավորվում ապահովագրությունը։

– Հիմնականում երկու աղբյուր կա։ Առաջինը ապահովագրավճարներն են, որոնք վճարում ենք բոլորս, երկրորդը պետական բյուջեն է։

Պետությունը ապահովագրավճար է վճարում մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների և օրենքով սահմանված մյուս խմբերի համար։

Այսինքն՝ հիմնական ֆինանսավորման աղբյուրը հենց ապահովագրավճարն է, պարզապես տարբեր է, թե ով է այն վճարում։ Մի դեպքում վճարում է քաղաքացին կամ գործատուն, մյուս դեպքում՝ պետությունը։

– Տարածված մտավախություն կա, որ միջոցները կարող են վերջանալ, և եթե դիմելիությունը շատ մեծ լինի, համակարգը հնարավոր է չկարողանա սպասարկել բոլորին։ Եթե նման իրավիճակ առաջանա, որտեղի՞ց են ֆինանսավորվելու մյուս քաղաքացիների բժշկական ծառայությունները։

– Այդ մտավախությունները դեռ հունվար-փետրվար ամիսներից էին հնչում։ Շատերն ասում էին, որ համակարգը մինչև մարտ կամ մինչև ընտրությունները կգործի, հետո միջոցները կսպառվեն։

Սա, ի դեպ, նաև նպաստեց դիմելիության աճին, որովհետև մարդիկ ցանկանում էին հնարավորինս շուտ օգտվել ծառայություններից։

Բայց մեր հաշվարկներով տեղավորվում ենք նախատեսված միջոցների շրջանակում։ Այս պահին որևէ խնդիր չունենք։ Իհարկե, ռիսկեր միշտ կան, բայց հիմնադրամի գործառույթը հենց այդ ռիսկերը կառավարելն է։

Մեր հաշվարկներով՝ տեղավորվում ենք նախատեսված միջոցների շրջանակում։

Հերթերը համակարգի կարողությունների ցուցիչ են

– Երբ համակարգն ամբողջությամբ ներդրվի, արդյո՞ք մասնագետների քանակը, ծառայությունների ծավալը և բուժհաստատությունների ֆիզիկական հնարավորությունները բավարար կլինեն։

– Մեր գնահատականներով՝ այո։ Հենց դրա համար էի ասում, որ այս վեց ամիսների ընթացքում արդեն մատուցել ենք նախկին մեկ տարվա ծառայությունների ծավալը։ Դա նշանակում է, որ համակարգն ունի համապատասխան կարողություններ։

Երբ նայում ենք հերթագրմանը, նույնպես հետաքրքիր պատկեր է ստացվում։ Ես սպասում էի, որ հիմնական քննադատությունը հերթերի վերաբերյալ կլինի, բայց իրականում այսօր կիլոմետրանոց հերթեր չունենք։

Հերթերը համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշներից են։ Եթե համակարգը կարողանում է ծառայություններ մատուցել առանց մեծ հերթերի, նշանակում է՝ ունի համապատասխան հնարավորություններ։

– Բայց մարդիկ հաճախ ասում են, որ մեկ կամ երկու ամիս սպասելը նույնպես երկար ժամանակ է։

– Եթե նույն ծառայության համար մեկ հաստատությունում երկար հերթ կա, շատ դեպքերում հնարավոր է այդ ծառայությունը ստանալ մեկ այլ բուժհաստատությունում՝ ավելի կարճ հերթով։

Մեր խնդիրն այն չէ, որ յուրաքանչյուր քաղաքում կամ բուժհաստատությունում ավելորդ հզորություններ ստեղծենք։ Եթե դրա համար լրացուցիչ սարքավորում կամ կարողություններ ստեղծենք, այդ ծախսը հետագայում վճարելու են բոլոր քաղաքացիները։

Պետք է նաև հասկանանք, որ խոսքը հիմնականում պլանային ծառայությունների մասին է։ Շտապ դեպքերում մարդն այսօր էլ կարող է դիմել հիվանդանոց, ստանալ շտապ օգնություն, և այդ մասով խնդիր չկա։

Քննարկումը վերաբերում է պլանային դեպքերին։ Միաժամանակ պետք է հիշենք, որ մարդիկ տարիներով սպասել են, օրինակ, կոնքազդրային հոդի կամ կատարակտի վիրահատության։

Այսօր այդ հնարավորությունն արդեն կա, և եթե մարդը գիտի, որ երկու ամսից իր խնդիրը լուծվելու է, կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր ձեռքբերում է, քան նախկին իրավիճակը, երբ ընդհանրապես որևէ հստակ ժամկետ չկար։

Եթե մեկ հաստատությունում երկար հերթ կա, հաճախ նույն ծառայությունը հնարավոր է ավելի շուտ ստանալ մեկ այլ բուժհաստատությունում։

Պահուստային ֆոնդ և հնարավոր կուտակումներ

– Սկզբնական փուլում ճնշումը մեծ էր, փոխհատուցումները՝ նույնպես։ Միաժամանակ ապահովագրավճարների հաշվին դեռ ամբողջ ծավալով միջոցներ չէին գեներացվել։

Հետագայում, երբ հետաձգված հիվանդությունների առաջին ալիքն անցնի, և համակարգը մտնի բնականոն աշխատանքի փուլ, ի՞նչ է նախատեսված։ Ապահովագրավճարները հերիքելո՞ւ են։ Եթե հերիքեն և նույնիսկ ավելցուկ ձևավորվի, այդ միջոցները կուտակվելո՞ւ են, որտե՞ղ են պահվելու և ինչպե՞ս են օգտագործվելու։

– Օրենքով հնարավորություն ունենք ձևավորելու պահուստային ֆոնդ՝ մինչև ապահովագրավճարների 10 տոկոսի չափով։

Պահուստային ֆոնդի ձևավորման և օգտագործման ուղղությունները, ինչպես նաև ամբողջ ընթացակարգը կարգավորվում են օրենքով։ Օրինակ՝ այն կարող է օգտագործվել ապահովագրական համակարգի հավասարակշռությունն ապահովելու, չնախատեսված դեպքերի թվի աճի կամ նմանատիպ այլ ռիսկերի կառավարման համար։

– Իսկ եթե կուտակումներն ավելի մեծ լինեն, քան օրենքով նախատեսված պահուստային ֆոնդը։

– Այս պահին նման կուտակումներ չկան։ Ներկայում ընթացիկ ապահովագրավճարները բավարարում են ընթացիկ հաշվարկների և գործունեության ֆինանսավորման համար։

Առաջիկա երեք տարում ապահովագրավճարը կփոխվի՞

– Այսինքն՝ ներկայիս պայմաններում ապահովագրավճարը լիովին բավարարո՞ւմ է համակարգի բնականոն աշխատանքը կազմակերպելու համար։ Առաջիկա տեսանելի ապագայում, օրինակ՝ երեք տարվա ընթացքում, հնարավո՞ր է ապահովագրավճարի բարձրացում կամ նվազեցում։

– Օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարի, երբ Առողջապահության նախարարությունն Ազգային ժողովին ներկայացնում է նախորդ տարվա բյուջեի կատարողականը, ներկայացնում է նաև հիմնադրամի գործունեության արդյունքները։

Նախարարությունն իրավունք ունի առաջարկներ ներկայացնել օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ ապահովագրական փաթեթի, շահառուների շրջանակի, ապահովագրավճարի չափի և պահուստային ֆոնդի օգտագործման ուղղությունների մասով։

Այսինքն՝ սա առողջապահական քաղաքականության հարց է։ Եթե գնահատվի, որ անհրաժեշտ է ընդլայնել ծառայությունների փաթեթը կամ փոփոխել ֆինանսավորումը, համապատասխան առաջարկներ կներկայացվեն Ազգային ժողով, և միայն հավանության դեպքում հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել։

Այս պահին, իմ մասնագիտական կարծիքով, առաջիկա երեք տարիների ընթացքում ապահովագրավճարի էական փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում։

Նախ պետք է ամբողջությամբ ներառենք բոլոր քաղաքացիներին, տեսնենք, թե ինչպես է աշխատում համակարգը, որտեղ են խնդիրները, և դրանից հետո միայն քննարկենք հնարավոր փոփոխությունները։

Առաջիկա երեք տարիների ընթացքում ապահովագրավճարի էական փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում։

– Նախնական հաշվարկներով ապահովագրավճարը պետք է կազմեր տարեկան 164,400 դրամ։

– Այո՛։ Եթե ապահովագրավճարը լիներ 164,400 դրամ, բնականաբար, ծառայությունների փաթեթն էլ ավելի ընդլայնված կլիներ։

Օրինակ՝ խորհրդատվության փոխհատուցման չափը 6000 դրամ չէր լինի, այլ ավելի բարձր։ Այստեղ գործում է շատ պարզ սկզբունք․ հնարավորությունները պետք է համապատասխանեն առկա ֆինանսական ռեսուրսներին։

«Բարեփոխումը չի կարելի գնահատել միայն անձնական փորձով»

– Ո՞ր ուղղությամբ են շարունակվելու բարեփոխումները՝ ընդհանուր առողջապահությա՞ն, թե՞ հենց ապահովագրության ոլորտում։

– Եթե խոսում ենք առողջության համընդհանուր ապահովագրության մասին, ապա մեր հիմնական տեսլականն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ ներառված լինի այս համակարգում։

Կարծում ենք, որ բոլոր քաղաքացիները պետք է ապահովագրված լինեն, որպեսզի հետագայում խուսափեն մեծ անմիջական ծախսերից։ Այսինքն՝ մարդիկ ամսական մասնակի մասնակցություն ունենան համակարգին, իսկ անհրաժեշտության դեպքում հիմնադրամը փոխհատուցի բուժօգնության ծախսերը։

Միաժամանակ շարունակելու ենք գնահատել նաև ծառայությունների փաթեթը։ Եթե տեսնենք անհամապատասխանություններ, ընթացիկ կարգով կարձագանքենք դրանց։

Փորձելու ենք հնարավորինս շատ տեղեկատվություն հրապարակել և ներկայացնել մեր ցուցանիշները, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն։

Ինձ համար ամենացավալին այն է, երբ մարդիկ ամբողջ բարեփոխումը գնահատում են միայն 2000 կամ 3000 դրամ համավճարի չափով՝ անտեսելով միլիոնավոր դրամ արժողությամբ այն ծառայությունները, որոնք նույն համակարգի շնորհիվ ստացել են հազարավոր քաղաքացիներ։

– Բայց մարդը, բնականաբար, առաջին հերթին իր անձնական խնդիրն է տեսնում։

– Դա բնական է։ Բայց ամբողջ բարեփոխումը միայն անձնական փորձով գնահատել չի կարելի։

Եթե որևէ մեկի համար ծախսն ավելացել է, նա կարող է այդ մասին խոսել, բայց պետք է նաև ազնվորեն ներկայացնի, թե նախկինում որքան էր իրականում ծախսում, հիմա որքան է ծախսում և ինչ ծառայություններ է ստացել։

Առանձին դեպքերի հիման վրա հնարավոր չէ գնահատել ամբողջ համակարգի արդյունավետությունը։ Հենց դա էի ուզում ասել։

Հարցազրույցը՝ Գևորգ Ավչյանի

Լուսանկարները տրամադրել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը

Գլխավոր իլյուստրացիան մշակվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Հարցազրույցը իրականացվել է «Ամփոփ Մեդիայի» ծրագրի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։  

Այլ նյութեր այս շարքից՝ Հավասարություն և թափանցիկություն առողջապահության համակարգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/07/2026