Սեպտեմբերի 6-ին բուժօգնության է դիմել 6 քաղաքացի․ նախորդ երկու դեպքերով ջրի նմուշներում շեղումներ էին հայտնաբերվել, սակայն փորձաքննությունների վերջնական եզրակացությունները դեռ չկան։
Բյուրեղավանում ապրիլից ի վեր երրորդ անգամ են աղիքային վարակին բնորոշ խմբային դեպքեր արձանագրվում։ Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի։ Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն։
Սեպտեմբերի 8-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող՝ Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին։ Նախարարության հաղորդմամբ՝ ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ իրականացված ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտություններով շեղումներ չեն արձանագրվել։ ՀՎԿԱԿ-ը Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես խմելու և սննդի պատրաստման նպատակով ծորակի ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո՝ մինչև հետազոտությունների արդյունքների ամփոփումը։
ՀՎԿԱԿ-ի մասնագետները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին նմուշառումներ են նախատեսել ինչպես բուժօգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։
Ինչու է կրկին ուշադրության կենտրոնում ջուրը
Այս պահին պաշտոնապես հաստատված չէ, որ սեպտեմբերյան հիվանդացումների պատճառը խմելու ջուրն է։ Սակայն ջրի հարցը կրկին քննարկման կենտրոնում է, քանի որ 2026-ի նախորդ երկու դեպքերի ժամանակ պետական լաբորատոր հետազոտություններով ջրի նմուշներում շեղումներ էին արձանագրվել։
Ապրիլյան դեպքով ՀՎԿԱԿ-ը հայտնել էր, որ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից հետո խմելու ջրի նմուշառում է իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։ Հիվանդներից վերցված կենսաբանական նմուշներում հայտնաբերվել էին ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Հուլիսին Բյուրեղավանում կրկին աղիքային վարակների դեպքեր էին արձանագրվել։ ՀՎԿԱԿ-ի հաղորդմամբ՝ հուլիսի 17-ից արձանագրված դեպքերի առնչությամբ վերցվել էր ջրի 14 և բուժառուներից՝ 13 կենսաբանական նմուշ։ Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում լաբորատոր հետազոտությամբ շեղումներ էին արձանագրվել, իսկ կենսաբանական նմուշների արդյունքները այդ պահին դեռ պատրաստ չէին։
Նախորդ դեպքերով քրեական վարույթներ կան, վերջնական պատասխան՝ դեռ ոչ
Ապրիլյան և հուլիսյան դեպքերի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր երկու քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հատկանիշներով։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ այդ վարույթները միացվել են մեկ վարույթում։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Այսինքն՝ Բյուրեղավանում նոր դեպքեր են արձանագրվում այն պայմաններում, երբ նախորդ երկու դեպքերի պատճառների վերաբերյալ քննության վերջնական փորձագիտական պատասխանը դեռ հրապարակված չէ։
«Վեոլիա Ջուր»-ը ջրի հետ կապը չի ընդունում
Սեպտեմբերյան նոր դեպքերից հետո «Վեոլիա Ջուր»-ը հայտարարել է, որ պաշտոնապես որևէ տեղեկություն չկա, թե Բյուրեղավանում աղիքային վարակը կապված է խմելու ջրի հետ։ Ընկերությունը նաև հղում է արել օգոստոսին իրականացված նմուշառումներին, որոնց արդյունքներով, ըստ Առողջապահության նախարարության, շեղումներ չեն արձանագրվել։
Նման դիրքորոշում ընկերությունը հայտնել էր նաև հուլիսյան դեպքերի ժամանակ՝ նշելով, որ իր պարբերական նմուշառումներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Միևնույն ժամանակ ՀՎԿԱԿ-ի հուլիսյան հետազոտություններում ջրի 14 նմուշառման կետերից 3-ում շեղումներ էին արձանագրվել։
Սանիտարական ֆոնը՝ պետական փաստաթղթերում
Բյուրեղավանի ջրահեռացման համակարգի խնդիրը նշված է նաև պետական փաստաթղթերում։ Հրազդանի ջրավազանային կառավարման 2022–2027 թթ. պլանում Բյուրեղավանը ներառված է Հրազդանի գետավազանի այն քաղաքների շարքում, որոնք դիտարկվել են որպես հնարավոր էական ճնշումների աղբյուրներ։ Փաստաթղթում նշվում է, որ Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում կենցաղային կեղտաջրերն ամբողջությամբ չեն կոյուղացվում, իսկ կոյուղատարերում առկա են մեծ կորուստներ, ինչը կարող է ազդել գետի ջրի որակի վրա։
Նույն պլանում Բյուրեղավանը ներառված է Երևանի ագլոմերացիայի կազմում՝ առաջարկվող կեղտաջրերի մաքրման կայանից շուրջ 25.8 կմ հեռավորությամբ։
Այս տեղեկությունները, սակայն, չեն հաստատում սեպտեմբերյան կամ նախորդ հիվանդացումների անմիջական պատճառը։ Դրանք ցույց են տալիս միայն, որ Բյուրեղավանի և Հրազդանի գետավազանի սանիտարական ու ջրահեռացման խնդիրները արձանագրված են նաև պետական կառավարման փաստաթղթերում։
Ինչ է այս պահին հայտնի
Այս պահի դրությամբ հաստատված է, որ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի, նրանցից 3-ը բուժում է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում։ ՀՎԿԱԿ-ը նոր նմուշառումներ է իրականացնում և բնակիչներին հորդորել է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրը խմելու և սնունդ պատրաստելու համար։
Չի հաստատվել, թե սեպտեմբերյան դեպքերի պատճառը խմելու ջուրն է։ Նախորդ՝ ապրիլյան և հուլիսյան դեպքերի ժամանակ ջրի նմուշներում շեղումներ էին արձանագրվել, սակայն այդ դեպքերով նշանակված համալիր փորձաքննությունների վերջնական եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Պատրաստեց Կարինե Դարբինյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/09/2026









