64-ամյա երևանաբնակ Աննա Հարությունյանը խանութում թռչնամիս ընտրելու տարիների փորձ ունի։ Նա միշտ ուշադիր զննում է փաթեթավորումը, մանրամասն կարդում պիտանելիության ժամկետը, փորձում հասկանալ՝ արդյոք միսը տարօրինակ գույն կամ տհաճ հոտ ունի, թե ոչ և արդյոք վաճառասրահի սառնարանները պատշաճ սառեցնում են։
Բայց նույնիսկ այս զգուշավորությունը միշտ չէ, որ բավարար է։
«Եղել են դեպքեր, երբ տանը միսը փաթեթից հանելիս զգացել եմ, որ հյուսվածքը չափազանց թույլ է, կամ գույնն այն չէ, ինչ ցուցափեղկի լույսի տակ էր երևում։ Ամեն ինչ ստուգում եմ, բայց տանը կանգնում փաստի առաջ։ Եթե այսքան զգուշանալուց հետո անգամ չեմ կարող լիարժեք վստահել ընտրությանս, ի՞նչ անի շարքային գնորդը»,- ասում է Աննա Հարությունյանը։
Գույնը, հոտը կամ հյուսվածքը կարող են հուշել մսի վիճակի մասին, սակայն անվտանգության մի շարք ռիսկեր հնարավոր չէ բացահայտել առանց լաբորատոր հետազոտության։ Սալմոնելան, լիստերիան կամ դեղամիջոցների մնացորդները կարող են արտաքին տեսքով չդրսևորվել։
ՍԱՏՄ-ի տվյալները ևս ցույց են տալիս, որ թռչնամսի անվտանգությունը կախված չէ միայն գնորդի ճիշտ ընտրությունից։ 2023-ից մինչև 2026-ի ապրիլ պլանային ստուգում անցած թռչնամիս արտադրող 30 ընկերություններից 28-ում խախտումներ են արձանագրվել։ Մինչդեռ կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի պետական մոնիթորինգի ներկայիս ծրագրում թռչնամիսը ներառված չէ։
Անվտանգությունը սկսվում է ֆերմայից, ոչ թե խանութից
Թռչնամսի անվտանգությունը ձևավորվում է ամբողջ արտադրական շղթայում՝ թռչնաբուծությունից և սպանդից մինչև վերամշակում, տեղափոխում, վաճառք և վերջապես՝ պատրաստում։
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, որի ղեկավարած կազմակերպությունն իրականացնում է «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ծրագիրը, ընդգծում է, որ շղթայի որևէ օղակում վերահսկողության թուլացումը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արտադրանքի անվտանգության վրա։
Թե որքանով է վերահսկվում այդ շղթան Հայաստանում, ցույց են տալիս ՍԱՏՄ-ի իրականացրած ստուգումների արդյունքները։
Ստուգված 30 արտադրողից 28-ում խախտումներ են արձանագրվել
ՍԱՏՄ-ի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է թռչնամսի արտադրությամբ զբաղվող 33 իրավաբանական անձ։
2023-ից մինչև 2026-ի ապրիլ տեսչական մարմինը պլանային ստուգումներ է իրականացրել դրանցից 30-ում։ 28 ընկերությունում արձանագրվել են խախտումներ։
Նույն ժամանակահատվածում ոչ պլանային ստուգումներ են կատարվել 21 ընկերությունում, որոնցից 10-ում նույնպես խախտումներ են հայտնաբերվել։
ՍԱՏՄ-ի տրամադրած տվյալներում, սակայն, չի մանրամասնվում, թե արձանագրված խախտումներից քանիսն են վերաբերել արտադրանքի անվտանգությանը, սանիտարական պայմաններին, փաստաթղթավորմանը կամ այլ պահանջների։
ՍԱՏՄ-ի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում այս ընթացքում հետազոտվել է 267 նմուշ։ Դրանց շրջանակում կատարված 913 փորձարկման արդյունքում արձանագրվել է 120 անհամապատասխանություն։
Սակայն ՍԱՏՄ-ի տրամադրած պատասխանում չի մանրամասնվում, թե ինչ բնույթի խախտումներ են հայտնաբերվել ստուգված 28 արտադրողների մոտ, և դրանցից քանիսն են անմիջականորեն վերաբերել թռչնամսի անվտանգությանը։
Պարզ չէ նաև, թե լաբորատոր փորձարկումների արդյունքում արձանագրված 120 անհամապատասխանությունը քանի նմուշի է վերաբերել և կոնկրետ ինչ ցուցանիշներով է հայտնաբերվել։
Տեղական թռչնամիսը մնացորդային նյութերի պետական մոնիթորինգի ծրագրում ներառված չէ
ՍԱՏՄ-ի՝ «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ին տրամադրած պաշտոնական պատասխանի համաձայն՝ կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի պետական մոնիթորինգի գործող ծրագիրը ներառում է ձուկը, մեղրը և կաթը, բայց ոչ թռչնամիսը։
Տեսչական մարմինը նշում է, որ թռչնամսում մնացորդային նյութերի մոնիթորինգ կիրականացվի կառավարության կողմից համապատասխան ծրագիր հաստատվելու դեպքում։
Միաժամանակ Հայաստանում գործում է «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ հատուկ տեխնիկական կանոնակարգ, որն ուժի մեջ է մտել 2023 թ- հունվարի 1-ից։
Մնացորդային նյութերի մոնիթորինգի ֆինանսավորումը չի ավելացել
2024-ին կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի վերահսկողությանը հատկացվել է 55.8 մլն դրամ։ Նույնքան գումար է նախատեսվել նաև 2025-ի համար։
Սակայն այդ ֆինանսավորումը չի տարածվել թռչնամսի վրա։ Կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 274-Լ որոշմամբ հաստատված ծրագրում ներառված են միայն ձուկը, մեղրը և կաթը։
ՍԱՏՄ-ն նշում է, որ ֆինանսական միջոցների հնարավոր ավելացման դեպքում նպատակահարմար է համարում թռչնամսի շուկայի մոնիթորինգը։
Սահմանին արգելված խմբաքանակներ․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
2024-ին Հայաստանի թռչնամսի ինքնաբավության մակարդակը կազմել է 26%: Ներքին պահանջարկի մեծ մասը, հետևաբար, լրացվել է ներմուծմամբ։
ՊԵԿ-ի և ՍԱՏՄ-ի տվյալների համադրմամբ՝ 2024-ին Հայաստան է ներմուծվել շուրջ 41 հազար տոննա թռչնամիս։ Դրա 65%-ը բերվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, իսկ 35%-ը՝ ԵԱՏՄ երկրներից։
Սահմանային վերահսկողության ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով 2024-ին շուրջ 488 տոննա թռչնամսի ներմուծումն արգելվել է։ Դա տարվա ընդհանուր ներմուծման մոտ 1.2%-ն է։ Արգելված խմբաքանակների գրեթե կեսը՝ շուրջ 231 տոննան, ներմուծվել էր Բրազիլիայից։ Շուրջ 156 տոննան՝ ԱՄՆ-ից, ևս մոտ 101 տոննան՝ Ուկրաինայից։
2023-ին Հայաստան ներմուծված մոտ 39 հազար տոննա թռչնամսից սահմանին արգելվել է առնվազն 312 տոննայի մուտքը՝ մոտ 0.8%-ը։
Արձանագրված անհամապատասխանությունների զգալի մասը վերաբերել է խոնավության զանգվածային բաժնի բարձր ցուցանիշին։ Սակայն առանձին դեպքերում հայտնաբերվել են նաև մարդու առողջության համար վտանգավոր ախտածիններ՝ լիստերիա և սալմոնելա։
Օրինակ՝ 2023 թ-ի նոյեմբերին Բրազիլիայից ներկրված ավելի քան 112 տոննա թռչնամսի ներմուծումն արգելվել էր լիստերիայի հայտնաբերման պատճառով։
Ներմուծվող ամբողջ թռչնամիսը նույն կերպ չի ստուգվում
Ըստ ՍԱՏՄ-ի՝ երրորդ երկրներից (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող) Հայաստան ներմուծվող թռչնամսի 90–95%-ը սահմանային հսկողության շրջանակում փորձաքննվում է։
Սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ հետազոտություններ են իրականացվում և ինչպես է հաշվարկվել 90–95% ցուցանիշը՝ ըստ խմբաքանակների քանակի, դրանց ընդհանուր քաշի, վերցված նմուշների, թե այլ չափման միավորի։
ՍԱՏՄ-ն անդրադարձ է կատարում նաև ներմուծվող այն թռչնամսին, որը սահմանին անցել է միայն փաստաթղթային հսկողություն՝ առանց լաբորատոր փորձաքննության։ Սակայն կրկին չի նշվում, թե նման ներմուծումներն ինչ ծավալ են կազմում։ Բացի այդ, պարզ չէ, թե ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող թռչնամսի որ մասն է սահմանին ենթարկվում լաբորատոր փորձաքննության։
Այդուհանդերձ, հստակ է, որ 2025 թ-ին երրորդ երկրներից ներմուծված թռչնամսի լաբորատոր փորձաքննության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանության մեկ դեպք։ Սակայն հստակ չէ անհամապատասխանության բնույթը, խմբաքանակի ծավալը և դրա նկատմամբ ընդունված որոշումը։
Այսպիսով, տեսչական մարմնի կողմից տրամադրված տվյալները թույլ չեն տալիս պարզել, թե Հայաստան ներմուծվող ամբողջ թռչնամսի որ մասն է սահմանին անցնում լաբորատոր փորձաքննություն։
Վերահսկողությունը շուկա մուտք գործելուց հետո
Սահմանային վերահսկողությունից բացի կարևոր է նաև, թե ինչպես է ստուգվում ներմուծված թռչնամիսն արդեն Հայաստանի շուկայում, հատկապես այն խմբաքանակները, որոնք սահմանին լաբորատոր փորձաքննություն չեն անցել։
ՍԱՏՄ-ի պաշտոնական պատասխանի համաձայն՝ միայն փաստաթղթային հսկողություն անցած թռչնամսի նկատմամբ հետագա մոնիթորինգ նախատեսված չէ։ Միաժամանակ տեսչական մարմինը նշում է, որ պետական վերահսկողություն իրականացվում է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիներից ու հանրությունից ստացված դիմում-բողոքների և հաղորդումների հիման վրա։
ՍԱՏՄ-ն հայտնում է նաև, որ թռչնամսի շուկան գտնվում է իր ուշադրության կենտրոնում, իսկ իրականացվող ուսումնասիրություններն ու իրավիճակի վերլուծությունը կարող են հիմք դառնալ մոնիթորինգի, ստուգման կամ աուդիտի համար։
Սակայն պաշտոնական պատասխաններում չի հստակեցվում, թե միայն փաստաթղթային ստուգում անցած թռչնամիսն ինչ ծավալ է կազմում, և ինչ այլ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում դրա նկատմամբ։ Չեն ներկայացվում նաև վերոնշյալ ուսումնասիրությունների քանակը, պարբերականությունը, մեթոդաբանությունն ու արդյունքները։
«Սպառողն ի վիճակի չէ սեփական ուժերով գնահատել՝ արդյոք թռչնամիսը պարունակո՞ւմ է սալմոնելա կամ դեղամիջոցների մնացորդներ։ Ուստի, պետական վերահսկողությունը չի կարող սահմանափակվել միայն տեսողական զննությամբ կամ սպառողների բողոքներով։ Անհրաժեշտ է գործընթացը դնել կանոնավոր լաբորատոր հիմքերի վրա»,- ասում է Լիաննա Ասոյանը։
Ի՞նչ է առաջարկվում փոխել
«Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ծրագրի փորձագիտական խումբն առաջարկում է թռչնամսի վերահսկողությունը դարձնել ավելի համակարգված և պարբերական։
Առաջարկներից մեկը տեղական շուկայում մնացորդային նյութերի ամբողջական և պարբերական մոնիթորինգի պետական ծրագրի մշակումն ու ներդրումն է՝ ՍԱՏՄ-ի տարեկան բյուջեում դրա համար համապատասխան ֆինանսավորում նախատեսելով։
Մյուս առաջարկը վերաբերում է ներմուծվող թռչնամսին՝ պետական վերահսկողության ծրագրում լաբորատոր հետազոտության և մոնիթորինգի առանձին բաղադրիչ նախատեսելուն։ Սա հատկապես կարևոր է այն ներմուծումների դեպքում, որոնց նկատմամբ կիրառվող լաբորատոր վերահսկողության ծավալը հրապարակային տվյալներից հստակ չէ։
Ի՞նչ կարող է անել սպառողը
Պետական վերահսկողության բացերը չեն նշանակում, որ գնորդի վարքագիծը կարևոր չէ։
Թռչնամիս ընտրելիս կարևոր է ստուգել պիտանելիության ժամկետը, փաթեթավորման ամբողջականությունը, պահպանման պայմանները, խուսափել կասկածելի տեսքով կամ հոտով մսից, իսկ տանը՝ հում թռչնամիսը պահել այլ սննդամթերքից առանձին և պատշաճ ջերմային մշակման ենթարկել։
Սակայն այս քայլերը նվազեցնում են միայն այն ռիսկերը, որոնց նկատմամբ սպառողը կարող է որևէ կերպ ազդել։
«ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի՝ Հայաստանի տարբեր մարզերից 167 անձի մասնակցությամբ անցկացրած առցանց հարցման արդյունքներով՝ մասնակիցների միայն 22.8%-ն է վստահություն հայտնել Հայաստանում վաճառվող թռչնամսի անվտանգության նկատմամբ, իսկ 32.9%-ը նշել է, որ չի վստահում։
Մասնակիցների 46.7%-ն իր տեղեկացվածությունը թռչնամսի արտադրության և վերահսկողության գործընթացների վերաբերյալ գնահատել է որպես մակերեսային, 23.4%-ը նշել է, որ ընդհանրապես տեղեկացված չէ, և միայն մեկ մասնակից է իրեն շատ լավ տեղեկացված համարել։
Եվ մինչ պետական մարմիններն ու փորձագետները քննարկում են վերահսկողության մեխանիզմների բարելավումը, տիկին Աննան ու բազմաթիվ սպառողներ շարունակում են ամեն օր խանութներում կարդալ պիտակներն ու հուսալ, որ ընտրված միսն անվտանգ կլինի։
Հետևաբար թռչնամսի անվտանգությունը չի կարելի թողնել միայն գնորդի զգոնությանն ու ճիշտ ընտրությանը։
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակն ու «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/09/2026















