Մեր մասին Էթիկա











Տնտեսություն Քաղաքական

Ռուսական գազը Հայաստանի համար կարո՞ղ է թանկանալ․ ինչ են նախատեսում համաձայնագրերը և ինչ կարող է փոխվել սպառողի համար

Սեպտեմբերի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատասխանելով լրագրողների՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին հարցին, ասել էր, որ այն չպետք է ներկայացնել որպես «աշխարհի վերջ», և որ Հայաստանի քաղաքացիները «կունենան և՛ գազ, և՛ գազի փող»։

Գազի հնարավոր թանկացման թեման, սակայն, ակտիվացել էր դեռ գարնանը։ Ապրիլի 1-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծել էր գների տարբերությունը՝ նշելով, որ Եվրոպայում գազի գինը գերազանցում է 600 դոլարը 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ Հայաստանին ռուսական գազը վաճառվում է 177.5 դոլարով։

Մայիսին քննարկումը դարձավ ավելի կոնկրետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցության գործընթացը, ռուսական կողմը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել 2013 թվականի հայ-ռուսական համաձայնագիրը։ Այդ համաձայնագրով Հայաստանի ներքին սպառման համար նախատեսված բնական գազը և մի շարք այլ ապրանքներ Ռուսաստանից մատակարարվում են առանց արտահանման մաքսատուրքի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից հնչող նման հայտարարություններին արձագանքել էր՝ ավելի բարձր գնով սպառնալն անտրամաբանական համարելով․

«Թանկ գնով սպառնալիքին կա պատասխան՝ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա… Հայաստանը լինելու ա միլիարդների և տրիլիոնների երկիր»։

Այս պահին Հայաստանի համար ռուսական գազի գինը բարձրացնելու մասին որոշում չկա։ Բայց ռուսական կողմի հայտարարությունները կարևոր հարցեր են առաջացնում․ ի՞նչ պայմաններով կարող է փոխվել Հայաստանի համար գործող գազի գինը, և եթե այն բարձրանա սահմանին, արդյո՞ք դա նույն կերպ ու անմիջապես կփոխանցվի Հայաստանի սպառողին։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է, թե որքանով է Հայաստանը կախված ռուսական գազից, ինչ պայմանավորվածություններով է ձևավորվում դրա ներմուծման գինը, ինչպես է սահմանվում սպառողի սակագինը և ինչ կարող է փոխվել գնի հնարավոր բարձրացման դեպքում։

Որքանո՞վ է Հայաստանը կախված ռուսական գազից

Հայաստանի բնական գազի ներմուծման հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։
2025 թվականին Հայաստան է ներկրվել 2 705.3 մլն խմ բնական գազ, որից 2 229.5 մլն խմ-ը՝ Ռուսաստանից, իսկ 475.8 մլն խմ-ը՝ Իրանից։

Այսինքն՝ 2025 թվականին Հայաստան ներկրված բնական գազի շուրջ 82%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ մոտ 18%-ը՝ Իրանին։

2024-ի համեմատ Ռուսաստանից գազի ներմուծման ծավալը 2025-ին նվազել է 2.6%-ով, մինչդեռ Իրանից ներկրումն աճել է 6.6%-ով։ Սակայն այս փոփոխությունները չեն փոխել ընդհանուր պատկերը․ Հայաստանի ներմուծվող բնական գազի գերակշիռ մասը շարունակում է ապահովվել Ռուսաստանից։

Նույն պատկերը պահպանվել է նաև 2026 թվականին։ Ըստ ՀԾԿՀ-ի ներկայացրած տվյալների՝ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից ներկրվել է 1 374.8 մլն խմ, իսկ Իրանից՝ 236.5 մլն խմ բնական գազ։

Այսպիսով, նույնիսկ Իրանից ներմուծման որոշ աճի պայմաններում, Հայաստանը շարունակում է հիմնականում ապավինել ռուսական գազին։

Սակայն կախվածությունը միայն ներմուծման աղբյուրով չի սահմանափակվում։ Բնական գազը մեծ կշիռ ունի նաև Հայաստանի ընդհանուր էներգետիկ կառուցվածքում։ Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում ընդհանուր ներմուծումը կազմել է 3 165.8 հազար տոննա նավթային համարժեք, որից 2 261.7 հազար տոննա նավթային համարժեքը բնական գազն է։

Սա նշանակում է, որ ներմուծվող էներգակիրների կառուցվածքում բնական գազը զբաղեցնում է ամենամեծ բաժինը։

Բնական գազը մեծ դեր ունի նաև բնակչության առօրյա սպառման մեջ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 462,443 բնակարան և 429,387 բնակելի տուն՝ ընդհանուր 891,830 բնակելի միավոր։ Դրանցից գազաֆիկացված է եղել 774,550-ը, այսինքն՝ ընդհանուրի մոտ 87%-ը։

Այլ կերպ ասած՝ Հայաստանում բնակֆոնդի ճնշող մեծամասնությունը գազից օգտվելու հնարավորություն ունի, ինչը ռուսական գազից կախվածությունը դարձնում է ոչ միայն էներգետիկ այլև նաև կենցաղային հարց։

Սահմանային գինը և սպառողի սակագինը նույնը չեն

Հայաստան ներկրվող գազի գինը և սպառողի վճարած սակագինը տարբեր են։ Ներկրման կամ սահմանային գինը այն արժեքն է, որով գազը մատակարարվում է Հայաստան, իսկ սպառողական սակագնի մեջ ներառվում են նաև փոխադրման, բաշխման, սպասարկման և համակարգի այլ ծախսեր։

Ռուսական գազի գնագոյացման հիմքում 2013 թվականի հայ-ռուսական համաձայնագրերն են։ Սկզբնական բազային գինը սահմանվել էր 189 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, իսկ 2019-ից՝ 165 դոլար։

2025 թվականի արդյունքներով Ռուսաստանից Հայաստան ներկրված գազի միջին գինը կազմել է 173.86 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։

Սպառողների վճարած սակագները, սակայն, այլ են։

Սոցիալապես անապահով ընտանիքները տարեկան առաջին 600 խմ-ի համար վճարում են 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի հաշվով, իսկ այդ շեմը գերազանցելու դեպքում՝ 143,700 դրամ։ Մյուս բնակիչ-բաժանորդների հիմնական սակագինը նույնպես 143,700 դրամ է, իսկ տարեկան 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար գործում է դոլարով հաշվարկվող սակագին։

Ինչ է նախատեսում գործող կարգավորումը

2013 թվականի հայ-ռուսական համաձայնագրերով գազի մատակարարման ծավալները, ժամկետները, գինը և մյուս պայմանները կապվել են «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» միջև երկարաժամկետ պայմանագրերի հետ, իսկ գնի ձևավորման համար սահմանվել է առանձին մեխանիզմ։

2021-ի վերջին ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվեց առաջիկա 10 տարիներին պահպանել 165 դոլար բազային գինը՝ 7900 կկալ/խմ ջերմատվության դեպքում։ Այդ պայմանավորվածության մաս էր նաև Հրազդանի 5-րդ էներգաբլոկի հզորության դիմաց «Գազպրոմ Արմենիային» տարեկան 31.79 մլն դոլարի վճարումը։

2022-ից սկսեց գործել նաև գազի փաստացի կալորիականության հաշվառումը, ինչի պատճառով սահմանային փաստացի գինը կարող է 165 դոլարից բարձր լինել։

Սակայն նույնիսկ ներմուծման գնի փոփոխությունը չի նշանակում, որ բնակչության սակագինը նույն չափով և անմիջապես փոխվում է։

Դրա օրինակն արդեն եղել է։ 2022-ին «Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ-ին առաջարկել էր սակագնային հաշվարկում ներառել ներմուծվող գնի փոփոխությունը և ներկայացրել էր 282.6 դոլար հաշվարկային մակարդակ, մինչդեռ ՀԾԿՀ-ն սահմանել էր ավելի ցածր՝ 277.71 դոլար, իսկ սոցիալապես անապահով սպառողների սակագինը թողել էր անփոփոխ։

Այսինքն՝ սահմանային գինը սակագնի կարևոր բաղադրիչ է, բայց վերջնական սակագինը Հայաստանում հաշվարկում և սահմանում է ՀԾԿՀ-ն։

Կարո՞ղ է Ռուսաստանը միակողմանի փոխել գազի գինը

Էներգետիկ հարցերով փորձագետ, պրոֆեսոր Վահե Դավթյանի խոսքով՝ Հայաստանի համար ռուսական գազի գինը տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ է ունեցել, սակայն հիմնականում պահպանվել է նույն գնային միջակայքում։ Այն սկզբում կազմել է 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, որոշ ժամանակ նվազել մինչև 150 դոլար, ապա կրկին վերադարձել 165 դոլարի մակարդակին։

Դավթյանը կարևոր է համարում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որով նախատեսվել է առաջիկա 10 տարիներին պահպանել Հայաստանի համար գործող բազային գինը։ Նրա գնահատմամբ՝ դա Հայաստանի համար անվտանգության կարևոր բարձիկ էր հատկապես 2022 թվականից հետո, երբ եվրոպական շուկայում գազի գները կտրուկ աճել էին։

Միաժամանակ փորձագետը նշում է, որ այդ պայմանավորվածությունը բացարձակ չէ։

«Սա ևս անվտանգության բարձիկ էր Հայաստանի համար, բայց երբ այդ համաձայնագիրը նայում ես, տեսնում ես, որ այո, 10 տարվա ժամկետով է սահմանված, բայց կողմերը կարող են միակողմանի ռեժիմով դուրս գալ այդ համաձայնագրից, այսինքն՝ այն բացարձակ իմպերատիվ բնույթ չի կրում»։

Այսինքն՝ Դավթյանի գնահատմամբ, պայմանավորվածության առկայությունը չի բացառում դրա վերանայման կամ դադարեցման հնարավորությունը։

Ի՞նչ կարող է լինել, եթե գինը բարձրանա

Դավթյանի խոսքով՝ հնարավոր հետևանքները գնահատելիս պետք է հաշվի առնել միջազգային շուկայի գները։ Նրա նշած տվյալներով՝ եվրոպական շուկայում գազի գինը զգալիորեն բարձր է Հայաստանի համար գործող մակարդակից։

Փորձագետի գնահատմամբ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի համար գինը բարձրացնի՝ այն մոտեցնելով միջազգային շուկայի պայմաններին, դա կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ներսում սակագների ձևավորման վրա։

«Համեմատում ենք Հայաստանի համար սահմանված գնի հետ, և պատկերը դառնում է առավել քան ամբողջական։ Սա իր կասկադային ազդեցությունն է ունենալու նաև երկրի ներսում սակագների ձևավորման վրա»։

Դավթյանը կարծում է, որ եթե նման որոշումը պայմանավորված լինի քաղաքական գործոններով, «Գազպրոմ Արմենիան», որպես ռուսական ընկերություն, ներպետական սակագների աճը զսպելու լրացուցիչ մեխանիզմներ կիրառելու շահագրգռություն կարող է չունենալ։

«Եթե Ռուսաստանը գնա նման քայլի, գինը բարձրացնի՝ ադապտացնելով այն միջազգային շուկայի կոնյունկտուրային, դա կնշանակի, որ այդ որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներից ելնելով»։

Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում նաև ՀԾԿՀ-ի հնարավորությունները սահմանափակ կլինեն, հատկապես եթե սահմանային գնի աճը զգալի լինի։

Փորձագետը հնարավոր ազդեցությունը չի սահմանափակում միայն գազի սակագնով։ Նրա խոսքով՝ այն կարող է փոխանցվել նաև էլեկտրաէներգիայի ոլորտին, քանի որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության զգալի մասը ապահովում են բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները։

«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ գեներացման շուրջ 45%-ը ապահովում են ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են բնական գազով։ Այսինքն՝ բնական գազի գնի բարձրացումը հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի գնի աճի»։

Դավթյանը ուշադրություն է հրավիրում նաև մատակարարումների դիվերսիֆիկացման խնդրին։ Նրա գնահատմամբ՝ մեկ հիմնական մատակարարից մյուսին անցնելը դեռ դիվերսիֆիկացում չէ, եթե միաժամանակ չեն ստեղծվում մի քանի իրական այլընտրանքներ։

«Դիվերսիֆիկացիան այն չէ, որ դու մի զամբյուղում գտնվող ձվերը տեղափոխում ես մեկ այլ զամբյուղի մեջ։ Սա կախվածության վեկտորի փոփոխություն է։ Դիվերսիֆիկացիան այն է, երբ դու այդ ձվերը տարատեսակացնում ես և բաշխում տարբեր զամբյուղներում»։

Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը չունի բավարար ենթակառուցվածքային և հումքային այլընտրանքներ, Ռուսաստանի հետ գազի մատակարարման շուրջ կտրուկ հակադրության գնալը բարձր տնտեսական ռիսկեր է պարունակում։

«Եթե դու չես ապահովել այդ ամենը, առնվազն վաղաժամ է նման կտրուկ շրջադարձներ իրականացնել այն երկրի հետ, ումից դու փաստացի այսօր կախված ես ռեսուրսների մատակարարման մասով»։

Ի՞նչ է ստացվում

Այս պահին Հայաստանի համար ռուսական գազի գինը բարձրացնելու որոշում չկա։ Գործող պայմանավորվածություններով նախատեսվում է պահպանել 165 դոլար բազային գինը՝ 1000 խմ-ի դիմաց, սակայն Վահե Դավթյանի գնահատմամբ՝ այդ պայմանավորվածությունը չի բացառում դրա վերանայման կամ կողմերից մեկի դուրս գալու հնարավորությունը։

Միաժամանակ սահմանային գնի հնարավոր բարձրացումը չի նշանակում սպառողների սակագնի նույն չափով և անմիջապես բարձրացում։ Վերջնական սակագինը Հայաստանում հաշվարկում և սահմանում է ՀԾԿՀ-ն՝ հաշվի առնելով ոչ միայն ներկրման գինը, այլև համակարգի մյուս ծախսերը։

Սակայն Հայաստանի՝ ռուսական գազից բարձր կախվածության պայմաններում սահմանային գնի զգալի աճը կարող է ճնշում ստեղծել ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի սակագների վրա։

*Գազային շուկայի մարտահրավերների և Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով Վահե Դավթյանի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի առանձին։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
Ինֆոգրաֆիկը՝ հեղինակի

Հիմնական պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/09/2026