Մեր մասին Էթիկա
Դըրբըզեք • Քաղաքական

Սեպտեմբերի 27-ից մեկ օր առաջ․ Եռաբլուրում, որտեղ ժամանակը չի բուժում

Եռաբլուր, սեպտեմբերի 26, 2026

Սեպտեմբերի 26-ի առավոտը Եռաբլուրում արևոտ էր, բայց օդը սառն էր։ Ժամը ութին տարածքում դեռ մարդաշատ չէր։ Հաջորդ օրը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցին, այստեղ բազմաթիվ այցելուներ են գալու։ Իսկ այդ առավոտ Եռաբլուրում օրը սկսվում էր սովորականի պես՝ այցելություններով, որոնք այդպես էլ երբեք սովորական չեն դառնում։

Մարդիկ գալիս էին աստիճանաբար։ Ծնողները մոտենում էին իրենց զավակների շիրիմներին, տարածքի աշխատողները զբաղվում էին մաքրությամբ։ Թվում էր՝ ամեն մեկն արդեն գիտեր իր անելիքը։ Ոմանք մաքրում էին շիրմաքարերը, մյուսները՝ կարգի բերում հարակից տարածքը, հավաքում չորածաց ծաղկեփնջերը։ Ամեն ինչ արվում էր խնամքով, առանց շտապողականության։

Մարդկանցից մեկը եկել էր շուրջ հարյուր փունջ ծաղիկներով։ Նա շրջում էր շիրիմների միջև և հերթով ծաղիկներ տեղադրում։

Այդ առավոտ Եռաբլուրի լռությունը բացարձակ չէր։ Այն ընդհատվում էր եկողների քայլերով, աշխատողների շարժով, շիրմաքարերի մոտ զբաղված ծնողների ձայներով։

Յուրաքանչյուրն իր գործն ուներ, յուրաքանչյուրն՝ այցելության իր պատճառը։

Այդ այցելուներից մեկը սևազգեստ, միջին հասակի կին էր՝ գրեթե սպիտակած, արծաթափայլ մազերով ու մի փոքր կորացած մեջքով։ Նրա կողքին նույնպես սևազգեստ տղամարդ էր։ Երկուսով մոտեցան շիրիմներից մեկին ու սկսեցին մաքրել այն։

Կնոջ անունը Ցողեր էր, տղամարդունը՝ Աշոտ։ Նրանք եկել էին իրենց որդու՝ Վահեի մոտ։

Որդու շիրմաքարը մաքրող մայրը

Ցողերն ու Աշոտը սրբեցին Վահեի շիրմաքարը, դասավորեցին ծաղիկները, փոխեցին ծաղկամանների ջուրը։

Ցողերը խնամքով մաքրում էր քարը։ Նրա շարժումներում շտապողականություն չկար։ Սրբում էր այնպես, կարծես ամեն հպումով փորձում էր փոքր-ինչ մեղմել որդու կարոտը։ Սառը քարը շոյող մոր ձեռքերը շարունակում էին անել այն, ինչ այդ պահին հնարավոր էր անել որդու համար։

Վահեն 26 տարեկան էր, երբ զոհվեց 44-օրյա պատերազմում։ Նա սպա էր։ Մինչև 2019 թվականը ծառայել էր Հայաստանի զորամասերից մեկում, ապա որոշել էր տեղափոխվել Արցախ։ Նույն թվականի սեպտեմբերից արդեն այնտեղ էր ծառայում։

Հարցրի՝ ինչո՞ւ էր այդպես որոշել։

«Ասեց, ասֆալտում ծառայությունը ծառայություն չէ իմ համար, ու գնաց»,- կտրուկ պատասխանեց մայրը։

Սպա Վահե Վերդյանը նախընտրել էր ծառայությունը մարտական դիրքերում։ Որդու ընտրությունը մոր համար հեշտ չէր, բայց նա այդպես էր որոշել։

Արցախում Վահեն ծառայում էր Մարտունու ուղղությամբ։ Ցողերի պատմելով՝ 2020-ի հոկտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ Վահեն ծանր վիրավորվել էր և որոշ ժամանակ անց մահացել։

Ցողերը շարունակում էր մաքրել որդու շիրմաքարը։ Հետո կարծես ինքն իր հետ խոսելով՝ ցածրաձայն ասաց, որ նման բան անող մոր ձեռքը պետք է կոտրվի։ Ավելացրեց՝ նման բան գրքում էլ գրված չի լինի։

Դժվար էր հասկանալ՝ այդ պահին ինչ հարց տամ որդեկորույս մորը։ Մեր միջև լռություն էր առաջացել։ Հարցերը շատ էին, բայց դրանցից յուրաքանչյուրն արտաբերելը դժվար էր։

Վահեից բացի Ցողերն ու Աշոտը ունեն նաև աղջիկ։ Այսօր նրանք ապրում են դստեր ընտանիքի հետ։

Հարցրի՝ Վահեն ամուսնացա՞ծ էր։

«Չէ»,- պատասխանեց Ցողերը։

Հետո հիշեց պատերազմի օրերից մի հեռախոսազանգ։ Վահեն զանգել էր մորը և զրույցի ընթացքում ասել էր, որ երբ պատերազմն ավարտվի ու անպայման ամուսնանալու է։ Շատ երեխաներ է ունենալու։

Վահեն չվերադարձավ։ Չկայացավ նրա հարսանիքը, չծնվեցին երեխաները, որոնց մասին խոսել էր մոր հետ։

Ցողերը շարունակում էր դասավորել ծաղիկները։

Հարցրի՝ ինչպե՞ս եք ապրում։

Ասաց, փորձում են իրենց զբաղեցնել, մի փոքր շեղվել մտքերից։ Ինքը հիմնականում թոռների հետ է ժամանակ անցկացնում։ Այդպես էլ օրերն անցնում են։

Վեցերորդ տարելիցը

Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի ուղղությամբ սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:10: Հայաստանում և Արցախում հայտարարվեցին ռազմական դրություն և զորահավաք։

Պատերազմը տևեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով նոյեմբերի 10-ից դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և տարածքային կորուստներով։

Վեց տարի անց պատերազմի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների թիվը շարունակում է ցավոտ հարց մնալ։

2026 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեն վերահաստատեց 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի մարդկային կորուստների պաշտոնական տվյալները, համաձայն որի զոհվել են 3,755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ, 191 անձի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ Պատերազմը նաև 11 հազար վիրավոր թողեց։

Ժամանակը ոչ մի վերք չի բուժել

Վահեի շիրիմի մոտ մեր զրույցն ընդհատվեց հեռախոսազանգով։

Ցողերի աղջիկն էր։ Խնդրում էր ծնողներին տուն վերադառնալ։
Ցողերը շտապեց ավարտել սկսածը։ Վերջնականապես դասավորեց ծաղիկները, փոխեց ջուրը, խունկ ծխեցրեց։

Հետո մի պահ կանգ առավ որդու շիրիմի առաջ։ Խորը շունչ քաշեց։

Հեռանալու ժամանակն էր։ Աշոտն արդեն սպասում էր մեքենայի մոտ։

Հարցրի՝ վեց տարվա ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է։

Ցողերի պատասխանը կարճ էր՝ ոչ։ Ասում է, ժամանակ ոչ մի վերք չի բուժել։

Միասին հեռացանք դեպի մեքենան։

Եռաբլուրում առավոտը շարունակվում էր։ Աշխատողները դեռ զբաղված էին տարածքի խնամքով, գալիս էին նոր այցելուներ։ Հաջորդ օրը պատերազմի տարելիցն է, և այստեղ կրկին մարդաշատ է լինելու։

Այստեղ ամեն օր է մարդաշատ։

Գոհար Սարգսյան
«Ամփոփ Մեդիայի» լրագրող, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված
Լուսանկարները՝ հեղինակի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/09/2026