Մեր մասին Էթիկա
Լրահոս • Քաղաքական

Նոյեմբերյանում մարտական դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը հերքում է համայնքի ղեկավարը

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում հերքել է Բերդավանի հարակից 4–5 հայկական մարտական դիրքերն Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ համայնքում սահմանազատում չի իրականացվել։

Oragir.News-ը սեպտեմբերի 26-ին հրապարակել է հոդված, որում, հղում անելով սեփական աղբյուրներին, պնդում է, թե սահմանազատման արդյունքում Բերդավանի հարակից 4–5 հայկական մարտական դիրքեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ նոր սահմանագիծը հասել է Ղալինջաքար ամրոցի հարակից սրբավայրերին։

Ուշագրավ է, որ հենց այդ հրապարակման մեջ Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը հերքում է Oragir.News-ի կողմից իրեն փոխանցված տեղեկությունը՝ նշելով. «Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»։ Նա նաև հավաստիացնում է, որ բնակիչների համար սրբավայրը հասանելի է։

Տեղեկությունը ստուգելու նպատակով «Ամփոփ Մեդիան» կապ է հաստատել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ։

«Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա, մեր համայնքում սահմանազատում չի իրականացվել»,- հայտնել է նա։

Այսպիսով, մարտական դիրքեր հանձնելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունը հերքում են և՛ Բերդավանի վարչական, և՛ Նոյեմբերյան համայնքի ղեկավարները։

Տեղեկությունը ստուգեց Մոնիկա Փաշիկյանը՝ Նոյեմբերյան համայնքից
Մոնիկան «Ամփոփ Մեդիայի» Region Check երիտասարդական համայնքային ցանցի անդամ է։

Բերդավանի ամրոցի լուսանկարը Վիքիպեդիայից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/09/2026