Մեր մասին Էթիկա
Լրահոս

Ազգերի լիգա 2026/27․ Հայաստանի հավաքականի մրցակիցները, խաղացանկն ու հնարավորությունները

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի նոր մրցաշրջանը սկսում է C դիվիզիոնում՝ Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Լատվիայի հետ նույն խմբում։ Առաջին չորս հանդիպումները թիմը կանցկացնի ընդամենը 11 օրվա ընթացքում, իսկ մրցաշրջանի ավարտին արդեն պարզ կլինի նաև՝ որ դիվիզիոնից է Հայաստանը մտնելու մրցաշարի նոր՝ 2028/29 ձևաչափ։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին։ Հայաստանի հավաքականի առաջին խաղն այսօր՝ սեպտեմբերի 25-ին է․ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում թիմը կընդունի Լատվիային։ Երեք օր անց նույն մարզադաշտում մրցակիցը կլինի Մոնտենեգրոն։

Այնուհետև Հայաստանին սպասում են երկու անընդմեջ արտագնա հանդիպումներ՝ հոկտեմբերի 2-ին Կիպրոսի և հոկտեմբերի 5-ին Մոնտենեգրոյի դեմ։ Խմբային փուլի վերջին երկու խաղերը նոյեմբերին են։

Ի՞նչ է Ազգերի լիգան և ինչ է տալիս հաջող ելույթը

ՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգան ստեղծել է հավաքականների ընկերական հանդիպումների մի մասը մրցակցային խաղերով փոխարինելու նպատակով։ Մրցաշարի առաջին խաղարկությունը տեղի է ունեցել 2018/19 մրցաշրջանում։

Հավաքականները բաժանված են A, B, C և D լիգաների, ապա՝ խմբերի։ Համակարգը հնարավորություն է տալիս բարձրանալ ավելի ուժեղ լիգա կամ անհաջող մրցաշրջանի դեպքում նահանջել։

Այս մրցաշրջանում Հայաստանի համար նպատակը միայն խմբում հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելը չէ։ C լիգայի խմբերի հաղթողները բարձրանում են B լիգա, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը B/C անցումային խաղերում մրցում են B լիգայի համապատասխան թիմերի հետ։ Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրածները մնում են C լիգայում։

Ազգերի լիգայի արդյունքները նաև կապվում են Եվրոպայի առաջնությունների և աշխարհի առաջնությունների ընտրական մեխանիզմների հետ՝ որոշ մրցաշրջաններում լրացուցիչ հնարավորություն տալով այն հավաքականներին, որոնք հիմնական ընտրական ճանապարհով ուղեգիր չեն նվաճել։

Հայաստանի ճանապարհը՝ D-ից B և կրկին C

Հայաստանը մասնակցել է Ազգերի լիգայի բոլոր նախորդ խաղարկություններին, և դրանց ընթացքում հասցրել է անցնել երեք տարբեր դիվիզիոններով։

2018/19-ին Հայաստանը D լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանը սկսեց C-ում։ 2020/21-ին արդեն հաղթեց իր խումբը և բարձրացավ B լիգա։

Այնտեղ երկար մնալ չհաջողվեց․ 2022/23 մրցաշրջանում Հայաստանը B լիգայի խմբում վերջինն էր և վերադարձավ C։

2024/25 մրցաշրջանում թիմը C լիգայի խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և B լիգա բարձրանալու ևս մեկ հնարավորություն ստացավ, սակայն անցումային խաղերում Վրաստանին պարտվեց ընդհանուր 1։9 հաշվով՝ մնալով C լիգայում։

Այդ պատճառով այս խաղարկությունը Հայաստանի համար արդեն երրորդ փորձն է C լիգայից վերադառնալու B։

Այս անգամ մրցակիցներն են Մոնտենեգրոն, Կիպրոսը և Լատվիան

2026/27 մրցաշրջանում Հայաստանը C2 խմբում է՝ Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Լատվիայի հետ։

Հայաստանի և Լատվիայի ազգային հավաքականները միմյանց դեմ խաղացել են վեց անգամ․ Հայաստանը հաղթել է երեք, Լատվիան՝ երկու անգամ, ևս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Գոլերի ընդհանուր հարաբերակցությունը նույնպես Հայաստանի օգտին է՝ 8։7։

Լատվիայի հավաքականը գլխավորում է իտալացի Պաոլո Նիկոլատոն, որը մինչ այս աշխատել է նաև Իտալիայի տարբեր տարիքային հավաքականներում։

Կիպրոսի դեմ Հայաստանի հավաքականը յոթ հանդիպում է անցկացրել՝ մեկ հաղթանակ, երկու ոչ-ոքի և չորս պարտություն։ Գոլերի հարաբերակցությունը՝ 8։14։ Կիպրոսի գլխավոր մարզիչը հույն Ապոստոլոս Մանցիոսն է։

Մոնտենեգրոյի հետ Հայաստանի հաշվեկշիռն ավելի հավասար է․ չորս հանդիպումներից Հայաստանը հաղթել է երկուսում, մեկում պարտվել, ևս մեկը ավարտել ոչ-ոքի։ Գոլերի հարաբերակցությունը՝ 7։8։ Մոնտենեգրոյի կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը՝ Transfermarkt-ի գնահատմամբ մոտ €30 մլն։ Հավաքականը գլխավորում է Մոնտենեգրոյի նախկին առաջատար ֆուտբոլիստ Միրկո Վուչինիչը։

Մոդելը Հայաստանին խմբում երկրորդ տեղն է կանխատեսում

Football Meets Data-ի մրցաշարային սիմուլյացիայում C2 խմբի ամենաբարձր ակնկալվող ցուցանիշը Մոնտենեգրոյինն է՝ 10.4 միավոր։

Հայաստանի համար մոդելը հաշվարկում է 8.5 ակնկալվող միավոր, Կիպրոսի համար՝ 7.3, Լատվիայի համար՝ 6.8։

Սիմուլյացիայի համաձայն՝ Հայաստանի՝ խումբը առաջին տեղում ավարտելու հավանականությունը 24.7% է, երկրորդ տեղում՝ 29.4%։ Մոնտենեգրոյի համար առաջին տեղի գնահատականը 48.2% է։

Հավաքականների շանսերն այս խմբում ֆուտբոլային վերլուծությունների և մոդելավորման առաջատար հարթակ Football Meets Data-ն գնահատում է հետևյալ կերպ։

Սրանք ոչ թե մրցաշարի արդյունքի կանխատեսված փաստեր են, այլ վիճակագրական մոդելի հաշվարկներ, որոնք կարող են փոխվել յուրաքանչյուր խաղից հետո։

40 խաղ՝ առանց «չոր» հանդիպման

Հայաստանի հավաքականի համար նոր մրցաշրջանի ամենաակնառու վիճակագրական խնդիրներից մեկը պաշտպանությունն է։ Թիմը արդեն 40 անընդմեջ խաղ չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը։ Վերջին «չոր» հանդիպումն հավաքականը անցկացրել է 2022 թվականի հունիսին, երբ Երևանում Ազգերի լիգայի խաղում Հայաստանը 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիային։

Այս մրցաշրջանի մեկնարկը լրացուցիչ բարդացնում է նաև խաղացանկը․ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը՝ ընդամենը 11 օրում, Հայաստանը չորս հանդիպում է անցկացնելու։

Մեկնարկից առաջ՝ նաև մեծ թվով վնասվածքներ

Խնդիրը միայն խիտ խաղացանկը չէ։

Եղիշե Մելիքյանի նախնական հայտացուցակն արդեն կազմվել էր մի շարք կորուստներով․ վնասվածքների պատճառով հավաքական չէին հրավիրվել Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Հետագայում վնասվածքներ ստացան նաև Էդգար Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը։ Նրանց փոխարինեցին Խարիտոն Այվազյանն ու Արգիշտի Պետրոսյանը։ Սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ նաև, որ վնասվածքի պատճառով հավաքը լքել է պաշտպան Սերգեյ Մուրադյանը, իսկ ասուլիսի ընթացքում Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ հավաքականին խնդիրների պատճառով չի օգնի նաև Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարի առաջին խաղերին մոտենում է հատկապես պաշտպանական գծում զգալի կորուստներով։

Իսկ հետո Ազգերի լիգան փոխվելու է

2026/27 մրցաշրջանը վերջինն է Ազգերի լիգայի ներկայիս՝ չորս լիգաներով կառուցվածքով։

2028/29-ից ՈՒԵՖԱ-ն մրցաշարը տեղափոխելու է երեք լիգաների համակարգի։ A և B լիգաներում կլինի 18-ական թիմ, իսկ մնացած հավաքականները կմրցեն C լիգայում։ Յուրաքանչյուր լիգան բաժանվելու է երեք խմբի։ A և B լիգաներում խմբերը կլինեն վեցական թիմով, իսկ C լիգայի խմբերից մեկը՝ յոթ թիմով։

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի վեց հանդիպում՝ հինգ տարբեր մրցակիցների դեմ։ Նույն զամբյուղի մեկ թիմի դեմ կլինի երկու հանդիպում՝ տանը և դրսում, իսկ մյուս երկու զամբյուղներից ընտրված չորս թիմերի դեմ՝ մեկական խաղ։ Քառորդ եզրափակիչները, «Չորսի եզրափակիչը» և բարձրացման/նահանջի անցումային խաղերը կպահպանվեն։

Այս փոփոխությունը Հայաստանի այս մրցաշրջանի արդյունքը դարձնում է նաև հաջորդ փուլի համար կարևոր․ 2026/27 Ազգերի լիգայի վերջնական դասակարգման 29–36-րդ տեղերը զբաղեցրած թիմերը 2028/29-ին հայտնվելու են B լիգայում, իսկ ավելի ցածր տեղերում ավարտածները՝ C-ում։

Այսինքն՝ առաջիկա վեց խաղերը միայն հերթական Ազգերի լիգայի խմբային փուլը չեն․ դրանց արդյունքներից կախված է նաև, թե ինչ դիրքից է Հայաստանի հավաքականը մտնելու մրցաշարի ամբողջությամբ վերափոխված հաջորդ շրջանը։

Հեղինակ՝ Դերենիկ Խաչատրյան
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/09/2026