Մեր մասին Էթիկա
Առողջություն

Հիվանդանոցներում հերթեր են․ ապահովագրությունը տեսանելի է դարձրել հետաձգված բուժման պահանջարկը

Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության գործիքով

Առողջապահական ապահովագրության մեկնարկից հետո մարզային հիվանդանոցներում աճել է դիմելիությունը․ բժիշկները դա կապում են տարիներով հետաձգված բուժումների, համակարգի հանդեպ անվստահության և նոր ֆինանսական հնարավորության հետ։

«Մեր մեծերը տարիներով հիվանդ են մնացել, բայց հիմա գալիս են բժիշկների մոտ։ Հիվանդանոցում տեղ, դադար չկա, մահճակալը չազատված՝ նոր հիվանդ է գալիս»։

Գայանե Գասպարյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում խնամում էր 94-ամյա սկեսրոջը։ Վերջինս վիրահատվել էր դեռ դեկտեմբերին՝ մինչև առողջապահական ապահովագրության համակարգի մեկնարկը։ Հիմա, երբ նույն վիրահատությունները փոխհատուցվում են պետության կողմից, տարեց կինը մի փոքր ափսոսանքով ասում է․

«Քիչըմ կձգեի, տղես էդքան փող չէր տա»։

Գայանեն, սակայն, դեռ համակարգի շահառու չէ։ Նա 63 տարեկան է և պետք է ևս երկու տարի սպասի, մինչև տարիքի հիմքով ընդգրկվի ապահովագրության փաթեթում։

«Ռևմատիզմ ունեմ, երիկամներից մեկը հեռացրել են, հոդերս միշտ ուռած են։ Ֆինանսապես չեմ կարող բուժվել։ Մնում է սպասեմ, որ տարիքս համապատասխանի»։

Այսպիսի պատմությունները հիմա սովորական են դարձել Հայաստանի մարզային հիվանդանոցներում։ Առողջապահական ապահովագրության մեկնարկից հետո բուժհաստատությունները բախվել են մի իրականության, որը տարիներ շարունակ պարզապես ամբողջությամբ տեսանելի չէր․ հազարավոր մարդիկ բուժման կարիք ունեին, բայց գումարի բացակայության պատճառով հետաձգում էին բժշկին դիմելը։

Հազարավոր մարդիկ բուժման կարիք ունեին, բայց գումարի բացակայության պատճառով հետաձգում էին բժշկին դիմելը։

Հերթեր՝ հատկապես վիրաբուժական բաժանմունքներում

«Գյումրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանն ասում է՝ հիվանդների աճի սպասում էին, բայց ոչ այս չափով։

Բաժանմունքի վիրահատարանները նախատեսված էին նախկին ծանրաբեռնվածության համար։ Սանիտարական նորմերը պահպանելու դեպքում օրական առավելագույնը երեք վիրահատություն կարելի էր անել։ Հիմա, ըստ նրա, կան օրեր, երբ ստիպված են լինում կատարել մինչև յոթ վիրահատություն։

«Մեր ծավալներն այնքան են մեծացել, որ երկրորդ վիրահատարան ենք սարքում»,- ասում է նա։

Հիվանդանոցներում հերթերն առավել նկատելի են վիրաբուժական և վնասվածքաբանական բաժանմունքներում։ Ազատ մահճակալ գտնելը հաճախ դժվար է դարձել։

Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Խաչիկ Կարապետյանի խոսքով՝ հիմա հիվանդանոց են դիմում մարդիկ, որոնք տարիներով հետաձգել են բուժումը։

«20 տարի շարունակ ցավերով, կաղելով քայլող մարդիկ են գալիս, որոնց վիճակը բարդացած է, ոսկորներն ու օրգանիզմը՝ հյուծված։ Հիմա նույնիսկ 80 տարեկան մարդիկ են գալիս, որ կոնքազդրային հոդի փոխարինում անենք»։

«Գյումրի» բժշկական կենտրոն

Բժիշկներն այստեղ նաև ռիսկ են տեսնում։ Եթե նախկինում վճարովի վիրահատության դեպքում մարդիկ երկար էին մտածում՝ արժե՞ վիրահատվել, թե՞ ոչ, հիմա շատերը շտապում են օգտվել ծրագրից՝ վախենալով, որ այն կարող է երկար չգործել։

«Ինչ եղավ՝ եղավ, բա որ ծրագիրը փակվի» տրամադրությունը, ըստ բժիշկների, բավական տարածված է դարձել։

Բժիշկները ստիպված են բացատրել հետվիրահատական բարդությունների ռիսկերը, բայց հաճախ հիվանդները դա ընկալում են որպես վիրահատությունից «խուսափելու փորձ»։

Մասնագետների պակասը ավելի տեսանելի է դարձել

Հիվանդների աճող հոսքը բացահայտել է նաև տարիներով կուտակված մեկ այլ խնդիր՝ մասնագետների պակասը։

«Գյումրի» ԲԿ-ում, օրինակ, միայն մեկ ռևմատոլոգ կա։ Բժշկական կենտրոնի ղեկավարությունը պատմում է, որ բժիշկը միաժամանակ սպասարկում է և՛ ստացիոնար հիվանդներին, և՛ ամբուլատոր ընդունելություն իրականացնում։

«Ֆիզիկապես չի հասցնում»,- ասում են կենտրոնում։

Մարզային հիվանդանոցներում նեղ մասնագետների պակասը նոր խնդիր չէ, բայց ապահովագրության մեկնարկից հետո այն դարձել է ավելի սուր։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը նշում է, որ տեղյակ է ծանրաբեռնվածության խնդրին և դեռ վերլուծում է իրավիճակը։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք կլինեն մարզեր բժիշկների ուղղորդման կամ լրացուցիչ համալրման ծրագրեր։

Թվերը տպավորիչ են, բայց մեկնաբանության կարիք ունեն

Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը առաջին երեք ամիսների ընթացքում արձանագրել է ավելի քան 39.5 միլիարդ դրամի փոխհատուցում։

Փոխհատուցված Միայն ծառայությունների գծով փոխհատուցումները ունեցել են հետևյալ պատկերը՝

  • 4.8 մլրդ դրամ՝ թերապևտիկ ծառայություններ,
  • 4.3 մլրդ դրամ՝ ախտորոշիչ հետազոտություններ,
  • 2.6 մլրդ դրամ՝ սրտի ստենտավորում,
  • 1.7 մլրդ դրամ՝ կատարակտի վիրահատություններ,
  • 1.1 մլրդ դրամ՝ հեմոդիալիզ,
  • 949 մլն դրամ՝ քիմիաթերապիա։

Սակայն առողջապահական համակարգի որոշ մասնագետներ ասում են՝ այս թվերը պետք է դիտարկել զգուշությամբ։

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ ծառայությունների զգալի մասը նախկինում էլ էր ֆինանսավորվում պետպատվերով։ Օրինակ՝ հեմոդիալիզը, ինֆարկտի դեպքում ստենտավորումը կամ երեխաների մի շարք ծառայություններ վաղուց պետական ֆինանսավորում ունեին։

«Եթե ասում են 68 հազար վիրահատություն է կատարվել, պետք է հասկանալ՝ այդ մարդկանցից քանիսն են իրականում նոր շահառուներ»,- ասում է նա։

Հիմնադրամը, իր հերթին, նշում է, որ տարբերությունն այն է, որ նախկին սահմանափակումները վերացել են, և այժմ հնարավոր է ավելի մեծ թվով հիվանդների սպասարկել։

Բժիշկների եկամուտներն աճել են, բայց փոխհատուցման գները հարցեր են առաջացնում

Համակարգը փոխել է նաև բժիշկների ֆինանսական մոտիվացիան։ Հիվանդանոցներում շատ բժիշկներ ասում են՝ ծանրաբեռնվածությունն աճել է, բայց աճել են նաև եկամուտները։

Սակայն այստեղ ևս խնդիրներ կան։ Որոշ ծառայություններ, ըստ բժիշկների, թերագնահատված են, մյուսները՝ ավելի բարձր են փոխհատուցվում։

Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ ընդհանուր վիրաբուժության գները ցածր են, մինչդեռ որոշ այլ ուղղություններում փոխհատուցումը շուկայականից բարձր է։

Միևնույն ժամանակ, հատկապես Երևանում, հիվանդները երբեմն բախվում են հավելյալ վճարների պահանջների։ Հիմնադրամը նշում է՝ եթե ծառայության համար օրենքով համավճար նախատեսված չէ, բուժհաստատությունը հավելյալ գումար պահանջելու իրավունք չունի։

Համակարգը օգնում է ոչ միայն հիվանդին, այլ ամբողջ ընտանիքին

Բավրայից Սեյրան Սումբուլյանի 85-ամյա հորը հիվանդանոց էին տեղափոխել ոտքի կոտրվածքով։ Վիրահատությունն ընտանիքի համար կարող էր ծանր ֆինանսական բեռ դառնալ։

«Եթե այդ 300 հազար դրամը չունենաս, ստիպված պետք է անասուն վաճառես կամ վարկ վերցնես։ Իսկ գյուղում էդ անասունը ամբողջ ընտանիքի ապրուստն է»։

Նրա խոսքով՝ համակարգի ամենամեծ ազդեցությունն այն է, որ հիվանդության պատճառով ընտանիքը չի հայտնվում ֆինանսական կոլապսի մեջ։

Օրական շուրջ 2000 զանգ և դեռ չհասկացված համակարգ

Հիմնադրամի տվյալներով՝ առաջին 100 օրերի ընթացքում գրանցվել է մոտ 179 հազար զանգ։ Օրական միջինում՝ շուրջ 2000։

Զանգում են հիվանդները, բժիշկները, դեղատները։ Հարցերը շատ են՝ ով է շահառու, որ ծառայություններն են անվճար, ինչն է համավճարով, ինչու են հերթերը մեծացել։

Հիվանդանոցները դեռ հարմարվում են համակարգին, իսկ քաղաքացիների մի մասը շարունակում է թերահավատ մնալ դրա շարունակականության հարցում։

Գլխավոր հարցը՝ որքան կբավականացնի բյուջեն

2026 թ-ի համար Առողջապահության նախարարությանը հատկացվել է շուրջ 211 մլրդ դրամ բյուջե, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 45 մլրդ դրամով։ Այս ավելացումը, ինչպես նաև պահուստային ֆոնդից հատկացված լրացուցիչ 2,5 մլրդ դրամը նախատեսված էին հենց ԱՀԱ համակարգի մեկնարկի համար: Սակայն գործարկման առաջին 100 օրվա արդյունքներով՝ փաստացի փոխհատուցումների ծավալն արդեն կազմել է 39,5 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ համակարգի ներդրման համար մոբիլիզացված լրացուցիչ միջոցների շուրջ 83%-ն արդեն սպառվել է գործունեության հենց առաջին երեք ամիսների ընթացքում։

Այս թվերը ցույց են տալիս, որ համակարգը ոչ միայն մեծացրել է բուժօգնության հասանելիությունը, այլ նաև բացել է տարիներով կուտակված պահանջարկը։ Այն քաղաքացիները, որոնք նախկինում ֆինանսական պատճառներով հետաձգել էին բուժումը, հիմա ավելի ակտիվ են օգտվում ծառայություններից։

Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ կտրուկ աճը կարող է մասամբ պայմանավորված լինել հենց մեկնարկային փուլով․ շահառուները փորձում են արագ օգտվել նոր հնարավորությունից, հատկապես երկար տարիներով հետաձգված բուժումների դեպքում։

Այդ պատճառով ներկայիս ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ, որ երկարաժամկետ նույն տեմպով պահպանվի։ Բայց արդեն պարզ է, որ համակարգը փոխել է բժշկական օգնության դիմելիության ծավալները, իսկ հիվանդանոցներն ու պետությունը դեռ փորձում են հարմարվել այդ նոր իրականությանը։

2027 թվականից համակարգում նախատեսվում է ներառել նաև նոր խմբեր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներից մեկին, տաքսու վարորդներին, կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին և փախստականներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին՝ մինչև 26 տարեկանը։

Սակայն գլխավոր հարցը մնում է նույնը․ որքան ժամանակ պետությունը կկարողանա պահպանել այս ծավալների ֆինանսավորումը, և արդյոք առողջապահական համակարգը կհասցնի հարմարվել աճող պահանջարկին։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։  

Այլ նյութեր այս շարքից՝ Հավասարություն և թափանցիկություն առողջապահության համակարգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/05/2026