Նախընտրական ծրագիրը բացի խոստումների ցանկ լինելուց ենթադրում է նաև տնտեսական ու կառավարման մոդելների նկարագրություն, որով քաղաքական ուժն առաջարկում է լուծել երկրի հիմնական խնդիրները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագիրը ներկայացված է որպես «Տնտեսության արմատական զարգացման և աղքատության հաղթահարման ծրագիր»։ Այս ձևակերպումն արդեն ցույց է տալիս, որ դաշինքի հիմնական քաղաքական ասելիքը կառուցված է ոչ միայն կառավարման փոփոխության, այլ տնտեսության կառուցվածքային վերափոխման շուրջ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը բաղկացած է «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններից։
Ծրագրի առանցքում երեք հիմնական շեշտադրում է՝ արտադրական տնտեսություն, զանգվածային զբաղվածություն և աղքատության հաղթահարում աշխատանքի ու բարձր արտադրողականության միջոցով։
Տնտեսություն և արտադրական թիրախներ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագրի գլխավոր շեշտադրումը տնտեսության արտադրական վերակառուցումն է։ Դաշինքը տնտեսական աճը կապում է ոչ միայն սպառման, ծառայությունների կամ սոցիալական աջակցության հետ, այլ նաև մշակող արդյունաբերության, արտահանման և բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծման հետ։
Ծրագրում առանցքային է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է դառնա ավելի արտադրող և արտահանող տնտեսություն ունեցող երկիր։ Այդ նպատակով շեշտը դրվում է մշակող արդյունաբերության զարգացման, արտադրանքի բարդության բարձրացման, նոր շուկաներ դուրս գալու և տեղական արտադրական շղթաների ընդլայնման վրա։
Ավելի քան 300 հազար աշխատատեղ
Ծրագրի ամենահնչեղ խոստումներից մեկն ավելի քան 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումն է։
Դաշինքի հաշվարկով՝ առաջնային խթանը պետք է գա մշակող արդյունաբերությունից, որտեղ նախատեսվում է շուրջ 45 հազար աշխատատեղ։ Դրան պետք է գումարվեն հարակից ճյուղերում ստեղծվող աշխատատեղերը՝ ծառայություններում, լոգիստիկայում, մասնագիտական ծառայություններում և այլ ոլորտներում։ Ծրագրում առանձնացվում է նաև գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնումը։
Այս խոստումը ծրագրի ամենահավակնոտ հատվածներից է։ Մի կողմից՝ այն տալիս է չափելի թիրախ, մյուս կողմից՝ առաջացնում է մի շարք հարցեր․ ինչ ներդրումներով, ինչ ժամկետներում, ինչ աշխատուժով և ինչ արտահանման շուկաների հաշվին է հնարավոր նման մասշտաբի զբաղվածության աճ ապահովել։
Աղքատության հաղթահարում՝ աշխատանքի միջոցով
Դաշինքի ծրագրով՝ աղքատության նվազեցման հիմնական ճանապարհը բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծումն է։ Այսինքն՝ եթե տնտեսությունը ստեղծում է ավելի բարդ և ավելի բարձր արժեք ունեցող արտադրանք, ապա աշխատաշուկան էլ պետք է առաջարկի ավելի բարձր վարձատրվող աշխատանք։
Այս տրամաբանությամբ սոցիալական քաղաքականությունը ծրագրում անջատված չէ տնտեսությունից։ Աղքատության հաղթահարումը կապվում է աշխատատեղերի, կրթության, արտադրության և արտահանման հետ։
Կրթություն և աշխատուժի պատրաստում
Ծրագրում կրթությունը ներկայացվում է որպես տնտեսական զարգացման նախապայման։ Եթե երկիրը պետք է զարգացնի մշակող արդյունաբերությունը, ապա պետք է ունենա նաև այդ ոլորտին համապատասխան մասնագետներ։
Դաշինքը շեշտում է մասնագիտական կրթության, վերապատրաստման, գործատուների ներգրավման և աշխատաշուկային համապատասխան հմտությունների ձևավորման անհրաժեշտությունը։
Այս մոտեցմամբ կրթությունը դիտվում է ոչ միայն որպես հանրային ծառայություն, այլ նաև որպես արտադրական տնտեսության համար աշխատուժ պատրաստելու գործիք։
Էներգետիկա, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ
Ծրագրում տնտեսության վերափոխումը կապվում է նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների հետ։
Կայուն, բավարար և մրցունակ էներգետիկ համակարգը ներկայացվում է որպես արտադրական տնտեսության հիմնական պայմաններից մեկը։
Գյուղատնտեսության մասում շեշտը դրված է ոչ միայն հողի մշակման կամ գյուղական զբաղվածության վրա, այլ նաև վերամշակման, արդյունավետության, տեխնոլոգիականացման և արտահանման վրա։ Այս մոտեցմամբ գյուղատնտեսությունը ծրագրում ներկայացվում է որպես արտադրական շղթայի մաս։
Էներգետիկայի թեման այս ուժի դեպքում լրացուցիչ համատեքստ ունի նաև այն պատճառով, որ դաշինքի հետ կապվող առանցքային գործիչ Սամվել Կարապետյանի բիզնես ակտիվների շարքում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Հետևաբար ընտրողները հնարավորություն ունեն ոչ միայն գնահատելու ծրագրում ներկայացված էներգետիկ խոստումները, այլ նաև դրանք համադրելու այն կառավարման փորձի հետ, որը հանրությանը հայտնի է ՀԷՑ-ի գործունեությունից։
Պետական կառավարում և արտաքին քաղաքականություն
Դաշինքի ծրագիրը տնտեսական զարգացումը կապում է նաև պետական կառավարման արդյունավետության և դատաիրավական համակարգի հետ։ Տնտեսական վերափոխման համար, ըստ ծրագրի տրամաբանության, անհրաժեշտ է կանխատեսելի պետական քաղաքականություն, վստահելի դատարաններ և արդյունավետ կառավարում։
Արտաքին քաղաքականության մասում շեշտը դրվում է ինքնիշխանության, ազգային շահի, անվտանգության և բազմավեկտոր հարաբերությունների վրա։ Այս բաժինը լրացնում է ծրագրի տնտեսական տրամաբանությունը, ուժեղ տնտեսությունը դիտարկվում է որպես ուժեղ պետության հիմք։
Ովքեր են ներկայացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքը
Ծրագրային խոստումներից բացի, կարևոր է հասկանալ նաև, թե ինչ կազմով է դաշինքը գնում ընտրությունների։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում կա 198 թեկնածու։
Թեկնածուների 34.8%-ը կին է, 65.2%-ը՝ տղամարդ։ Տարիքային առումով դաշինքի ցուցակի միջին տարիքը 42.6 տարեկանն է։ Ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են, ամենատարեց թեկնածուն՝ 80 տարեկան։
Ըստ ընտրացուցակում նշված զբաղվածության տվյալների՝ թեկնածուների 75.8%-ը աշխատում է, իսկ 24.2%-ը չի աշխատում։
Դաշինքի ցուցակում տղամարդիկ գերակշռում են, թեև գենդերային քվոտան պահպանված է։
Ով չկա ցուցակում, բայց առանցքային դեր ունի
Թեև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում Սամվել Կարապետյանի անունը չկա, քաղաքական դաշտում դաշինքը կապվում է հենց նրա անվան հետ։
Կարապետյանը «Տաշիր գրուպի» հիմնադիրն է։ Forbes-ի գնահատմամբ՝ 2026 թ․-ին նրա կարողությունը կազմել է շուրջ 4.1 միլիարդ դոլար։ Forbes-ը «Տաշիրը գրուպը» ներկայացնում է որպես բազմաճյուղ ընկերություն, որի գործունեությունը ներառում է անշարժ գույքի առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտները, իսկ տարեկան շրջանառությունը գնահատվում է մոտ 2.8 միլիարդ դոլար։
Նրա ընտանիքի անդամներից մի քանիսը՝ այդ թվում Նարեկ Կարապետյանը (ընտրացուցակի 1-ին համարը), ընդգրկված են դաշինքի ընտրացուցակում։
Թեպետ հանրային քննարկումներում Սամվել Կարապետյանը ներկայացվում է որպես դաշինքի քաղաքական հենասյուներից մեկը, պաշտոնապես նա չի մասնակցում ընտրություններին որպես թեկնածու, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին պատգամավորի կամ վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։ Գործող սահմանադրական կարգավորումները պահանջում են, որ վարչապետի և պատգամավորի թեկնածուն լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Թեկնածուների հայտարարագրերը
Համաձայն թեկնածուների հայտարարագրերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների հանրագումարային ունեցվածքը ներառում է զգալի ֆինանսական և գույքային ռեսուրս։
Բոլոր արժույթները դրամի փոխարկելուց հետո թեկնածուների հայտարարագրված եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3.19 մլրդ դրամ։
- Հայտարարագրված եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 3.19 մլրդ դրամ,
- Դրամական միջոցների ընդհանուր ծավալը, նույն փոխարկմամբ, կազմում է մոտ 5.82 մլրդ դրամ,
- Դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 5.82 մլրդ դրամ:
Փոխարկման համար կիրառվել են հետևյալ պայմանական փոխարժեքները՝ 1 ԱՄՆ դոլար՝ 378 դրամ, 1 եվրո՝ 437 դրամ, 1 ռուբլի՝ 4.75 դրամ, 1 շվեյցարական ֆրանկ՝ 472 դրամ, 1 բրիտանական ֆունտ՝ 507 դրամ, 1 լարի՝ 140 դրամ։
Թեկնածուները միասին հայտարարագրել են 551 անշարժ և 218 շարժական գույք։
198 թեկնածուներից 63-ը շարժական գույք չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, 47 թեկնածու հայտարարագրել է մեկից ավելի շարժական գույք։ Այսինքն՝ թեկնածուների մի զգալի մասը որևէ մեքենա կամ այլ փոխադրամիջոց չի հայտարարագրել, մինչդեռ մյուս խումբը հայտարարագրել է մեկից ավելի շարժական գույք։
Անշարժ գույքի մասով ևս կան զգալի տարբերություններ։ Ընդհանուր 551 անշարժ գույքը բաշխված է ոչ համաչափ։ 41 թեկնածու անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ 106 թեկնածու հայտարարագրել է մեկից ավելի անշարժ գույք։
Անշարժ գույքի քանակով առանձնանում են Վրույր Այվազյանը և Մհեր Տոնոյանը՝ 19-ական միավորով։ Անուշավան Մանուչարյանը հայտարարագրել է 18 անշարժ գույք, Արման Ավետիսյանը՝ 15, Նարեկ Կարապետյանը՝ 14, Հովհաննես Եգանյանը՝ 13 միավոր։ Երկնիշ թվով անշարժ գույք են հայտարարագրել նաև Արմեն Ղազարյանը, Էդգար Ղազարյանը, Արկադի Թամազյանը և Արման Պողոսյանը։
Շարժական գույքի քանակով առավել առանձնանում է Հայկ Ավագյանը՝ 13 միավորով։ Արման Պողոսյանը և Գագիկ Այվազյանը հայտարարագրել են 6-ական շարժական գույք, Վահե Թավաքալյանը՝ 5, իսկ Դավիթ Ղազինյանը, Արգիշտի Դարբինյանը, Հայկ Վարդանյանը, Վահե Պետրոսյանը և Նարեկ Լաչինյանը՝ 4-ական։
Գույքի քանակի տվյալները պետք է կարդալ որոշ վերապահումով․ հայտարարագրերում մեկ բնակարանը, մեկ հողամասը կամ մեկ այլ անշարժ գույք նույն «մեկ միավորն» են համարվում, թեև դրանց արժեքները կարող են էապես տարբերվել։ Նույնը վերաբերում է նաև շարժական գույքին։
Ովքեր են աչքի ընկնում հայտարարագրերով
Եկամուտների, դրամական միջոցների և գույքի քանակի համադրությունը թույլ է տալիս առանձնացնել այն թեկնածուներին, որոնք աչքի են ընկնում իրենց հայտարարագրերով։
Հայտարարագրված եկամուտների ծավալով առանձնանում են Հայկ Վարդանյանը՝ շուրջ 184.4 մլն դրամ, Էդգար Ասատրյանը՝ շուրջ 175.8 մլն դրամ, Արամ Վարդևանյանը՝ շուրջ 164 մլն դրամ, Գոհար Սահակյանը՝ շուրջ 145.8 մլն դրամ, Սոնա Սարդարյանը՝ շուրջ 136.5 մլն դրամ։
Դրամական միջոցների մասով առավել աչքի է ընկնում Նարեկ Կարապետյանը, որի հայտարարագրած դրամական միջոցները դրամային համարժեքով գերազանցում են 1.6 մլրդ դրամը։ Մեծ ծավալի դրամական միջոցներով առանձնանում են նաև Մարիամ Կարապետյանը, Դավիթ Ղազինյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Դանիելյանը, Տիգրան Սարդարյանը և Գագիկ Այվազյանը։
Գույքային մասով պատկերը նույնպես անհավասար է։ Անշարժ գույքի քանակով առաջատար են Վրույր Այվազյանը և Մհեր Տոնոյանը, իսկ շարժական գույքի քանակով՝ Հայկ Ավագյանը։
Այս տվյալները չեն բացատրում ծրագրային խոստումների իրատեսականությունը, բայց լրացնում են ընդհանուր պատկերը։ Մի կողմից տեսնում ենք, թե ինչ է առաջարկում դաշինքը ծրագրային մակարդակում, մյուս կողմից՝ ինչ կազմով և ինչ հայտարարագրված ռեսուրսներով է այն ներկայանում ընտրողին։
Ինչ հարցեր են մնում բաց
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագիրը ամենաշատը խոսում է տնտեսության վերակառուցման մասին։ Նրա ուժեղ կողմը թվային և կառուցվածքային տնտեսական տեսլականի առկայությունն է։ Ծրագիրը փորձում է նկարագրել, թե ինչպիսի տնտեսություն է պատկերացնում՝ արտադրող, արտահանող և բարձր արտադրողականությամբ աշխատատեղեր ստեղծող Հայաստան։
Միևնույն ժամանակ, ծրագրի շուրջ մնում են մի քանի առանցքային հարցեր։
- Առաջինը՝ որքանո՞վ է իրատեսական ավելի քան 300 հազար նոր աշխատատեղի թիրախը Հայաստանի աշխատաշուկայի ներկայիս ծավալի և ժողովրդագրական միտումների պայմաններում։
- Որտեղի՞ց պետք է գան այդ ծավալի ներդրումները մշակող արդյունաբերության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մասնագիտական կրթության համար։
- Ինչ շուկաների համար պետք է արտադրի Հայաստանը, և ինչ մրցակցային առավելություն պետք է ունենա այդ արտադրանքը։
- Արդյո՞ք պետական կառավարման և դատաիրավական համակարգը կարող են ապահովել այն կանխատեսելիությունը, որը պահանջում է նման արդյունաբերական վերափոխումը։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/06/2026









