Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններ․ ընտրողների թիվը նվազել է 16%-ով

Սեպտեմբերի 27-ին մեկնարկում են Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրությունները։ 41 համայնքներում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին, նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին։

Առաջին փուլում քվեարկություն կանցկացվի սեպտեմբերի 27-ին չորս համայնքում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում։ Թումանյանում ընտրություններն անցկացվելու են համամասնական, մյուս երեք համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ ՆԳՆ-ն արդեն հրապարակել է այս ընտրությունների վերջնական ընտրացուցակները։

Չորս համայնքներում մրցակցային պատկերը տարբեր է։ Թումանյանում ընտրական ցուցակ է առաջադրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը», Լերմոնտովոյում համայնքապետի մեկ թեկնածու կա, իսկ Արզնիում ու Ֆերիկում համայնքապետ չեն ընտրելու, միայն ավագանիներ են ձևավորվելու։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է սեպտեմբերի 27-ի ընտրությունների մասնակիցների կազմն ու կուսակցական պատկանելությունը՝ համեմատելով դրանք նախորդ` 2021թ․ ՏԻՄ ընտրությունների հետ։ Համադրության մեջ ներառվել են նաև 2026 թ․ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները՝ ներկայացնելու համայնքների քաղաքական պատկերը։

Ընտրողների հրապարակված թիվը նվազել է 1323-ով կամ 16%-ով

ՆԳՆ-ի հուլիսի 21-ին հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ չորս համայնքներում ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 8272։ Սակայն նույն աղբյուրի սեպտեմբերի 14-ի թարմացված տվյալների համաձայն՝ վերջնական ընտրացուցակն ընդգրկում է 6949 ընտրող, այդ թվում՝ Թումանյանում՝ 4198, Արզնիում՝ 1979, Լերմոնտովոյում՝ 609, Ֆերիկում՝ 163 ընտրող։

Համայնք Ընտրողների թիվը հուլիսի 21-ին Ընտրողների թիվը սեպտեմբերի 14-ին Փոփոխություն
Թումանյան 4 953 4 198 −755 / −15.2%
Արզնի 2 344 1 979 −365 / −15.6%
Լերմոնտովո 725 609 −116 / −16.0%
Ֆերիկ 250 163 −87 / −34.8%
Ընդամենը 8 272 6 949 −1 323 / −16.0%

Ընտրողների թվի վերաբերյալ երկու հրապարակումների միջև՝ օգոստոսի 25-ին, ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որով նոր պայման է սահմանվել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացին, համայնքում առնվազն վեց ամիս հաշվառում ունենալուց բացի, պետք է նաև քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրից առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։

Սակայն հրապարակված տվյալները չեն հստակեցնում, թե ընտրողների թվի նվազման 1323 դեպքից քանիսն են կապված նոր պահանջի կիրառման հետ։ Ընտրողների ցուցակները կարող են փոփոխվել նաև այլ հիմքերով։ Հետևաբար, նվազումը միայն օրենսդրական փոփոխությանը վերագրելը հիմնավորված չի լինի։

Ընտրելու իրավունքը ՀՀ-ում․ ինչ փոխվեց 2026-ի ԱԺ ընտրություններից հետո, և ում կարող են վերաբերել սահմանափակումները

Ինչու են չորս համայնքներում ընտրություններն անցկացվելու տարբեր ընտրակարգերով

Սեպտեմբերի 27-ին ընտրություններ անցկացնող չորս համայնքներից միայն Թումանյանում են ընտրողները քվեարկելու համամասնական ընտրակարգով, այսինքն քաղաքական ուժի ներկայացրած ցուցակի օգտին։ Մյուս երեք համայնքներում՝ Լերմոնտովոյում, Արզնիում և Ֆերիկում, ընտրությունը կանցկացվի մեծամասնական ընտրակարգով, և բնակիչները կքվեարկեն անհատ թեկնածուների օգտին։

Տարբերությունը պայմանավորված է Ընտրական օրենսգրքի 104.1-րդ հոդվածով, որի համաձայն՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

Թումանյանում ընտրողները ձևավորելու են ավագանի, որն այնուհետև ընտրելու է համայնքի ղեկավարին։ Լերմոնտովոյում բնակիչներն ընտրելու և՛ համայնքի ղեկավար, և՛ ավագանի, իսկ Արզնիում ու Ֆերիկում այս անգամ ընտրվելու են միայն ավագանու անդամներ։

Թումանյան․ նախկինում ՔՊ-ին հաղթած համայնքապետն այժմ գլխավորում է ՔՊ-ի ցուցակը

Սեպտեմբերի 27-ի ընտրություններին Թումանյանում մասնակցելու է միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կուսակցության 41 թեկնածուներից կազմված ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։ Ընտրությունների արդյունքում ձևավորվելու է 15-հոգանոց ավագանի։

Նախորդ՝ 2021 թ-ի ընտրություններում Սուրեն Թումանյանը գլխավորում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը։ Այդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ստացած ձայների տարբերությունն ընդամենը 56 էր։

«Հանրապետությունը» ստացել էր 1743 ձայն՝ 50,77%, իսկ ՔՊ-ն՝ 1687 ձայն՝ 49,14%։ Արդյունքում առաջինը ստացել էր ավագանու 8, երկրորդը՝ 7 մանդատ։ Նորընտիր ավագանին համայնքի ղեկավար էր ընտրել «Հանրապետության» ցուցակը գլխավորող Սուրեն Թումանյանին։

Factor TV-ի հետ զրույցում Թումանյանը հաստատել է, որ դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից և այժմ ՔՊ անդամ է։ Կուսակցական պատկանելությունը փոխելու պատճառների վերաբերյալ հստակ բացատրություն չի ներկայացրել՝ նշելով, որ խնդրահարույց հանգամանք չի եղել։


Ի դեպ, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում, Թումանյան համայնքում ՔՊ-ն ստացել էր ձայների մոտ 59%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ մոտ 26%-ը։ Չնայած խորհրդարանական ընտրություններում այլ քաղաքական ուժերին տրված ձայներին՝ սեպտեմբերի 27-ի համայնքային ընտրություններին ՔՊ-ից բացի որևէ կուսակցություն կամ դաշինք ցուցակ չի առաջադրել։

Այսպիսով՝ Թումանյանում փոխվել է ոչ միայն ընտրություններին մասնակցող ուժերի թիվը, այլև նախորդ ընտրություններում ՔՊ-ին հաղթած համայնքապետի կուսակցական պատկանելությունը։


Լերմոնտովո․ համայնքապետի ընտրությանը մասնակցում է միայն գործող ղեկավարը

Լերմոնտովոյում սեպտեմբերի 27-ին ընտրողները քվեարկելու են առանձին՝ համայնքի ղեկավարի և հինգ հոգանոց ավագանու ընտրություններում։

Համայնքապետի միակ թեկնածուն գործող ղեկավար, անկուսակցական Էդիկ Չախալյանն է, որը Լերմոնտովոն ղեկավարում է 1997 թվականից։

Ավագանու հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու։

Նախորդ՝ 2021 թ-ի համայնքապետի ընտրություններում երկու թեկնածու էր մասնակցում։ Չախալյանը ստացել էր 167 ձայն, իսկ նրա մրցակից Ռաֆիկ Խառատյանը՝ 17։ Արդյունքում Չախալյանը վերընտրվել էր։

Այս անգամ համայնքապետի ընտրությունում այլ թեկնածու չկա։


Ի դեպ, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում Լերմոնտովոն այս չորս համայնքներից միակն էր, որտեղ ՔՊ-ն առաջինը չէր։ «Ուժեղ Հայաստանը» ստացել էր 112 ձայն՝ 43.08%, ՔՊ-ն՝ 84՝ 32.31%, «Հայաստան» դաշինքը՝ 39՝ 15%։

ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր 685 ընտրողից 266-ը՝ 38.83%։

«Ուժեղ Հայաստանը» առաջին տեղն էր զբաղեցրել Հայաստանի հինգ համայնքում, որոնք բոլորն էլ Լոռու մարզում՝ ներառյալ Լերմոնտովոն։


Սեպտեմբերի 27-ի համայնքապետի ընտրություններում, սակայն, խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից որևէ մեկը թեկնածու չի առաջադրել։ Միակ թեկնածուն անկուսակցական գործող համայնքապետն է։

ԱԺ և ՏԻՄ ընտրությունները տարբեր են, ուստի այս տվյալների համադրությունը չի ենթադրում, որ խորհրդարանական ընտրության արդյունքից պետք է բխեր ՏԻՄ ընտրության մասնակիցների կազմը։ Այն պարզապես ցույց է տալիս համապետական կուսակցական քվեի և տեղական ընտրական առաջարկի տարբերությունը։

Արզնի․ 17 թեկնածու՝ ավագանու ինը տեղի համար

Սեպտեմբերի 27-ին Արզնիում համայնքապետի ընտրություն չի անցկացվելու։ Համայնքի բնակիչներն ընտրելու են ինը հոգանոց ավագանի, որի կազմում ընդգրկվելու համար ինքնառաջադրվել է 17 թեկնածու։
Համայնքի ղեկավարի վերջին ընտրությունն անցկացվել է 2023 թ-ին։ Այն ժամանակ մասնակցել էր հինգ թեկնածու։

Առավել շատ՝ 372 ձայն ստացել և համայնքապետ էր ընտրվել Ֆելիքս Միրզոևը։ Ալեքսանդր Միրզոևը ստացել էր 292, Վարդան Ավագյանը՝ 236, Էմիլ Իվանովը՝ 113, իսկ Կորյուն Չոբանյանը՝ 103 ձայն։


Ի դեպ, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում Արզնիի երկու տեղամասերում ՔՊ-ն ստացել էր 538 ձայն՝ մոտ 41,5%, «Ուժեղ Հայաստանը»՝ 352 ձայն՝ 27,1%, «Հայաստան» դաշինքը՝ 220 ձայն՝ 17%, իսկ ԲՀԿ-ն՝ 93 ձայն՝ 7,2%։


Այս անգամ, սակայն, Արզնիի ընտրողներն ընտրելու են ոչ թե կուսակցական ցուցակներից, այլ անհատ թեկնածուներից։

Հետևաբար, խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ստացած ձայներն ուղղակիորեն համեմատելի չեն ավագանու առաջիկա ընտրության թեկնածուների հնարավոր աջակցության հետ։

Արզնիի ընտրության առանձնահատկությունը նաև այն է, որ ավագանու ինը տեղի համար առաջադրված 17 թեկնածուների առկայությունը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել տարբեր անհատների միջև։

Ֆերիկ․ վեց թեկնածու՝ հինգ տեղի համար

Ֆերիկում նույնպես համայնքապետի ընտրություն նախատեսված չէ։ Ընտրվելու է հինգ հոգանոց ավագանի, որի կազմում ընդգրկվելու համար ինքնառաջադրվել է վեց թեկնածու։

Գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանն ընտրվել է 2024 թ-ի հոկտեմբերի 20-ին։ Այդ ժամանակ համայնքի 263 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 91-ը, որոնցից 88-ը քվեարկել էր Հասանյանի օգտին։


Ի դեպ, hունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Ֆերիկում գործել է մեկ ընտրատեղամաս։ Քվեարկությանը մասնակցել էր 128 մարդ։ Վավեր 125 քվեներից 87-ը՝ 69,6%-ը, տրվել էր ՔՊ-ին։ «Ուժեղ Հայաստանը» ստացել էր 22, «Հայաստան» դաշինքը՝ 10, ԲՀԿ-ն՝ 4 ձայն։


Սեպտեմբերի 27-ին համայնքի բնակիչները, սակայն, ընտրելու են ոչ թե կուսակցական ցուցակներից, այլ ավագանու անդամի վեց թեկնածուներից։

Ֆերիկի տվյալներն առանձնանում են նաև ընտրողների ցուցակներում արձանագրված փոփոխությամբ։ Հուլիսի 21-ին հրապարակված 250 ընտրողի փոխարեն սեպտեմբերի 14-ի տվյալներում ընդգրկված էր 163 ընտրող՝ 34,8%-ով պակաս։

Չնայած չորս համայնքներից Ֆերիկում է արձանագրվել ընտրողների թվի ամենամեծ հարաբերական նվազումը, առկա տվյալները բավարար չեն պարզելու համար դրա կոնկրետ պատճառները։

Ովքեր են հետևելու ընտրություններին

Սեպտեմբերի 27-ի ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է 11 լրատվամիջոց՝ ընդհանուր 68 ներկայացուցչով։

Ընտրությունները դիտարկելու են երեք տեղական դիտորդական առաքելություններ՝ «Ականատեսը»՝ 7, «Անկախ դիտորդը»՝ 30 և «Ազատ քվեն»՝ 8 ներկայացուցչով։ Ընդհանուր առմամբ հավատարմագրվել է 45 դիտորդ։

Միաժամանակ, հարկ է նկատի նշել, որ հավատարմագրված ներկայացուցիչների թիվը դեռ չի նշանակում, որ նրանք հավասարաչափ ներկա են լինելու բոլոր չորս համայնքներում կամ ընտրատեղամասերում։

ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլերը՝ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին

Սեպտեմբերի 27-ից հետո ՏԻՄ հաջորդ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին՝ 21 համայնքում։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվելու են համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։ Մեծամասնական ընտրակարգով քվեարկություն է նախատեսված Ֆիոլետովոյում և Շամիրամում։

Նոյեմբերի 29-ին ընտրություններ են նշանակված ևս 12 համայնքում՝ Աշտարակում, Ապարանում, Բաղրամյանում, Մեծամորում, Սևանում, Սպիտակում, Ամասիայում, Աշոցքում, Կապանում, Նոյեմբերյանում համամասնական ընտրակարգով, Արևուտում և Մեծաձորում՝ մեծամասնական։

Դեկտեմբերի 13-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն չորս համայնքում՝ Արարատի մարզի Մասիսում և Կոտայքի մարզի Աբովյանում, Նաիրիում և Նոր Հաճընում։

Պատրաստեց Կարինե Դարբինյանը
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/09/2026