Նախընտրական ծրագրերը ցույց են տալիս ոչ միայն պետության զարգացման ուղենիշները, այլև արտացոլում են, թե ինչպես են փոխվում կառավարության ռեսուրսներն ու ակնկալիքները ժամանակի ընթացքում։ Համեմատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 և 2026 թվականների նախընտրական ծրագրերը՝ կարող ենք արձանագրել նպատակակետերի և ժամկետների էական վերանայումներ թե՛ մակրոտնտեսական, թե՛ ենթակառուցվածքային, և թե՛ քաղաքական-անվտանգային ոլորտներում։
Տնտեսություն և ներդրումային թիրախներ
Տնտեսական աճի և սոցիալական բարեկեցության խոստումները 5 տարվա ընթացքում ենթարկվել են նկատելի խմբագրման և նշաձողի իջեցման։ Եթե 2021 թ-ի ծրագրով իշխող կուսակցությունը նպատակադրել էր ապահովել տարեկան միջինը 7 տոկոս, իսկ բարենպաստ արտաքին պայմաններում՝ մինչև 9 տոկոս տնտեսական աճ, ապա 2026 թ-ի ծրագրում այս թիրախը սահմանվել է միջինում առնվազն 6 տոկոսի շրջանակում։
Խոստանում են միջինում 6 տոկոս տնտեսական աճ
Սոցիալական ոլորտում ևս ակնկալիքներն ավելի զգույշ են դարձել։ 2021-ին խոստանում էին աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի, մինչդեռ նոր ծրագրով նախատեսվում է այն կրճատել 5 տոկոսային կետով։
Աղքատության մակարդակի 5 տոկոս նվազեցում
Էական էվոլյուցիա է ապրել նաև ներդրումների ներգրավման քաղաքականությունը։ Հին ծրագրում սահմանված էին հստակ մակրոտնտեսական ցուցանիշներ։ Նախատեսվում էր, որ ընդհանուր ներդրումները պետք է կազմեն ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 6 տոկոսը։ Նոր ծրագրում նմանատիպ տոկոսային հարաբերակցություններ այլևս չկան։ Դրանց փոխարեն շեշտը դրված է կոնկրետ կապիտալ մեգանախագծերի վրա, ինչպիսիք են տարածաշրջանային ապաշրջափակմանն ուղղված «Թրամփի ուղի» (TRIPP) միջազգային ներդրումային նախագիծը և մայրաքաղաքում պլանավորվող «Դաունթաուն Երևան» քաղաքաշինական ծրագիրը։
Ովքեր են ներկայացնում նոր խոստումները
Ծրագրային փոփոխություններից բացի, կարևոր է նաև հասկանալ, թե ինչ կազմով է «Քաղաքացիական պայմանագիրը» գնում 2026-ի ընտրություններին։ Նախընտրական ծրագիրը խոստումների փաստաթուղթ է, իսկ ընտրական ցուցակը՝ այդ խոստումները ներկայացնող քաղաքական թիմի պատկերը։
Այդ պատճառով «Ամփոփ Մեդիան» առանձնացրել է նաև ՔՊ թեկնածուների կազմի և հայտարարագրերի հիմնական տվյալները։
ՔՊ-ի ցուցակում ներառված է 291 թեկնածու։ Ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Անահիտ Ավանեսյանը։
Թեկնածուների 36%-ը կին է, 64%-ը՝ տղամարդ, ինչը ցույց է տալիս, որ կանանց ներկայացվածությունը բավարարում է ընտրական ցուցակներում պահանջվող գենդերային հավասարակշռության պահանջը։ Միջին տարիքը 41-ն է, ամենաերիտասարդ թեկնածուն 25 տարեկան է, ամենատարեցը՝ 81։ Ըստ ընտրացուցակներում նշված զբաղվածության տվյալների՝ թեկնածուների մեծ մասն աշխատում է։
Ըստ թեկնածուների հայտարարագրերի ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների հանրագումարային ունեցվածքը ներառում է զգալի ֆինանսական և գույքային ռեսուրս։
Արտարժույթները դրամի փոխարկելուց հետո թեկնածուների հայտարարագրած եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 6.6 մլրդ դրամ, իսկ դրամական միջոցները՝ շուրջ 4.1 մլրդ դրամ: Ի դեպ, հայտարարգրերում ներառված է նաև Ethereum կրիպտոարժույթ։
Հայտարարագրած եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 6.6 մլրդ դրամ
Թեկնածուները միասին հայտարարագրել են 733 անշարժ և 183 շարժական գույք։
291 թեկնածուներից 142-ը կամ գրեթե կեսը շարժական գույք չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, 28 թեկնածու հայտարարագրել է մեկից ավելի շարժական գույք, իսկ թեկնածուներից 28-ը հայտարարագրել է մեկից ավելի մեքենա կամ այլ փոխադրամիջոց։
Անշարժ գույքի մասով ևս կան զգալի տարբերություններ։ Ընդհանուր 733 անշարժ գույքը բաշխված է ոչ համաչափ։ Կան թեկնածուներ, որոնք անշարժ գույք ընդհանրապես չեն հայտարարագրել, և կան թեկնածուներ, որոնց մոտ գույքը երկնիշ թվով է հայտարարագրված։ Անշարժ գույքի քանակով առանձնանում են Վահրամ Կարապետյանը՝ 24 միավոր, Վահագն Արսենյանը՝ 21 միավոր, ինչպես նաև Տիգրան Գալստյանը և Ալխաս Ղազարյանը՝ 13-ական միավորով։ Երկնիշ թվով անշարժ գույք են հայտարարագրել նաև Ժաննա Ասատրյանը, Մերուժան Զադայանը և Գյուլվարդ Սահակյանը։
Եկամուտների, դրամական միջոցների և գույքի քանակի համադրությունը թույլ է տալիս առանձնացնել առավել մեծ ռեսուրսներ հայտարարագրած թեկնածուներին։
Հայտարարագրերի տվյալներով՝ առանձնանում է Վահագն Արսենյանը շուրջ 1.95 մլրդ դրամ եկամուտ, ինչպես նաև 47 մլն դրամ, 1.8 մլն ԱՄՆ դոլար, 800 հազար եվրո և 5 մլն ռուբլի դրամական միջոցներ։ Նա նաև հայտարարագրել է 21 անշարժ և 5 շարժական գույք։
Մեծ ծավալի եկամուտներով և դրամական միջոցներով առանձնանում են նաև Գևորգ Սաղոյանը, Ռուստամ Բաքոյանը, Գնել Սանոսյանը, Նարեկ Զեյնալյանը և Տիգրան Պետրոսյանը։ Հայտարարագրած գույքի քանակով առանձնանում է նաև Վահրամ Կարապետյանը՝ 24 անշարժ և 4 շարժական գույքով։
Այս տվյալները չեն բացատրում ծրագրային փոփոխությունների պատճառները, բայց լրացնում են ընդհանուր պատկերը։ Մի կողմից տեսնում ենք, թե ինչ է փոխվել ՔՊ խոստումներում, մյուս կողմից՝ ինչ կազմով և ինչ հայտարարագրված ռեսուրսներով է իշխող ուժը ներկայացնում իր նոր ծրագիրը։
Հետաձգված ենթակառուցվածքներ և մեգանախագծեր
Ամենաակնառու ժամանակային տեղաշարժերը վերաբերում են ճանապարհաշինությանը և խոշոր կապիտալ նախագծերին։ 2021 թ-ի նախընտրական ծրագրում հստակ նշված է, որ արդեն մինչև 2026 թ-ն ավարտին են հասցվելու հարավային ուղղության ռազմավարական նշանակության՝ Բարգուշատի (9 կմ) և Քաջարանի (7 կմ) թունելների շինարարությունը։ Սակայն, նոր փաստաթղթից պարզ է դառնում, որ այս մասշտաբային նախագծերը պահանջելու են շատ ավելի երկար ժամանակ: 2026-ի ծրագրով վերոնշյալ թունելների, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների կառուցման համար որպես նոր վերջնաժամկետ սահմանվել է 2033 թ-ը։
2033 թ-ը թիրախավորվել է նաև այլ հավակնոտ նախագծերի համար։ Դրանց թվում են Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի և «Զորավար Անդրանիկ» ու «Սասունցի Դավիթ» կայարանների միջև վերգետնյա նոր կայարանի կառուցումը, ինչպես նաև 10 նոր ջրամբարների և «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ տերմինալի կառուցապատումը։
Արտաքին վեկտոր, անվտանգություն և ղարաբաղյան հարց
Արտաքին քաղաքականության և անվտանգության ընկալումներում տեղի է ունեցել արմատական փոփոխություն: 2021 թ-ի ծրագրում ղարաբաղյան հակամարտության լուծումը հիմնվում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի և «անջատում հանուն փրկության» սկզբունքի վրա, իսկ բանակցային նպատակներից էր նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։ 2026 թ-ի ծրագրում ղարաբաղյան հարցն այլևս ձևակերպված է բացառապես սոցիալական աջակցության տիրույթում՝ հիշատակվելով որպես ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման նպատակադրում։ Նոր դոկտրինի հիմքում դրվել է «Խաղաղության ինստիտուցիոնալացումը», որը հենվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչված սահմաններով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Փոխվել են նաև դաշնակիցների վերաբերյալ շեշտադրումները։ Եթե հինգ տարի առաջ նախատեսվում էր ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ-ը դիտարկվում էր որպես անվտանգության կարևորագույն օղակ, ապա այսօր ծրագիրն արձանագրում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվում են «կառուցողական տրանսֆորմացիայի փուլում»։ Դրան զուգահեռ, նոր ծրագրով հստակ նպատակ է դրվում իրականացնել բարեփոխումներ Եվրոպական միության անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար՝ չբացառելով ապագայում որպես լիարժեք անդամ ԵՄ-ին դիմելու հեռանկարը։
Պետական ինստիտուտներ. նոր Սահմանադրություն և Եկեղեցի
Ներքին քաղաքականության և ինստիտուտների վերափոխման բաժնում նոր ծրագիրն առաջարկում է երկու հիմնարար նորույթ, որոնք ընդհանրապես բացակայում էին 2021 թ-ի փաստաթղթում: Առաջինը նոր Սահմանադրության ընդունման հարցն է։ Իշխող կուսակցությունը հիմնավորում է, որ նախկին հանրաքվեների արդյունքների կասկածելի լինելու պատճառով պետության և քաղաքացու միջև «լեգիտիմության շղթան ընդհատված է», և այդ խնդիրը կարող է լուծվել միայն նոր Սահմանադրության ընդունմամբ։
Երկրորդ նորամուծությունը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ծրագրում արձանագրվում է, որ եկեղեցու ներկայիս ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է, և առաջարկվում է ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է եկեղեցու փաստացի պետի հեռացում կամ հանգստի կոչում, տեղապահի, նոր կանոնադրության և վերջապես՝ նոր Կաթողիկոսի ընտրություն։
Ամփոփում
Համեմատելով այս երկու առանցքային փաստաթղթերը՝ տեսնում ենք, որ 2021-ի տնտեսական «արագ թռիչքի» խոստումներն այսօր փոխարինվել են ավելի զգույշ և պրագմատիկ պլանավորմամբ՝ «իրական Հայաստանի» տեսլականի ներքո։ Նոր ծրագիրն արձանագրում է, որ խոշոր փոփոխությունները՝ սկսած կապիտալ ենթակառուցվածքներից մինչև արտաքին քաղաքական վեկտոր, պահանջելու են տևական ժամանակ և հսկայական ռեսուրսներ՝ ժամանակացույցը տեղաշարժելով դեպի 2030-ական թվականներ։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/06/2026









