Մեր մասին Էթիկա
Իրավունք Քաղաքական

Տեղեկատվական լվացքատուն․ թվային մանիպուլյացիաներն ու անտեսանելի ազդեցությունը Հայաստանի ընտրություններում

Website-Cover-1350-850 - 1

Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կմոտենան քվեատուփին՝ արդեն անցած լինելով ոչ միայն նախընտրական քարոզարշավի, այլև ինտենսիվ տեղեկատվական ճնշման միջով։

Այս ընտրարշավում պայքարը միայն հրապարակներում, հեռուստաեթերում կամ նախընտրական բանավեճերում չէր։ Այն տեղափոխվել էր սոցիալական ցանցեր, անանուն կայքեր, տելեգրամյան ալիքներ, կեղծ լրատվամիջոցներ, վճարովի տեսանելիություն ապահովող էջեր և թիրախավորված հաղորդագրություններ։ Վախը, անվստահությունը, «պետականության կորստի» վտանգը, պատերազմի կամ նոր զիջումների մասին զգուշացումները դարձան ընտրողի վրա ազդելու հիմնական գործիքներից մեկը։

Բայց այս նյութի առանցքում ոչ թե Հայաստանի ընտրություններին մասնակցող որևէ կուսակցություն կամ դաշինք է, այլ այն արտաքին դերակատարը, որի հետ կապվող ցանցերը վերջին ամիսներին փորձել են ազդել Հայաստանի տեղեկատվական միջավայրի վրա։ Խոսքը ռուսական և պրոկրեմլյան ազդեցության գործողությունների մասին է՝ կեղծ կայքերից ու բոտային ակտիվությունից մինչև նարատիվների համակարգված տարածում և որոնողական համակարգերի ու արհեստական բանականության գործիքների վրա ազդելու փորձեր։

Միջազգային հետաքննությունները, արտահոսած փաստաթղթերը և տեղական մոնիթորինգները ցույց են տալիս, որ Հայաստանը հայտնվել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի թիրախում։ Սա միայն կեղծ լուրերի տարածում չէ։ Սա մեխանիզմ է, որտեղ նույն ուղերձը կարող է միաժամանակ հայտնվել կեղծ կայքում, սոցիալական ցանցի էջում, տելեգրամյան ալիքում, մեկնաբանությունների բաժնում, տեսանյութում և նույնիսկ որոնողական համակարգերի արդյունքներում։

Այս համակարգը կարելի է անվանել տեղեկատվական լվացքատուն․ կասկածելի աղբյուրում ծնված պնդումը մի քանի փուլով «լվացվում» է, տարածվում ավելի ճանաչելի էջերով, հետո վերադառնում հանրային դաշտ՝ արդեն որպես «շատ տարածված լուր» կամ «բոլորը խոսում են» ձևակերպմամբ։

Ինչ է FIMI-ն և ինչու է այն կարևոր ընտրությունների ժամանակ

FIMI-ն՝ անգլերեն Foreign Information Manipulation and Interference, նշանակում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն։ Ի տարբերություն սովորական քարոզչության, այն հաճախ գործում է քողարկված՝ կեղծ ինքնություններով, նմանակ կայքերով, բոտային ցանցերով, համակարգված մեկնաբանություններով, վճարովի կամ ոչ թափանցիկ տարածման մեթոդներով։

Այդպիսի գործողությունների նպատակը միշտ չէ, որ կոնկրետ մեկ քաղաքական ուժին աջակցելն է։ Հաճախ ավելի կարևոր է հասարակության ներսում կասկած, հոգնածություն, ապատիա, զայրույթ կամ անվստահություն առաջացնելը։ Ընտրություններից առաջ այդ ամենը կարող է ազդել ոչ միայն այն բանի վրա, թե ինչպես է մարդը քվեարկում, այլև՝ արդյոք նա ընդհանրապես հավատում է ընտրության իմաստին։

Այդպիսի գործողությունների նպատակն է հասարակության ներսում կասկած, հոգնածություն, ապատիա, զայրույթ կամ անվստահություն առաջացնել

Հայաստանի դեպքում այս ֆոնն ավելի զգայուն է, քանի որ ընտրությունները տեղի են ունենում պատերազմից, Արցախի հայաթափումից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններից, Ռուսաստանի հետ խորացող լարվածությունից և Հայաստանի արտաքին քաղաքական վերադիրքավորումից հետո։ Ռոյթերսը (Reuters) այս ընտրությունները նկարագրում է որպես Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության համար կարևոր հանգրվան, իսկ միջազգային դիտորդական փաստաթղթերում նշվում է, որ ընտրությունները տեղի են ունենում բևեռացված միջավայրում։

Այդ միջավայրում ապատեղեկատվությունը միայն լրատվական խնդիր չէ։ Այն դառնում է քաղաքական ենթակառուցվածք։

«Մատրյոշկա», SDA և կեղծ իրականությունների արտադրությունը

Հայաստանի դեմ արձանագրված ամենաքննարկված մեխանիզմներից մեկը «Մատրյոշկա» անվանումով հայտնի պրոկրեմլյան ապատեղեկատվական ցանցն է։ Այս ցանցերը սովորաբար չեն գործում մեկ ակնհայտ աղբյուրով։ Դրանք ստեղծում են շերտեր՝ կեղծ լրատվամիջոցներ, նմանակ կայքեր, բոտեր, սոցիալական հարթակներում կոորդինացված տարածում, տեսանյութեր, մեկնաբանություններ և հետո՝ լայնածավալ կրկնօրինակում։

«Փաստերի ստուգման հարթակը»՝ FIP.am-ը, 2026-ի մայիսին հրապարակեց արտահոսած փաստաթղթերի հիման վրա պատրաստված հետաքննություն, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հետ կապվող «Սոցիալական դիզայնի գործակալությունը»՝ SDA-ն, ծրագրել կամ իրականացրել է տեղեկատվական գործողություններ Հայաստանում, Մոլդովայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և այլ երկրներում։

Այդ փաստաթղթերում երևում է ոչ թե մեկանգամյա քարոզչական գործողություն, այլ ազդեցության ամբողջական ենթակառուցվածք՝ նմանակ կայքեր, կեղծ լուրերի տարածում, բողոքի գործողությունների սցենարներ, փորձագետների և կարծիք ձևավորողների ներգրավում, ինչպես նաև false flag մեխանիզմներ, երբ գործողության իրական աղբյուրը թաքցվում է, իսկ պատասխանատվությունը տեղափոխվում այլ դերակատարի վրա։

Հայաստանյան դրվագներից ամենահայտնին այսպես կոչված «Մարսելի» օպերացիան էր։ Կեղծ ֆրանսիական կայքը հրապարակել էր ապատեղեկատվություն, թե Հայաստանի վարչապետը Մարսելում միլիոնավոր դոլարների շքեղ առանձնատուն է գնել։ FIP.am-ի ուսումնասիրության համաձայն՝ արտահոսած ներքին հաշվետվություններում նշվել է, որ այս կեղծ լուրը տարածելուն մասնակցել է 17 գործակալ, այն ունեցել է մոտ 10.6 միլիոն դիտում, իսկ հերքումը՝ մոտ 1.1 միլիոն։

Հերքումը գալիս է ուշ, իսկ վնասը հաճախ արդեն հասցված է լինում։

Այս համեմատությունը ցույց է տալիս ապատեղեկատվության ամենակարևոր առավելություններից մեկը․ կեղծիքը հաճախ ավելի արագ է տարածվում, քան դրա ստուգումը։ Հերքումը գալիս է ուշ, իսկ վնասը հաճախ արդեն հասցված է լինում։

Երբ կեղծ կայքը դառնում է որոնողական համակարգի մաս

FIP.am-ի հրապարակած փաստաթղթերում կա ևս մեկ կարևոր դրվագ․ SDA-ի հետ կապվող նախագծերից մեկը նախատեսում էր ստեղծել Վիքիպեդիայի ավելի քան 50 հազար կլոն-կայք՝ Հայաստանի թեմայով։ Նպատակը ոչ միայն մարդկանց մոլորեցնելն էր, այլև որոնողական համակարգերի և արհեստական բանականության գործիքների վրա ազդելը։

Այստեղ տեղեկատվական լվացքատան տրամաբանությունը ավելի խորն է դառնում։ Եթե կեղծ կամ մանիպուլյատիվ բովանդակությունը հայտնվում է հազարավոր տեխնիկապես օպտիմիզացված կայքերում, այն կարող է ազդել Google-ի որոնման արդյունքների, իսկ հետագայում նաև ԱԲ գործիքների պատասխանների վրա։ Այսինքն՝ մանիպուլյացիան կարող է ոչ միայն տարածվել սոցիալական ցանցերում, այլև դառնալ այն «հումքը», որի հիման վրա ապագայում օգտատերը ստանում է պատասխան։

Սա արդեն ապատեղեկատվության հաջորդ սերունդն է․ ոչ թե միայն կեղծ լուր այսօր, այլ կեղծ հիշողություն՝ վաղվա թվային համակարգերի համար։

PRAVDA. երբ ապատեղեկատվությունը դառնում է որոնելի աղբյուր

Ռուսական և պրոկրեմլյան տեղեկատվական ազդեցության ավելի լայն ենթակառուցվածքում առանձնանում է նաև PRAVDA ցանցը։ Այն հայտնի է նաև որպես Portal Kombat և ներկայացվում է որպես ռուսական կամ Ռուսաստանին համահունչ բովանդակություն տարածող բազմալեզու կայքերի համակարգ։

DFRLab-ի և Check First-ի հետազոտությունները ցույց են տվել, որ PRAVDA ցանցը գործում է ոչ միայն որպես սովորական քարոզչական կայքերի խումբ, այլև որպես մեծ ծավալի բովանդակություն արտադրող ու տարածող մեխանիզմ։ Ցանցը վերահրապարակում է ռուսական պետական մեդիայի, պրոկրեմլյան տելեգրամյան ալիքների և այլ աղբյուրների նյութերը՝ տարբեր լեզուներով և տարբեր տարածաշրջանների համար։

PRAVDA Dashboard-ի՝ Armenia ենթադոմենի վերաբերյալ տվյալներում 2026-ի հունիսի 4-ի դրությամբ նշված է ավելի քան 51 հազար հրապարակում։ Դրանցից շուրջ 38.9 հազարը ունեցել է այլ լեզվական կամ կրկնվող տարբերակներ, այսինքն՝ բովանդակությունը տարածվել է ոչ թե մեկ լեզվով կամ մեկ հասցեով, այլ բազմակի պատճեններով։ Նույն վահանակում նշվում է, որ հրապարակումների մոտ 76.3%-ը ունեցել է նման այլընտրանքային տարբերակներ, իսկ մեկ նյութին միջինում բաժին է ընկել 3.9 տարբերակ։ Սա ցույց է տալիս ոչ թե սովորական լրատվական արտադրություն, այլ բազմապատկման մեխանիզմ։

Institute for Strategic Dialogue-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ PRAVDA ցանցը գործում է նաև հղումների միջոցով ազդեցություն ստեղծելու տրամաբանությամբ։ Հետազոտության համաձայն՝ շուրջ 900 կայք հղում է արել PRAVDA ցանցի նյութերին, իսկ ուսումնասիրված անգլալեզու հղումների ավելի քան 80%-ը այդ նյութերը ներկայացրել է որպես վստահելի աղբյուր՝ առանց բավարար համատեքստ տալու, որ խոսքը Russia-aligned տեղեկատվական գործողության մասին է։

Այս մեխանիզմը կարևոր է Հայաստանի համար, որովհետև ապատեղեկատվության ազդեցությունը չի ավարտվում հրապարակման պահին։ Երբ նույն բովանդակությունը բազմապատկվում է տասնյակ կամ հարյուրավոր կայքերում, այն սկսում է ազդել որոնողական համակարգերի, հղումների շղթաների, Wikipedia-ի քննարկումների, X-ի Community Notes-ի և նույնիսկ արհեստական բանականության գործիքների վրա։

Այսինքն՝ տեղեկատվական լվացքատունը միայն այն չէ, որ կեղծ լուրը տարածվում է Facebook-ում կամ Telegram-ում։ Այն նաև այն է, որ կեղծ կամ մանիպուլյատիվ բովանդակությունը դառնում է որոնելի, հղվող և հետագայում՝ թվային համակարգերի կողմից վերարտադրվող «աղբյուր»։

Ռոյթերսի տվյալները՝ «ներմուծված ընտրողներից» մինչև կեղծ մեդիա

Ռոյթերսի մայիսի 29-ի հետաքննությունը ևս անդրադարձավ Հայաստանի ընտրություններից առաջ Ռուսաստանի ազդեցության հնարավոր գործողություններին։ Գործակալությունը, հղում անելով արևմտյան հետախուզական աղբյուրներին և իր տեսած փաստաթղթերին, գրել է, որ Մոսկվան մտահոգված է Հայաստանի արևմտյան ուղղությամբ շարժվելու հնարավոր ամրապնդմամբ և փորձել է ազդել ընտրական գործընթացի վրա։

Ռոյթերսի հրապարակման մեջ նշվում է մի քանի ուղղություն՝ ապատեղեկատվական արշավներ, կեղծ մեդիա նախագծեր, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող հայերի Հայաստան տեղափոխման հնարավոր ծրագիր՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ըստ Ռոյթերսի՝ քննարկվել է մինչև 100 հազար ռուսաստանաբնակ հայերի տեղափոխման սխեմա, որի արժեքը կարող էր հասնել 50 միլիոն դոլարի։

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռոյթերսին պատասխանել է, որ հրապարակումը պարունակում է կեղծ պնդումներ և «հակառուսական հռետորաբանություն»։ ՀՀ կառավարությունից Ռոյթերսի հետ զրույցում կոնկրետ մեղադրանքներին չեն անդրադարձել, սակայն նշել են, որ քայլեր են ձեռնարկվում ապատեղեկատվության դեմ պայքարի և ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապահովման ուղղությամբ։

Սա նույնպես կարևոր է գրանցել, քանի որ ազդեցության գործողությունները միշտ չէ, որ սահմանափակվում են թվային տարածքով։ Երբեմն դրանք միավորում են մեդիան, փողը, լոգիստիկան, միգրանտական համայնքներն ու քաղաքական միջնորդներին։

Մոլդովական հայելին

Հայաստանի դեմ կիրառվող մեթոդները նոր չեն։ Դրանք նախապես փորձարկվել են Մոլդովայում, ուր 2025թ․-ի ընտրական գործընթացները ուղեկցվել են ռուսական ազդեցության, անօրինական ֆինանսավորման, կիբերհարձակումների և ապատեղեկատվության մասին ահազանգերով։

RISE Moldova հետաքննական պարբերականի խմբագիր, հետաքննող լրագրող Վլադիմիր Տհորիկը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Մոլդովայի դեպքում խոսքը պարզապես «արտաքին ազդեցության» մասին չէ։ Նրա խոսքով՝ «Ռուսաստան» ասելով պետք է հասկանալ նաև Ռուսաստանի նախագահի աշխատակազմը և Կրեմլը, որտեղ կա Մոլդովայի ուղղությամբ զբաղվող հատուկ ստորաբաժանում։

Տհորիկի ձևակերպմամբ՝ Կրեմլն օգտագործում է նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները՝ փորձագետների, քաղտեխնոլոգների, լրագրողների և քաղաքագետների ներգրավման միջոցով հանրային դիսկուրս ձևավորելու համար։

Նրա խոսքով՝ Կրեմլը Մոլդովայում օգտագործում է հասարակության ամենազգայուն նյարդերը՝ հատկապես կրոնի և եկեղեցու թեման։ «Եկեղեցին օգտագործվում է որպես ինստիտուտ, որին բնակչությունը վստահում է… Այդ ինստիտուտի միջոցով նետվում են թեզեր, թե եվրոպական ուղղություն ընտրելու դեպքում մենք կկորցնենք մեր ավանդական արժեքները»,- ասում է Տհորիկը։

Մոլդովական NordNews-ի գլխավոր խմբագիր Յուլիանա Վոլկովան «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ տարածաշրջաններում այս աշխատանքը երկարաժամկետ բնույթ ունի։ Նրա խոսքով՝ ազդեցության ցանցերը չեն անհետանում ընտրություններից հետո․ դրանք շարունակում են աշխատել փոքր չաթերի, համայնքների, երիտասարդական ծրագրերի և սոցիալական ցանցերի միջոցով։

Ազդեցության ցանցերը չեն անհետանում ընտրություններից հետո․․․

«Բոտերի և նման խմբերի հետ մրցելը շատ դժվար է, որովհետև նրանք չստուգված տեղեկատվություն են տալիս արագ։ Այն գրավում է ուշադրությունը, կապված է զգացմունքների հետ և շատ արագ հասնում է մարդկանց»,- ասում է Վոլկովան։

Մոլդովայում օգտագործված մյուս գործիքը միգրանտներով վախեցնելու նարատիվն էր։ Տհորիկի խոսքով՝ տարածվել են պնդումներ, թե իշխանությունները պատրաստվում են երկիր բերել 300 հազար հնդիկ և բանգլադեշցի միգրանտների։ Հայաստանում նույն վախի կառուցվածքը հարմարեցվել է տեղական ցավոտ թեմային՝ շրջանառության մեջ դնելով «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին պնդումները։

Ձևաչափը նույնն է․ վերցնել հասարակության ամենազգայուն վախը, մեծացնել այն մինչև էքզիստենցիալ սպառնալիքի չափ և կապել ընտրության արդյունքի հետ։

Վախի ընտրարշավը

Տեղական մոնիթորինգները ևս ցույց են տալիս, որ նախընտրական քննարկումների զգալի մասը կառուցվել է ոչ թե ծրագրերի, այլ սպառնալիքների շուրջ։

«Ամփոփ Մեդիայի» ուսումնասիրել է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» մայիսի 11-17-ի և մայիսի 18-24-ի շաբաթական մոնիթորինգների տվյալները՝ համաձայն որոնց, տվյալ ժամանակահատվածում տեղեկատվական դաշտը խիստ բևեռացված էր և հիմնականում կենտրոնացած քաղաքական վարկաբեկման, արտաքին ազդեցության, ընտրական գործընթացների և անվտանգության թեմաների շուրջ։

Մայիսի 20-ին հատկապես ինտենսիվ էր «արտաքին ազդեցություն» նարատիվը, իսկ շաբաթվա վերջին ակտիվացան սահմանների, առևտրի և տարածաշրջանային հաղորդակցությունների թեմաները։

Նույն մոնիթորինգի համաձայն՝ մայիսի 18-24 հատվածում դիտարկված հարթակներից ամենաակտիվը Տելեգրամն էր՝ 1233 արձանագրված հրապարակմամբ։ Ֆեյսբուքում արձանագրվել է 891, Յություբում՝ 616 հրապարակում։ «Արտաքին ազդեցություն» նարատիվը մայիսի 18-24-ի շաբաթվա ընթացքում արձանագրվել է Ֆեյսբուքում՝ 90, Տելեգրամում՝ 111, Յություբում՝ 91 անգամ։

Այդ թվերը ցույց են տալիս, որ նախընտրական տեղեկատվական պայքարը միայն բաց քաղաքական հարթակներում չէր։ Տելեգրամը, որտեղ աղբյուրների թափանցիկությունն ու պատասխանատվությունը հաճախ ավելի թույլ են, դարձել էր նախընտրական նարատիվների ամենաակտիվ միջավայրերից մեկը։

Թակարդ երիտասարդների համար

Արմանը՝ անունը փոխված է, ուսանող է։ Նա Տելեգրամով ստացել էր անվճար սեմինարների և թվային անվտանգության դասընթացների հրավեր։ Հաղորդագրությունը գրված էր ռուսերեն, իսկ ուղարկողի անուն-ազգանունը հայկական չէր․ Արման ասում է ավելի շատ ռուսական անուն-ազգանուն էր։ Առաջին հայացքից առաջարկը սովորական կրթական հնարավորություն էր թվում՝ վեբինարներ, նյութեր գրելու առաջադրանքներ, տեղեկատվական անվտանգության գործիքներ, քաղաքացիական մասնակցություն։

Բայց մի քանի դետալ արդեն սկզբում տարօրինակ էին։ Դասընթացների լեզուն ռուսերեն էր, առցանց հանդիպումները վարում էին ոչ հայաստանյան խոսնակներ, և մասնակիցների հետ շփումը ջերմ էր, ընկերական և հիմնականում ռուսերեն։ Սկզբում խոսվում էր մեդիագրագիտության, թվային անվտանգության և հանրային մասնակցության կարևորության մասին, սակայն որոշ ժամանակ անց, Արմանի խոսքով, դասախոսությունների շեշտադրումները փոխվեցին։

Կրթական բովանդակությանը սկսեցին հաջորդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին գնահատականներ։ Ռուսախոս փորձագետները ներկայացնում էին, թե երկիրը «վատ ուղղությամբ է զարգանում», իսկ երիտասարդներին պետք է ավելի ակտիվ ներգրավել կառավարման փոփոխությանն ուղղված գործընթացներում։ Արմանի խոսքով՝ հենց այդ փուլից այլևս չի ցանկացել շարունակել շփումը։

Անձնական տվյալները՝ որպես ընտրական ռեսուրս

Ընտրություններից առաջ ազդեցության մեկ այլ գործիք է անձնական տվյալների օգտագործումը։ Քաղաքացիները տարբեր ժամանակահատվածներում ահազանգել են նախընտրական բնույթի զանգերի, հաղորդագրությունների կամ այլ շփումների մասին, որոնց աղբյուրը միշտ չէ, որ պարզ է։

Հայաստանի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը սահմանում է անձնական տվյալների մշակման սկզբունքները, այդ թվում՝ օրինականություն, նպատակայինություն և տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանություն։ Եթե քաղաքացին իր համաձայնությունը չի տվել նախընտրական հաղորդագրություններ ստանալու համար, ապա նրա տվյալների օգտագործումը կարող է իրավական խնդիր առաջացնել։

Այս հատվածում հարցը միայն գաղտնիության մասին չէ։ Անձնական տվյալը դառնում է քաղաքական թիրախավորման միջոց։ Երբ հայտնի է մարդու հեռախոսահամարը, բնակության վայրը, տարիքը կամ սոցիալական միջավայրը, ավելի հեշտ է նրան ուղարկել ոչ թե ընդհանուր քարոզչություն, այլ հատուկ մշակված հաղորդագրություն՝ վախի, շահի կամ հուզական ճնշման լեզվով։

Բարդ իրավիճակ ընտրողի համար

Այն, ինչ կատարվում է Հայաստանի թվային տիրույթում, դասական նախընտրական քարոզչությունից ավելի բարդ է։ Այնտեղ կան իրական քաղաքական բանավեճեր, բայց դրանց կողքին գործում են նաև կեղծ կայքեր, անանուն էջեր, վճարովի տարածում, բոտային ակտիվություն, Կրեմլի հետ կապվող նարատիվներ և տվյալների վրա հիմնված մանիպուլյացիա։

Այս մեխանիզմի նպատակը պարտադիր չէ, որ լինի միայն մեկ ուժի հաղթանակը կամ պարտությունը։ Հաճախ նպատակը ավելի խորն է՝ ընտրողի մոտ անվստահություն, հուսահատություն, վախ և քաղաքական հոգնածություն ստեղծելը։ Այսինքն՝ ազդել ոչ միայն քվեարկության արդյունքի, այլև այն միջավայրի վրա, որտեղ քաղաքացին որոշում է կայացնում։

Սակայն հունիսի 7-ին ընտրողը քվեախցիկում մենակ է լինելու։ Ոչ ոք չի կարող նրա փոխարեն ընտրել քվեաթերթիկը։ Բայց այդ մենակությանը նախորդել է տեղեկատվական միջավայր, որտեղ իրականը, կեղծը, վախը և մանիպուլյացիան հաճախ խառնվել են իրար։

Այս ընտրության օրակարգում միայն քաղաքական ուժերի մրցակցությունը չէ։ Այն նաև ընտրողի կարողության քննությունն է՝ տարբերելու փաստը վախից, իսկ տեղեկությունը՝ տեղեկատվական լվացքից։

Սուրեն Դեհերյան
Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիր

Պատկերների ստեղծման համար օգտագործվել են ԱԲ գործիքներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/06/2026