Մեր մասին Էթիկա
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի 2026-ի ծրագիրը. անվտանգություն, տնտեսություն և պետական համակարգ

Նախընտրական ծրագրերը ցույց են տալիս ոչ միայն քաղաքական ուժի խոստումները, այլև այն միջավայրը, որում այդ խոստումները ձևակերպվում են։ 2021-ին «Հայաստան» դաշինքի ծրագիրը գրվել էր 44-օրյա պատերազմից հետո՝ պետական և անվտանգային ճգնաժամի ֆոնին։ 2026-ի ծրագիրը մի փաստաթուղթ է, որտեղ պահպանվել են անվտանգային ու ազգային օրակարգի հիմնական շեշտադրումները։

2021 թ-ի ծրագիրը կառուցված էր «365 օր․ ապագան սկսվում է հիմա» գաղափարի շուրջ։ Այն ավելի ծավալուն էր, ներառում էր 178 կետ և ընդգրկում էր լայն շրջանակ՝ խաղաղությունից ու Արցախի հարցից մինչև տնտեսություն, կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, համայնքային զարգացում և Սփյուռք։

2026 թ-ի ծրագիրը ներկայացված է «Միասին կարող ենք» կարգախոսային ուղերձով։ Այն շեշտը դնում է անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության, գյուղատնտեսության, պետական կառավարման, սոցիալական քաղաքականության, ենթակառուցվածքների, կրթության, համահայկականության և հասարակական համերաշխության վրա։

Անվտանգություն. պատերազմից հետո վերականգնման ծրագրից դեպի պաշտպանական համակարգի վերակառուցում

2021 թ-ի ծրագրի առանցքում 44-օրյա պատերազմի հետևանքներն էին։ Դաշինքը խոսում էր պատերազմի հետևանքների հաղթահարման, պետականության վերականգնման, Արցախի հարցի և անվտանգային ճգնաժամից դուրս գալու մասին։

2026 թ-ի ծրագրում անվտանգությունը կրկին առաջին տեղում է։ Դաշինքը խոսում է բանակի արդիականացման, պաշտպանական արդյունաբերության, սահմանների անվտանգության, ներքին կայունության և ուժեղ պետական համակարգի անհրաժեշտության մասին՝ խոստանալով

Պաշտպանական ծախսերը պահել ՀՆԱ-ի առնվազն 4%-ի մակարդակում

Արտաքին քաղաքականություն. ազգային օրակարգից դեպի հավասարակշռված դիվանագիտություն

2021 թ-ի ծրագրում արտաքին քաղաքականության կարևոր շերտերից էր Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը։ Դաշինքը Սփյուռքը դիտարկում էր որպես ազգային, քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ներուժ, իսկ Արցախի հարցը՝ որպես չփակված ազգային-քաղաքական օրակարգ։

2026 թ-ի ծրագրում արտաքին քաղաքականությունը ներկայացված է ավելի գործնական և բազմավեկտոր մոտեցմամբ։ Շեշտը դրված է Հայաստանի ինքնիշխանության, անվտանգային շահերի, տարածաշրջանային հարաբերությունների, դիվանագիտական հավասարակշռության և արտաքին գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների վրա։

Արցախի հարց. կենտրոնական թեմայից դեպի անվտանգային և համահայկական օրակարգի մաս

2021 թ-ի ծրագրում Արցախի հարցը ծրագրի առանցքային թեմաներից էր։ Այն դիտարկվում էր 44-օրյա պատերազմի հետևանքների, արցախցիների իրավունքների, Արցախի անվտանգության և Հայաստան–Արցախ կապի համատեքստում։

2026 թվականի ծրագրում Արցախի հարցը չի անհետանում, բայց այն ավելի քիչ է առանձնացված որպես ինքնուրույն մեծ բաժին։ Այն ավելի շատ տեղավորվում է անվտանգային, համահայկական և արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ։

2021-ին Արցախի հարցը ծրագրի գլխավոր քաղաքական առանցքներից էր, իսկ 2026-ին այն պահպանվում է, բայց ավելի ինտեգրված է անվտանգության, Սփյուռքի և պետական շահի ընդհանուր օրակարգին։

Տնտեսություն. վերականգնման օրակարգից դեպի բիզնես միջավայր և արտադրական աճ

2021 թ-ի ծրագիրը ներառում էր տնտեսական վերականգնում, ներդրումներ, թվային տնտեսություն, նոր աշխատատեղեր, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն և համայնքային զարգացում։

2026 թ-ի ծրագրում տնտեսության վերաբերյալ շեշտադրումները պահպանվել են՝ ներդրումային միջավայր, գործարարության աջակցություն, հարկային և մաքսային քաղաքականություն, փոքր և միջին բիզնես, արդյունաբերություն, արտահանում և տնտեսության մրցունակություն։ Դաշինքը խոստանում է

Տարեկան 35,000–45,000 կայուն աշխատատեղ։

Գյուղատնտեսություն. գյուղի և արտադրության համակցված օրակարգ

2021 թ-ի ծրագրում գյուղատնտեսությունը ներկայացված էր որպես առանձին կարևոր ոլորտ՝ հողի, ջրի, գյուղական համայնքների, գյուղմթերքի իրացման և գյուղացու եկամտի խնդիրներով։

2026 թ-ի ծրագրում գյուղատնտեսությունն ունի առանձին բաժին՝ «Գյուղ և գյուղատնտեսություն»։ Այստեղ շեշտը դրված է գյուղատնտեսական արտադրության արդյունավետության, ոռոգման, գյուղական ենթակառուցվածքների, վերամշակման, շուկաների և գյուղական կյանքի բարելավման վրա։

Այսինքն՝ գյուղատնտեսության թեման պահպանվել է, բայց 2026-ին այն ներկայացված է ավելի հակիրճ և գործնական ձևով՝ գյուղը դիտարկելով ոչ միայն որպես սոցիալական տարածք, այլ նաև որպես արտադրական և տնտեսական միջավայր։

Պետական կառավարում և արդարադատություն

2021 թ-ի ծրագրում պետական կառավարման, արդարադատության և հակակոռուպցիոն քաղաքականության բաժինները կապվում էին պետության վերականգնման, օրենքի գերակայության և հանրային վստահության հետ։

2026 թ-ի ծրագրում այս թեման կրկին առանձին տեղ ունի։ Դաշինքը խոսում է պետական կառավարման արդյունավետության, դատական համակարգի, իրավապահ մարմինների, կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման որակի մասին։

Երկու ծրագրերում էլ պետական համակարգի վերականգնումը դիտարկվում է որպես անվտանգության, տնտեսության և հանրային վստահության նախապայման։

Սոցիալական պետություն և առողջապահություն

2021 թ-ի ծրագրում սոցիալական քաղաքականության և առողջապահության թեմաները ներկայացված էին որպես պետության պատասխանատվության կարևոր մաս։ Դաշինքը խոսում էր սոցիալական պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության, ժողովրդագրության և ընտանիքի ինստիտուտի մասին։

2026 թ-ի ծրագրում այս ուղղությունը ձևակերպված է որպես «Սոցիալական պետություն և առողջապահություն»։ Այստեղ շեշտը դրված է սոցիալական պաշտպանության, առողջապահության որակի, խոցելի խմբերի աջակցության, ընտանիքի և հանրային առողջության վրա։

Այս հատվածում ևս գաղափարական փոփոխություն չկա, ավելի շատ տեսանելի է ձևաչափի փոփոխություն՝ 2021-ի երկար ծրագրային շարադրանքից դեպի 2026-ի ավելի կարճ  խոստումներ։

Ենթակառուցվածքներ և էներգետիկա

2021 թ-ի ծրագրում ենթակառուցվածքները ներկայացված էին տարբեր բաժիններում՝ համայնքային զարգացում, ճանապարհներ, էներգետիկա, ջրային համակարգեր, գյուղական և քաղաքային ենթակառուցվածքներ։

2026 թ-ի ծրագրում այս թեման մեկտեղված է «Ենթակառուցվածքներ և էներգետիկա» բաժնում։ Շեշտը դրված է ճանապարհների, էներգետիկ անվտանգության, հաղորդակցության, ջրային և համայնքային ենթակառուցվածքների վրա։

Կրթություն, գիտություն և մշակույթ

2021 թ-ի ծրագրում կրթությունը, գիտությունը, մշակույթը և ազգային ինքնությունը լայնորեն ներկայացված էին որպես պետության երկարաժամկետ զարգացման և ազգային համախմբման հիմքեր։

2026 թ-ն այս ուղղությունը պահպանվել է որպես առանձին բաժին՝ «Կրթություն, գիտություն և մշակույթ»։ Շեշտը դրված է կրթության որակի, գիտության զարգացման, ազգային ինքնության, մշակույթի և հոգևոր արժեքների վրա։

Այս հատվածում նույնպես հիմնական գաղափարը պահպանվել է։

Համահայկականություն և Սփյուռք

2021 թ-ի ծրագրում Հայաստան–Արցախ–Սփյուռք կապը ծրագրի առանցքային գաղափարներից էր։ Սփյուռքը դիտարկվում էր որպես քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և փորձագիտական ներուժ։

2026 թ-ի ծրագրում այս թեման նույնպես առանձին բաժին է ստացել՝ «Համահայկականություն, Սփյուռք» ձևակերպմամբ։ Սա ցույց է տալիս, որ դաշինքի համար Սփյուռքի ներգրավման գաղափարը շարունակում է մնալ ծրագրային առանցք։

Տարբերությունն այն է, որ 2021-ին Սփյուռքը ներկայացված էր հետպատերազմյան համահայկական համախմբման համատեքստում, իսկ 2026-ին՝ ավելի գործնական՝ ներդրումների, կապերի, համահայկական ներուժի և պետության զարգացման մասնակցության տեսանկյունից։

Նոր շեշտադրում․ Երևան

2026 թ-ի ծրագրում Երևանը ներկայացվում է որպես առանձին կառավարման, տրանսպորտի, քաղաքաշինության, կանաչ տարածքների, հանրային ծառայությունների և կյանքի որակի խնդիրների կենտրոն։

Այս փոփոխությունը ցույց է տալիս, որ 2026-ի ծրագրում դաշինքը փորձում է ավելի ուղղակի խոսել մայրաքաղաքի ընտրողի հետ՝ առանձնացնելով Երևանի խնդիրները որպես առանձին քաղաքական ուղղություն և խոստանալով

Մետրոյի զարգացման 8 նոր ուղղություն՝ շուրջ 30 կմ

Ովքեր են ներկայացնում «Հայաստան» դաշինքը

Ծրագրային փոփոխություններից բացի, կարևոր է հասկանալ նաև, թե ինչ կազմով է «Հայաստան» դաշինքը գնում 2026-ի ընտրություններին։

Դաշինքի ընտրացուցակում կա 214 թեկնածու՝ թեկնածուների երկրորդ մեծ ցուցակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից հետո։

Թեկնածուների 33.6%-ը կին է, 66.4%-ը՝ տղամարդ։ Ցուցակում միջին տարիքը 44.3 տարեկանն է։ Ամենաերիտասարդ թեկնածուն 25 տարեկան է, ամենատարեցը՝ 79։

Ըստ ընտրացուցակում նշված զբաղվածության տվյալների՝ թեկնածուների 71%-ն աշխատում է, իսկ 29%-ը չի աշխատում։

 Թեկնածուների հայտարարագրերը

«Հայաստան» դաշինքի թեկնածուների հայտարարագրերի հավաքական պատկերում արժույթները դրամի փոխարկելուց հետո թեկնածուների հայտարարագրած եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1.34 մլրդ դրամ, իսկ դրամական միջոցների ընդհանուր ծավալը՝ մոտ 2.03 մլրդ դրամ՝ չհաշված 8.5 BNB կրիպտոարժույթը։

Հայտարարագրերում առանձին նշված է նաև կրիպտոարժույթ։ Նարեկ Մանթաշյանի դեպքում նշված է 19,000 ԱՄՆ դոլարին համարժեք Bitcoin, որը արդեն ներառված է դոլարային դրամական միջոցների մեջ։ Արթուր Սուքոյանի դեպքում նշված է 8.452 BNB, կամ կլորացված՝ 8.5 BNB, որի դրամային համարժեքը ընդհանուր հաշվարկում չի ներառվել։

Թեկնածուները միասին հայտարարագրել են 409 անշարժ և 147 շարժական գույք։

Գույքի քանակի տվյալները պետք է կարդալ որոշ վերապահումով։ Հայտարարագրերում մեկ բնակարանը, մեկ հողամասը կամ մեկ ավտոտնակը նույն «մեկ միավորն» են հաշվարկվում, թեև դրանց արժեքները կարող են էապես տարբերվել։ Նույնը վերաբերում է շարժական գույքին։

Բաժնեմասեր, արժեթղթեր և այլ ներդրումներ

Հայտարարագրերի առանձին շերտ են թեկնածուների բիզնես մասնակցություններն ու ֆինանսական ակտիվները։

«Հայաստան» դաշինքի մի շարք թեկնածուներ հայտարարագրել են բաժնեմասեր, բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ ներդրումներ։ Այս տվյալները լրացնում են ընդհանուր գույքային պատկերը՝ ցույց տալով, թե որ թեկնածուներն ունեն նաև բիզնես կամ ներդրումային ակտիվներ։

 

Այս բաժինը կարևոր է հատկապես այն պատճառով, որ դրամական միջոցներն ու գույքը չեն տալիս թեկնածուների ֆինանսական կարողությունների ամբողջական պատկերը։ Բիզնես մասնակցությունները, բաժնետոմսերն ու պարտատոմսերը ցույց են տալիս նաև թեկնածուների տնտեսական կապերը և ներդրումային ակտիվները։

Այսպիսով, «Հայաստան» դաշինքի 2021 և 2026 թվականների ծրագրերի համեմատությունը ցույց է տալիս ոչ այնքան գաղափարական շրջադարձ, որքան ձևաչափի և շեշտադրումների վերադասավորում։

Թեկնածուների կազմն ու հայտարարագրերը լրացնում են այս պատկերը՝ ցույց տալով, թե ինչ սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսագույքային կազմով է դաշինքը ներկայանում 2026-ի ընտրություններին։

Բաց հարցեր

Ինչևէ, ծրագրերի համեմատությունը մի քանի բաց հարց է թողնում։

– Ինչպե՞ս է դաշինքը պատկերացնում Արցախի հարցի պահպանումը քաղաքական օրակարգում ներկայիս տարածաշրջանային պայմաններում։

– Ի՞նչ ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսներով են իրականացվելու անվտանգության, տնտեսության և պետական կառավարման վերաբերյալ խոստումները։

– Ինչպե՞ս է գործնականում կազմակերպվելու Սփյուռքի ներուժի ներգրավումը՝ ներդրումների, լոբբինգի, փորձագիտական աջակցության և վերադարձի քաղաքականության մակարդակում։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/06/2026