Մեր մասին Էթիկա
Առողջություն

Ի՞նչ է հանտավիրուսը և արդյո՞ք այն կարող է հասնել Հայաստան

Ամերիկացի ուղևորների տարհանումը MV Hondius զբոսանավից. Տեներիֆե, մայիսի 10 / Քրիս ՄաքԳրաթ/Getty Images

Արդեն մի քանի օր է՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հոլանդական MV Hondius շքեղ զբոսանավը, որտեղ արձանագրված վարակի բռնկումը ստիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անցնել հատուկ պատրաստության։ Մայիսի 2-ին ստացված ծանուցումից հետո պարզվեց, որ նավի վրա տարածված ծանր շնչառական հիվանդության պատճառը «Անդյան շտամն» է (Andes strain)։ Սա հանտավիրուսի (Hantavirus) միակ տեսակն է, որն ընդունակ է փոխանցվել մարդուց մարդու՝ սերտ և երկարատև շփման միջոցով։

Մայիսի կեսերի դրությամբ արդեն հաստատվել է վարակման 11 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով։ Թեև վարակի առաջին կրողը, ըստ նախնական վարկածի, նավ է բարձրացել արդեն իսկ վարակված վիճակում, նավի փակ տարածքն ու ուղևորների հարկադիր կարանտինը Տեներիֆե կղզում համաշխարհային մեդիաաղմուկի պատճառ են դարձել։

MV Hondius զբոսանավի ուղևորները տարհանվել են փոքր նավակներով

Որքանո՞վ է վտանգված Հայաստանը և ինչպե՞ս է կառավարվում բռնկումը

Նավում արձանագրված հանտավիրուսի բռնկումն այժմ կառավարվում է միջազգային համակարգված արձագանքի միջոցով։ Իրականացվում են համաճարակաբանական խորը հետազոտություններ, հիվանդների մեկուսացում, բժշկական տարհանումներ և շփումների շրջանակի ճշգրտում, ինչպես նաև խստացված կարանտին ու մշտադիտարկում։

Ինչ վերաբերում է մեր Հայաստանին, ապա այստեղ հանտավիրուսի տարածման ռիսկը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) կողմից գնահատվում է ցածր։

Ո՞րն է վիրուսի բնույթը

Հանտավիրուսները պատկանում են Hantaviridae ընտանիքին (պատկանում են բունյավիրուսների կարգին)։ Այս վիրուսների յուրաքանչյուր տեսակ սովորաբար կապված է կրծողների (մկներ, առնետներ) որոշակի տեսակի հետ։ Կրծողների մոտ վիրուսն առաջացնում է երկարատև վարակ, սակայն նրանց մոտ ակնհայտ հիվանդության նշաններ ի հայտ չեն գալիս, ինչն էլ նրանց դարձնում է վարակի հիմնական կրողներն ու տարածողները։

Հանտավիրուսային վարակները, համեմատած այլ վարակների, հազվադեպ են հանդիպում ու լայն տարածում գտնում ամբողջ աշխարհում, սակայն դրանով վարակման մահացության ցուցանիշը բավականին բարձր է՝ Ասիայում և Եվրոպայում մինչև 15% և Ամերիկյան մայրցամաքում՝ մինչև 50%։ Ըստ վիճակագրության՝ ամեն տարի գրանցվում է 10 000-ից մինչև 100 000 և ավելի վարակ, որի ամենամեծ մասն Ասիայում և Եվրոպայում է։

Կրծողների պոպուլյացիաներին ազդող շրջակա միջավայրի և էկոլոգիական գործոնները կարող են սեզոնային ազդեցություն ունենալ հիվանդության միտումների վրա։

Վիրուսի փոխանցման եղանակները

Հանտավիրուսների մարդկանց փոխանցումը տեղի է ունենում վարակված կրծողների, վերջինների արտաթորանքի կամ թքի հետ շփման միջոցով։ Վարակը կարող է տեղի ունենալ նաև, թեև ավելի հազվադեպ, կրծողների խայթոցների միջոցով: Կրծողների հետ շփում ներառող գործողությունները, ինչպիսիք են փակ կամ վատ օդափոխվող տարածքների մաքրումը, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և կրծողներով վարակված բնակարաններում քնելը, մեծացնում են վարակման ռիսկը: Հանտավիրուսներով վարակը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, որոշ դեպքերում՝ հանգեցնելով անգամ մահվան:

Մարդկանց միջև վարակի փոխանցումը կապված է սերտ և երկարատև շփման հետ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կամ մտերիմ զուգընկերների միջև, և ամենայն հավանականությամբ դրսևորվում է հիվանդության վաղ փուլում, երբ վիրուսն ավելի փոխանցելի է։

Վարակի ախտանիշներ և կլինիկական պատկեր

Մարդկանց մոտ ախտանիշները սովորաբար սկսվում են վարակվելուց մեկից ութ շաբաթ անց՝ կախված վիրուսի տեսակից, և սովորաբար ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավեր և ստամոքս-աղիքային ախտանիշներ, ինչպիսիք են որովայնի ցավը, սրտխառնոցը կամ փսխումը։

Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն՝ հիվանդությունները տարբերվում են վիրուսի տեսակից և աշխարհագրական դիրքից։ Ամերիկյան մայրցամաքում, օրինակ, վարակը հայտնի է հանտավիրուսային սրտաթոքային համախտանիշի առաջացմամբ, որը արագ զարգացող է և ազդում է թոքերի և սրտի վրա, մինչդեռ Եվրոպայում և Ասիայում հանտավիրուսները հայտնի են որպես երիկամային համախտանիշով արյունազեղող տենդի պատճառ, որը հիմնականում ազդում է երիկամների և արյան անոթների վրա։

Հանտավիրուսային սրտաթոքային համախտանիշի դեպքում հիվանդությունը կարող է արագ զարգանալ՝ հազ, շնչառության դժվարություն, թոքերում հեղուկի կուտակում և շոկ։ Իսկ երիկամային համախտանիշով արյունազեղող տենդի  դեպքում ուշ փուլերը կարող են ներառել արյան ցածր ճնշում, արյունահոսության խանգարումներ և երիկամային անբավարարություն։

Վիրուսի ախտորոշում և բուժում

Հանտավիրուսային վարակի վաղ ախտորոշումը կարող է դժվարություններ պարունակել, քանի որ վաղ ախտանիշները տարածված են այլ տենդային կամ շնչառական հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են գրիպը, COVID-19-ը, վիրուսային թոքաբորբը, լեպտոսպիրոզը և այլն։ Հետևաբար, բուժառուի բժշկական մանրակրկիտ պատմությունը կարևոր է, մասնավորապես ուշադրություն պետք է դարձնել կրծողների հնարավոր ազդեցությանը, մասնագիտական ​​և շրջակա միջավայրի ռիսկերին, ճամփորդական պատմությանը և հանտավիրուսների առկայությամբ տարածքներում հայտնի դեպքերի հետ շփմանը։

Լաբորատոր հաստատումը հիմնված է սերոլոգիական թեստավորման (հակամարմինների թեստ) վրա՝ հանտավիրուսին հատուկ հակամարմինների աճ հայտնաբերելու համար, ինչպես նաև մոլեկուլային մեթոդների վրա, երբ վիրուսային ՌՆԹ-ն կարող է հայտնաբերվել արյան մեջ։

Հանտավիրուսային վարակի համար լիցենզավորված հատուկ հակավիրուսային բուժում կամ պատվաստանյութ չկա։ Խնամքը օժանդակող է և կենտրոնանում է շնչառական, սրտային և երիկամային բարդությունների մանրակրկիտ կլինիկական մոնիթորինգի և կառավարման վրա։ 

Վիրուսի կանխարգելում և վերահսկողություն

Հանտավիրուսային վարակի կանխարգելումը հիմնականում կախված է մարդկանց և կրծողների միջև շփումների կրճատումից։ ԱՀԿ-ն առաջարկում է կանխարգելման արդյունավետ որոշ միջոցառումներ՝

  • տների և աշխատավայրերի մաքրության պահպանում
  • Բնակելի տարածքներ կրծողների մուտքի բացառում
  • սննդի անվտանգ պահպանում
  • կրծողներով աղտոտված տարածքներում անվտանգ մաքրման մեթոդների կիրառում
  • աղտոտված տարածքների խոնավացում մաքրումից առաջ
  • անձնական հիգիենայի պահպանում
Անդյան շտամը հանտավիրուսի միակ հայտնի տեսակն է, որն ընդունակ է փոխանցվել մարդուց մարդու

Ի՞նչ սպասել առաջիկայում

Թեպետ, ինչպես նշել է ԱՀԿ-ն, վիրուսի գլոբալ տարածումն աշխարհում քիչ հավանական է, սակայան ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հայտնի նավարկությանը մասնակից պետությունները, որոնց քաղաքացիները եղել են նավի վրա, շարունակեն հանրային առողջապահության համակարգման և կառավարման ջանքերը՝ հիմնվելով առկա տեղեկատվության և ընթացիկ համաճարակաբանական, կլինիկական և շրջակա միջավայրի հետազոտությունների վրա, ինչպես նաև կիրառելով նախազգուշական սկզբունքը

Առաջարկվում է նաև կիրառել կրծողների պոպուլյացիաների կրճատմանն ուղղված ինտեգրված շրջակա միջավայրի կառավարման ռազմավարություններ։ 

Այս պահին ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս որևէ փոփոխություն կատարել հանրության առօրյա գործունեության մեջ։ Մարդիկ, ովքեր գտնվել են տուժած նավի վրա կամ սերտ շփում են ունեցել հաստատված դեպքի հետ, պետք է հետևեն վերը նշված մոնիթորինգի և հանրային առողջության վերաբերյալ հատուկ խորհուրդներին։ Ուղեցույցը կարող է թարմացվել՝ լրացուցիչ ապացույցներ ի հայտ գալուն պես։ Այս դեպքի վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս չկիրառել որևէ ճանապարհորդության կամ առևտրի սահմանափակում՝ բացի բարձր ռիսկի ենթարկված անձանց տեղաշարժի սահմանափակումից։

Պատրաստեց Ելենա Սարգսյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/05/2026