Մեր մասին Էթիկա
Իրավունք Սոցիալական

Հարցազրույց․ «Հայաստանի տնտեսության ամենամեծ «անտեսանելի ճյուղը» կանանց ուսերին է»

Հայաստանում կանայք իրենց կյանքի որևէ փուլում չեն հասնում տնտեսական հավելուրդի (խմբ․ երբ անձի վաստակած եկամուտն ավելին է, քան նրա կենսապահովման համար անհրաժեշտ ծախսերը

Սա ոչ թե կանանց ընտրության, այլ տնտեսական համակարգի «կուրության» հետևանք է, որը հաշվի չի առնում տանը կատարվող չվճարվող աշխատանքը որպես երկրի զարգացմանը նպաստող արժեք։ «Ամփոփ Մեդիայի» գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը զրուցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող է խնամքի ենթակառուցվածքների զարգացումը կնոջը տալ իրական ընտրության հնարավորություն և ակտիվացնել տնտեսության չիրացված հսկայական պոտենցիալը։

– Տիկին Սարգսյան, վերջերս հրապարակված Ազգային փոխանցումային հաշիվների (NTA) զեկույցը բացահայտեց մի մտահոգիչ պատկեր: Հայաստանում կանայք իրենց կյանքի որևէ փուլում չեն հասնում տնտեսական հավելուրդի (դրական հաշվեկշռի)։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա փորձագիտական տեսանկյունից։

Դա տեղի է ունենում մի քանի պատճառով, բայց առաջին հերթին այն պատճառով, որ չվարձատրվող աշխատանքը մեր երկրում որևէ կերպ ճանաչված չէ։ Մենք չենք տեսնում տնտեսության մի ամբողջ ճյուղ, որը կոչվում է «խնամքի աշխատանք»՝ ընտանիքի, երեխաների, տան և կենցաղի խնամքը։ Երբ մենք սա ճանաչենք որպես տնտեսության մաս, տնտեսական ցուցանիշները կմոտենան օբյեկտիվ իրականությանը։ Այս պահին մենք պատկերը տեսնում ենք միայն ֆորմալ զբաղվածության տեսանկյունից, որտեղ կանայք ավելի քիչ են ներգրավված, քանի որ հաճախ ստիպված են լինում ընտրություն կատարել ընտանիքի և աշխատանքի միջև։

– Շուտով պատրաստ կլինի նաև ժամանակի փոխանցման հաշիվների (NTTA) զեկույցը։ Ի՞նչ են հուշում նախնական տվյալները ժամանակի բաշխվածության մասին։

Լ․Ս․ Տվյալները փաստում են ահռելի ճեղքվածքի մասին։ Ընդհանուր առմամբ, կանայք մեկ շնչի հաշվով կատարում են մոտավորապես 3,5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք, քան տղամարդիկ։ Կանանց դեպքում այն կազմում է շաբաթական մոտ 28–30 ժամ՝ տղամարդկանց մոտավորապես 8 ժամվա համեմատ: Եթե չվճարվող աշխատանքը վերածենք դրամի, օրինակ՝ օգտագործելով համարժեք աշխատանքի շուկայական միջին գինը, ապա կպարզվի, որ տղամարդկանց պարագայում օրվա ընթացքում կատարած ջանքի միայն մոտ 10%-ն է չվարձատրվող աշխատանքը, մինչդեռ կանանց դեպքում դա կազմում է մոտ 44%։ Հիմնական աշխատանք ունեցող կանանց պարագայում, սա, օրինակ, նշանակում է, որ կինը հաջորդ օրը գնում է աշխատանքի գերծանրաբեռնված՝ առանց հանգստի հնարավորության, ինչն ուղղակիորեն ազդում է նրա արդյունավետության վրա։

– Խնդիրը միայն մայրության արձակո՞ւրդն է, թե՞ կան ավելի խորքային գործոններ։

– Կնոջ կյանքում տան գործերը երբեք չեն վերանում, բայց դրանք բարձրակետին են հասնում հենց այն փուլում, երբ համընկնում են կարիերայի զարգացման հետ։ Մենք երկու հիմնական խնդիր ունենք` կանայք, ովքեր ֆորմալ զբաղվածության մեջ են և զուգահեռ կատարում են ահռելի չվարձատրվող աշխատանք, և կանայք, ովքեր նախընտրում են չաշխատել ֆորմալ սեկտորում՝ նվիրվելով ընտանիքին։ Վերջիններիս դեպքում ապագայում առաջանում է կենսաթոշակի հարցը: Նրանք ստանում են նվազագույն կենսաթոշակ՝ չնայած ողջ կյանքում կատարած չափազանց բարդ ու տնտեսապես արժեքավոր աշխատանքին։


Կարդացեք նաև․ Կանանց չգնահատված ներուժը. ինչո՞ւ է տնտեսության ամենամեծ ռեսուրսը մնում անտեսված 


– Որո՞նք են այն կառուցակարգային լուծումները, որոնք կարող են թեթևացնել այս բեռը։

– Նախևառաջ խնամքի հաստատությունների մատչելիությունը, խոսքը ոչ միայն մանկապարտեզների, այլև տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնների մասին է։ Այդ ծառայությունները պետք է լինեն համայնքային և հասանելի։ Եթե դու պետք է 1.5 ժամ ծախսես այդպիսի կենտրոն հասնելու և ևս մեկ ժամ՝ աշխատանքի գնալու համար, քո ժամանակային ծանրաբեռնվածությունը չի փոխվի։ Ժողովրդագրության ռազմավարությունը նախատեսում է նաև նորարարական մոդելներ։ Օրինակ՝ եթե տատիկը կամ պապիկն են զբաղվում երեխայի խնամքով, դա կարող է հավասարեցվել աշխատանքին և վարձատրվել պետության կողմից։

– Իսկ ի՞նչ դեր ունեն տղամարդիկ այս վերաբաշխման մեջ։

– Տղամարդիկ այստեղ անելիք ունեն թե՛ կենցաղում, թե՛ օրենսդրական դաշտում։ Հայրության արձակուրդի հնարավորության ընձեռումը և դրա ժամկետի մեծացումը կարևոր քայլեր են։ Այս պահին գործող 5 օրը շատ քիչ է։ Հայրիկը պետք է հնարավորություն ունենա լիարժեք ներգրավվել երեխայի խնամքի մեջ։ Մենք արդեն իրականացնում ենք «Հայրիկների դպրոցի» մոդելը 6 մարզում, ինչը ցույց է տալիս, որ տղամարդիկ հետաքրքրված են սովորել և աջակցել իրենց զուգընկերներին։ Սա սոցիալական նորմերի փոփոխության ճանապարհն է։

– Գործատուների մոտ հաճախ կա «ռիսկի» ընկալում կանանց աշխատանքի ընդունելիս՝ պայմանավորված հնարավոր երկարատև բացակայությամբ։ Ինչպե՞ս է հնարավոր փոխել այս իրավիճակը համակարգային մակարդակում։

– Սա բարդ խնդիր է, որը պահանջում է թե՛ իրավական կարգավորումներ, թե՛ հստակ կառուցակարգեր։ Երբ կինը երեք տարի գտնվում է խնամքի արձակուրդում, նրա ոլորտը շարունակում է զարգանալ, և վերադարձի պահին նա կարող է իրեն անմրցունակ զգալ։ Մենք պետք է պետության հետ քննարկենք այնպիսի մեխանիզմներ, որոնք կդյուրացնեն այդ անցումը՝ լինեն դրանք վերապատրաստման ծրագրեր, թե գործատուների համար նախատեսված խթաններ։ Սակայն ամենակարևորը պետության հանձնառությունն է։ Չի կարելի սպասել փոփոխությունների մասնավոր հատվածում, եթե պետական կառավարման համակարգն ինքն օրինակելի չէ։ Որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածությունը պետք է լինի ոչ թե ձևական, այլ բովանդակային՝ մարդուն և նրա կարիքները դնելով ցանկացած ռեֆորմի առանցքում։

– Տնտեսական առումով ի՞նչ շահույթ կունենա պետությունը, եթե այս բարեփոխումներն իրականանան։

– Մենք միշտ խոսել ենք մարդու իրավունքների տեսանկյունից, բայց հիմա ունենք նաև ֆինանսական հաշվարկ։ Զեկույցը ցույց է տալիս, որ եթե խնամքի բեռը թեթևանա և կինը գնա աշխատի իր մասնագիտությամբ, մենք կարող ենք ունենալ միջինը մինչև 30% ՀՆԱ-ի աճի պոտենցիալ։ Սա չի նշանակում, որ բոլորը միանգամից կգնան աշխատելու, բայց դա մեր երկրի այն թաքնված պոտենցիալն է, որը մենք պարտավոր ենք օգտագործել։

– Արդյո՞ք սա պարզապես զեկույց է, թե՞ երկարաժամկետ գործողությունների սկիզբ։

– Սրանով գործողությունները միայն սկսվում են։ Զեկույցը ցույց տվեց խնդիրը, իսկ լուծումները պետք է տանք պետության հետ միասին։ Մենք պետք է քայլ առ քայլ ներդրում անենք խնամքի տնտեսության մեջ այսօր, որպեսզի վաղը ստանանք ֆինանսական և ժողովրդագրական բարիքներ։ Սա մեկ կազմակերպության կամ մեկ նախարարության անելիք չէ, այլ երկարաժամկետ, համատեղ աշխատանք։

Լուսինե Սարգսյանի նկարը անձնական արխիվից
Գլխավոր պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքի միջոցով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/05/2026