Հայաստանում մարդիկ պատրաստ են օգնել անծանոթին, բայց շատ ավելի հազվադեպ են գումար նվիրաբերում կամ կամավորություն անում։
CAF World Giving Index-ի 2022 թվականի տվյալներով՝ հարցվածների 61%-ը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օգնել է անծանոթ մարդու։ Սակայն միայն 16%-ն է դրամական նվիրատվություն կատարել, իսկ 11%-ը՝ մասնակցել կամավոր աշխատանքի։
Առաջին հայացքից այս թվերը իրար չեն համապատասխանում։ Եթե մարդիկ պատրաստ են օգնել, ապա ինչո՞ւ է Հայաստանը բարեգործական ակտիվությամբ աշխարհի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրների շարքում։
Պատասխանն արտացոլվում է նույն ինդեքսում. 119 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է 110-րդ տեղը։
Օգնել մարդուն՝ ավելի հեշտ է, քան վստահել համակարգին
CAF World Giving Index-ը (Աշխարհի բարեգործության ինդեքս) հանդիսանում է աշխարհում առատաձեռնության և բարեգործական վարքագծի ամենածավալուն ու հեղինակավոր հետազոտություններից մեկը։ Այն ամեն տարի հրապարակվում է Միացյալ Թագավորությունում գործող Charities Aid Foundation (CAF) միջազգային բարեգործական կազմակերպության կողմից։
CAF World Giving Index-ը չի գնահատում մարդկանց «բարությունը»։ Այն չափում է երեք կոնկրետ վարքագիծ՝ արդյոք մարդիկ վերջին մեկ ամսվա ընթացքում օգնել են անծանոթի, դրամական նվիրատվություն կատարել կամ կամավոր աշխատանք իրականացրել։
Հայաստանի պատկերը հետաքրքիր հակասություն է բացահայտում։ Մարդիկ հաճախ պատրաստ են անձամբ ներգրավվել օգնության մեջ՝ հիվանդանոց տեղափոխել հարևանին, գումար փոխանցել ծանոթի բուժման համար, սնունդ հասցնել կարիքավոր ընտանիքին։ Սակայն երբ օգնությունը տեղափոխվում է կազմակերպությունների, հիմնադրամների կամ համակարգված բարեգործության դաշտ, մասնակցությունը կտրուկ նվազում է։
Քաղաքացիական հասարակության զարգացման փորձագետ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանի կարծիքով՝ խնդիրը միայն մարդկանց պատրաստակամությունը չէ։
«Մենք հաճախ միավորվում և համախմբվում ենք միայն ճգնաժամային իրավիճակներում, ինչը ցույց է տալիս, որ բարեգործության և փոխօգնության մշակույթը դեռ համակարգված ու շարունակական ձևավորված չէ։ Այդ մշակույթը պետք է խթանվի և զարգանա օրենսդրական արտոնություններով, հարկային խրախուսմամբ և պետության կողմից վստահության միջավայր ձևավորելով»։
Խնդիրը միայն փողը չէ
Հաճախ կարելի է լսել, որ Հայաստանում բարեգործության ցածր ակտիվության հիմնական պատճառը բնակչության սահմանափակ ֆինանսական հնարավորություններն են։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ պատկերը ավելի բարդ է։
CAF World Giving Index-ի 2022 թվականի առաջատարը Ինդոնեզիան է, երկրորդ տեղում Քենիան, իսկ երրորդում՝ ԱՄՆ-ն։
Եթե բարեգործական ակտիվությունը կախված լիներ միայն եկամուտներից, նման ցուցակը դժվար թե հնարավոր լիներ պատկերացնել։ ԱՄՆ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը բազմակի անգամ գերազանցում է Ինդոնեզիայի ցուցանիշը, սակայն բարեգործական ակտիվությամբ վերջինս առաջ է անցել։
Սա ցույց է տալիս, որ բարեգործությունը միայն ֆինանսական ռեսուրսների հարց չէ։ Այն կապված է նաև վստահության, մշակույթի, հասարակական կապերի որակի և պետական քաղաքականության հետ։
Վստահության ճգնաժամ
Հայաստանում հասարակական կազմակերպությունների նկատմամբ վստահությունը շարունակում է մնալ սահմանափակ։
Կովկասյան բարոմետրի 2021-2022 թվականների հետազոտության համաձայն՝ հարցվածների 28.6%-ը հայտարարել է, որ ընդհանրապես չի վստահում հասարակական կազմակերպություններին, իսկ ևս 14.3%-ը նշել է, որ «ավելի շուտ չի վստահում»։
Այսինքն՝ շուրջ 43%-ը ՀԿ-ների նկատմամբ ունի բացասական կամ թերահավատ վերաբերմունք։
Այս վիճակագրությունն ունի նաև շատ գործնական հետևանքներ։
Շատ քաղաքացիներ չեն պատկերացնում՝ իրենց փոխանցած գումարը որտեղ է ծախսվելու, որքան արդյունավետ է օգտագործվելու կամ արդյոք կհասնի իրական շահառուին։ Արդյունքում մարդիկ հաճախ նախընտրում են օգնել անմիջականորեն՝ առանց միջնորդ կազմակերպությունների։
Ինչպե՞ս են փորձում խթանել բարեգործությունը այլ երկրներում
Փորձագետների կարծիքով՝ Հայաստանում բարեգործությունը հիմնականում մնում է անհատի անձնական որոշման մակարդակում և բավարար չափով չի խրախուսվում պետական քաղաքականությամբ։
Մինչդեռ եվրոպական բազմաթիվ երկրներում պետությունները ստեղծել են մեխանիզմներ, որոնք խրախուսում են քաղաքացիների մասնակցությունը։
Օրինակ՝ Գերմանիայում բարեգործական նվիրատվությունների դիմաց գործում են հարկային արտոնություններ։ Լեհաստանում, Հունգարիայում, Սլովակիայում և մի շարք այլ երկրներում կիրառվում է այսպես կոչված «1% մեխանիզմը», որի միջոցով քաղաքացին կարող է իր վճարած եկամտային հարկի մի մասը ուղղել նախընտրած հասարակական կազմակերպությանը։
Արփինե Հակոբյանի կարծիքով՝ նման մոտեցումները կարող են օգտակար լինել նաև Հայաստանում։
««Բարեգործության մասին» օրենքը չի արտացոլում ոլորտի այսօրվա կարիքները։ ՔՀԿ-ները շարունակում են կախված մնալ միջազգային դոնորներից, և չեն ստեղծվում ներքին ռեսուրսների վրա հիմնված կայունության մեխանիզմներ։ Անհրաժեշտ է ուժեղացնել թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները, որպեսզի ձևավորվի ավելի բարձր հանրային վստահություն բարեգործության նկատմամբ»։
Նրա խոսքով՝ «1% օրենքի» ներդրումը կարող է ոչ միայն ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները, այլ նաև ամրապնդել քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների միջև կապը։
110-րդ տեղը դատավճիռ չէ
Հայաստանի 110-րդ հորիզոնականը դժվար թե կարելի է մեկնաբանել որպես անտարբերության ցուցիչ։
Թվերը ցույց են տալիս այլ պատկեր․ մարդիկ պատրաստ են օգնել, երբ տեսնում են կոնկրետ մարդուն ու կոնկրետ խնդիրը։ Սակայն նույն պատրաստակամությունը հաճախ չի փոխանցվում կազմակերպություններին և ինստիտուտներին։
Այդ պատճառով Հայաստանի բարեգործական ակտիվության պատմությունը ոչ այնքան բարության պակասի, որքան վստահության պակասի մասին է։
Եվ քանի դեռ այդ վստահության բացը չի փակվել, մարդկանց պատրաստակամությունը օգնելու դժվար թե վերածվի համակարգված, լայնածավալ և կայուն բարեգործական մշակույթի։
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան
Գրաֆիկները՝ հեղինակի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/05/2026












