Մեր մասին Էթիկա











Միջազգային Քաղաքական

Նախընտրական կեղծիքներ և ԱԲ տեսանյութեր ԼԳԲՏ համայնքի անունից. թիրախում Հայաստան-ԵՄ կապերն են

Մայիսի 4-ին «Ամփոփ Մեդիայի» էլեկտրոնային փոստին անգլերենով մի հաղորդագրություն եկավ, որն ազդարարում էր «Հայկական քվիր միության» (Armenian Queer Union) գործունեության մեկնարկի մասին (տե՛ս նկարը)։ Առաջին հայացքից, անգամ պրոֆեսիոնալ լրագրողի համար, սա կարող էր թվալ սովորական իրազեկում լրատվամիջոցին, սակայն նամակի ուսումնասիրությունը բացահայտեց միանգամայն այլ պատկեր։

Լրատվամիջոցներին ուղարկված կեղծ նամակի բովանդակությունը

Կեղծ նամակի հիմնական շեշտադրումները

Նամակում նշվում է, թե Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո «Հայկական քվիր միությունը» սկսում է իր ակտիվ գործունեությունը՝ իրեն համարելով «ԼԳԲՏ+ անձանց առաջին մասնագիտացված հարթակը»։ Նաև հատուկ շնորհակալություն են հայտնում եվրոպական գործընկերներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «հավասարության արժեքներին աջակցելու համար»։

Սակայն սա ոչ թե իրական իրավապաշտպան նախաձեռնություն է, այլ նախընտրական շրջանին բնորոշ կազմակերպված մանիպուլյացիա: Նպատակը իշխանությանը «գովաբանելն է» մի թեմայի շրջանակներում, որը հասարակության պահպանողական շերտերի մոտ բացասական է ընկալվում, և այդ դժգոհությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերագրելն է։

Կասկածելի էջերի գոյությունն առաջինը նկատել է իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանը։ Մայիսի 2-ին նա ահազանգել է ոչ միայն այս կեղծ «միության», այլև «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ին նմանակած (կեղծ) էջի մասին։ Էլ ավելի հիմնավոր վստահություն ձեռք բերելու համար հեղինակները վճարել էին X (Twitter) հարթակին՝ վավերացման կապույտ տարբերանշան (բեյջ) ստանալու համար (կրկնօրինակ էջը ցանցի կողմից արդեն արգելափակվել է)։

Կեղծ ու մոլորեցնող նախաձեռնություն

Վերը նշված էջը X-ում ստեղծվել է 2026 թվականի ապրիլին, նույն ամսում էլ վավերացվել է։ Էջի տեղանքը նշված է՝ Ֆրանսիա (հավանաբար VPN-ի կիրառմամբ), նույն էջի վերաբերյալ կա նաև այլ վիզուալ փաստարկ․ նախկինում երկիրը նշված է եղել Թուրքիա։

Էջի 1,400 հետևորդների մեծ մասը կեղծ օգտահաշիվներ են՝ ստեղծված 2024-2025 թթ.-ին, տեղանքը՝ հիմնականում ԱՄՆ-ում։ Նրանց շարքում չկան հայկական անուններ, իսկ լուսանկարները միանման են։ Ունեն ընդամենը մեկ կամ երկու հրապարակում՝ GIF շարժական պատկերների տեսքով։

«Միության» էջի տեսանյութերը գեներացված են ԱԲ գործիքներով, այսինքն իրականությանը մոտ կեղծ բովանդակություն է (deepfake)։ Դրանցից մեկում պատկերված են Երևանում ձեռք ձեռքի տված զբոսնող ու համբուրվող իբրև քվիր հայեր, որոնք իրականում գոյություն չունեն։

Ինստագրամում միության էջն ունի 193 հետևորդ, որոնց իսկությունը պարզելն ավելի բարդ է, սակայն, կրկին ոչ մի հայ նրանց շարքերում չկա։ Այստեղ էջը ևս գրանցվել է նույն ամսում, բայց տեղանքը նշված է ԱՄՆ։

Երկու սոցիալական հարթակներում էլ էջը տեղադրել է նույն բովանդակությունը։  Հետաքրքիր է, որ գրառումների տակ մեկնաբանող Dr. Englander Site Danishyan-ի լուսանկարը ԱՄՆ-ում սպանված Ջորջ Ֆլոյդի հանրահայտ դիմանկարի ձևափոխված տարբերակն է։ Լուսանկարների համադրումը ցույց է տալիս, որ դեմքի դիրքը, հայացքը, հագուստը և նույնիսկ ֆոնի աղյուսե պատը բացարձակ նույնական են։ Պատկերը պարզապես մշակվել է արհեստական բանականության գործիքներով՝ ռասայական հատկանիշները փոփոխելու նպատակով։

ԱԲ-ով գեներացված մեկ այլ տեսանյութ Նիկոլ Փաշինյանի կերպարով է, ով իբրև մասնակցում է ԼԳԲՏ թեմատիկայով հանրային միջոցառման ու բացման ժապավեն է կտրում։

«Բնականաբար, առաջին դեպքը չէ, երբ որևէ քաղաքական խոշոր իրադարձության ընթացքում սկսում են շատ ակտիվ մանիպուլացնել ԼԳԲՏ+ անձանց հետ կապված հարցերը։ Սա հին և մեզ էլ շատ ծանոթ մեթոդ է քաղաքական դիվիդենտներ շահելու համար», – ասում է «Փինք»-ի գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը։

Ըստ նրա, նույն խոսույթն ու նարատիվները նկատվել են նաև Մոլդովայում և Վրաստանում։ «Դրանք պրոռուսական պրոպագանդայի գործիքներ են, որոնք ադապտացվում են հայաստանյան միջավայրին», – ասում է Կիզոգյանը։

Մամիկոն Հովսեփյանի դիտարկմամբ՝ աջակողմյան կամ պրոռուսական խմբերը հաճախ են այս թեման դարձնում «քավության նոխազ»՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ԼԳԲՏ+ համայնքը երկրի միակ կամ գլխավոր խնդիրն է։ Որպես օրինակ՝ նա մատնանշում է Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի օրերին գերիների վերադարձի պահանջով անցկացվող ակցիան, որտեղ, չգիտես՝ ինչու, հայտնվել էր ԼԳԲՏ դրոշով եզրագծված դագաղի պատկերով պաստառ։

Այդուհանդերձ, նմանատիպ հռետորաբանությունը սահմանափակված չէ միայն մեկ աշխարհաքաղաքական ուղղությամբ։ Սա տարածված գործիքակազմ է տարբեր երկրների աջակողմյան, ծայրահեղական կամ պահպանողական ուժերի համար՝ ներառյալ Միացյալ նահանգները և եվրոպական բազմաթիվ պետություններ։ Քաղաքական տարբեր ներկայացուցիչներ ու խմբեր հաճախ են օգտագործում այս զգայուն թեման հանրային կարծիքի վրա ազդելու կամ քաղաքական մրցակիցներին թիրախավորելու նպատակով։

Մայիսի 4-ի բողոքի ակցիայից էկրանապատճենում

«Կամ ղարաբաղյան պատերազմի ժամանակ [խմբ․ խոսքը 2020թ․-ի պատերազմի մասին է], երբ ուզում էին աշխարհի ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, պարբերաբար իբրև կատակ ասում էին՝ «գեյերին տանենք առաջնագիծ, որ մեզ վրա ուշադրություն դարձնեն»։ Այսինքն՝ ամեն ինչ այդ տեսանկյունից են նայում։ Սա մի մոտեցում է, որտեղ մարդիկ հավատացած են, թե սա է աշխարհի միակ խնդիրը»,— նշում է Հովսեփյանը։

«Այս արշավները հաճախ արվում են այլ երկրներից։ Լեզուն արհեստական հայերեն է, տեսանյութերը՝ ԱԲ-ով սարքած։ Կարելի է ենթադրել, որ սա արվում է օտարերկրյա PR կազմակերպությունների կողմից, որոնք չեն տիրապետում ոչ լեզվին, ոչ երկրի կոնտեքստին։ Սա իշխանության ձեռագիրը չէ. նրանք այլ կերպ են հարձակվում։ Այստեղ գործ ունենք ավելի «էլիտար» կերպով մատուցված կեղծիքի հետ», – նկատում է Հովսեփյանը։

Հիմնական նարատիվները. ինչպե՞ս է աշխատում պրոպագանդան

Հակա-ԼԳԲՏ քարոզչությունը համաշխարհային պրակտիկայում փորձված և արդյունավետ մեթոդ է հանրային հույզերի հետ խաղալու համար։ Այն հիմնվում է ոչ թե փաստերի, այլ դավադրության տեսությունների ու «բամբասանքի» էսթետիկայի վրա, ինչն ավելի արագ է տարածվում, քան լուրջ բովանդակությունը։

Փորձագետների դիտարկմամբ՝ այս արշավներում վերօգտագործվում են մի քանի կայուն նարատիվներ, օրինակ՝

«Ազգային ինքնությունը վտանգված է»։

Այս նարատիվը Հայաստանի եվրաինտեգրումը հակադրում է ավանդական արժեքներին։ Օգտագործվում են այնպիսի «բանալի բառեր», ինչպիսիք են՝ «հայկական ընտանիք», «պաշտպանել», «վտանգված ինքնություն»։

«Զարգանում է այն կեղծ վարկածը, թե դպրոցներում սկսելու են սովորեցնել՝ ինչ է ԼԳԲՏ-ն կամ երեխաները շուտով սկսելու են իրենք որոշել իրենց սեռը»,- նշում է Հռիփսիմե Կիզոգյանը։

Չափազանցված սեքսուալիզացիա և ապամարդկայնացում

Մանիպուլյացիայի կարևոր գործիք է համայնքի ներկայացուցիչներին ոչ թե որպես անհատների, այլ որպես «անդեմ երևույթի» ներկայացնելը։

«ԼԳԲՏ թեմաները չափազանց սեքսուալիզացված են։ Համայնքին ներկայացնում են որպես մի վախենալու խումբ, որի միակ նպատակը սեքսն է։ Տեղի է ունենում մարդկանց ապամարդկայնացում, ինչը ձեռնտու է բռնապետական կամ ոչ ժողովրդավարական համակարգերին՝ տնտեսական ու քաղաքական խնդիրներից ուշադրություն շեղելու համար»,- պարզաբանում է Մամիկոն Հովսեփյանը։

Տերմինաբանական «քողարկում»

Այս տարի նկատվել է նոր միտում։ Ագրեսիվ հայհոյանքներին փոխարինելու են եկել ավելի չեզոք թվացող, բայց բացասական կոնտեքստում դրված բառեր (օրինակ՝ «նույնասեռական»)։ Սա արվում է «չկողմնորոշված» զանգվածների վրա ավելի էլիտար ու վստահելի ազդեցություն ունենալու համար։

Ամփոփում

ԼԳԲՏ թեման Հայաստանում վաղուց վերածվել է քաղաքական մահակի, որը պարբերաբար հայտնվում է կողմերից մեկի մոտ։

Գործող իշխանությունը հիմնականում խուսափում է մարդու իրավունքների շիտակ պաշտպանությունից։ Փոխարենը՝ նրանք նախընտրում են կա՛մ լռել, կա՛մ հակադարձել ընդդիմությանը նույն մակարդակում։

«Այնպես չէ, որ իշխանությունը փորձում է հակազդել մանիպուլյացիաներին՝ ասելով, որ ԼԳԲՏ+ անձինք ևս քաղաքացիներ են։ Նրանք ավելի շատ փորձում են գնդակը գցել հակառակ կողմի դաշտը և ասել՝ «հիմա ձեր հերթն է»»,- եզրափակում է Հռիփսիմե Կիզոգյանը։

Թեև հոդվածում անդրադարձ ենք կատարում ԼԳԲՏ+ համայնքի անունից քաղաքական շահարկումներին, այնպես չէ, որ համայնքի անդամները առանձին անհատներ չեն։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, մասնակցել տարբեր հասարակական-քաղաքական միջոցառումների կամ ունենալ ներգրավվածություն քաղաքական գործընթացներում՝ միևնույն ժամանակ չկիսելով հոդվածում արտահայտված մտքերն ու տրվելով բազմատեսակ մանիպուլյացիաների։

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/05/2026