Մեր մասին Էթիկա











Միջազգային Քաղաքական

Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել ԱԹՍ-ների սկանդալից հետո

Մայիսի 14-ին Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է հրաժարականի մասին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի գործընկեր «Պրոգրեսիվներ» կուսակցությունը դադարեցրել է աջակցությունը կառավարությանը՝ զրկելով նրան խորհրդարանական մեծամասնությունից։

Լատվիայում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, ով ղեկավարում է կառավարությունը և երկիրը խորհրդարանի մեծամասնության աջակցությամբ։ Սիլինան վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ-ից։

Հեռուստատեսային ուղերձում նա հայտարարել է․ «Ես հրաժարական եմ տալիս, բայց չեմ հանձնվում»։

Քաղաքական ճգնաժամը սրվել է օրեր առաջ, երբ հրաժարական էր տվել նաև երկրի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ Պատճառը Լատվիայի տարածք ներթափանցած անօդաչու սարքերի շուրջ ստեղծված իրավիճակն էր։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին, երբ երկու ենթադրյալ ուկրաինական ԱԹՍ-ներ մտել են Լատվիայի օդային տարածք։ Վերջին ամիսներին դեպի Ռուսաստան ուղղված ուկրաինական ԱԹՍ-ների մի մասը, շեղվելով, հայտնվել էին նաև Բալթյան երկրների և Եվրոպայի այլ պետությունների տարածքում։

Դեպքը Լատվիայում ներքաղաքական լուրջ քննադատության պատճառ է դարձել։ Ընդդիմախոսները հարցականի տակ են դրել երկրի օդային անվտանգության համակարգերի արդյունավետությունն ու իշխանությունների արձագանքը։

Սիլինան հայտարարել է, որ այս միջադեպերը «ցույց տվեցին, որ պաշտպանության ոլորտի քաղաքական ղեկավարությունը չի կատարել երկրի անվտանգ երկինք ապահովելու խոստումը»։

Վարչապետի հրաժարականը տեղի ունեցավ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Այժմ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պետք է խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ սկսի նոր կառավարության ձևավորման շուրջ։

Ամփոփ Մեդիա
Հիմնական լուսանկարը՝  Petros Karadjias / Associated Press

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/05/2026