ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Վերջին ինը տարիներին սա ԱՄՆ նախագահի մակարդակով առաջին այցն է Չինաստան և ընդհանուր առմամբ վերջին տարիներին ԱՄՆ նախագահի մակարդակով կարևորագույն շփումներից մեկը Պեկինի հետ։
Այցի պաշտոնական ձևակերպումն է՝ «հարաբերությունների կայունացում»։ Այցի հիմնական շարժառիթները, սակայն, ավելի լայն ընդգրկում ունեն՝ առևտրից մինչև տեխնոլոգիական առաջընթաց, անվտանգություն և, ինչպես որոշ քաղաքական վերլուծություններ են նշում՝ նոր աշխարհակարգի ձևավորում։
Այս հանդիպումը փորձ է՝ հասկանալու՝ ինչպիսի կանոններով է ձևավորվելու 21-րդ դարը, և ով կամ ովքեր են լինելու այդ կանոնների գլխավոր հեղինակները:
Այցի հիմնական նպատակները
1. Առևտրային լարվածության մեղմում
ԱՄՆ–Չինաստան առևտրային լարվածությունը սրվեց 2018 թ-ին, երբ Վաշինգտոնը բարձր մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների նկատմամբ՝ հայտարարելով, որ Չինաստանը տարիներ շարունակ օգտագործել է անհավասար պայմաններ, պետական սուբսիդիաներ և տեխնոլոգիական պարտադիր փոխանցման մեխանիզմներ։ Պեկինը պատասխանեց համարժեք մաքսատուրքերով։
2019 թ-ին ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր սահմանեց մոտ 200 միլիարդ դոլարի չինական արտադրանքի նկատմամբ, իսկ հետագայում սահմանափակումներ կիրառվեցին նաև մի շարք խոշոր չինական տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ։ 2020-ին ստորագրվեց առևտրային կայունացման համաձայնագիր, սակայն այն ամբողջությամբ չլուծեց կառուցվածքային խնդիրները։
Վաշինգտոնը նշել է, որ առևտրային հարցերը լինելու են հանդիպման առանցքային թեմաները։ Այս փուլում, սակայն, խնդիրը միայն մաքսատուրքերը չեն, այլ՝ ռազմավարական կախվածությունների կրճատումը և արդյունաբերական քաղաքականության վերաիմաստավորումը։
2. Հազվագյուտ մետաղներ և մատակարարման շղթաներ
Չինաստանը վերահսկում է հազվագյուտ հողային մետաղների վերամշակման համաշխարհային շուկայի մեծ մասը։ Այս նյութերը կենսական նշանակություն ունեն կիսահաղորդիչների, մարտկոցների, ռազմական տեխնիկայի, վերականգնվող էներգետիկ համակարգերի և բժշկական սարքավորումների արտադրության համար։
Վաշինգտոնի համար սա տնտեսական մրցունակության և ազգային անվտանգության հարց է, իսկ Պեկինի համար՝ ազդեցության ռազմավարական լծակ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն փորձում է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները և նվազեցնել կախվածությունը Չինաստանից, սակայն գործընթացը երկարաժամկետ է և ծախսատար։
3. Թայվանի հարցը
Թայվանը մնում է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ամենազգայուն թեմաներից մեկը։ Պեկինը Թայվանը դիտարկում է որպես իր տարածքի մաս և չի բացառում ուժի կիրառումը ապագայում։ Վաշինգտոնը, պահպանելով «Մեկ Չինաստան» քաղաքականության դիսկուրսը, միաժամանակ մատակարարում է պաշտպանական սպառազինություն Թայվանին և պահպանում ռազմավարական անորոշություն։
1982 թվականի «Վեց երաշխիքները», որոնք ԱՄՆ-ն տվել է Թայվանին, շարունակում են կարևոր քաղաքական հիմք հանդիսանալ։ Դրանց վերանայումը կամ մեկնաբանության փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգության վրա։
Թայվանը բանակցությունների սեղանի շուրջ չէ, բայց դրա ապագան անուղղակիորեն քննարկվող թեմաների կենտրոնում է։
4. Իրանը և Մերձավոր Արևելքը
Չինաստանն Իրանի խոշորագույն տնտեսական գործընկերներից է և էներգետիկ ոլորտում կարևոր դերակատար։ Վաշինգտոնը կարող է փորձել Պեկինին ներգրավել Իրանի նկատմամբ ավելի զսպող դիրքորոշման ձևավորման հարցում, հատկապես Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում։
Միաժամանակ Պեկինը փորձում է հանդես գալ որպես գլոբալ պատասխանատու դերակատար՝ պահպանելով սեփական ռազմավարական ինքնավարությունը և խուսափելով ամերիկյան օրակարգին ամբողջությամբ միանալուց։
ԱՄՆ բիզնես պատվիրակությունը․ նոր ուժային քարտեզ
ԱՄՆ նախագահին ուղեկցում են ամերիկյան խոշոր բիզնեսների ղեկավարներ, այդ թվում՝ Թիմ Քուքը (Apple), Լարի Ֆինկը (BlackRock), Սթիվեն Շվարցմանը (Blackstone), Քելլի Օրտբերգը (Boeing), Դևիդ Սողոմոնը (Goldman Sachs), Ջենսեն Հուանգը (Nvidia) և այլոք։
2017 թ-ին կայացած վերջին այցի ընթացքում հայտարարվել էր շուրջ 250 միլիարդ դոլարի գործարքների մասին։ Այսօր, սակայն, բիզնես ներկայությունն այլ իմաստ ունի։ Խոսքը միայն ներդրումների մասին չէ, այլ այն մասին, թե ով է վերահսկելու ապագայի տեխնոլոգիական ենթակառուցվածքները՝ պետությո՞ւնը, թե՞ կորպորացիաները։
Արհեստական բանականությունը՝ գերտերությունների ուշադրության կենտրոնում
Եթե առևտուրը հանդիպման մակերեսային շերտն է, ապա արհեստական բանականությունը՝ դրա խորքային առանցքը։
ԱՄՆ-ը շարունակում է առաջատար մնալ մասնավոր ներդրումներով և առաջադեմ չիպերի նախագծմամբ։ Չինաստանը, իր հերթին, արագորեն ընդլայնում է կիրառական և արդյունաբերական ոլորտներում արհեստական բանականության ներդրումը։
Սթենֆորդի 2026 թվականի AI Index-ի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ը գերազանցում է մասնավոր ներդրումներով, մինչդեռ Չինաստանը մեծ դեր ունի գիտական հրապարակումների և արդյունաբերական տեղակայման ոլորտում։
Փաստացի կարելի է համարել, որ սա ոչ միայն մրցակցություն է տեխնոլոգիաների շուրջ, այլև այն հարցերի, թե ով է սահմանելու աշխատանքի ապագան և ով է վերահսկելու գլոբալ տվյալները (ինչպես կանխատեսում են բազմաթիվ վերլուծական կենտրոններ՝ 21-րդ դարի ամենաթանկարժեք ռեսուրսը լինելու են հենց տվյալները)։ Արհեստական բանականությունը փոխկապակցում է անվտանգությունը, կլիման, էներգետիկան, աշխատաշուկան և տեղեկատվական տարածքը՝ վերածվելով համակցված ուժի և միաժամանակ կրելով տնտեսական, ռազմական ու քաղաքական նշանակություն։
Չինաստանում տեխնոլոգիան սերտորեն ինտեգրված է պետական ռազմավարությանը։ ԱՄՆ-ում առաջատար ընկերությունները գործում են մասնավոր հատվածում, սակայն աստիճանաբար վերածվում են ազգային ենթակառուցվածքի առանցքային բաղադրիչների։ Երկու մոդելներն էլ ձևով տարբեր են, բայց բարձրացնում են նույն հարցը՝ ով է վերահսկելու տեխնոլոգիական ապագան։
***
Այս հանդիպումը կարևոր է ոչ միայն Վաշինգտոնի և Պեկինի, այլ ամբողջ աշխարհի համար։ Փոքր ու միջին տերությունները ստիպված են լինելու հարմարվել այն կանոններին, որոնք կձևավորվեն այս և հետագա երկխոսությունների արդյունքում։
Գլոբալ խնդիրները մեկ հանդիպմամբ չեն լուծվի, իհարկե, սակայն այժմ որոշվում է մի կարևոր հարց՝ մրցակցությունն ընթանալու է կանխատեսելի կանոններո՞վ, թե՞ ուժի անհատական կիրառման տրամաբանությամբ։
Չինաստանն ու ԱՄՆ-ը փորձում են սահմանել ապագայի ճարտարապետությունը։
Պատրաստեց Ելենա Սարգսյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/05/2026









