Մեր մասին Էթիկա
Առողջություն

39,5 մլրդ դրամի փոխհատուցում՝ 100 օրում. ինչպե՞ս է աշխատում առողջության համընդհանուր ապահովագրությունը

Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) հիմնադրամի գործունեության առաջին 100 օրն արդեն փաստ է։

Ապրիլի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը ներկայացրել են համակարգի ներդրման մեկնարկային ցուցանիշները։ Դրանք փաստում են բժշկական ծառայությունների դիմելիության կտրուկ աճի մասին։

Ներկայացված հաշվետվությունը ցույց է տալիս, որ համակարգը ոչ միայն ներդրված է, այլև գործում է մեծ ծավալներով։ Բայց ի՞նչ է թաքնված այս թվերի հետևում, և ինչպե՞ս է պետությունը փոխհատուցում մեր բժշկական ծախսերը։

Ո՞վ է օգտվում համակարգից

Ներկայումս ԱՀԱ համակարգում ընդգրկված է ավելի քան 1,7 մլն շահառու։ Ըստ նախարար Ավանեսյանի՝ առաջին 100 օրվա տվյալներով՝ նրանցից շուրջ 612 հազարը (36%-ը) արդեն իսկ օգտվել է մատուցվող ծառայություններից։ Համաձայն նախարարի ներկայացրած տվյալների՝ համակարգի ներդրման ամենակարևոր արդյունքներից մեկը դիմելիության աճն է։ Չորս անգամ ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր նախկինում երբեք չեն օգտվել պետպատվերի շրջանակներում տրամադրվող առողջապահական ծառայություններից։ Սա փաստում է, որ ֆինանսական արգելքի վերացումը մարդկանց թույլ է տվել չհետաձգել այցը բժշկի։

ֆինանսական արգելքի վերացումը մարդկանց թույլ է տվել չհետաձգել այցը բժշկի

Ո՞ւր է ուղղվել 39,5 միլիարդ դրամը

Առաջին եռամսյակի ընթացքում պետության կողմից իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը, ըստ պաշտոնական հաշվետվության, գերազանցել է 39,5 մլրդ դրամը։ Այս գումարը բաշխվել է ըստ առողջապահական հիմնական ուղղությունների՝ ապահովելով շուրջ 2,400 տեսակի բժշկական ծառայությունների հասանելիություն։

Անահիտ Ավանեսյանի և Սամվել Խարազյանի փոխանցմամբ դեղորայքի փոխհատուցումը համակարգի ամենաարագ աճող հատվածն է։

Միասնական վճարողի մոդելը. ինչպե՞ս է գործում մեխանիզմը

ԱՀԱ հիմնադրամը գործում է որպես «միասնական վճարող»։ Գործնականում սա նշանակում է, որ քաղաքացին ստանում է անհրաժեշտ բժշկական ծառայությունը կամ դեղորայքը համապատասխան հաստատությունում, իսկ հիմնադրամը, սահմանված սակագներով, ուղղակիորեն փոխհատուցում է բժշկական կենտրոնին կամ դեղատանը։ Այս մոդելը նվազեցնում է քաղաքացու վրա ընկնող ֆինանսական ու վարչարարական բեռը։

Թվային վերահսկողություն և ԱԲ լուծումներ

Որպեսզի հսկայական դրամական միջոցները ծախսվեն նպատակային, հիմնադրամը զարգացման հաջորդ փուլում շեշտը դնում է թվային գործիքների ներդրման վրա։ Նախատեսվում է կիրառել արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ, որոնք թույլ կտան վերլուծել հիվանդությունների դինամիկան, կանխարգելել հնարավոր չարաշահումները, վերահսկել ծառայությունների որակը և ավելի ճշգրիտ պլանավորել հետագա բյուջետային ծախսերը։

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը Հայաստանի սոցիալական ոլորտի ամենախոշոր և ռիսկային բարեփոխումներից է։ «Ամփոփ Մեդիան» առաջիկայում շարունակաբար հետևելու է այս գործընթացին՝ փորձելով պաշտոնական վիճակագրությունից անդին վերհանել համակարգի իրական ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա։

Ամփոփ Մեդիա

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/04/2026