Մեր մասին Էթիկա
Սոցիալական

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին, 64 տարեկանում, կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Ըստ նրա ընկերոջ՝ Հարություն Բոգարյանի, դերասանը վերջին երեք օրը գտնվել է հիվանդանոցում, մահվան պատճառը եղել է սրտի կանգը։

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Դերասանական կրթություն է ստացել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ապա Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։

Նրա ստեղծագործական գործունեությունը ընդգրկել է թատրոնը, կինոն և հեռուստատեսությունը։ Տարիներ շարունակ աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում։ 1998-2001 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Չեխիայում, որտեղ բեմադրել է մի քանի ներկայացում։ Ավելի ուշ հիմնել է թատրոն-ստուդիա և դասավանդել Մանկավարժական համալսարանում։

Ալեքսանյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստանախագծերում, այդ թվում՝ «Ընկած բերդի իշխանուհին», «Մեր բակը», «Մի վախեցիր», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում, ինչպես նաև «Դժբախտ երջանկություն», «Հարազատ թշնամի», «Պատվից առավել» հեռուստասերիալներում։

2017 թվականին Արտաշես Ալեքսանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Նա արժանացել է նաև մի շարք մարտական և գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Վազգեն Սարգսյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալների, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

1991-1992 թվականներին Ալեքսանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին։

Ամփոփ Մեդիա

Լուսանկարները՝ Արտաշես Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/07/2026