Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է, որ Բրյուսել է վերադարձել Հայաստանից բերած ծիրաններով, որոնց մի մասը բաժանել է ընկերներին, իսկ մնացածից մուրաբա է պատրաստել։
«Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրաններից»,- գրել է Կոսը՝ հրապարակելով լուսանկարներ։
Նրա խոսքով՝ հայկական ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որն այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Կոսը նշել է, որ վերջին ընտրություններում Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այն ուժերի օգտին, որոնք կողմ են ԵՄ-ի հետ ավելի սերտ գործընկերությանը։
«Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ իր շուկան բացելով այդ ապրանքներից շատերի համար», – գրել է Կոսը։
Կոսի ընկերներից մեկը մուրաբայի ապակե տարաները տեսնելով՝ դրանք անվանել է «ազատության տարաներ» (Jars of freedom)։
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նաև կոչ է արել եվրոպացիքին սուպերմարկետներում փնտրել և գնել հայկական ծիրան, սալոր կամ կեռաս՝ նշելով, որ այդ փոքր ընտրությամբ կարելի է աջակցել հայ ֆերմերներին և Հայաստանի ժողովրդավարական ընտրությանը։
Հայկական գյուղմթերքի թեման վերջին շաբաթներին հայտնվել է քաղաքական և տնտեսական ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը մայիսի վերջից և հունիսի սկզբից սահմանափակումներ է մտցրել հայկական մի շարք ապրանքների՝ այդ թվում թարմ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի ներմուծման նկատմամբ։ Դրանք համընկան Հայաստանում հունիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ։
ԵՄ-ն, իր հերթին, հուլիսի սկզբին հայտարարեց Հայաստանին լրացուցիչ տնտեսական աջակցության և հայկական ապրանքների համար արտահանման որոշ կանոնների պարզեցման մասին։ Ըստ Reuters-ի՝ խոսքը նաև այն մասին է, որ ԵՄ-ն ազատականացնում է հայկական արտահանման զգալի մասի մուտքը եվրոպական շուկա։
Թե որքանով ԵՄ-ի նման աջակցությունը գործնականում կօգնի հայ ֆերմերներին կայուն տեղ զբաղեցնել եվրոպական շուկայում, ցույց կտա ժամանակը։ Եվրոպական շուկա մտնելու համար դեռ պետք է հաղթահարել որակի, հավաստագրման, լոգիստիկայի և ծավալների ապահովման մի շարք խնդիրներ։
Ամփոփ Մեդիա
Լուսանկարները՝ Մարթա Կոսի ֆեյսբուքյան էջից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/07/2026









