Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների համար առանձնացված են չորս երաշխավորված մանդատներ։ Սակայն քաղաքական ներկայացվածությունն սկսվում է ոչ թե ընտրությունների արդյունքներից, այլ շատ ավելի վաղ՝ այն պահից, երբ ընտրողը հասկանում է, թե ինչպես է աշխատում ընտրական համակարգը և ինչպես պետք է օգտվի իր ընտրական իրավունքից։
Հենց այս նպատակով «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպությունը և «Ամփոփ Մեդիան», ՄԱԶԾ ARTEMIS ծրագրի շրջանակում նախընտրական փուլում իրականացրեցին բազմալեզու իրազեկման արշավ՝ ազգային փոքրամասնությունների համար պարզեցնելու և մայրենի լեզուներով ներկայացնելու Հայաստանի ընտրակարգը։
Նախաձեռնության գաղափարը պարզ էր՝ բարդ իրավական լեզուն փոխարինել բացատրական և վիզուալ նյութերով, որպեսզի ընտրությունների մասին տեղեկատվությունը հասանելի դառնա բոլորին՝ անկախ լեզվից։
Չորս համայնք, չորս խորհրդարանական մանդատ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված են առանձին մանդատներ։ Դրանք տրվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններին։ Ներկայում դրանք եզդիները, ռուսները, ասորիները և քրդերն են։
Թեկնածուներն ընդգրկվում են կուսակցությունների կամ դաշինքների համապետական ընտրացուցակների երկրորդ մասում և խորհրդարան են անցնում այն քաղաքական ուժի ստացած ձայների հաշվին, որի ցուցակում ընդգրկված են։
Ազգային փոքրամասնությունների թվաքանակը ՀՀ-ում
2022 թ․-ի մարդահամարի համաձայն՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդհանուր թիվը 57,034 է։ Ամենամեծ չորս ազգային փոքրամասնությունների թվաքանակը հետևյալն է․
- Եզդիներ՝ 31,079
- Ռուսներ՝ 14,076
- Ասորիներ՝ 2,755
- Քրդեր՝ 1,663
Հենց այս տվյալների հիման վրա էլ ձևավորվում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը։
2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ազգային փոքրամասնությունների չորս մանդատներից երեքը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ եզդիական (Ռուստամ Բաքոյան), ռուսական (Ալեքսեյ Սանդիկով) և քրդական (Կնյազ Հասանով) փոքրամասնությունների ներկայացուցիչներին, իսկ ասորական համայնքի մանդատը ստացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Զեմֆիրա Միրզոևան։
Ընտրակարգը՝ հինգ լեզվով
Մինչ քաղաքական ուժերը քարոզարշավ էին իրականացնում, ԼՀԱ-ն և «Ամփոփ Մեդիան» կենտրոնացան մեկ այլ խնդրի վրա՝ ինչպես անել, որ ազգային փոքրամասնությունների ընտրողները նախապես տեղեկացված լինեն ընտրությունների ընթացակարգից։
ԿԸՀ-ի պաշտոնական ուղեցույցները և ընտրական կարգավորումները հաճախ ներկայացված են իրավական լեզվով, ինչը բոլորի համար չէ, որ հեշտ ընկալելի է։ Այդ պատճառով նախագիծը նպատակ ուներ նույն տեղեկատվությունը ներկայացնել առավել պարզ, պատկերավոր և ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով։
Արդյունքում ստեղծվեցին պարզեցված տեղեկատվական փաթեթներ, ինֆոգրաֆիկներ, բուկլետներ և պաստառներ՝ եզդիերեն, քրդերեն, ասորերեն, ռուսերեն և արևմտահայերեն լեզուներով։
«ԿԸՀ-ի բարդ իրավական և ընթացակարգային կանոնակարգերը մատուցվեցին առավել մատչելի ու պարզեցված՝ բարձրացնելով այն ընտրողների իրազեկվածությունը, որոնք հանդիպում են լեզվական արգելքների»,- նշում են ծրագրի պատասխանատուները։
Վեցերորդ լեզուն Հանրային ռադիոյի եթերում
Նախաձեռնությունը չսահմանափակվեց միայն տպագիր նյութերով։
Հայաստանի Հանրային ռադիոյի հետ համագործակցությամբ պատրաստվեցին նաև ուղեցույցների աուդիոտարբերակները։ Դրանք, ինչպես նաև ուղեցույցների տեքստային տարբերակները, տարածվեցին Հանրային ռադիոյի՝ ազգային փոքրամասնությունների համար գործարկվող լրատվական հարթակներում։
Բացի այդ, կարևորելով ուղեցույցների առավել լայն հասանելիությունը, Հանրային ռադիոյի ստեղծագործական թիմը սեփական նախաձեռնությամբ ԼՀԱ-ի և «Ամփոփ Մեդիայի» պատրաստած հայերեն բնօրինակի հիման վրա ստեղծեց նաև հունարեն տարբերակը՝ Հայաստանի հունական համայնքի համար։
Այսպիսով, նախագիծը փաստացի ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև այն համայնքը, որը խորհրդարանում առանձին երաշխավորված մանդատ չունի։
Ինչպես նյութերը հասան հասցեատերերին
Բազմալեզու տեղեկատվական փաթեթները նախատեսված էին ոչ միայն համացանցում տարածելու, այլ անմիջապես ազգային փոքրամասնությունների բնակավայրեր հասցնելու համար։
Շուրջ 1700 բուկլետներ և ավելի քան 200 պաստառներ տարածվեցին Երևանում, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Լոռու մարզերի այն համայնքներում, որտեղ կենտրոնացած են ազգային փոքրամասնությունները։
Նյութերը բաժանվեցին համայնքապետարանների, դպրոցների, մշակութային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և համայնքային հեղինակությունների միջոցով։
Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը նախաձեռնությունն այսպես է գնահատում. «Չափազանց կարևոր է, երբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընտրակարգին ծանոթանում են իրենց մայրենի լեզվով»։
ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նույնպես կարևորեց նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես այն բնակավայրերի համար, որտեղ կրթությունը հիմնականում իրականացվում է ռուսերենով, օրինակ՝ Լոռու մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերում։
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանն էլ նշում է, որ թեև եզդի համայնքի մեծ մասը սահուն տիրապետում է հայերենին, մայրենի լեզվով պատրաստված պարզեցված տեղեկատվությունը նպաստում է քաղաքական գիտակցության բարձրացմանը։
Արշավին միացան նաև լրատվամիջոցները
Բազմալեզու նյութերի հանրայնացմանը միացան նաև ազգային փոքրամասնությունների մասնագիտացված առցանց հարթակները և մի շարք լրատվամիջոցներ։
Դրանց թվում էր նաև CivilNet-ը, որն իր ավելի քան կես միլիոն հետևորդ ունեցող հարթակներում տարածեց արևմտահայերեն տարբերակը՝ այն հասանելի դարձնելով նաև հայրենադարձների և սփյուռքահայ ընթերցողների համար։
Հեռանկարում աշնանային ՏԻՄ ընտրություններն են
Նախաձեռնությունն ավարտվեց խորհրդարանական ընտրություններով, սակայն դրա ընթացքում ձևավորված փորձն ու համագործակցության մոդելը կարևոր է պահպանել և զարգացնել։
ԼՀԱ-ն և «Ամփոփ Մեդիան» նախատեսում են արդեն այս տարվա աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների համար կիրառել նույն մոտեցումը և մշակել առավել թիրախային, պարզեցված և բազմալեզու ընտրական նյութեր։
Քանի որ ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համայնքային մակարդակում, կարևոր է նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր համայնքի տեղեկատվական կարիքները և ԿԸՀ-ի հետ համագործակցությամբ մշակել ընտրողների համար առավել հասցեական իրազեկման գործիքներ։
Պատրաստեց Պապին Մուրադյանը
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/06/2026











