Մեր մասին Էթիկա
Քաղաքական

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԱԺ 2026 թվականի ընտրությունների արդյունքները

Հայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին մերժեց 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 14-ի որոշումը։

Դատարանի հրապարակած որոշման եզրափակիչ մասում նշվում է, որ ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը մնում է ուժի մեջ։

ԿԸՀ-ի որոշումը մնում է ուժի մեջ

Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատարանի ամբողջական որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ երեք օրվա ընթացքում։

Ընտրությունների արդյունքները վիճարկում էր յոթ քաղաքական ուժ

Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» ռեֆորմիստական, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Միասնության թևեր» և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։

Դիմումատուները վիճարկում էին ԿԸՀ-ի կողմից ամփոփված ընտրությունների արդյունքները՝ բարձրացնելով ընտրական գործընթացի օրինականության, ընտրատեղամասերում արձանագրված խախտումների, ինչպես նաև մանդատների բաշխման հետ կապված հարցեր։

Վարդևանյան․ ՍԴ-ն չլուծեց իր կազմի լեգիտիմության հարցը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ՍԴ-ի որոշումից հետո հայտարարեց, որ դատարանը որպես ինստիտուտ գոյություն ունի, սակայն, իր գնահատմամբ, սահմանադրական արդարադատությունը չի իրականացվել։

Նրա խոսքով՝ ներկայացված ընտրախախտումների վերաբերյալ փաստերը, ինչպես նաև մանդատների բաշխման հետ կապված հարցերը դատարանի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացել։ Վարդևանյանը նաև նշեց, որ իրենց համար ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հավանականությունը բարձր չէր, սակայն ակնկալում էին, որ դատարանը կանդրադառնա մանդատների բաշխման վերաբերյալ բարձրացված իրավական հարցերին։

Նա հավելեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը խորհրդարանական մանդատները ստանալու և հետագա քաղաքական քայլերի վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի ՍԴ-ի ամբողջական որոշման հրապարակումից հետո։

Օրբելյան․ դատարանը բաց թողեց պատմական հնարավորություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ, իր գնահատմամբ, Սահմանադրական դատարանը բաց թողեց հնարավորություն՝ վերականգնելու ընտրական գործընթացում խախտված իրավունքները։

Օրբելյանի խոսքով՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու հարցը կախված էր ԿԸՀ-ի մեկ որոշումից, իսկ ներկայացված ապացույցները բավարար էին ՍԴ-ի կողմից այդ որոշումը վերանայելու համար։ Նա նաև պնդեց, որ ընտրական տվյալների մշակման ընթացքում առկա հնարավոր շեղումները պետք է գնահատվեին «ընտրողի օգտին» սկզբունքով։

#armvote2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/07/2026