2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ամենաակնառու հակասություններից մեկն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» (ՔՊ) ավելի շատ ձայն ստացավ, քան 2021-ին, բայց նրա քաղաքական կշիռը շարունակեց նվազել։
Առաջին հայացքից այս երկու փաստերը հակասում են միմյանց։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների հիման վրա «Ամփոփ Մեդիայի» համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը ոչ թե ՔՊ-ի ընտրազանգվածի կրճատումն է, այլ ընտրողների ավելի բարձր մասնակցությունն ու քաղաքական մրցակցության փոփոխված կառուցվածքը։
2018-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել էր վավեր ձայների 70.44%-ը՝ ձևավորելով գրեթե աննախադեպ քաղաքական գերակայություն։ 2021-ին այդ ցուցանիշը նվազեց մինչև 53.96%, իսկ 2026-ին՝ մինչև 49.75%։ Միաժամանակ երկրորդ քաղաքական ուժի կշիռը 2018-ի 8.27%-ից 2026-ին հասավ 23.27%-ի։
Այսինքն՝ երեք ընտրությունների ընթացքում ՔՊ-ն պահպանեց առաջատարի դիրքը, սակայն նրա գերակայությունն այլևս այնպիսին չէ, ինչ ութ տարի առաջ։
Պատկերը մարզերում և մայրաքաղաքում
Մարզային տվյալները բացահայտում են, թե որտեղ է փոխվել ՔՊ-ի աջակցության աշխարհագրությունը։
Թեև 2026-ին ՔՊ-ն մնացել է առաջին քաղաքական ուժը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում, սակայն նախորդ ընտրությունների համեմատ նրա տոկոսային կշիռը նվազել է բոլոր մարզերում բացի Վայոց ձորից և Երևանից, ընդ որում՝ մայրաքաղաքում աճը կազմել է ընդամենը 0.37 տոկոսային կետ։
Ամենամեծ անկումները գրանցվել են Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում, որտեղ իշխող ուժի արդյունքը նվազել է 8–10 տոկոսային կետով։
Մայրաքաղաքում պատկերն ավելի բազմազան է
Եթե մարզերում հիմնականում անկում է նկատվում, ապա Երևանում պատկերն ավելի բազմազան է։
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ՔՊ-ի կշիռը փոքր-ինչ աճել է, մինչդեռ Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում և Նուբարաշենում նվազել է։
Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ այն վարչական շրջաններում, որտեղ նախորդ ընտրություններին իշխող ուժը համեմատաբար քիչ ձայներ էր ստացել, այս ընտրություններին բարձր արդյունքներ է գրանցել։
122 ընտրատեղամասերը, որտեղ ՔՊ-ն չհաղթեց
Տեղամասային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ի տարածքային մենաշնորհն անխոցելի չէ։
Հայաստանում գործող 2002 վավեր ընտրատեղամասերից 1878-ում իշխող ուժն ունեցել է միանձնյա հաղթանակ, ևս երկու տեղամասում հավասար թվով ձայներ է ստացել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։
Իսկ 122 ընտրատեղամասերում առաջատար են եղել մրցակից ուժերը։
Դրանցից 92-ում հաղթել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, առավելապես Լոռիում՝ հատկապես Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում, ինչպես նաև Երևանի մի շարք տեղամասերում, Մասիս համայնքի գյուղերում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առանձին բնակավայրերում։ Եվս 13 տեղամասում առաջինն է եղել «Հայաստան» դաշինքը՝ հիմնականում Գեղարքունիքում, հատկապես Վարդենիս և Ճամբարակ համայնքներում, ինչպես նաև Սյունիքի և Արմավիրի առանձին բնակավայրերում։
ԲՀԿ-ն առաջատարի դիրք է գրավել 8 ընտրատեղամասերում՝ Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Շիրակում։
ՔՊ-ի նկատմամբ հաղթանակներ են գրանցել նաև «Միասնության թևերը»՝ Սյունիքի Կապան համայնքի 7 գյուղերում, ՀՀԺՊԴԿ-ն՝ Շիրակի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում, և ԼՀԿ-ն՝ Սյունիքի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղում։
Մանրամասները դիտեք «Ամփոփ Մեդիայի» պատրաստած թվային վահանակում։
Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Կարդացեք նաև․ #ԱԺ2026. Հերթական ընտրությունների ամփոփում և միտումներ
Գլխավոր պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
#armvote2026
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/06/2026








