Մեր մասին Էթիկա











Տնտեսություն

Ինչո՞ւ Հայաստանը չհասավ օտարերկրյա ներդրումների թիրախին. 2021-2025 թթ.

2021 թվականին Հայաստանի կառավարությունը խոստացավ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը հասցնել ՀՆԱ-ի 6 տոկոսին։ Այդ նպատակը ներառվեց ոչ միայն իշխող ուժի նախընտրական ծրագրում, այլ նաև կառավարության 2021-2026 թվականների պաշտոնական ծրագրում։

Չորս տարի անց վիճակագրությունը ցույց է տալիս՝ Հայաստանը այդ թիրախին մոտեցել է միայն մեկ անգամ՝ 2022 թվականին։ Մյուս տարիներին ցուցանիշը զգալիորեն ցածր է եղել, իսկ 2024-ին հասել է ընդամենը 0.5 տոկոսի։

Սա չի նշանակում, թե Հայաստանում ներդրումներ ընդհանրապես չեն եղել։ Սակայն թվերը ցույց են տալիս, որ իշխանությունների խոստացած ներդրումային թռիչքը դեռ իրականություն չի դարձել։

Ի՞նչ էր խոստացվել

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված է, որ տնտեսական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ առնվազն 6% հարաբերակցություն ապահովելն է՝ շեշտը դնելով «որակյալ, գիտելիքահենք ներդրումային ծրագրերի» վրա։

Ի տարբերություն 2018 և 2019 թվականների ծրագրերի, որտեղ ներդրումների վերաբերյալ խոստումները հիմնականում ընդհանուր ձևակերպումներ էին, 2021-ի ծրագրում արդեն հստակ թվային թիրախ կար։

Ի՞նչ են ցույց տալիս թվերը

«Էնթերփրայզ Արմենիայի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա ստացվում է հետևյալ պատկերը․

Սա նշանակում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում կառավարությանը չի հաջողվել հասնել իր սահմանած 6 տոկոսի շեմին։

2022 թվականը բացառություն է, քանի որ օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտեցել են 1 միլիարդ դոլարի՝ դառնալով վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը։ Սակայն արդեն հաջորդ տարիներին ներդրումային ակտիվությունը նվազել է։

Ինչո՞ւ էր 2022 թվականը բացառիկ

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ 2022 թվականի աճը մեծապես պայմանավորված էր ռուսական բիզնեսների և կապիտալի տեղափոխմամբ Հայաստան՝ Ուկրաինայում պատերազմի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։

Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել են նոր ընկերություններ, բացվել են մասնաճյուղեր, իրականացվել են ուղղակի ներդրումներ, որոնք զգալիորեն բարձրացրել են ընդհանուր ցուցանիշը։

Սակայն այդ ազդեցությունը երկարաժամկետ չէր։ Հետագա տարիներին մի շարք ընկերություններ դուրս են եկել շուկայից կամ նվազեցրել են ակտիվությունը, ինչն արտացոլվել է նաև վիճակագրության մեջ։

Բոլոր օտարերկրյա ներդրումները «նոր փող» չեն

Տվյալների մեջ կա մի կարևոր նրբություն, որը հաճախ մնում է հանրային ուշադրությունից դուրս։

2025 թ-ին Հայաստանում արձանագրված 605 միլիոն դոլարի ուղղակի ներդրումներից ավելի քան 517 միլիոնը եղել է վերաներդրված շահույթ։ Այսինքն՝ Հայաստանում արդեն գործող օտարերկրյա ընկերություններն իրենց ստացած շահույթի մի մասը դուրս չեն բերել, այլ կրկին ներդրել են նույն բիզնեսում։

Սա կարևոր տարբերություն է, որովհետև ուղղակի ներդրումների աճը միշտ չէ, որ նշանակում է նոր ընկերությունների մուտք կամ արտաքին նոր կապիտալի ներհոսք։

Հայկազ Ֆանյանի խոսքով՝ ներդրումների կառուցվածքը հասկանալու համար պետք է տարբերակել նոր կապիտալ ներդրումները և վերաներդրված եկամուտները։ Նրա գնահատմամբ՝ հենց երկրորդ բաղադրիչն է վերջին տարիներին ձևավորել ցուցանիշների մեծ մասը։

Ո՞ր երկրներից և ոլորտներում են եղել հիմնական ներդրումները

Համաձայն «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների խթանման ազգային գործակալության տրամադրած տվյալների, 2025 թվականին ամենամեծ ներդրումային հոսքերը Հայաստան եկել են ԱՄՆ-ից, Լյուքսեմբուրգից, Ղազախստանից, Սինգապուրից, Շվեյցարիայից և Ֆրանսիայից։

Պետական կառույցների գնահատմամբ՝ ներդրումներն ազդեցություն են ունեցել աշխատատեղերի ստեղծման, արտահանման աճի և տեղական մատակարարման շղթաների ակտիվացման վրա։

Ինչո՞ւ չի հաջողվում հասնել թիրախին

Փորձագետները մի քանի պատճառ են առանձնացնում։

Նախ՝ ըստ Ֆանյանի, կառավարության սահմանած 6 տոկոսի շեմը սկզբից էլ չափազանց հավակնոտ էր՝ հաշվի առնելով Հայաստանի նախորդ տարիների ներդրումային ցուցանիշները։

Բացի այդ, վերջին տարիներին ներդրումային միջավայրի վրա ազդեցություն են ունեցել նաև անվտանգային և աշխարհաքաղաքական գործոնները՝ Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունը, տարածաշրջանային պատերազմները, Իրանի շուրջ աճող ռիսկերը, ընդհանուր անկայունությունը Հարավային Կովկասում։

Փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե ռազմական գործողություններն անմիջապես չեն ազդում Հայաստանի տարածքի վրա, արտաքին ներդրողները տարածաշրջանը հաճախ դիտարկում են որպես միասնական ռիսկային գոտի։

Միաժամանակ տնտեսագետները նշում են, որ առաջիկա տարիներին ներդրումային ակտիվություն կարող է պահպանվել հատկապես հանքարդյունաբերության, լոգիստիկայի, տրանսպորտի, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Խոստումների և իրականության միջև

Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճել է բավական արագ տեմպերով։ Սակայն այդ աճը դեռ չի վերածվել կայուն և կանխատեսելի ներդրումային միջավայրի, որն անհրաժեշտ է երկարաժամկետ օտարերկրյա կապիտալ ներգրավելու համար։

Թվերը ցույց են տալիս՝ կառավարության խոստացած 6 տոկոսի թիրախը դեռևս մնում է չիրականացված։ Ընդ որում՝ ներդրումային ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ արտաքին՝ մեծամասամբ ժամանակավոր գործոնների ազդեցությամբ։

Սա նշանակում է, որ ներդրումային քաղաքականության արդյունավետությունը գնահատելիս կարևոր է դիտարկել ոչ միայն ընդհանուր տնտեսական աճը, այլ նաև այն, թե որքանով է Հայաստանը կարողանում դառնալ կանխատեսելի և անվտանգ միջավայր երկարաժամկետ ներդրումների համար։

Հեղինակ՝ Գևորգ Ավչյան
Վիզուալիզացիան՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով 

ArmVote2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/05/2026