Հայաստանի տնտեսության ամենամեծ և թաքնված խնդիրներից մեկն այն է, որ կանայք իրենց կյանքի որևէ փուլում չեն հասնում տնտեսական հավելուրդի։ Նրանց վաստակած ֆորմալ եկամուտը երբեք չի գերազանցում իրենց իսկ սպառումը:
Մինչդեռ տղամարդկանց դեպքում արտադրողականության դրական հաշվեկշիռը պահպանվում է ավելի քան երկուսուկես տասնամյակ՝ 26-ից մինչև 52 տարեկանը: Սա նշանակում է, որ տղամարդիկ իրենց կյանքի ավելի քան 25 տարիների ընթացքում ավելի շատ արտադրում են, քան սպառում։
Սա ոչ թե կանանց պակաս աշխատասիրության, այլ տնտեսական համակարգի լրջագույն բացթողման հետևանք է, որը հաշվի չի առնում տնտեսության ամենախոշոր անտեսանելի ճյուղը՝ չվճարվող տնային և խնամքի աշխատանքը:
Կենցաղային բեռն ու սպառման անհամաչափությունը
Ժամանակի փոխանցման ազգային հաշիվների (NTTA) տվյալները վեր են հանում ուշագրավ մի վիճակագրություն: Կանանց չվճարվող աշխատանքի ծավալը կտրուկ աճում է դեռևս 15 տարեկանից, սակայն բարձրակետին է հասնում 30-35 տարեկանում: Այս տարիքում կանայք շաբաթական մոտ 47-49 ժամ տրամադրում են կենցաղին և խնամքին՝ գերազանցելով լրիվ դրույքով ֆորմալ աշխատանքի շաբաթական 40 ժամը:
Համեմատության համար՝ նույն տարիքային խմբի տղամարդիկ այս գործերին հատկացնում են ընդամենը 8-11 ժամ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում, ընդգծում է այս ճեղքվածքի ծանրությունը՝ եթե տղամարդկանց պարագայում օրվա ընթացքում կատարած աշխատանքի միայն 10%-ն է չվարձատրվող, ապա կանանց դեպքում դա հասնում է 44%-ի:
Ավելին, զեկույցը, որը հնարավոր է դարձնել Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ, ի հայտ է բերում չվճարվող աշխատանքի սպառման անհամաչափությունը:
Ընտանիքում տղամարդիկ և կանայք գրեթե հավասարապես են օգտվում կենցաղային և խնամքի ծառայություններից (տան մաքրությունից, պատրաստված սննդից, հարդարված հագուստից)՝ շաբաթական միջինը 15.6 ժամ։ Սակայն, կանայք հանդիսանում են այդ ծառայությունների հիմնական ապահովողները՝ ընտանիքին տրամադրելով շաբաթական 8.7 ժամ ավելի շատ ժամանակ, քան ստանում են:
Կարդացեք նաև․ Հարցազրույց․ «Հայաստանի տնտեսության ամենամեծ «անտեսանելի ճյուղը» կանանց ուսերին է»
Մինչդեռ տղամարդիկ, ընդհակառակը, հանդիսանում են հիմնական շահառուները՝ ստանալով 9.4 ժամով ավելի շատ անվճար ծառայություն, քան տրամադրում են: Այս տվյալներն ապացուցում են, որ կնոջ չվճարվող աշխատանքն ուղղակիորեն սուբսիդավորում է տղամարդու ազատ ժամանակն ու տնտեսական գործունեությունը:
Չիրացված մարդկային կապիտալ՝ մայրության ու բանակի արգելակող էֆեկտը
Այս անհավասար բաշխումը հանգեցնում է լրջագույն մակրոտնտեսական կորուստների։

«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի դիտարկմամբ՝ հասարակությունը հսկայական ներդրում է անում կանանց կրթության մեջ, բայց երեխայի ծննդի ու խնամքի փուլում այդ պոտենցիալն ուղղվում է բացառապես ընտանիքին՝ չիրացվելով տնտեսության մեջ:
«30-39 տարեկանը թիրախային խումբ է։ Այդ պահին կանայք հայտնաբերում են, որ չնայած իրենց բարձրագույն կրթությանը, իրենք կորցրել են հմտությունները, իսկ տղամարդիկ այդ ընթացքում կարիերա են արել»,- ընդգծում է Ջրբաշյանը:
41-ամյա Տաթևն այդ վիճակագրության խոսուն վկայությունն է։
Տաթևը ծնվել է Գեղարքունիքի մարզում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական համալսարանում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ «Գերազանցիկ եմ եղել և՛ դպրոցում, և՛ համալսարանում։ Մի կարճ ժամանակ հաշվապահ աշխատեցի ու ամուսնացա»,- հիշում է նա։
Սակայն ամուսնությունից հետո Տաթևի մասնագիտական վերելքն ընդհատվեց։ Նա նվիրվեց երեք դուստրերի խնամքին ու դաստիարակությանը՝ տարիներ շարունակ դուրս մնալով ֆորմալ աշխատաշուկայից և համալրելով չվճարվող աշխատանք կատարող կանանց շարքերը։
Վիճակագրությունը փաստում է, որ 25-29 տարեկան կանանց 58%-ը ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում:
Թեև պաշտոնական վիճակագրությունն այս կանանց համարում է «չաշխատող», իրականում նրանք կատարում են ահռելի ծավալի չվճարվող տնտեսական գործունեություն:
«Ամփոփ Մեդիայի» կողմից ստեղծված հատուկ ինտերակտիվ հաշվիչի միջոցով կարող եք հաշվել, թե որքան կվաստակեիք, եթե վարձատրվեիք Ձեր ամենօրյա չվճարվող աշխատանքի համար։
Մուտքագրեք շաբաթական մաքրության, սննդի պատրաստման և խնամքի վրա Ձեր կողմից ծախսվող ժամերը և տեսեք՝ որքան արժե Ձեր ամսական չվճարվող աշխատանքը։
Հարկ է նշել, որ մրցունակության կորուստ ունենում են նաև տղամարդիկ, սակայն այլ պատճառով։ Եթե կանանց դեպքում մասնագիտական դադարը պայմանավորված է մայրությամբ, տղամարդկանց պարագայում խոչընդոտը բանակն է, որտեղից վերադառնալով՝ շատերը չեն շարունակում կրթությունը։ Այստեղ Ջրբաշյանն առաջարկում է բանակի վերջին 6 ամիսը դարձնել կրթական՝ նախապատրաստելով երիտասարդներին աշխատաշուկային։
Աշխատաշուկայի պատնեշները՝ տարիքային խտրականությունը և Երևան-մարզ ճեղքվածքը

Աշխատաշուկա վերադառնալու փորձերը հաճախ բախվում են գործատուների կարծրատիպային ընկալումներին։ «Վիվա» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի տնօրեն Մարիանա Էդիլյանը նկատում է, որ երբ կանայք փորձում են 40-45 տարեկանում վերադառնալ ակտիվ աշխատանքային գործունեության, բախվում են «էյջիզմի» (տարիքային խտրականության) խնդրին, քանի որ շատ գործատուներ նրանց չեն ընկալում որպես սկսնակ մասնագետների: Խնդիրն ավելի է սրվում Երևանից դուրս:
Ըստ Էդիլյանի՝ թեև մայրաքաղաքի որոշ խոշոր ընկերություններ ունեն ավելի առաջադեմ մոտեցում, դա չի արտացոլում երկրի ընդհանուր պատկերը։ Սակայն տարիքային ու գենդերային կարծրատիպերով առաջնորդվող գործատուները քիչ չեն նաև հենց Երևանում։ Տաթևի փորձը դրա վառ ապացույցն է։
Տարիներ անց, երբ աղջիկները մեծացան, Տաթևը որոշեց վերադառնալ աշխատաշուկա՝ ամուսնու ֆինանսական բեռը թեթևացնելու և իր մասնագիտությամբ աշխատելու նպատակով։ Սակայն իրականությունը դաժան գտնվեց։
«Մաքսիմում հասնում եմ հարցազրույցի փուլ, ու հետո էլ չեն զանգում։ Չգիտեմ ինչի, բայց երևի գիտելիքս հին է»,- անկեղծանում է նա։ Տաթևը հասկանում է, որ վերապատրաստվել է պետք, ինչը հավելյալ ֆինանսական ներդրում և ժամանակ է պահանջում, բայց վախենում է ռիսկի դիմել։ «Ախր համոզված չեմ, որ եթե ամուսնուս աշխատած գումարն էս տարիքում ծախսեմ ուսմանս վրա, դրանից հետո գոնե գործի կընդունեն»։
Չիրացված պոտենցիալի գինը՝ բիզնեսից մինչև նվազագույն կենսաթոշակ
Ի՞նչ կշահի տնտեսությունը, եթե կանայք ազատվեն չվճարվող կենցաղային աշխատանքից: Տիգրան Ջրբաշյանը բերում է ՏՏ ոլորտի և ձեռներեցության օրինակը: Քանի որ ավանդական մոդելում ընտանիքի հիմնական եկամուտն ապահովում է տղամարդը, կանայք բիզնեսում շատ ավելի համարձակ են դիմում ռիսկի և հակված են նորարարությունների։ Բացի այդ, կանայք ավելի լավ ֆինանսական կառավարիչներ են բիզնեսում, քանի որ ընտանեկան բյուջեն միշտ իրենք են կառավարում:
Սակայն այս պոտենցիալը չիրացնելու գինը ծանր է ոչ միայն պետության, այլև հենց կնոջ համար:
Մասնագիտական աշխատանք գտնելու անհաջող փորձերից հետո Տաթևին առաջարկել են գործարանային աշխատանք, որը, սակայն, չի համապատասխանել նրա ֆիզիկական հնարավորություններին։
«Ֆիզիկական աշխատանքը շատ էր, ինձ համար բարդ էր»,- նշում է նա։
Խնդիրն այն է, որ նման իրավիճակում հայտնված հազարավոր կանայք, ովքեր չեն կարողանում ինտեգրվել ֆորմալ աշխատաշուկային, ծերության շեմին կանգնում են սոցիալական անարդարության առաջ։
Այս մասին է ահազանգում Լուսինե Սարգսյանը։ Իրենց ողջ կյանքն ընտանիքին նվիրած և ֆորմալ զբաղվածություն չունեցող կանայք ապագայում ստանում են միայն նվազագույն կենսաթոշակ՝ զրկվելով արժանապատիվ ծերությունից և հայտնվելով կենսաթոշակային թակարդում [Լուսինե Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ այստեղ]:
Համեմատություն Եվրոպայի հետ և պրակտիկ լուծումներ
Եթե Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում, տարեցներն ապրում են միայնակ կամ զույգերով, և տղամարդկանց չվճարվող աշխատանքի մասնակցությունը տարիքի հետ մնում է կայուն, ապա Հայաստանում տղամարդկանց ակտիվությունը միջին տարիքից հետո կտրուկ անկում է ապրում: Բացի այդ, բազմասերունդ ընտանիքների գործոնը լրացուցիչ ու ծանր բեռ է դնում աշխատունակ տարիքի հայ կանանց վրա: Այս պայմաններում թե՛ պետությունը, թե՛ մասնավոր սեկտորը պետք է գործուն քայլեր ձեռնարկեն:
Խնդրի համակարգային լուծման նպատակով 2024 թ․ հոկտեմբերին կառավարությունը հաստատեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը, որը միտված է արմատապես փոխել պետության մոտեցումը։
Փաստաթղթի հիմնական տեսլականը սոսկ ծնելիության մեխանիկական խթանումից անցումն է դեպի ընտանիքների բարօրության և մարդկային կապիտալի երկարաժամկետ զարգացման միջավայրի ձևավորում։
Որպեսզի մայրությունը կնոջ համար աշխատաշուկայից հեռանալու պատճառ չդառնա, ռազմավարությունն առաջնահերթ է համարում խնամքի ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ընդլայնումը։ Այս համատեքստում նախատեսվում է ոչ միայն մանկապարտեզների, այլև տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի համայնքային կենտրոնների ստեղծում։
Ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել տնտեսական նորարարական մոդելներ, որոնք «անտեսանելի» աշխատանքը կբերեն ֆորմալ դաշտ։
Լուսինե Սարգսյանը ժողովրդագրության ռազմավարությանն անդրադառնալիս շեշտում է նախատեսվող նորարարական մոդելները։ Օրինակ՝ տատիկի կամ պապիկի կողմից երեխայի խնամքը պետք է հավասարեցվի աշխատանքին և վարձատրվի պետության կողմից: Ջրբաշյանը ևս առաջարկում է նպաստ տալու փոխարեն կնքել «խնամքի պայմանագիր» պրոֆեսիոնալ դայակի կամ տատիկի հետ՝ որպես վճար աշխատանքի դիմաց:
Իսկ Տաթևը, չնայած անցած բարդ ճանապարհին և կորսված մասնագիտական հնարավորություններին, իր փորձը որպես դաս փոխանցում է երեխաներին։
Նա իր երեք դուստրերին խորհուրդ է տվել անպայման շարունակել ուսումը և, որ ամենակարևորն է, ապագայում գտնել այնպիսի աշխատանք, որտեղ գործատուն կխրախուսի ընտանիքի ստեղծումն ու բարգավաճումը, ոչ թե կստիպի ընտրություն կատարել կարիերայի և մայրության միջև։ Նա հույս ունի, որ մի քանի տարի անց մասնավոր հատվածում այդպիսի պրակտիկ լուծումներ և ընտանիքամետ գործատուներ ավելի շատ կլինեն։
Մասնավոր հատվածում արդեն իսկ կան հաջողված փորձեր: «Վիվա» ընկերությունում մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք իրավունք ունեն շաբաթական 3 օր աշխատել հեռավար: Ընկերությունը ներդրել է նաև մայրության արձակուրդից վերադարձածների համար հատուկ վերաինտեգրման վճարվող ծրագիր: Սակայն, ինչպես նշում է Էդիլյանը, պետությունն ինքը պետք է առաջնորդի սեփական օրինակով։
Թեև ներկայիս կառավարությունում պաշտոնավարում է չորս կին նախարար, որոշում կայացնող բարձրագույն օղակներում տղամարդիկ դեռևս ճնշող մեծամասնություն են կազմում։ «Չի կարող պետությունը պարզապես ասել՝ «կանանց ընդունեք աշխատանքի», նա պիտի ցույց տա սեփական օրինակով»,- շեշտում է ՄՌԿ տնօրենը։
Միաժամանակ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն արդեն իսկ 6 մարզում իրականացնում է «Հայրիկների դպրոց» ծրագիրը՝ խթանելով տղամարդկանց ներգրավվածությունը խնամքի մեջ:
Ըստ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի՝ ծրագրի արդյունքները հուսադրող են։ Տղամարդիկ իրականում հետաքրքրված են սովորել և գործնականում կիսել երեխայի խնամքի պատասխանատվությունը։
«Հայրիկների դպրոցի» նման լոկալ նախաձեռնությունները կենսական են, բայց արմատացած սոցիալական նորմերը բեկելու և կենցաղային ու խնամքի աշխատանքն ընտանիքում հավասարապես բաշխելու համար պահանջվում է շատ ավելի տևական ու համակարգային աշխատանք, որտեղ պետությունն ինքը պետք է ակտիվորեն մտնի համայնքներ և օրինակ ծառայի։
Ամփոփում
Թվերից, տնտեսական հաշվարկներից և ՀՆԱ-ի աճի սպասումներից անդին՝ այս խնդիրն ունի շատ ավելի խորը՝ մարդկային հարթություն։ Խոսքը նախևառաջ յուրաքանչյուր անհատի, և հատկապես կնոջ ողջ ներուժը լիարժեք իրացնելու հնարավորության մասին է, որպեսզի նա իրեն զգա կարևորված ու երջանիկ։
Երբ ստեղծվում են պայմաններ անխոչընդոտ ինքնադրսևորման և մասնագիտական կայացման համար, մարդը ստիպված չի լինում զոհաբերել սեփական երազանքներն ու ունակությունները հանուն կենցաղի։
Եվ հենց այս համատեքստում պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության ամենամեծ չօգտագործված ռեսուրսը թաքնված է հենց տնային տնտեսությունների ներսում։ Կանանց չվճարվող աշխատանքը կլանում է նրանց մասնագիտական աճի հնարավորությունները՝ անհնար դարձնելով տնտեսական հավելուրդի ստեղծումը։
Ու սա միայն սոցիալական արդարության խնդիր չէ, այլ նաև երկրի մակրոտնտեսական գոյատևման հարց։
Վերլուծությունները փաստում են, որ եթե պետությունը ճանաչի չվճարվող խնամքի ահռելի բեռն ու պայմաններ ստեղծի կանանց աշխատաշուկա վերադառնալու համար, Հայաստանի տնտեսությունը կարող է արձանագրել ՀՆԱ-ի մինչև 30% հավելյալ աճ: Եվ որպեսզի կինը ստիպված չլինի ընտրել կարիերայի ու ընտանիքի միջև, խնամքը՝ որպես ծառայության տեսակ, պետք է դառնա ֆորմալ տնտեսության մաս, գործատուները պետք է ապահովեն ճկունություն, իսկ հասարակությունը՝ հաղթահարի կարծրատիպերն ու վերաբաշխի կենցաղային բեռը։
Այլապես, ինչպես նկատում է Ջրբաշյանը, համակարգն ամեն ինչ անում է, որ երեխա ունենալը կնոջ համար վերածվի սոցիալական և տնտեսական լրջագույն մարտահրավերի, իսկ պետությունն ուղղակի իրավունք չունի կորցնել իր ամենակրթված ու պոտենցիալով լի մարդկային ռեսուրսը։
Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան
Վիզուալիզացիան և ինտերակտիվ վահանակը՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով:
Հրապարակումը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:
—-
Հ․Գ․ Ամսական չվճարվող աշխատանքի արժեքը հաշվարկող ինտերակտիվ հաշվիչի հիմքում դրված են ՀՀ աշխատաշուկայում (List.am-ի տվյալներով) առկա համապատասխան ծառայությունների միջին ժամավճարները (երեխայի դայակ՝ 1500 դր/ժ, տարեցի խնամող՝ 1000 դր/ժ, մաքրուհի՝ 1275 դր/ժ, խոհարար՝ 1193 դր/ժ), որոնք հաշվարկվել են «Ամփոփ Մեդիայի» խմբագրության կողմից իրականացված հեռախոսազանգերով շուկայում առկա գները պարզելու միջոցով: ԱՄՍԱԿԱՆ արժեքը ստանալու համար ընթերցողի նշած ՇԱԲԱԹԱԿԱՆ ընդհանուր գումարը ավտոմատ կերպով բազմապատկվում է մեկ ամսվա միջին շաբաթների քանակով (4.33):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/05/2026












