2025 թ-ին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր համակարգ է փոխանցել շուրջ 319 մլն դոլար, իսկ Հայաստանի օգտին բաշխվել է շուրջ 175 մլն դոլար։
Օգոստոսի 7-ին այս թվերը հրապարակելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանք ներկայացրել էր որպես ապացույց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ոչ միայն առավելություններ է ստանում, այլև բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները։
Թվերի միջև տարբերությունն ակնհայտ է՝ շուրջ 144 մլն դոլար։ Բայց այս տարբերությունն ինքնին չի տալիս հետևյալ կարևոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս է, քան ստանում։
Այս հարցի շուրջ շրջանառվում է նաև հակառակ մեկնաբանությունը։ Ըստ դրա՝ 319 և 175 մլն դոլարի տարբերությունը պարզապես Հայաստանի ներմուծման կառուցվածքի հետևանք է, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության ընդհանուր տնտեսական արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև միության ներսում առևտրի պայմանները, ռուսական շուկայի հասանելիությունը և այլ տնտեսական օգուտներ։
Հենց այստեղ է կարևոր տարանջատել երկու տարբեր հարցեր․
- ինչո՞ւ է Հայաստանը մաքսատուրքերի ընդհանուր համակարգ փոխանցում ավելի մեծ գումար, քան հետ է ստանում,
- և կարո՞ղ է արդյոք միայն այդ տարբերությամբ չափվել ԵԱՏՄ անդամակցության ընդհանուր տնտեսական շահը։
Ստուգման ենթակա պնդումներ
Փաշինյանի հայտարարությունից հետո ռուսալեզու Parallel95 Telegram ալիքը պնդել է, որ վարչապետի ներկայացրած թվերը իրական համատեքստից դուրս են։ Ալիքի հեղինակները Հայաստանի՝ ավելի շատ մաքսատուրք փոխանցելը կապել են երկրի ներմուծման կառուցվածքի հետ և նշել, որ ԵԱՏՄ-ից ստացվող այլ տնտեսական առավելությունները հաշվի առնելու դեպքում Հայաստանը պետք է դիտարկել ոչ թե որպես միությունը «ֆինանսավորող», այլ որպես զուտ շահառու։
Հրապարակման մեջ նաև համեմատություն է արվել Ղազախստանի հետ՝ պնդելով, որ այն ընդհանուր համակարգ ավելի մեծ գումար է փոխանցում, սակայն այդ հարցը քաղաքական հռետորաբանության մաս չի դարձնում։
«Ամփոփ Մեդիան» ստուգել է ոչ թե այն հարցը, թե Հայաստանը քաղաքականապես շահո՞ւմ է ԵԱՏՄ անդամակցությունից, թե՞ ոչ, այլ այս պնդումների փաստական հիմքը՝ ինչ մեխանիզմով են հավաքվում և վերաբաշխվում ներմուծման մաքսատուրքերը, ինչով է պայմանավորված Հայաստանի փոխանցած և ստացած գումարների տարբերությունը, ինչ կարող են և ինչ չեն կարող ցույց տալ այդ թվերը, և որքանով է Ղազախստանի հետ համեմատությունը հիմնավոր։
Ինչ է ասել Փաշինյանը
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, ասել է.
«Կցանկանայի անդրադառնալ նաև օբյեկտիվ տնտեսական ցուցանիշներին, որոնք համոզիչ կերպով վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել մոտ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար։
Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունների բարեխիղճ կատարման ուղղակի հաստատումն է։
Փոխադարձ առևտրի դինամիկան պակաս խոսուն չէ։
2025 թվականի արդյունքներով ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման ծավալը կազմել է մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է մոտ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ միասնական շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և ծառայությունների կարևոր սպառող»։
Հայաստանում գանձված մաքսատուրքի և Հայաստանին բաշխված գումարի տարբերությունը
Պետական եկամուտների կոմիտեի՝ մեզ տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ մաքսատուրքերի միջև տարբերությունը նոր երևույթ չէ։ ՊԵԿ-ից խնդրել էինք տրամադրել 2021–2025 թվականներին Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի «ընդհանուր կաթսային»՝ բաշխման ենթակա գումարների փոխանցման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձված (ստացված) գումարների վերաբերյալ մանրամասն տվյալներ՝ ըստ տարիների։
ՊԵԿ-ի պատասխանի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանում գանձված և ԵԱՏՄ անդամ երկրների միջև բաշխման ենթակա գումարը կազմել է 75,032 մլն դրամ, մինչդեռ ԵԱՏՄ երկրներից Հայաստանին բաշխվել է 84,615 մլն դրամ։ Այսինքն՝ այդ տարի Հայաստանը ստացել է ավելի շատ, քան փոխանցել ընդհանուր բաշխման համակարգ։ 2022 թվականից պատկերը փոխվել է․ հաջորդ տարիներին Հայաստանի փոխանցած և ստացած գումարների դինամիկան ներկայացված է գրաֆիկում։
Այսպիսով, 2021–2025 թվականների տվյալներով՝ 2021-ը միակ տարին է, երբ ԵԱՏՄ երկրներից Հայաստանին բաշխված գումարը գերազանցել է Հայաստանում գանձված և ընդհանուր համակարգ փոխանցված գումարը։
Հայաստանի ապրանքների ընդհանուր արտահանումը, 2021–2025 թթ.
Փաշինյանի խոսքում նշված մեկ այլ ցուցանիշ վերաբերում էր նաև Հայաստանի արտաքին առևտրին։ Վարչապետը նշել էր, որ 2025-ին ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի ներմուծումը կազմել է մոտ 5 մլրդ դոլար, իսկ հայկական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ շուկա՝ մոտ 3,2 մլրդ դոլար։
Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր դինամիկան հասկանալու համար ներկայացնում ենք նաև 2021–2025 թվականների ապրանքների արտահանման ծավալները։
2021–2025 թվականներին Հայաստանից արտահանված ապրանքների դրամային արժեքն ընդհանուր առմամբ աճել է՝ 1,306 մլրդ դրամից հասնելով 1,728.2 մլրդ դրամի։ Այս ժամանակահատվածում միակ նվազումը գրանցվել է 2023-ին։ Ընդհանուր աճը կազմել է շուրջ 32%։
Ի՞նչ է ասում տնտեսագետը
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը գնահատելու մեկ միասնական մեթոդաբանություն չկա։ Նրա գնահատմամբ՝ հարցը կարելի է դիտարկել մի քանի տարբեր ցուցանիշների միջոցով։
«ԵԱՏՄ-ի այս պահին գործող կանոնակարգերով Հայաստանին բաժին է հասնում ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի 1.22%, մինչդեռ այն գումարը, որը մենք հավաքում և վճարում ենք, շատ ավելի մեծ է, քան այդ 1.22%-ը»։
ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերը անդամ երկրների բյուջեների միջև բաշխվում են նախապես սահմանված նորմատիվներով։ Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1.22%, Բելառուսինը՝ 4.86%, Ղազախստանինը՝ 6.95%, Ղրղզստանինը՝ 1.90%, Ռուսաստանինը՝ 85.06%։
Ֆանյանի խոսքով՝ այդ տարբերության պատճառներից մեկը Հայաստանի տնտեսության աճի տեմպն է։ Բաշխման գործող նորմատիվները սահմանվել են տարիներ առաջ, իսկ դրանից հետո Հայաստանի տնտեսության աճի տեմպերը որոշ ժամանակահատվածներում ավելի բարձր են եղել, քան ԵԱՏՄ որոշ այլ անդամ երկրների տնտեսություններինը։ Դրա արդյունքում աճել է նաև Հայաստանի կողմից հավաքվող ներմուծման մաքսատուրքերի ծավալը։
Մյուս գործոնը, ըստ տնտեսագետի, վերաարտահանումն է։ Հայաստանը վերջին տարիներին դարձել է մի շարք ապրանքների վերաարտահանման երկիր։ Այս դեպքում ապրանքը կարող է ներմուծվել Հայաստան, մաքսատուրքը գանձվել Հայաստանի տարածքում, իսկ ապրանքի վերջնական շուկան լինել ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետություն, մասնավորապես՝ Ռուսաստանը։
«Խոսքը հեռախոսների մասին է, այլ սարքավորումների մասին, որոնց մասին շատ է խոսվում՝ այդ ապրանքների վերաարտահանման մասով»։
Այս հանգամանքը, ըստ Ֆանյանի, նույնպես պետք է հաշվի առնել 319 և 175 մլն դոլարի ցուցանիշները գնահատելիս։
Միաժամանակ տնտեսագետը նշում է, որ այս հարաբերակցությունը գնահատելու համար մեկ միասնական չափանիշ չկա։
«Չկա ինչ-որ մի ընթացակարգ, չկա ինչ-որ մի տնտեսական տրամաբանություն, թե ոնց պետք է այդ հարցին նայել։ Նայած, թե մենք ինչ տեսանկյունից ենք փորձում այդ ամեն ինչը ցույց տալ»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ելույթում նշված ներմուծման և արտահանման ծավալները նույնպես կարող են օգտագործվել Հայաստանի՝ ԵԱՏՄ տնտեսական համակարգում ինտեգրվածությունը գնահատելու համար։
«Այդ նույն ելույթի ժամանակ խոսք գնաց թե ինչքան ապրանք ենք ներմուծում, ինչքան ենք արտահանում, դա էլ մի մոտեցում է, որով կարելի է մեր ինտեգրվածությունը ընդհանուր ԵԱՏՄ տնտեսական որպես միավորում ցույց տալու համար»։
Ինչպե՞ս է առաջանում փոխանցված և ստացված գումարների տարբերությունը
Ֆանյանի բացատրությամբ՝ Հայաստանում գանձված և ԵԱՏՄ անդամ երկրների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարը և այդ համակարգից Հայաստանին բաշխվող գումարը տարբեր ցուցանիշներ են։
ԵԱՏՄ գործող մեխանիզմով անդամ երկրներում գանձված ներմուծման մաքսատուրքերը վերաբաշխվում են նախապես սահմանված նորմատիվներով։ Հայաստանի բաժինը կազմում է 1.22%։ Հետևաբար Հայաստանին բաշխվող գումարը որոշվում է ոչ միայն Հայաստանում գանձված մաքսատուրքերով, այլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներում բաշխման ենթակա ընդհանուր գումարով։
Տնտեսագետը մեխանիզմը բացատրում է օրինակով․ «Պատկերացնենք, որ Հայաստանի սահմաններով ներմուծում ընդհանրապես չի իրականացվում։ Միևնույնն է, Հայաստանը պետք է ստանա իր 1.22%-ը, որովհետև, օրինակ՝ Ռուսաստանում՝ Վլադիվոստոկում, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձված մաքսատուրքերի 1.22%-ը բաժին է հասնում Հայաստանին»։
Այսինքն՝ եթե ԵԱՏՄ մյուս երկրներում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրքեր են գանձվում, Հայաստանը դրանց ընդհանուր բաշխման ենթակա գումարից նույնպես ստանում է իր սահմանված մասնաբաժինը։
Միաժամանակ, եթե աճում է երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող և այստեղ մաքսազերծվող ապրանքների քանակը, այդ թվում՝ հետագայում ԵԱՏՄ այլ երկրներ արտահանվող ապրանքներինը, կարող է աճել նաև Հայաստանում գանձվող և ընդհանուր բաշխման համակարգ մտնող մաքսատուրքերի գումարը։
«Այնպես է ստացվել, որ Հայաստանը դարձել է վերաարտահանող երկիր, և դրա արդյունքում մենք ավելի շատ մաքսատուրք ենք հավաքում ու փոխանցում ընդհանուր բաշխման համակարգ»։
Այսպիսով 319 մլն դոլարը ցույց է տալիս Հայաստանում գանձված և ԵԱՏՄ անդամ երկրների միջև բաշխման համակարգ փոխանցված գումարը, իսկ 175 մլն դոլարը՝ այդ համակարգից Հայաստանի օգտին բաշխված միջոցները։ Հայաստանի բաշխման նորմատիվը մնում է 1.22%՝ անկախ նրանից, թե տվյալ տարում Հայաստանում գանձված գումարը որքան է եղել։
Ղազախստանը նույնպես բարձրացրել է բաշխման մեթոդաբանության հարցը
«Parallel95»-ի հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Ղազախստանին։ Հրապարակման համաձայն՝ Ղազախստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր համակարգում ավելի մեծ գումարներ է փոխանցում, քան ստանում է գործող բաշխման մեխանիզմի արդյունքում, սակայն այդ հանգամանքը «քաղաքական շոուի չի վերածում»։
Միևնույն ժամանակ, Ղազախստանն ինքն էլ բարձրացրել է (1 2 3) ներմուծման մաքսատուրքերի բաշխման գործող մեթոդաբանությունը վերանայելու հարցը։ Ղազախական կողմը հայտարարել է, որ փոփոխված տնտեսական և առևտրային պայմանների պատճառով գործող համամասնությունները վերանայման կարիք ունեն։ Ղազախստանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը պետք է մշակի մաքսատուրքերի բաշխման նոր մեթոդաբանություն։
Այսինքն՝ մաքսատուրքերի բաշխման գործող մեթոդաբանության վերանայման հարցը քննարկվում է ոչ միայն Հայաստանի, այլև Ղազախստանի համատեքստում։
Ամփոփում
2025-ին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի բաշխման համակարգ ավելի շատ գումար է փոխանցել, քան ստացել։ Այս տարբերությունը գործող բաշխման մեխանիզմի արդյունք է, որի պայմաններում Հայաստանում գանձվող մաքսատուրքերի աճը չի նշանակում, որ նույն համամասնությամբ աճում է Հայաստանին վերադարձվող բաժինը։ Այն շարունակում է հաշվարկվել սահմանված 1.22% նորմատիվով։
Հետևաբար հարցը միայն Հայաստանի ներմուծման ու վերաարտահանման կառուցվածքը չէ, այլ նաև՝ որքանով է գործող բաշխման մեթոդաբանությունը համապատասխանում անդամ երկրների փաստացի ներդրման փոփոխվող հարաբերակցությանը։ Այս մեթոդաբանության վերանայման անհրաժեշտության հարցը բարձրացրել է նաև Ղազախստանը։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
Գրաֆիկները՝ հեղինակի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/08/2026









