Մեր մասին Էթիկա
Լրահոս Քաղաքական

Եկեղեցու հարկերն ու արտոնությունները․ ինչ է վճարում ՀԱԵ-ն և ինչ արտոնություններ ունեն կրոնական կազմակերպությունները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարկային արտոնությունների հարցը օգոստոսի 12-ին Ազգային ժողովում քննարկման առարկա դարձավ։ Պատգամավոր Թագուհի Ղազարյանը եկեղեցականների և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների մասին խոսելիս հարց բարձրացրեց նաև հարկերի վճարման վերաբերյալ։ Այս քննարկումից հետո հակասական տպավորություն կարող է ստեղծվել՝ Եկեղեցին հարկ վճարո՞ւմ է, թե՞ ամբողջությամբ ազատված է հարկերից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանում ունի հատուկ իրավական կարգավիճակ, սակայն դա չի նշանակում, որ այն դուրս է հարկային համակարգից։ Օրենսդրությունը Եկեղեցու համար սահմանում է մի շարք հարկային արտոնություններ, բայց դրանք վերաբերում են կոնկրետ հարկերին, գույքին, գործարքներին կամ եկամուտների որոշ տեսակներին։ 

Օրինակ՝ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող խոշոր հարկ վճարողների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 2026թ-ի առաջին եռամսյակում 138 միլիոն դրամ եկամտահարկ է վճարել։ Սա արդեն ցույց է տալիս, որ Եկեղեցու անունով պետական բյուջե հարկային վճարումներ կատարվում են։ Սակայն այդ մեկ թվից դեռ հնարավոր չէ հասկանալ, թե գումարի որ մասն է կապված աշխատողների աշխատավարձերի, որ մասը՝ այլ ֆիզիկական անձանց եկամուտների հետ։ Այդ հարցին «Ամփոփ Մեդիան» կանդրադառնա առանձին՝ ՊԵԿ-ից ստացվող լրացուցիչ տվյալների հիման վրա։ 

Հետևաբար, ճիշտ է հարցը ձևակերպել ոչ թե «Եկեղեցին հարկ վճարո՞ւմ է, թե՞ ոչ», այլ՝ ի՞նչի համար է հարկ վճարում Եկեղեցին և ի՞նչ եկամուտների կամ գույքի նկատմամբ են արտոնություններ գործում։ 

Եկեղեցու հատուկ կարգավիճակը ինքնին հարկային արտոնություն չէ

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ օրենքը կարգավորում է պետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները։ Իսկ 2-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, և  նրա ինքնակառավարումը սեփական նվիրապետության սահմաններում։

Սակայն այս հատուկ կարգավիճակը ինքնին չի նշանակում, որ Եկեղեցին ազատված է բոլոր հարկերից։

Հարկային արտոնությունները սահմանվում են առանձին իրավական նորմերով։ Ընդ որում՝ դրանց մի մասը վերաբերում է բոլոր կրոնական կազմակերպություններին, իսկ որոշ արտոնություններ նախատեսված են հատուկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար։

Այս տարբերությունը կարևոր է, քանի որ «կրոնական կազմակերպությունը» և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկային օրենսդրության մեջ ամեն հարցում նույն կարգավիճակով չեն դիտարկվում։

Ո՞ր արտոնություններն են գործում բոլոր կրոնական կազմակերպությունների համար

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն։

Սա նշանակում է, որ եթե մարդը կրոնական կազմակերպությանը գումար է փոխանցում որպես նվիրատվություն, այդ գումարը նույն կերպ չի դիտարկվում, ինչպես կազմակերպության կողմից ապրանք վաճառելուց կամ որևէ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտը։

Այս տարբերակումը կարևոր է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեպքում։ Օրինակ՝ նվիրատվությունը և առևտրային գործունեությունից ստացված եկամուտը պարզապես նույնացնել և երկուսի նկատմամբ նույն հարկային մոտեցումը կիրառել չի կարելի։

Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դեպքում ևս կան կրոնական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր արտոնություններ։

Գործող Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում ԱԱՀ-ից ազատված գործարքների շարքում ներառված են, մասնավորապես, կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում կրոնական պարագաների՝ կրոնական կազմակերպություններին օտարումը և կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը։ Այսինքն՝ եթե խոսքը, օրինակ, մկրտության կամ պսակադրության կազմակերպման ծառայության մասին է, օրենքը այդ ծառայությունը ներառում է ԱԱՀ-ից ազատված գործարքների շարքում։ Նույնը վերաբերում է օրենքով սահմանված դեպքերում կրոնական պարագաների վաճառքին։ 

Սակայն սա չի նշանակում, որ կրոնական կազմակերպության ցանկացած գործունեություն ավտոմատ ազատված է ԱԱՀ-ից։ Պետք է յուրաքանչյուր գործարքի դեպքում նայել՝ այն մտնո՞ւմ է օրենքով նախատեսված արտոնության շրջանակում, թե՞ ոչ։

Անշարժ գույքի դեպքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար կա առանձին արտոնություն 

Անշարժ գույքի հարկի դեպքում տարբերությունն ավելի հստակ է։ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 7-րդ կետը ընդհանուր արտոնություն է նախատեսում կրոնական կազմակերպությունների համար։ Դրանից օգտվում են կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված և օրենքով սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական ու պաշտամունքային շինությունները։ Սակայն նույն հոդվածի 8-րդ կետում առանձին կարգավորում կա հենց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար։

Այդ արտոնությունը վերաբերում է, մասնավորապես, Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիներին, հոգևոր-մշակութային և կրթադաստիարակչական նշանակության անշարժ գույքին, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության ու իրացման համար օգտագործվող շինություններին, ինչպես նաև Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքին։

Իսկ շահութահա՞րկը 

Գործող Հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածով շահութահարկ վճարողների շարքում ներառված են ռեզիդենտ կազմակերպությունները, եթե դրանք չեն մտնում օրենքով նախատեսված բացառությունների մեջ։ Եկեղեցու համար այդ դրույթում բացառություն նախատեսված չէ։ 

Միևնույն ժամանակ շահութահարկի հաշվարկը չի նշանակում, որ կազմակերպության ստացած յուրաքանչյուր դրամի նկատմամբ անմիջապես հարկ է հաշվարկվում։

Օրենսգիրքը առանձնացնում է այն գումարները, որոնք շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում։ Օրինակ՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած որոշակի ակտիվները, աշխատանքները և ծառայությունները ներառված են այդպիսի բացառությունների շարքում։

Հետևաբար Եկեղեցու դեպքում ևս պետք է տարբերել նվիրատվությունը, անհատույց ստացումները և տնտեսական գործունեությունից առաջացող եկամուտները։ 

Ի՞նչ է ստացվում

ՀՀ օրենսդրությամբ Եկեղեցին չունի «հարկ չվճարող կազմակերպության» կարգավիճակ։

Փոխարենը գործում է հարկային արտոնությունների համակարգ, որի տարբեր մասերը տարբեր սուբյեկտների և տարբեր գործարքների են վերաբերում։

Մի շարք արտոնություններ նախատեսված են կրոնական կազմակերպությունների համար ընդհանրապես։ Դրանց թվում են որոշ նվիրատվությունների և հասույթների հարկման բացառությունները, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատված որոշ գործարքներ։

Միաժամանակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար օրենսդրությունը նախատեսում է նաև հատուկ արտոնություններ, օրինակ՝ անշարժ գույքի հարկի մասով։ Բայց արտոնության առկայությունը չի նշանակում, որ կազմակերպության բոլոր հարկային պարտավորությունները զրոյական են։ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներն էլ ցույց են տալիս, որ Եկեղեցու անունով պետական բյուջե հարկային վճարումներ կատարվում են. միայն 2026 թ․-ի առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԱԵ-ի անունով արձանագրված է 138 մլն դրամ եկամտային հարկ։

Ամփոփում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկային համակարգից դուրս չէ և ընդհանուր առմամբ «հարկերից ազատված» կազմակերպություն չէ։ Օրենսդրությամբ սահմանված են մի շարք կոնկրետ հարկային արտոնություններ․ դրանց մի մասը գործում է բոլոր կրոնական կազմակերպությունների համար, իսկ որոշները նախատեսված են հատուկ ՀԱԵ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար։ 

Միաժամանակ ՊԵԿ-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ ՀԱԵ-ի անունով պետական բյուջե հարկային վճարումներ են արձանագրվում․ 2026 թվականի առաջին եռամսյակում՝ 138 մլն դրամ եկամտային հարկ։ Սակայն այս թիվը ինքնին ցույց չի տալիս, թե հարկերի ո՞ր չափաբաժինն է կապված Եկեղեցու սեփական տնտեսական գործունեության հետ։  «Ամփոփ Մեդիան» այդ կառուցվածքը պարզելու համար հարցում է ուղարկել ՊԵԿ-ին և պատասխանը կներկայացնի առանձին նյութում։ 

Հեղինակ՝ Սեդա Մարտոյան

Հիմնական պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/08/2026