Իրավունք

Զանգի՛ր, յար ջան․․․ մի՛ զանգիր

COVID-19-ով վարակվածների շրջանակը պարզելու համար կիրառվում է տեղաշարժը ֆիքսող համակարգ

Լուսանակարի աղբյուրը՝ Slate.com

Ապրիլի 10-ին բանաստեղծ Կարեն Անտաշյանին պարետատնից զանգահարել և հայտնել են, որ ըստ ավտոմատացված համակարգի նա գտնվել է վարակակրի մոտակայքում։ Նման զանգը զարմացրել և զգոնացրել է Անտաշյանին: Ըստ նրա՝ մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, նա միայն շատ կարճ ժամանակով մոտակա խանութ է գնացել, այն էլ ոչ ամեն օր: Անտաշյանի հարցին՝ թե երբ, որտեղ և ինչ ճշտությամբ է տեղորոշում համակարգը, զանգահարողը դժվարացել է պատասխանել։ Նա պարետատնից այլ հեռախոսազանգեր չի ստացել՝ առայժմ, բայց, որպես օրինապահ քաղաքացի, ընտանիքի հետ շարունակում է պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Ապրիլի 1-ին Հայաստանում ուժի մեջ մտան «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար թույլատրվում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը։

ՀՀ փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանի խոսքերով՝ քաղաքացիների անձնական տվյալները հասանելի է դարձվում վերջին 14 օրվա ընթացքում հնարավոր վարակակրի հետ շփումների շրջանակը որոշելու/պարզելու համար:

Կառավարության կարծիքով՝ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, որ շփվել են վարակակրի հետ։

«Այս իրավիճակում մեզ համար քաղաքացիների առողջությունն առաջնային է․․․ նրանք իրավունք ունեն իմանալ, որ շփվել են վարակակրի հետ», – Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է փոխվարչապետը՝ հավաստիացնելով, որ շփումների շրջանակը կորոշվի ավտոմատացված համակարգչային ծրագրի միջոցով:

Պաշտոնական տվյալներով՝ մարտի 1-ից ապրիլի 18-ը Հայաստանում COVID-19-ով վարակման 1248 դեպք է գրանցվել՝ 20-ը մահվան ելքով։ 523 մարդ առողջացել է:

Օրենքի փոփոխություններն ընդունվել են երկրում արտակարգ դրություն մտցնելուց 15 օր անց`24 ժամվա ընթացքում: Առաջին արտահերթ նիստի ընթացքում իշխող կուսակցությունից մի քանի պատգամավորների բացակայությունը պատճառ դարձավ, որ երկու ձայնի տարբերությամբ փոփոխությունները չընդունվեն: Նույն հարցով երկրորդ արտահերթ նիստը գումարվեց նույն օրը՝ երեկոյան, և օրենքը հաջողությամբ ընդունվեց 71 կողմ ձայնով ՝ առանց ընդդիմության ներկայության:

Կառավարության կողմից էլեկտրոնային տվյալների օգտագործմանն ուղղված նախաձեռնությանն աջակցելու համար խորհրդարանական ելույթների ընթացքում իբրև օրինակ բերվեց Սինգապուրի և Հարավային Կորեայի փորձը, որտեղ նմանատիպ «էլեկտրոնային հսկողության» ներդրմամբ` հաջողվել է նվազեցնել COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում չի իրականացվելու: Նա նաև նշեց, որ այս գործառույթների համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվելու, քանի որ տեխնիկական միջոցներն ու ծրագրերը տրամադրվում են անվճար: Բայց՝ ում կողմից, նա չհստակեցրեց։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքերով, այդ օրենքներում փոփոխությունների ընդունումը շատ կարևոր է, քանի որ նշված գործիքներն անհրաժեշտ են կառավարությանը, մասնավորապես՝ պարետատանը, հրատապ գործողություններ իրականացնելու համար:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները մասնակցել են միայն առաջին արտահերթ ընթերցման քննարկումներին՝ բոյկոտելով նախագծի քվերակությունը: Ըստ ընդդիմադիր գործիչների՝ այս փոփոխությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքները, և առաջարկվող գործիքները չեն արդարացնում նպատակը: Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ նրանք առարկություններ չունեին երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցում:

Այսպիսով, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում մտցվեց երկու կետ, որոնցից մեկը նշում է, որ համաճարակի պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներից պահանջվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` բաժանորդների գտնվելու վայրը (հաճախորդի տեղորոշումը) որոշելու համար:

Ըստ երկրորդ կետի ՝ բջջային ցանցի օպերատորները պետք է տրամադրեն նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` տվյալներ այն հեռախոսահամարի վերաբերյալ, որին փոխանցվել է զանգը:

Մեզ երաշխիքներ են պետք, որ անձնական տվյալները չեն ընկնում, օրինակ, գովազդի շուկա կամ երրորդ երկիր։

«Այո, մենք պետք է պայքարենք համաճարակի դեմ, բայց պետք է հնարավորինս թափանցիկ լինենք և հնարավորություն ընձեռենք հասարակությանը վերահսկելու այս գործընթացը», – ասում է «Գրանդ Լեքս» փաստաբանական ընկերության ղեկավար, տեղեկատվության իրավաբան Մովսես Հակոբյանը:

Ըստ նրա, մեզ անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ, որ այդ տվյալները չեն հայտնվելու, օրինակ, գովազդի շուկայում կամ երրորդ երկրներում:

«Ես շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ օրենքը պարունակում է դրույթ` ըստ որի՝ արտակարգ իրավիճակների ռեժիմը վերացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում բոլոր հավաքված տվյալները պետք է ոչնչացվեն, ինչը պարտադրում է նաև միջազգային պրակտիկան: Բայց մենք չգիտենք, թե անձնական տվյալների որ մասն է հասանելի տեղեկատվությունը վերահսկող կազմակերպությանը, և ինչպես է կազմակերպվում այդ տվյալների պաշտպանությունը», – ասում է պարոն Հակոբյանը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի 12 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը և պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե ինչպես է ապահովվում տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունը:

«Փաստում ենք, որ կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև և չի ազատվում իր գործողությունների համար պատասխանատվությունից։ Ցավոք, վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում մենք չստացանք հանրությանը մտահոգող մի շարք առանցքային հարցերի սպառիչ պատասխաններ», – ասվում է հայտարարության մեջ:

Այս հայտարարության նախաձեռնողներից մեկը՝ CyberHub-ի համահիմնադիր, համակարգչային անվտանգության հարցերով խորհրդատու Արթուր Պապյանն ասաց, որ առաջին արձագանքը դրական էր, բայց հետո դրանց օգտագործման ընթացքում տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցերի պատասխանների բացակայության և հանրային վերահսկողության բացակայության պատճառով այն սկսեց անհանգստացնել:

«Համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ տվյալները պետք է արդյունավետ օգտագործել և պաշտպանել դրանք չարաշահումից», – ասում է Պապյանը:

Ըստ նրա, տվյալների օգտագործման արդյունավետության վրա կարող է ազդել այն հանգամանքը, որ բազմաթիվ բաժանորդներ սկսել են օգտվել Telegram, WhatsApp և Signal մեսենջերներից՝ համարելով դրանք առավել անվտանգ շփման համար: Իսկ կառավարության համար սա նշանակում է, որ հասարակության այս հատվածը, որն ըստ Պապյանի՝ փոքր չէ, ավտոմատ կերպով չի մասնակցում մոնիթորինգին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ վարակակիրների հետ շփումների շրջանակը բացահայտելու վրա:

Փորձագետի խոսքով ՝ իրադարձությունների բացասական զարգացումը կանխելու համար շատ կարևոր է պետություն-հասարակություն փոխվստահության ստեղծումը՝ հնարավորինս բացահայտ կերպով տեղեկատվության տրամադրումը այն մասին, թե ինչպես է կատարվում այդ մոնիթորինգը:

Ժամանակը ցույց կտա, թե որքանով թափանցիկ, հաշվետու կլինի մոնիթորինգը և պաշտպանված՝ տվյալները: Համենայնդեպս, այսօր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացմամբ՝ իշխանությունները շահագրգռված չեն հատել քաղաքացիների ազատության և պետական վերահսկողության միջև առկա նուրբ սահմանը:

Ընդունված օրենքները ստորագրելուց հետո երկրի նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ «չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, այդ սահմանափակումները կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում… Ուստի և, օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը»:

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ը: Բայց ըստ կառավարության որոշման՝ վերացվել են լրատվամիջոցների աշխատանքի, ինչպես նաև որոշակի տնտեսական գործունեության տեսակների՝ ծխախոտի, շինանյութի և մի քանի այլ ապրանքների արտադրության սահմանափակումները: Իսկ տվյալների տրամադրումը կապի օպերատորների կողմից կշարունակվի արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում:

Վերջին ամիսներին COVID-19 համաճարակի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողություն կիրառվում է շատ երկրներում: Այս կապակցությամբ, ապրիլի սկզբին աշխարհի ավելի քան 100 միջազգային իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՝ Amnesty International-ը, ARTICLE 19-ը, Access Now-ը, ստորագրել են տվյալների պաշտպանության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որով հորդորում են երաշխավորել, որ անձնական տվյալներն օգտագործվում են բացառապես COVID-19-ի դեմ պայքարելու նպատակով:

Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան, «Ամփոփ Մեդիայի» գլխավոր խմբագիր

Բնօրինակը ռուսերենով հրապարակվել է IPG միջազգային պարբերականում հետևյալ հղմամբ՝ IPG-journal.io։

Թարգմանությունը՝ Վարդ Վանյանի

Նույն թեմայով կարդացեք

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 18/04/2020