Կրթություն

Համաճարակը կտավներում․ ի՞նչ են վավերագրում գեղանկարիչները

«Ի՞նչ նորություն», ջրաներկ, Պետո Պողոսյան

Նոր կորոնավիրուսն իր հետքը թողեց կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում՝ արվեստում։ Աշխարհի տարբեր անկյուններում դերասանները, պարարվեստի և երգարվեստի ներկայացուցիչները լուծումներ են գտնում ոչ միայն արվեստը փակուղուց հանելու, այլև դժվարին օրերին հանդիսականներին մենակ չթողնելու նպատակով։

Գեղարվեստի միջոցով համաճարակը վավերագրելու հետաքրքիր փորձեր են արվում նաև մեր կողքին՝ հայկական իրականությունում ապրող արվեստագետների կողմից։ Նկարիչ Պետո Պողոսյանն արդեն իսկ մի ամբողջ շարք է հեղինակել՝ ստեղծելով կարանտինային Երևանի օրագիրը։

previous arrow
next arrow
Slider

 

Գեղարվեստի միջոցով իրականությունն ամրագրել կամ պարզապես պարպել հույզերը ձգտել են բոլոր ժամանակներում։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր ժամանակների ամենասարսափելի համաճարակների մասին գրավոր վկայություններից բացի կան նաև պատկերային արձանագրություններ։

Ժանտախտը 14-րդ դարում

Համաճարակի թեման արտացոլող ամենավաղ պատկերները հիմնականում 14-րդ դարի ժանտախտի պանդեմիային են անդրադառնում։ Այս համաճարակը մարդկության պատմության մեջ մնացել է «Սև մահ» անվամբ և իր մեջ ամփոփում է մարդկությանը բաժին հասած ամենամեծ սարսափներից մեկը։

Ժանտախտի հարուցչի հիմնական կրողները կրծողների դասի կենդանիներն էին՝ մեծ մասամբ լվերը։ Հիվանդ մարդուց վարակը հեշտորեն անցնում էր այլ մարդու։ Մահը որոշ դեպքերում վրա էր հասնում շատ արագ, իսկ բուն հիվանդությունը հյուծիչ էր և ցավոտ։ Գրեթե ողջ աշխարհով մեկ սփռված այդ համավարակի օրերին մեծ քաղաքների փողոցները լի էին դիերով, տիրում էր հուսահատության մթնոլորտ։ Պատահական չէ, որ այդ տարիների մռայլ հիշողությունը խոր հետք է թողել կերպարվեստում՝ նոր սիմվոլիկայի կիրառման և նկարչության մեջ թեմատիկ նոր գիծ բանալու առումով։

image-13176
Dance Macabre, ֆրեսկո, 1490

Մահվան պարը կամ Dance Macabre անունը ստացած ալեգորիան արտացոլում է մահվան անխուսափելիության, անսպասելի վրա հասնելու և, անկախ զբաղեցրած դիրքից, բոլորին միավորելու գաղափարը։ Այն ձևավորվել է հենց 15-րդ դարում և իր ծագումնաբանությամբ կապվում է, մասնավորապես, Սև մահվան համաճարակի հետ։ Dance Macabre ոճի նկարներում հաճախ պատկերվում էին հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, երեխա և հասարակ աշխատավոր, որոնք բոլորը մահվան «ներկայացուցիչների» հետ միասին դեպի շիրիմ տանող ճանապարհին իրենց վերջին պարն էին պարում։

Իտալական ժանտախտ

Ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենի «Ժանտախտը Աշդոդում» (1630) կտավի թեման Հին կտակարանի «Սամուելի գրքում» հիշատակվող Աշդոդի համաճարակն է։ Սակայն հետաքրքրական է, որ Պուսենը այս կտավը նկարել է՝ գտնվելով Իտալիայում, որտեղ այդ ժամանակ մոլեգնում էր Սև մահից հետո հաջորդ ամենակործանիչ համաճարակը։ Ժանտախտի համաճարակի բնույթին հիմնավորապես ծանոթ լինելն արտացոլվում է նկարում։ Մոտավորապես նույն թվերին Պուսեն գրել է նաև «Դիտարկումներ գեղարվեստի մասին» անավարտ աշխատությունը, որտեղ շատ արժեքավոր մանրամասներ է հաղորդում Իտալիայի համաճարակի մասին, ինչպես նաև ի ցույց դնում ժանտախտի վերաբերյալ զարմանալիորեն ճշգրիտ իր ընկալումը։

Nicolas Poussin – La Peste à Ashdod

Կա մի հետաքրքրական վարկած, որ Պուսենի կտավը բուժիչ կամ «կանխարգելիչ» նպատակ է ունեցել, քանի որ 17-րդ դարում մեծ էր հավատն առ այն, որ երևակայությունը համապատասխանաբար ուղղորդելու դեպքում այն կարող է վնաս հասցնել կամ պաշտպանիչ դեր ստանձնել։

Իտալական համաճարակին են նվիրված մի շարք գծանկարներ, կտավներ, այդ թվում՝ նիդերլանդացի մեծանուն նկարիչ Ռուբենսի վրձնից ելած։

Ժանտախտը և Նապոլեոնը

Անտուան Ժան Գրոյի հեղինակած «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավը (1804) մի հետաքրքիր պատմական դեպքի է անդրադառնում։ Հայտնի է, որ Բոնապարտի եգիպտական արշավանքի ժամանակ ֆրանսիական բանակում բուբոնիկ ժանտախտ է տարածվել։

Հիվանդներին մեկուսացրել են Յաֆֆա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Նիկողայոս վանքում։ Գրոյի կտավում հենց այս վանքն է պատկերված, ուր և այցելել է Բոնապարտը՝ տեսակցելու իր հիվանդ զինվորներին։ Այցը ենթադրաբար տեղի է ունեցել 1799 թ․ մարտի 11-ին։ Նապոլեոնի՝ հիվանդներից մեկի ավշային այտուցին բաց ձեռքով դիպչելու քայլը որպես մեծ հերոսություն է դիտվել ժամանակակիցների կողմից։

Անտուան Ժան Գրոյի հեղնակած «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում», 1804

Պատահական չէ, որ կտավը վրձնել պատվիրել էր հենց ինքը Նապոլեոնը՝ ջանալով վերջ տալ այն լուրերին, թե իբր ինքը կարգադրել է սպանել վարակված զինվորներին՝ ափիոնի մահացու չափաբաժին տալով։ Իրականում Նապոլեոնն արել է նման առաջարկ իր բանակի գլխավոր բժշկին, սակայն վերջինս հրաժարվել է։ Արդյոք Նապոլեոնն իրագործե՞ց իր մտահղացումը, թե՞ ոչ. ուսումնասիրողների կարծիքները իրարամերժ են։

Իսպանական գրիպ

image-13177
Ինքնանկար, Էդվարդ Մունկ, 1918թ․

1918 թ․ բռնկվեց Իսպանական գրիպը, որը մեկ տարվա ընթացքում 50-100 միլիոն կյանքեր խլեց։ Դա ավելին էր, քան Առաջին համաշխարհայինի արդյունքում մահացածների թիվը։ Այս համավարակը չշրջանցեց նաև աշխարհահռչակ նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկին։ Նկարիչը 1918թ-ին վարակվեց իսպանական գրիպով՝ արտահայտելով իր տրավման ինքնանկարի միջոցով։

Նկարում Մունկն արտացոլել է իր ախտանշանները՝ գունատություն, թուլություն, բացված բերանը վկայում է թե՛ դժվար շնչելու մասին և թե ՛ հղում է տալիս իր մեկ այլ հանրահայտ նկարին՝ «Ճիչ»-ին։ Նկարի լղոզված հետին պլանն ի ցույց է դնում կերպարի միայնությունը, տարածական կողմնորոշման խախտված զգացողությունը և օտարվածությունը միջավայրից։ Թեպետ Մունկը հաղթահարեց հիվանդությունը, սակայն հիվանդության առաջ բերած վախը, խուճապի զգացողությունը նրան ուղեկցեցին մինչև կյանքի վերջ, քանի որ Մունկի կենսագրությունում Իսպանական գրիպը միակ տրավմատիկ համաճարակը չէր. նկարչի մայրը և քույրը մահացել էին թոքախտից։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը պրիմատներից մարդուն փոխանցվել է 20-րդ դարասկզբին։ Հիվանդությունն առաջին անգամ նկատվել է 1981թ.-ին ԱՄՆ-ում։ Հիվանդությունը համաշխարհային համավարակի բնույթ է կրում և 2016թ.-ի դրությամբ աշխարհում գրանցվել է շուրջ 36.7 մլն․ վարակակիր։ 1990-ական թվականներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը խիստ ցածր էր, ինչի արդյունքում վարակը մեծ թափով տարածվում էր։

Չիմացությունը վախ է, լռությունը՝ մահ, Կիտ Հարինգ, 1989

Ամերիկացի նկարիչ, քանդակագործ Կիտ Հարինգը, 1988թ.-ին ստանալով ՁԻԱՀ-ի ախտորոշում, իր գործունեությունը նվիրել է հիվանդության մասին իրազեկմանը։ Թեպետ Կիտը մահացել է 1990-ին՝ 31 տարեկան հասակում, այնուամենայնիվ, հասցրել է մեծ ներդրում ունենալ ՄիԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում՝ հիմնելով իր անունը կրող հիմնադրամ, որը գործում է մինչ օրս։

Կիտի գործերում հաճախ պատկերված են «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում և ոչինչ չեմ ասում» դիրքորոշումն արտացոլող սիմվոլներ, ինչպես նաև վարդագույն եռանկյունի, որը ԼԳԲՏ համայնքի պատկերանշաններից է։

Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան

Նկարները՝ Պետո Պողոսյանի անձնական էջից, ինչպես նաև Bibliofil կայքից և Վիքիպեդիայից

Նույն շարքից այլ նյութեր

#COVID19 #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/08/2020