Կրթություն

16+. Անգլիացի վիպասանը՝ գիշերօթիկում տիֆի տարածման մասին

Charlotte Brontë. Evert A. Duyckinck, 1873.

Պատմությունները տարբեր են, ապրումները՝ նման, իսկ թույլ տված սխալները երբեմն ճշգրտորեն վերարտադրվում են։

2020թ․ գարունը մարդկությանը միավորեց միևնույն մտահոգություններով ու մարտահրավերներով։ Դեռևս մարտ ամսին աշխարհը սարսափով լսեց Իսպանիայի ծերանոցներում տիրող իրավիճակի մասին։ Մասնավորապես՝ ծերերի խնամքի մի քանի հաստատությունում հայտնաբերվել էին կորոնավիրուսով վարակված, բայց չհաշվառված քաղաքացիներ, ինչպես նաև կորոնավիրուսային բարդություններից մահացած տարեցների դիակներ։

Այս դեպքին հետևեցին մտահոգիչ ահազանգեր աշխարհի տարբեր ծայրերից։ Աղմկահարույց էին հատկապես ԱՄՆ-ի, Բրիտանիայի վիճակագրությունները՝ տարեցների հաստատություններում գրանցվող մահերի թվերը, Սմոլենսկի տարեցների և հաշմանդամների խնամքի հաստատություններից մեկում 120 բնակչի վարակված լինելու լուրը։ Միևնույն վտանգի առաջ են կանգնած նաև անչափահասների խնամքն ապահովող փակ հաստատությունները։ Արդեն իսկ հայտնի են դարձել Բելառուսում և Ուկրաինայում գիշերօթիկ հաստատություններում Կովիդ-19-ի բռնկումների մասին։

Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ COVID-19-ի թեստերի դրական պատասխաններ են գրանցվել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը»՝ 16 դեպք, և Նորքի տուն-ինտերնատում՝ 45 դեպք։ Եվս մի քանի դեպք արձանագրվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններում։

Փակ հաստատություններում տիրող համաճարակաբանական վտանգների առանձնահատկությունները մարդկությանը հայտնի են վաղուց։ Դրանց մասին կան բազմաթիվ պատմական և գեղարվեստական վկայություններ։ Սույն հրապարակմամբ «Ամփոփ Մեդիան» անդրադառնում է համաշխարհային դասականներից մեկի՝ Շարլոթ Բրոնտեի կյանքին և նրա հեղինակած աշխարահռչակ «Ջեյն Էյր» վեպին։ Համաշխարհային առողջապահական ճգնաժամի այս համատեքստում ևս 19-րդ դարի անգլիացի հեղինակը կարևոր ասելիք ունի հանրությանը։

Տիֆը 1825-ի գարնանը  

Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպը հայտնի է այնպիսի խնդիրների վեր հանմամբ, ինչպիսիք են՝ կրթության, դաստիարակության, կնոջ դերի, ընտանիքի և ամուսնության, սիրո և հավատքի շուրջ առկա բազմաթիվ հարցեր և դոգմաներ։ Ստեղծված համատեքստում մեզ համար ուշագրավ է սակայն, որ վեպը գրեթե վավերագրական ճշգրտությամբ ամրագրել է 19-րդ դարասկզբի Բրիտանիայում բռնկված տիֆի համաճարակից մի միջադեպ։

1824 թվին Շարլոթը և նրա երեք քույրերը (ընդհանուր առմամբ՝ 5 դուստր և մեկ որդի կար Բրոնտեների ընտանիքում) ընդունվում են Քովն Բրիջ գիշերօթիկ դպրոցը, որն էլ ճակատագրական է դառնում նրանց կյանքում։ Շարլոթի քույրերից երկուսը մահանում են մեկ տարի անց։

Դպրոցի վատ պայմանները, թերսնուցումը, դաժան ռեժիմը և մշտական խոնավության, ցրտի պայմանները նպաստավոր էին համաճարակի բռնկման համար։ Դպրոցի սանուհիները քնում էին երկու հոգով մեկ մահճակալին, առավոտները լվացվելիս վեց հոգով մեկ տաշտից էին օգտվում և լվացվում էին սառը ջրով, որը ձմռանը հաճախ սառցակալում էր։

Այս և այլ ճշգրիտ մանրամասներ տեղ են գտել «Ջեյ Էյր»-ում, ինչի արդյունքում Քովն Բրիջի հիմնադիրը, ճանաչելով ինքն իրեն վեպում՝ ի դեմս Լոուդ անվամբ ներկայացված դպրոցի ղեկավարի, պահանջում է վեպի հեղինակից հանրային հերքմամբ հանդես գալ։

Ահա այսպիսի պայմաններում, դժվար չէ պատկերացնել, որ 1825-ի գարնանը դպրոցում գլուխ բարձրացրած տիֆը շուտով անկողին է գցում դպրոցի աշակերտներից շատերին։ Ըստ վեպի՝ դպրոցի 80 սանուհիներից 45-ը վարակվում են տիֆով, ոմանք՝ մահանում։

Հատված «Ջեյն Էյր» ֆիլմից, 1997

Loading...

Loading…

Բրոնտեի մտերիմ ընկերուհու՝ 19-րդ դարի մեկ այլ գրող Էլիզաբեթ Գասկելի հեղինակած «Շարլոթ Բրոնտեի կյանքը» կենսագրական աշխատությունը, ևս ուշագրավ մանրամասներ է հայտնում։ Ըստ Գասկելի՝ դպրոցի ղեկավար պարոն Վիլսոնը, համաճարակի առաջին ախտանշանների լուրն առնելով, դպրոցի լվացարարուհու հետ ժամանում է դպրոց՝ տեղում պարզելու իրավիճակը։ Երբ նրանք ներս են մտնում, սարսափելի տեսարանի են ականատես լինում. շուրջ 12-15 աշակերտուհի միաժամանակ թուլացած, այս և այնտեղ կիսապառկած՝ բոլորը ծանրացած կոպերով, կարմրած դեմքով, անտարբեր և թմրած տեսքով։ Հայտնի է, որ նրանք խիստ ցավեր ունեին վերջույթներում։

Լվացարարուհին, հասկանալով, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն, ցանկանում է անմիջապես վերադառնալ տուն, որպեսզի չվարակի իր երեխաներին, սակայն, պարոն Վիլսոնի պնդմամբ մնում է դպրոցում՝ խնամելու հիվանդներին, իսկ Վիլսոնն ինքը հեռանում է այդտեղից։

Ըստ Գասկելի վավերագրության՝ Բրոնտե քույրերը տիֆից չէ, որ մահանում են, այլ թոքախտից։ Նույն ժամանակաշրջանում՝ 1825-ի գարնանը, Բրոնտե քույրերից Մերիի վիճակը վատանում է և նրա հորը կանչում են աղջկան տանելու։ Կարճ ժամանակ անց Մերին տանը մահանում է։ Ախտորոշումը՝ թոքախտ։ Միևնույն ժամանակ նույն ախտանշաններն են ի հայտ գալիս նաև մյուս քրոջ՝ Էլիզաբեթի մոտ։ Եվ նա ևս նույն թվի ամռանը մահանում է հայրական տանը՝ կրկին թոքախտ ախտորոշմամբ։ Որքանով էին քույրերի մահերը փոխկապակցված կամ ուղղակիորեն առնչվում դպրոցում բուն դրած տիֆի համաճարակի հետ, դժվար է ստույգ ասել, քանի որ դպրոցի ղեկավարության և այդ ժամանակահատվածում դպրոցը սպասարկող բժիշկ Բաթթիի կողմից ամեն ջանք գործադրվել է դպրոցի առողջապահական վիճակը կոծկելու և հնարավորինս մեղմ ներկայացնելու համար։

Այնուամենայնիվ, թոքախտի մասին Շարլոթն ինքն էլ հիշատակում է վեպում։ Նրա հերոսուհիներից Հելեն Բըրնսը, ում նախատիպը նրա քույր Մերին էր, պառկած էր ոչ թե տիֆով վարակվածների բաժանմունքում, այլ առանձին սենյակում, քանի որ հիվանդ էր թոքախտով։

«Ջեյն Էյր»֊ում հեղինակը պատմում է նաև, որ տիֆի բռնկումը դպրոցում և պատճառած մահերը մեծ աղմուկ բարձրացրին հասարակությունում և գրավեցին շատերի ուշադրությունը։

 

Քննություն անցկացվեց, որի արդյունքում պարզվեցին թե՛ երեխաների ապրուստի սարսափելի պայմանները և թե՛ դպրոցի՝ առողջության համար անբարենպաստ տեղանքում կառուցված լինելը։ Բարերարների օգնությամբ ավելի բարենպաստ վայրում դպրոցի համար նոր շենք է կառուցվում, և դպրոցի ողջ կազմը լքում է հին շենքը։ Սա ևս հավաստի վկայություն է, քանի որ իրական դպրոցի՝ Քովն Բրիջի պատմության մեջ նույնպես հիշատակվում է, որ 1833-ին դպրոցը տեղափոխվել է Կաստերտոն՝ միանալով այնտեղի օրիորդաց դպրոցին։ Կաստերտոնի դպրոցը պահպանել է իր գոյությունը մինչ 2013 թիվը։

Երկու քույրերին կորցրած Շարլոթը, ով ողջ մնացած երեխաներից ավագն էր, այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր։ Նրան և մյուս քրոջը՝ Էմիլիին, ովքեր նույնպես հիվանդ էին, հայրը դպրոցից հանում է։

Մերի, Էլիզաբեթ, Շարլոթ և Էմիլի Բրոնտեները ապրել են այստեղ՝ որպես քահանաների դստրերի դպրոցի սաներ 1824-25-ին։ 1833-ին դպրոցը տեղափոխվել է Կաստերտոն։

 

«Ջեյն Էյր» վեպից պարզ է դառնում, որ այն ժամանակներում տիֆի բուժման նպատակով գործածվում էին քաֆուր (կամֆորա) և վառած քացախ։ Ըստ բժշկական աղբյուրների՝ կամֆորան խթանում է շնչառությունը, բարելավում նյութափոխանակությունը։ Նախատեսված է արտաքին օգագործման համար։ Իսկ տաքացրած քացախի շնորհիվ օդում նվազում է միկրոբների քանակը։

19-րդ դարում տիֆը բռնկվել է 1816-1819 թվերին Իռլանդիայում, այնուհետև անցել Անգլիա։

Մեր օրերում տիֆը բուժվում է հակաբիոտիկներով։ Թեպետ տիֆի համաճարակային բռնկումները աշխարհում խիստ նվազել են, սակայն իսպառ չեն վերացել։ Տիֆի դեմ պատվաստում մինչ օրս գոյություն չունի։

Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան

Ձայնագրությունը՝ հատված Grqaser.org կայքից

Նույն շարքից այլ նյութեր

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #ArmGov #anticrisis #actions #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/06/2020