Կրթություն Միջազգային

Հոգևոր որոնումներով դեպի Հնդկաստան. մաս 2-րդ՝ կյանքը աշրամի «մեղվաբնում»

Երբևիցե հաշվե՞լ եք, թե օրվա ընթացքում
քանի անգամ եք շնորհակալություն հայտնում։

Եթե ինձ հարցնեին՝ ինչպես մի քանի բառով կբնութագրեի կյանքն աշրամում, կսկսեի այսպես՝ ոտաբոբիկ, լուռ, շնորհակալությունը սրտում…

Կյանքն աշրամում յուրահատուկ է։ Ուղևորությունից առաջ որոշ բաներ կարդացել էի, բայց, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ լինել… Առաջին բանը, որ ինձ խնդրում են, հանել կոշիկները աշրամի բացօթյա ընդունարան մտնելիս։

Գիտեի, որ Հնդկաստանում կոշիկներով տուն չեն մտնում, բայց այստեղ «տուն» հասկացությունը ներառում է ցանկացած ենթակառուցվածք՝ վարչական շենքեր, հազիվ մեկ մարդ տեղավորող հյուրատան հսկիչ կետ, խանութ, սրճարան և, իհարկե, տաճարներն՝ իրենց հարակից տարածքներով։

Քննադատ միտքս ժամանակ առ ժամանակ հարցեր է տալիս նման մոտեցման հիմնավորումների և նպատակահարմարության մասին, բայց ես եկել եմ Հնդկաստանն անվերապահորեն ընդունելու և ամբողջի լիարժեք մասը դառնալու համար… Ես հանում եմ կոշիկներս թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով և մտնում աշրամ։

ես հանում եմ կոշիկներս թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով և մտնում աշրամ

Առաջին օրս անցնում է ոչ իմ նախատեսածի պես։ Տեխնիկական մի քանի բացատրություն ստանալուց հետո գնում եմ Իշայի հյուրատներից մեկի՝ իմ կողմից նախօրոք ամրագրված համեստ սենյակը և երկարատև ճանապարհից հոգնած՝ որոշում եմ 1-2 ժամ պառկել հանգստանալու։

Աչքերս բացում եմ, երբ դրսում արդեն մթնշաղ է… «Աստվա՛ծ իմ… առաջին օրս գրեթե ավարտվեց, ու ես դեռ չեմ տեսել ամենակարևոր բաները,- մտածում եմ,- պետք է մնացած օրերս այնպես ապրեմ, որ տուն վերադառնալիս չափսոսամ, որ ինչ-որ բան կարող էի անել ու չարեցի»։ Լավ է՝ գոնե ընթրիքի ժամը բաց չեմ թողել, իսկ ճաշասրահը գտնվում է հյուրատան իմ մասնաշենքին շատ մոտ։

Առաջին ընթրիքս է, և ես մասնակից եմ դառնում ամենօրյա հոգևոր արարողության։

Ճաշասրահը մարդկանց ընդունում է ժամային հստակ տիրույթներով։ Սահմանված ժամից հետո դռները փակվում են, և նստում ենք գետնին՝ խսիրների վրա՝ սնունդ ընդունելու։ Կամավորները դույլերով մոտեցնում են ուտելիքները՝ անընդհատ պտտվելով շարքերով. մարդ ես, գուցե լրացուցիչ բաժին ես ուզում…. Մենք էլ խնդրում ենք լցնել այնքան, ինչքան ցանկանում ենք և հայտնում մեր շնորհակալությունը, որը ստեղծված լռության մթնոլորտում սկսում ես սովորել արտահայտել ժեստերով, մարմնի դիրքով, դիմախաղով և բազմաթիվ այլ նրբերանգներով… Ճաշասենյակում շնորհակալությունների տեղատարափ է, բայց ոչ մեկը դեռ չի ուտում։

Իշայում շատ կարևորվում է ուտելիքից առաջ որոշակի դադարը, դա հանգստացնում է մեր միտքը և վերահսկելի դարձնում ուտելիքի հանդեպ մեր կենսաբանական հակումները։ Բարձրախոսներով սկսում է հնչել 8-րդ դարի ականավոր հոգևոր գործիչ Շրի Շանկարաչյարայի հայտնի հիմնը մարդու և աստծու միասնության մասին, հետո բոլորս կարդում ենք հաջող ուսումնառության աղոթք-մանթրան, վերջում ձայնագրությամբ հնչում է Սադհգուրուի ամենօրյա մեջբերումը, և նոր միայն կարելի է սկսել ճաշելը։

Ուտելիքն ինձ համար չափազանց արտասովոր է, առաջարկվող 4-5 կերակուրներից ծանոթ է միայն փլավներից մեկում առկա բրինձը։ Հասկանում եմ, որ մատուցվում է տարատեսակ ընդեղեն, բայց թե կոնկրետ ինչ՝ չգիտեմ։ Ամեն ինչ ի սկզբանե կծու է, որին ի հավելում առաջարկում են էլ ավելի կծու սոուսներ։ Ես, իհարկե, ոչ մի բանից չեմ հրաժարվում։

Ուտելիքը մաքուր բուսական է, ընտրված է համաձայն յոգայի սկզբունքների և չափազանց ախորժալի է։ Ես կամաց-կամաց սկսում եմ սովորել փլավը մատներով ուտելու նուրբ արվեստը և մի քանի օր անց ինձ բռնում այն մտքի վրա, որ հնարավորության դեպքում պատրաստ կլինեմ հրաժարվել ուտելիքի իմ ավանդական նախասիրություններից և այսուհետ սնվել միայն աշրամում առաջարկվող բուսական սնունդով։ Աշրամում անվճար սնունդն օրը երկու անգամ է՝ նախաճաշ և ընթրիք։ Սա միանգամայն բավարար է օրգանիզմի կարիքները հոգալու, միաժամանակ բարձր էներգետիկայով օրն անցկացնելու համար։ Դե՛, իսկ չդիմացողների համար շրջակա տարածքում գործում են սրճարաններ…

Արդեն ուշ է, բայց ընթրիքից հետո դեռ մի բան կարող եմ հասցնել՝ ներկա գտնվել Ադիյոգիի հսկայական կիսանդրու մոտ տեղի ունեցող լուսային շոուին։ Օրը կիրակի է, և Քոիմբատորի հարակից տարածքների բնակչության համար աշրամը շաբաթն ամփոփելու հիանալի հնարավորություն է։ Դեռ առավոտից ճանապարհի խցանումների հիմնական «մեղավորները» դեպի աշրամ ուղևորվող ավտոբուսների երկար շարքերն են։ Այդպես բազմամարդ սովորաբար լինում են մեր հրապարակները համապետական նշանակության միջոցառումներից առաջ։

Լուսաձայնային շոուն շատ տպավորիչ է: Սադհգուրուի ձայնը պատմում է Ադիյոգիի պատմությունը՝ ինչպես նա հայտնվեց Հիմալայների բարձրադիր շրջաններից և հոգևոր զարգացման իր ուսմունքը փոխանցեց նվիրյալ աշակերտներին. այս ամենը վիզուալ հոյակապ տեսարաններով, հատուկ լուսային սարքավորումներով և էֆեկտներով, որոնք «կենդանացնում» են կիսանդրին։

Հերթական անգամ զարմացած եմ: Այսօր այդքան խոսում ենք ժամանակակից քաղաքակրթության հոգևոր ճգնաժամի մասին, և որ հոգևոր ուսմունքները ժամանակակից մարդուն հետաքրքիր չեն… Ու մեկ էլ հասկանում ես, որ կարելի է այսօրվա նախասիրություններին համապատասխան հոգևոր ուսմունք ներկայացնել, թեկուզ նաև լուսաձանային էֆեկտներով միջոցառումների օգնությամբ… Մտքումս պտտվում է՝ «Սադհգուրուն ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլև գերազանց մենեջեր, շուկայագետ, ով, կատարելով ահռելի կազմակերպական աշխատանք, անմիջականորեն ընդգրկված է նաև բազմաթիվ դասերի և ուսումնական տարբեր նյութերի ձայնագրման գործընթացում»։

Եվ իրոք, ծրագրերը, որոնք իրականացվում են Սադհգուրուի առաջնորդությամբ, այսօր իրենց շուրջն են հավաքել ամբողջ աշխարհով սփռված մոտ 11 մլն կամավորների, որոնց անկեղծ նվիրումն աշրամի ընդհանուր մթնոլորտի կարևոր բաղադրիչներից մեկն է։

Տպավորություններով լցված՝ վերադառնում եմ սենյակ։ Առավոտյան պետք է շուտ արթնանալ, քնել տանն էլ կհասցնեմ։

քնել տանն էլ կհասցնեմ

Հաջորդ օրը, երբ աշրամի «մեղվաբույնը» դեռ նոր-նոր է սկսում արթնանալ, ես արդեն դրսում եմ։ Ինձ զգում եմ չափազանց ներդաշնակ միջավայրի հետ։ Ոտաբոբիկ, գլուխս թեթև խոնարհած, ափերս կրծքիս առաջ միացրած և շնորհակալության զգացումով լցված՝ գնում եմ տաճարների մթնոլորտը զգալու…

Այն, ինչի մասին այնքան կարդացել եմ, մի քանի հարյուր մետրի վրա է։ Շնորհակալ եմ տիեզերքին այս հնարավորության համար, Սադհգուրուին՝ աշրամի համար…

Քայլում եմ տաճարների մոգական էներգիաների և Սադհգուրուի հետ իմ հանդիպմանն ընդառաջ…

Շարունակելի…

Կարդացեք նաև․

Հեղինակ՝ Արման Ղարագուլյան
Լուսանկարները՝ հեղինակի
Արման Ղարագուլյանը ԵՊՀ-ի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/05/2023