Դըրբըզեք Սոցիալական

Արտագաղթ ինտեգրման փոխարեն․ արցախցիները հեռանում են ՀՀ-ից սոցիալական խնդիրների պատճառով

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 14-ը Հայաստանի հանրապետությունից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ից բռնի տեղահանված 11,665 անձ: Նրանք հիմնականում մեկնել են Վրաստան, ՌԴ, Իտալիա, Ֆրանսիա, Հունգարիա, Քաթար, Գերմանիա և Իրան:

11,665 անձանցից 4,462-ը մեկնել են օդային, 7203-ը՝ ցամաքային ճանապարհով: Այս տվյալներն «Ամփոփ Մեդիա»-ին են փոխանցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:

Արտագաղթում են սոցիալական խնդիրների պատճառով

Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, մասնավորապես զբաղվածությունն ու կայուն եկամուտը, մյուս խնդիրը՝ բնակարանայինն է, իր դիտարկումներով է կիսվում «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Տեսնելով ՀՀ կառավարության բնակարանային ծրագիրը` ճնշող մեծամասնությունը գիտակցում է, որ իր կարիքներն այդ ծրագրով չի կարող բավարարել, հիմնականում պետք է խոշոր վարկի ծանրության տակ մտնեն. նաև այդ պատճառով են մարդիկ որոշում արտագաղթել»,- ասում է Բեգլարյանը:

Անուշ Բաբայանի ընտանիքը Արցախից բռնի տեղահանումից հետո Հայաստանում ընդամենը 7 ամիս է ապրել: Արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով:

«Հայրենիքում մենք տեղ չունեցանք, հայրենիքում մեզ անընդհատ հիշեցնում էին հյուրի կարգավիճակի մասին՝ հիմնականում իշխանությունները: Հասարակության կողմից մենք շատ լավ վերաբերմունքի ենք արժանացել, խտրականության չենք արժանացել: Հարազատի պես են ընդունել: Բայց հենվել հասարակ մարդու վրա, ով ինքն էլ աշխատանք չունի՝ անտրամաբանական է»,- «Ամփոփ Մեդիա»-ի թղթակցի հետ հեռավար զրույցի ընթացքում ասում է Անուշը:

Մասնագիտությամբ մանկավարժ Անուշն իր երեք երեխաների և ամուսնու հետ ապրել է Ստեփանակերտում, 20 տարի դասավանդել է տեղի ռազմամարզական վարժարանում, այնուհետև՝ հայ-իտալական կրթահամալիրում:

«2023-ի սեպտեմբերի 25-ին գաղթի ճանապարհն ենք բռնել, Հայաստան հասել ենք սեպտեմբերի 27-ին: Սկզբնական շրջանում ծանոթի տանն ենք ապրել Երևանում, այնուհետև տեղափոխվել ենք Վանաձոր՝ վարձով ապրելու: Վանաձորում հեշտությամբ վարձով տուն գտանք, բայց աշխատանք չգտանք: Հետո տեղափոխվեցինք Արարատ»,- պատմում է Անուշը:

Արարատում Անուշը աշխատանքի է անցել N զորամասում՝ որպես կադրերի տեսուչ: 2024 թվականի ապրիլին ծառայությունից դուրս է եկել և անցել թոշակի: Անուշի ամուսինը, 25 տարվա զինծառայող լինելով, Հայաստանում այդպես էլ աշխատանք չի գտել:

«Հույսը դնել Կառավարության կողմից տրվող 50,000-ի վրա ու չաշխատել, դա մերը չէր։ Հասկանում ենք, որ պետության կողմից սա աջակցություն է, և մի օր սրան վերջ կտրվի, այնուամենայնիվ, մարդ պետք է աշխատի, որ կարողանա ընտանիքի հոգսերը հոգալ: Դրա համար էլ որոշեցինք Ռուսաստան մեկնել»,- պատմում է Անուշը:

Հասկանում ենք, որ պետության կողմից 50,000-ը աջակցություն է, և մի օր սրան վերջ կտրվի․․․

Ռուսաստան մեկնելուց անմիջապես հետո տեղում ապրող բարեկամների միջոցով Անուշն ու ամուսինն աշխատանք են գտել: Անուշը ցավով է նշում, որ լինելով 20 տարվա մանկավարժ՝ Հայաստանի դպրոցներում աշխատանք չի գտել, քանի որ չուներ ՀՀ քաղաքացիություն: Իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ըստ օրենքի, պետք է 90 աշխատանքային օր սպասեր:

«Քաղաքացիություն ստանալուց հետո էլ պետք է մտածեին՝ ընդունե՞ն աշխատանքի, թե՞ ոչ: Փառք Աստծո, Ռուսաստանում լավ մարդկանց շնորհիվ ես ինձ վերագտա․ աշխատում եմ հայկական համայնքի կողմից հովանավորվող կիրակնօրյա հայկական դպրոցում, հայ երեխաներին սովորեցնում ենք ոչ միայն հայերեն գրել ու կարդալ, այլև մտածել ու սիրել հայերեն, չմոռանալ մեր ազգային ավանդույթները։ Այստեղ ես կարողանում եմ սնվել իմ հոգևոր սնունդով»,- ասում է նա:

«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցներում Արցախի պետական ապարատում աշխատած մարդիկ նշում են, որ այնտեղ ստացած իրենց աշխատավարձն անհամեմատ բարձր է եղել Հայաստանում համանման աշխատանքի դիմաց առաջարկվող աշխատավարձից: Բացի այդ, ՀՀ պետական կառույցներում աշխատելու համար արցախցիները պարտավորված են, ըստ օրենքի, ստանալ ՀՀ քաղաքացիություն:

ՀՀ պետական կառույցներում աշխատելու համար արցախցիները պարտավորված են, ըստ օրենքի, ստանալ ՀՀ քաղաքացիություն:

ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն աշխատանք չգտնելու խնդիրը պայմանավորում է նրանով, որ արցախցիների շրջանում չափահասների գրեթե 60%-ն Արցախում աշխատել է պետական կառույցներում։ Մինասյանը, հղում անելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալներին, նշում է, որ 2024թ․-ի օգոստոս ամսվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում զբաղվածների թիվը մոտ 20,000 է, որն, ըստ պատգամավորի, աճի միտում ունի։

Պատգամավորը մատնանշում է այն ծրագրերը, որոնք իրականացվում են Կառավարության կողմից՝ նվազեցնելու կամ չեզոքացնելու արտագաղթի տեմպը: Լիլիթ Մինասյանը, մասնավորապես, կարևորում է բնակապահովման ծրագիրը, որի նախապայմաններից մեկը ՀՀ քաղաքացիությունն է։ Ըստ պատգամավորի, Կառավարությունն առավել նպաստավոր պայմաններ է առաջարկում այն համայնքներում, որտեղ իրականացվում են պետական ներդրումներ՝ դպրոցների, մանկապարտեզների շինարարություն, և առավել նպատակահարմար է համարում տվյալ համայնքների զարգացումը։

«Արցախցիների մեծ մասը բնակվում է Երևանում և մայրաքաղաքի հարակից մարզերում։ Ըստ այդմ, նրանցից շատերը չեն ուզում հեռանալ արդեն իսկ բնակություն հաստատած վայրերից, չնայած մյուս համայնքներում առաջարկվում է 4-5 մլն դրամ աջակցություն յուրաքանչյուր անձի համար»,- ասում է Մինասյանը։

Պատգամավորը հավաստիացնում է, որ Կառավարության և ԱԺ գործընկերների հետ հանդիպումներ են ունեցել ՀՀ բոլոր մարզերում բնակվող արցախցիների հետ, ներկայացրել են բնակարանային ապահովության ծրագրի մանրամասները։ Եվ, ըստ պատգամավոր Մինասյանի, արցախցիների ներկայացրած խնդիրների մեծ մասը վերաբերում են վերոնշյալ կետերին։

«Թե՛ Ազգային ժողովում, թե՛ Կառավարությունում գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք ԼՂ մեր հայրենակիցների խնդիրներով, պարբերաբար նոր որոշումներ և թարմացումներ ենք անում արդեն իսկ առկա աջակցության ծրագրերում։ Նաև քննարկումներ ենք ունենում՝ ստեղծելու հատուկ ձևաչափեր, որպեսզի կապը նրանց հետ ուղիղ և առարկայական լինի»,- նշում է պատգամավորը։

Մինասյանն ասում է, որ նախատեսում են ակտիվացնել աշխատանքի ապահովության ծրագրերը՝ նպատակ ունենալով ավելի թիրախային դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը։ «Այն բնակավայրերում, որոնք հրապարակված են բնակարանային ապահովության ծրագրի կառավարության որոշման մեջ, պետք է իրականացնենք աշխատաշուկայի գույքագրում, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք արցախցիների համար»։


Կարդացեք նաև․ Տան գումարի դիմաց ՀՀ քաղաքացիություն. արցախցիների մտահոգությունները


Լիլիթ Մինասյանի խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրերի խնդրի հիմնական պատճառն ապատեղեկատվությունն է, անվստահությունը, ինչպես նաև կոմունիկացիոն մեխանիզմների թերացումները։

Հիմնական պատճառներն են ապատեղեկատվության տարածումը, անվստահությունն ու կոմունիկացիոն մեխանիզմների թերացումները․ ՀՀ ԱԺ պատգամավոր

«Մարզերում աշխատանքի փնտրտուքի բարդությունը, ինչպես նաև, ըստ նրանց, տրամադրվող ոչ բավարար գումարը  տուն կառուցելու կամ գնելու համար, քաղաքացիություն ստանալու պայմանները ապատեղեկատվության պատճառով խեղաթյուրված են»,- պնդում է Մինասյանը։

Հայաստանից արցախցիների արտագաղթը սոցիալականից զատ, այլ հանգամանքներով էլ է պայմանավորված, օրինակ՝ հոգեբանական: Արտակ Բեգլարյանը՝ շփվելով բազմաթիվ արցախցիների հետ, ովքեր մեկնել են Հայաստանից, փաստում է՝ նրանք անվտանգային առումով ապահով չեն զգում Հայաստանում, բացի այդ նաև խտրականության որոշակի դրսևորումների են բախվում տարբեր շրջանակների կողմից, հատկապես` իշխանության: «Սրանք լրացուցիչ գործոններ են, որոնք ազդում են արտագաղթելու հարցում վերջնական որոշման վրա»,- նշում է Բեգլարյանը:

Նրա դիտարկմամբ, արտագաղթողները կարծում են, որ այլ երկրներում իրենք ավելի կայուն, ավելի բարենպաստ հեռանկար կարող են ունենալ:

Բնակարանի ձեռքբերման հարցում ավելի երկարաժամկետ է խնդրի լուծումը, իսկ զբաղվածության առումով, հատկապես Ռուսաստան գնացածների զգալի մասը, ավելի բարենպաստ պայմաններով են աշխատանք գտնում՝ հաշվի առնելով նաև սոցիալական կապերը, քանի որ այնտեղ ունեն հարազատներ, որոնք քիչ թե շատ զբաղվածության հարց լուծել են: Լինում են դեպքեր, երբ մարդիկ գնում են ակնկալիքներով, և այդ ակնկալիքները չեն բավարարվում։ Զգում են, որ այնտեղ անորոշ է հեռանկարը և վերադառնում են:

Արցախցիները Հայաստանը լքում են հիմնականում փախստականի կարգավիճակով

Արտակ Բեգլարյանը վստահ է, որ արցախցիների ճնշող մեծամասնությունն առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու է արտագաղթում:

«ՀՀ քաղաքացիություն ստանում են հիմնականում նրանք, ովքեր Հայաստանում են երկարաժամկետ կյանք պլանավորում: Իմ ճանաչած մարդիկ, ովքեր, օրինակ, Ամերիկա, Ֆրանսիա, Հունգարիա, Իտալիա են մեկնել, Արցախի անձնագրով են գնացել, ՀՀ քաղաքացիություն չեն ստացել»,- նշում է Բեգլարյանը:

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Ամփոփ Մեդիա»ին հայտնում են, որ փախստականի կարգավիճակ ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում փախստականի կարգավիճակը դադարեցվում է։


Կարդացեք նաև․ 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացիություն չի շնորհում արցախցիներին․ ՀՀ ՆԳՆ


ՀՀ-ից արտագաղթող կամ արտագաղթել ցանկացող արցախցիների շրջանում տարածված համոզմունք կա, որ, եթե պահպանեն փախստականի կարգավիճակը, ապա կարող են, օրինակ, եվրոպական երկրներում օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնք ունեն տվյալ երկրների կողմից ճանաչված փախստականները: Սակայն դա այդպես չէ:

«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշում է, որ փախստականի կարգավիճակն անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն չի ընձեռում:

Լիլիթ Մինասյանը նաև մի քանի այլ հանգամանքներ էլ է մատնանշում, որոնց պատճառով արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ ու զրկվել փախստականի կարգավիճակից: Ըստ Մինասյանի, արցախցիների շրջանում մտավախություն կա, որ, երբ զրկվեն փախստականի կարգավիճակից, այլևս նրանց իրավունքները ԼՂ-ում իրենց գույքի կամ վերադարձի հետ կապված՝ կվերանա։

«Մեր՝ միջազգային իրավունքի մասնագետների հետ քննարկումների արդյունքում բազմիցս շեշտել ենք, որ կարգավիճակ ստացել են 2023թ հոկտեմբերին և դրանից հետո իրավական կարգավիճակի փոփոխությունը չի ստվերում նախկին իրավունքները։

Երկրորդ խնդիրն այն է, որ ընտանիքի անդամներից արական սեռի ներկայացուցիչները չեն ցանկանում ստանալ քաղաքացիություն, քանի որ հետագայում ունենալու են բանակ գնալու պարտավորություն»,- նշում է Մինասյանը։

Չնայած պետության կողմից իրականացվող ծրագրերին, արտագաղթի հոսքը շարունակվում է, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը պահանջում է ավելի համակողմանի և խորքային լուծում: Սա միայն սոցիալական խնդիր չէ: Սա մարդկային արժանապատվության, ինքնության և ապագայի հանդեպ հավատի հարց է:

Հեղինակ՝ Էլեն Մուրադյան
Ձևավորումը՝ Կարինե Դարբինյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/11/2024