Առողջություն Քաղաքական

Մաս 2. Պատերազմն ու ճգնաժամը դարձյալ հանգեցրել են սելեկտիվ աբորտների աճի

Խմբագրի խոսք․ Երկու մասից բաղկացած լրագրողական այս նախագիծը հրապարկվում է ի հիշատակ այն աղջիկների և տղաների, որոնց կյանքն ընդհատվել է, ըստ էության, հասուն մարդկանց որոշումների պատճառով։ Այս նախագծում մենք միավորել ենք` թվում է, թե իրար հետ կապ չունեցող երկու խնդիր՝ Հայաստանում աղջկա սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն ու փոխնակ մայրության պահանջարկի մեծացումը, մասնավորապես` պատերազմում զոհված տղաների ծնողների շրջանում։

Սրանով մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում մի հասարակությունում, երբ խախտվում է բնության օրինաչափությունը կամ ինչպես մասնագետներն են ասում՝ կենսաբանական նորմերը։ Թեման լիարժեք պատկերացնելու համար, նյութի հեղինակ Լիլիթ Հարությունյանն ուսումնասիրել է վիճակագրական տվյալներ և զրուցել է տասնյակ մարդկանց հետ, այդ թվում՝ փոխնակ մայրերի, անպտղությամբ տառապող կանանց, սեռով պայմանավորելու պատճառով հղիությունը դադարեցրած դադարեցրած կանանց, ինչպես նաև նորից մայրանալ ցանկացող զոհված զինվորների մայրերի հետ։ Իսկ Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության 15 տոկոսն այսօր անպտղությամբ է տառապում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սա մտահոգիչ թիվ է։

Նյութի առաջին մասը կարդալ այստեղ՝  Փոխնակ մայրության պահանջարկը մեծացել է

Տղա՞ է, թե՞ աղջիկ

Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գոհարին հանդիպեցինք Երևանի ծննդատներից մեկում։ Նա վաղ առավոտից մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ էր անցել, որպեսզի մայրաքաղաքի հենց այս հիվանդանոցում անցնի ուլտրաձայնային հետազոտություն։

Կանանցից գոյացած մեծ հերթում Գոհարը համառորեն սպասում էր իր հերթին, քանի որ նրան այդ օրը միայն մեկ բան էր հետաքրքրում։

«Էսքան ճանապարհ ենք եկել, որ հաստատ իմանամ՝ տղա՞ է, թե՞ աղջիկ։ Երկու տեղ գնացել եմ, ասել են՝ տղա է: Բայց ասում են՝ ամենաճիշտն էստեղ են նայում»։

Գոհարը երկու աղջիկ ունի՝ 10 և 8 տարեկան։ Այժմ ուզում է վստահ լինել, որ սպասվող երեխան տղա է։ Աղջկա պարագայում պետք է հասցնեն ընդհատել հղիությունը։ Նրա խոսքով՝ տղա շատ են ուզում ունենալ, բայց շատ երեխա չեն կարող մեծացնել՝ ֆինանասական խնդիրների պատճառով։

«Ամուսինս շինարարությունում է աշխատում, ես չեմ աշխատում, հազիվ ենք հասցնում։ Եթե աղջիկներից մեկը տղա լիներ, էլ երրորդ չէինք ունենա»։

Ո՞ր դեպքում է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը

Երբ պտուղը 12 շաբաթական է, սեռական օրգանների ձևավորումը նոր է սկսվում, հետևաբար, շատ դեպքերում հնարավոր չէ հստակ ասել՝ պտուղը աղջիկ է, թե տղա։

Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի կայքում տեղադրված կրթական ձեռնարկում նշված է, որ պտղի սեռը ուլտրաձայնային հետազոտության միջոցով գրեթե բացարձակ ճշգրտությամբ հնարավոր է որոշել հղիության 14-15 շաբաթական ժամկետներում, երբ առավել հստակ են երևում պտուղների սեռական օրգանները։

Սակայն նույնիսկ այդ ժամանակ հնարավոր է, որ պտղի դիրքի պատճառով ծնողները ստիպված լինեն էլի սպասել երեխայի սեռը պարզելու համար։ Սա չպետք է մոռանալ:

ՀՀ օրենսդրության համաձայն, կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը կարող է իրականացվել միայն մինչև 12 շաբաթականը, իսկ ավելի ուշ ժամկետներում օրինական կերպով սելեկտիվ աբորտ հնարավոր է կատարել միայն բժշկական կամ սոցիալական ցուցումներով՝ հանձնաժողովային որոշման հիման վրա, բայց՝ հղիության 22 շաբաթական ժամկետից ոչ ուշ։

Ոլորտի փորձառու մասնագետները մտավախություն են հայտնում, որ կլինեն բժիշկներ, որոնք անօրինական քայլերի կդիմեն՝ սելեկտիվ աբորտի իրականացումը ձևակերպելով կամ միչև 12 շաբաթական ժամկետում, կամ բժշկական ցուցումով պայմանավորված, իսկ ծայրահեղ դեպքերում այն ընդհանրապես չեն ձևակերպի։

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական՝ բ․գ․թ․ Կարինե Սարիբեկյանի խոսքով, նշված բոլոր դեպքերում կատարված սելեկտիվ աբորտներն ապօրինի են և քրեորեն պատժելի։

Իրավիճակ

Սեռերի ծնունդների համամասնությունն այն ցուցանիշն է, որով հետազոտողները վերահսկում են սեռով պայմանավորված ծնունդների դինամիկան:

Ըստ սահմանված կենսաբանական նորմերի՝ ծնված 100 աղջկա հաշվով ծնվում է 104-106 տղա։ Այսինքն, բնական հարաբերակցությամբ տղաները ավելի շատ են ծնվում, քանի որ ըստ մասնագետների՝ տղաների մահացության ցուցանիշներն ավելի բարձր են, նաև կանայք տղամարդկանցից երկար են ապրում և բնությունը, կարծես, կոմպենսացնում է սա, բայց մարդկային գործոնը խիստ խախտում է այս հարաբերակցությունը։

Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնության խնդիրն սկսվել է 90-ականների սկզբից։ Այն խորացել է ներարգանդային ախտորոշման բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ։

Մասնագետներն ասում են՝ կանայք հնավորություն են ստացել պարզելու սպասվող երեխայի սեռը, այդ թվում՝ նաև հղիության վաղ ժամկետներում արյան թեստերի միջոցով։ Միևնույն ժամանակ պակասել է շատ երեխաներ ունենալու ցանկությունը։

Մի շարք հետազոտությունների համաձայն, տղա երեխա ունենալու ցանկության հիմքում հասարակության նահապետական կառուցվածքն է, ավանդույթները, հայրական գիծը շարունակելու ցանկությունը, տղամարդկանց գերակա դերը հասարակության մեջ, կանանց և տղամարդկանց ոչ հավասար կարգավիճակն ու հնարավորությունները։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այս ցուցանիշը նորմայից շեղվում է, և յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով տղաների թիվը հասնում է 114-120-ի։ Նախ արձանագրենք, որ Հայաստանը աշխարհում հենց այն երկրներից է, որտեղ նորմերի խախտումներն ամենաբարձր ցուցանիշներն ունեն։

Հանրապետությունում վատագույն ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին, երբ 100 աղջկա հաշվով 120 տղա էր ծնվում, իսկ որոշ մարզերում 100 աղջկա հաշվով՝ 124 տղա։

Հանրության շրջանում տեղեկատվական-քարոզչական ծրագրերից, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններից հետո այս ցուցանիշն սկսեց նվազել։ Դա են փաստում նաև վիճակագրական տվյալները․ պտղի սեռի նախընտրության հարցում երեք տարի շարունակ՝ 2019-2021 թթ․-ին, դրական տեղաշարժ էր արձանագրվել՝ 100 աղջկա հաշվով՝ 110 տղա, ինչը էլի նորմայից բարձր ցուցանիշ է։

Մտահոգիչ ցուցանիշներ սկսեցին արձանագրվել 2022 թվականից՝ 112 տղայի ծնունդ 100 աղջկա հաշվով, ինչը վկայում է այն մասին, որ կրկին աճ է նկատվում։

2022 թվականից կրկին աճ է նկատվում

ՄԱԿ-ի բնակչության և ՕքսԵՋեն հիմնադրամները 2022-ին պտղի սեռի խտրական ընտրության հետազոտություն են իրականացրել՝ պարզելու, թե 2020 թվականի համավարակից և պատերազմից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։

Պարզվել է, որ պատերազմը, Քովիդը ու տարբեր ճգնաժամային իրավիճակներ նորից վեր են հանել կարծրատիպային վարվելակերպերն ու կարծրատիպերը, ինչը հանգեցրել է նաև սեռով պայմանավորված ընդհատումների ավելացմանը։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի պատասխանատու Լուսինե Սարգսյանի խոսքով, նաև անվտանգության խնդիրն է մարդկանց անհանգստացնում և տանում դեպի տղա երեխայի նախընտրություն։ Սա շատ հստակ նշում են հարցվածները։

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, գենդերային կարծրատիպերը սովորաբար աղետների պայմաններում ավելի են խորանում։

«Մարդիկ ասում են, որ պետք է տղաներ ունենալ, որ երկրի անվտանգության խնդիրը ավելի լավ կարողանանք լուծել, և սա շատ հստակ երևում է հետազոտության արդյունքներում»,- ասում է Լուսինե Սարգսյանը։

Նրա խոսքով, երեք գործոն է սովորաբար բերում սեռի խտրական ընտրության՝ տեխնոլոգիաների զարգացումը և պտղի սեռի վերհանումը վաղ շրջանում, խտրականությունը կանանց նկատմամբ և սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք ստիպում են մարդկանց ընտրել տղա երեխա։

«Կան թյուր, կարծրատիպային պատկերացումներ աղջիկ երեխայի մասին, թե մեծանալուց հետո ավելի սահմանափակ հնարավորություններ է ունենալու, չի օգնելու ծնողներին, մասնակցություն չի ունենալու ծնողների ընտանեկան կյանքին։ Այս ամենը շատ մարդկանց ստիպում է, որ նախընտրեն տղա երեխայի։ Խնդրի առաջացման հիմքը գենդերային կարծրատիպերն են, կանաց և տղամարդկանց իրավահավասարության պակասը»,- ասում է Լուսինե Սարգսյանը։

Մինչդեռ, Լուսինեն շեշտում է, որ հայերն ունեն շատ պրոգրեսիվ արժեքներ ու պատմություն, որտեղ հայ կանայք հարգված են եղել, ունեցել են իրավունքներ, առաջիններից են աշխարհում, որ ստացել են ժառանգման, ընտրության իրավունք։ Հարկավոր է քայլեր ձեռնարկել այս արժեքները հասարակությանը ներկայացնելու համար։

Իսկ ո՞ւր են տղաները

Թվում է, եթե աղջիկ-տղա համամասնությունը խախտված է հօգուտ տղաների, ապա մեր հասարակության մեջ ավելի շատ տղաներ պետք է լինեն, սակայն վիճակագրությունը հակառակի մասին է վկայում։

Տղաները, պարզվում է, ավելի շատ են 0-24 տարեկանների խմբում, իսկ արդեն 25 տարեկանից աղջիկների թիվն է մեծանում։

Եթե 20-24 տարիքային խմբում տղաները 52% են կազմում, իսկ աղջիկները 48%, ապա 25-29 տարիքային խմբում տղա-աղջիկ համամասնությունը դառնում է 49%-51%։ Հաջորդ տարիքային խմբում աղջիկների թիվն ավելի է մեծանում՝ օրինակ 45-49 տարիքային խմբում կանայք 54% են կազմում, տղաները՝ 46%։

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի խոսքով, տղաների թիվը հիմնականում պակասում է պատերազմների և արտագաղթի հետևանքով:

Տղաների թիվը հիմնականում պակասում է պատերազմների և արտագաղթի հետևանքով։

Տիգրան Ջրբաշյան

Ըստ Ջրբաշյանի, ստացվում է, որ տղաներ նախընտրելով՝ պոտենցիալ վտանգ է առաջանում հետագայում ժողովրդագրական հավասարակշռության խախտման տեսանկյունից․ տղամարդկանց պակասի հետևանքով միայնակ մայրերի խնդիրը տարեցտարի սրվում է, իսկ ասօրվա սեռով պայմանավորված աբորտների հետևանքները 50 -100 տարի երկրում կզգացվի․

«Մենք ունենք սելեկտիվ աբորտներ և միայնակ մայրեր, ինչը բերելու է ծնելիության ցուցանիշների կտրուկ անկման, քանի որ միայնակ մայրերի պարագայում երեխա ունենալու հավանականությունն ավելի քիչ է, քան ընտանիքի պարագայում», – ասում է Ջրբաշյանը։

Ըստ նրա, սեռով պայմանավորված աբորտները բերում են դպրոցական տարիքի տղաների շրջանում ագրեսիայի ավելացման, քանի որ նրանց թիվը նորմայից բարձր է լինում։

Սեռով պայմանավորված աբորտները բերում են դպրոցական տարիքի տղաների շրջանում ագրեսիայի ավելացման, քանի որ նրանց թիվը նորմայից բարձր է լինում։

Արմինե Սայադյան

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու, երբեմն էլ՝ սեռով պայմանավորված հղիությունը ընդհատելու խնդրանքով։

«Շատ հաճախ, երբ դիմում են, մեծ նշանակություն ունի ընտանիքի դերը, ոչ թե կնոջ ցանկությունը․ դա շատ ցավալի փաստ է։ Օրինակ, ասում են՝ ես ուզում եմ, որ ամուսնուս սրտով լինի։ Մեծ դեր են խաղում նաև սկեսուրը, սկեսրայրը, կնոջ ծնողները, նաև հասարակության կարծիքը, թե տղա ունենալը լավ է։ Շատ հազվադեպ եմ հանդիպել կանանց, որ գան ու լացեն, ասեն՝ աղջիկ չեմ ուզում»:

Սայադյանը նշում է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատում երբևէ չի կատարել, իսկ վերջին շրջանում, առհասարակ, հրաժարվել է հղիության ընդհատումներ անել։

«Աղջի՛կս, դու իմ խիղճն ես»

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը երեք տղաների մայր է և իր օրինակով փորձում է համոզել իրեն դիմողներին չընդհատել հղիությունը։ Ասում է, որ մի շարք դեպքերում նրան դա հաջողվում է․ «երկու աղջիկ ունեին ու երրորդին էին սպասում։ Դիմել էին ընդհատման համար։ Հասկացա, որ որոշումը միասին չեն ընդունել։ Կինն ասաց, որ ամուսնուց չէր սպասում, որ նման առաջարկ կանի, քանի որ շատ լավ հայրիկ է իր աղջիկների համար։ Իրենց հետ շատ երկար խոսեցի, զրուցեցի․․․ հաջողվեց համոզել»։

Փոքրիկը ծնվեց 2023-ի հոկտեմբերին և նոր ուրախություն բերեց ընտանիքին։

Անանուն մնալու պայմանով երեք աղջիկների մայրը համաձայնվեց խոսել «Ամփոփ Մեդիա»-ի լրագրողի հետ։ Նա պատմում է, որ առողջական խնդիրների պատճառով հղիություն չէին պլանավորում․ «երբ իմացանք, որ բալիկ ենք սպասում, ամուսինս ասաց, եթե ռիսկի ենք գնում, գոնե տղա լինի։ Մտածում էինք, եթե բոլորը անում են, մենք էլ կկարողանանք, ոնց որ չար ուժ մեզ կառավարեր, բայց բժշկուհին մեզ հեղաշրջեց, նրա շնորհիվ մենք մտափոխվեցինք։ Հիմա, որ ամուսինս փոքրիկին սիրում է, ասում է՝ դու իմ խիղճն ես»։

Լիլիթ Կարապետյան

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Լիլիթ Կարապետյանը, իր փորձը վերլուծելով, նշում է, որ հիմնականում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները տեղի են ունենում ընտանիքում կանանց ճնշված լինելու հետևանքով, նաև՝ գոյություն ունեցող կարծրատիպերի։ Սեռով պայմանավորված ընդհատման խնդրանքով դիմողների թիվը տարիների ընթացքում չի նվազում։

«Երբ մեզ դիմում են, մենք փորձում ենք համոզել, առաջին հերթին բացատրում ենք հետագա բարդությունները․․․ որ հետագայում կարող են անպտղության բախվել»։

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն ընդգրկված են աշխարհի այն երկրների ցանկում, որտեղ նկատվում է կենսաբանական նորմերից սեռերի քանակական հարաբերակցության վիճակագրորեն նշանակալի շեղում։ Հայաստանը այդ երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ երրորդ, իսկ Վրաստանը՝ 12-րդ։

Վրաստանի «անհետացած աղջիկները»

Լրագրող Էկա Քեվանիշվիլին, «Ամփոփ Մեդիա»-ի հետ համագործակցության շրջանակներում, սեռով պայմանավորված աբորտների հարցն ուսումնասիրել է Վրաստանում։ Նա ասում է, որ երկար ժամանակ չէր կարողանում գտնել մի անկաշկանդ կնոջ, ով կպատմեր, թե ինչու է որոշել սեռով պայմանավորված աբորտ անել։ Կանանց առցանց խմբերում նրա խնդրանքին ոչ ոք չի արձագանքել [խմբ․ Էկա Քեվանիշվիլիի նյութը հասանելի է վրացերեն՝ «Անհետացող աղջիկների» պատմությունը]:

Էկան եկել է այն համոզմունքին, որ Վրաստանում սեռով պայմանավորված աբորտների թեման ավելի փակ թեմա է, քան, օրինակ, դաշտանադադարը (մենոպաուզան), որի մասին վերջերս հոդված էր պատրաստել «Ազատության» ռադիոկայանի վրացական ծառայության համար։

Սոցիալական ցանցերում անհաջող որոնումներից հետո, լրագրողը որոշել է զրուցել Սամցխե-Ջավախեթիում, Ռաճայում, Աճարայում և Կախեթիում տարբեր մասնագիտությունների, սոցիալական շերտերի և տարիքի մոտ տասը կանանց հետ։ Նրանք բոլորն ասել են, որ «նման բանի մասին չեն լսել վերջերս», որ «դա կարող էր նախկինում տեղի ունենալ»:

Ի վերջո նա գտել է Նորա անունով մի կնոջ, ով համաձայնել է Էկային պատմել տասը տարի առաջ տեղի ունեցած իր պատմությունը։ Նորան լքել է այն ընտանիքը, որտեղ հենց տասը տարի առաջ պետք է ծնվեր իր երրորդ երեխան։ Երրորդ երեխային՝ աղջկան, նա միայնակ է լույս աշխարհ բերել։ Եվ եթե նրա համառ որոշումը և եղբոր աջակցությունը չլինեին, երրորդ աղջիկը չէր ծնվի, քանի որ ընտանիքում բոլորը սպասում էին «երկար սպասված որդուն»։

Բոլորը սպասում էին «երկար սպասված որդուն»։

«Առաջին անգամ սկեսրայրս ինձ ասաց, որ ժամանակն է տղա լույս աշխարհ բերել։ Սկզբում ծիծաղեցի, այն որպես կատակ ընդունեցի, բայց երբ գնացինք ուլտրաձայնային հետազոտության, և բժիշկն ասաց, որ աղջիկ է, ամուսնուս տրամադրությունը սարսափելի ընկավ։ Ամբողջ ճանապարհին ձայն չհանեց»,- հիշում է Նորան։ Այդ ժամանակ նա արդեն 35 տարեկան էր։

Երեկոյան ընտանեկան ընթրիքին մեծ քննարկում տեղի ունեցավ։

«Այդ չծնված երեխայի մասին խոսում էին որպես անշունչ էակի, դուր չեկած ապրանքի, որ չես հավանում և փոխելու ես։ Հաջորդ օրը ամուսինս ինձ ասաց՝ մենք ևս մեկ աղջիկ չենք ուզում, ես մարդկանց ծաղրի հավեսը չունեմ։ Հիշում եմ, որ մենք շատ վիճեցինք․ ոչ ոք չէր կարող ինձ ստիպել դիմել բժշկի, և քանի որ ես հոժարակամ չարեցի այն, ինչ նրանք էին ուզում, մեր հարաբերություններն ի վերջո խզվեցին»:

Նորան աբորտ չարեց, սակայն նա այդ ընտանիքում այլևս չմնաց։ Կինն ասում է, որ բախտը բերել է, քանի որ եղբայրը կողքին կանգնած է եղել։ Եթե ես մենակ լինեի, կկիսեի այլ կանանց ճակատագիրը։

«Հետո մտածում էի՝ եթե ես դա (խմբ․ աբորտը) անեի միայն այն պատճառով, որ պտուղը աղջիկ էր, արդյոք հաջորդ երեխան տղա կունենայի՞, ի՞նչ կլիներ, ես ընդհանրապես կսիրեի՞ նրան, չգիտեմ»:

Նորայի ամուսինը կնոջ հեռանալուց երկու տարի անց ամուսնանում է և երկրորդ կնոջից տղա ունենում:

«Սեռով պայմանավորված ընտրությունը գենդերային խտրականության ամենավնասակար դրսևորումներից մեկն է», – ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիկա Քուրդաձեն.

«Դա նշանակում է, որ դու որոշում ես երեխա ունենալ՝ ելնելով նրա սեռից»։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հաշվարկել է, որ 1990-ականների վերջից մինչև 2004 թվականի կեսերը Վրաստանում մոտ 31000 աղջիկ չի ծնվել հենց տղաներին տրվող նախապատվության պատճառով: 2004 թվականից ի վեր այս միտումն աստիճանաբար նվազել է, իսկ 2016 թվականին այն հավասարակշռվել է։

Սակայն Վրաստանում մինչ օրս կան շրջաններ, որտեղ կենսաբանական նորմայից ավելի շատ տղա է ծնվում։ Կախեթին, Սամցխե-Ջավախեթին, Քվեմո Քարթլին այն շրջաններն են, որոնք դեռ չեն կարողանում բռնել առաջընթացի ուղին։

Չնայած վերը թվարկված շրջանները բնակեցված են էթնիկ փոքրամասնություններով՝ Մարիկա Քուրդաձեն բացատրում է, որ այս խնդիրը կապված չէ էթնիկ պատկանելության հետ։ Պատճառը պետք է փնտրել լեզվական խոչընդոտի մեջ, նրանում, որ տեղեկատվությունը բնակչության այս հատվածին շատ ավելի դժվար է հասնում, քան Վրաստանի մնացած հատվածներում, և ավելի դժվար է փոխել նորմերը։

Եվ թեպետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պարզել իր երեխայի սեռը, Վրաստանում բժիշկներին խորհուրդ է տրվում չբացահայտել պտղի սեռը մինչև 16-րդ շաբաթը։ Իսկ 16 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը Վրաստանում համարվում է անօրինական և արգելված է օրենքով։

Վերջաբան

Հայաստանի պարագայում, այնուամենայնիվ, արտամարմնային բեղմնավորման միջոցով հղիության պլանավորման դեպքում ծնողներին հնարավորություն է տրվել ընտրել երեխայի սեռը։ Այդ դեպքում կատարվում է սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ հետազոտություն, որի արդյունքում հայտնի է դառնում նաև սեռը։ Այն հիմնականում կատարվում է բժշկական ցուցումով, ինչպես նաև այն զույգերի դեպքում, որոնք ընտանիքում երեք նույն սեռի երեխա ունեն։

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանի խոսքով, 2020 թվականի պատերազմից հետո մեծացել է այն ընտանիքների թիվը, որոնք իրենց զոհված տղաների անունները հավերժացնելու, նրանց բացակայությունը որոշ չափով լրացնելու համար երազում են հենց տղա ունենալ և դիմում են իրենց այդ խնդրանքով։

44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Թորոսյանի մայրը՝ Ռոզա Միքայելյանը, 2023-ի սեպտեմբերին զույգ տղա է լույս աշխարհ բերել։ Արտամարմնային բեղմնավորման միջոցով հղիությունը պլանավորելիս նա դիմել է Արմինե Սայադյանին ու խնդրել, որ տեղադրելուց առաջ ստուգեն սաղմերի սեռը։

Նա երազում էր տղա ունենալ, – «Ուզում էի Դավիթիս անունը դնել։ Բայց մտածեցի՝ առաջ Աստված, թողնենք նրա հույսին։ Հիմա արդեն, որ ծնվել են, մտածում եմ՝ լավ կլիներ, որ մեկը աղջիկ լիներ․ աղջիկս նաև քույրիկ կունենար»։

44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Թորոսյանի ընտանիքը նոր ծնված զույգերի, մյուսում՝ բժիշկ Ա․ Սայադյանի հետ

Նյութի առաջին մասը կարդալ այստեղ՝  Փոխնակ մայրության պահանջարկը մեծացել է

Հեղինակ` Լիլիթ Հարությունյան
Պատկերազարդումն ու ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները տրամադրել են նյութում նշված աղբյուրները՝ անձնական արխիվներից։

Նախագծի հեղինակ՝ Սուրեն Դեհերյան

Սույն հրապարակումը պատրաստվել է Online journalism, in-depth նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն BMZ-ի տեսակետներին:

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/01/2024