Առողջություն

Հայաստանում նորից սկսել են ավելի շատ տղա երեխաներ ունենալ, խզումը մեծացել է

Graphic by Sofiya Zhelizna; Courtesy of RFL/RE

Հայաստանում ծնվող տղաների և աղջիկների միջև բալանսը նորից խախտվել է։ Տարիներ շարունակ այդ ցուցանիշը մոտենում էր ընդունելի նորմային, սակայն 2022 թվականի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում նորմայից շատ տղաներ են ծնվում։

Միջազգային ընդունելի բալանս է համարվում, երբ ծնված ամեն 100 աղջկա հաշվարկով ծնվում է 104-106 տղա։ Հայաստանում այդ թիվը 2022-ին կազմել է 112 տղա՝ 100 աղջկա հաշվարկով։ Ընդ որում՝ որոշ մարզերում այդ ցուցանիշն ավելի մեծ շեղում ունի նորմայից։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Վայոց ձորի մարզում, որն ամենաբարդ վիճակում է, 100 աղջկա հաշվով ծնվել է 124 տղա, Շիրակում, Տավուշում և Արմավիրում՝ 119 տղա։ Ցուցանիշն ընդունելի սահմաններում է միայն Սյունիքում․ 100 աղջկա հաշվով այնտեղ ծնվել է 104 տղա։

Սակայն ավելի մանրամասն դիտարկումը ցույց է տալիս, որ ծնունդների միջև այս տարբերությունները հատկապես արտահայտվում են երրորդ և չորրորդ երեխաների դեպքում։

Սեռով պայմանավորված աբորտների ազդեցությունը այս թվի վրա մեծ չէ, երբ խոսքը վերաբերում է առաջին ու երկրորդ երեխաներին։ Այս դեպքում, ըստ թվային տվյալների, ծնողները համաձայն են լինում երեխայի ցանկացած սեռի հետ։


Երրորդ և չորրորդ երեխաների ծնունդների դեպքում սեռային այսպիսի խզվածքը հիմնականում բացատրվում է նրանով, որ Հայաստանում ծնողները նախընտրում են տղա երեխաների։ Եվ եթե սաղմը աղջկա է լինում, որոշ ծնողները գնում են հղիության արհեստական ընդհատումների։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ 30 տարվա ընթացքում նման արհեստական միջամտությունների հետևանքով 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել Հայաստանում։

2016 թվականին Հայաստանում ընդունվել է օրենք, որով ծնողների ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն մինչև 12-շաբաթական հղիությունը։ Դրանից հետո աբորտները թույլատրելի են միայն առողջական և որոշ սոցիալական պատճառներով՝ մասնագետների որոշմամբ։

Հենց այս օրենքի հիմնավորումից էլ ակնհայտ է դառնում, որ օրենքի ընդունման նպատակներից մեկը եղել է հենց սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարը։ Մասնավորապես նշվում էր հետևյալը․

«Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման»։

Այս և այլ միջոցառումներ, ինչպես երևում է նախորդ գրաֆիկներից, բերել են սեռով պայմանավորված աբորտների նվազեցման։ Սակայն այլ երկրների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանն այս պայքարում հետնապահների թվում է։


Վիզուալիզացիան ցույց է տալիս, որ ընդհանուր տենդենց այն է, որ որքան մեծ են երկրի բնակչության եկամուտները, այնքան ավելի մոտ է տղա-աղջիկ ծնունդների բալանսը նորմային։ Հայաստանը, ըստ այդմ, պետք է միջին ցուցանիշներ ունենար որպես միջին եկամուտ ունեցող երկիր։

Բայց վիզուալիզացիայից նույնպես երևում է, որ այլ երկրների նման՝ Հայաստանում ևս ծննդյան պահին սեռերի հարաբերակցության տարբերությունը նվազում է։ Բայց հայաստանն ակնհայտորեն հեռու է և՛ ընդունելի ցուցանիշին մոտ լինելուց, և՛ այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 31/12/2023