Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը Հայաստանի Հանրապետությունում վերջին վեց տարում նվազել է ավելի քան 34,000-ով կամ 1.5 անգամ։ Տվյալները ՀՀ Վիճակագրական կոմիտեինն են։
«Ամփոփ Մեդիա»-ն ուսումնասիրել է երկրի նպաստառու ընտանիքների թվին, նրանց աշխարհագրական տեղաբաշխվածութանը և պետբյուջեով նախատեսված վճարումներին վերաբերող վիճակագրական տվյալները։
Մասնավորապես, դուրս ենք բերել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում պետությունից ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թվաքանակը՝ սկսած 2018թ-ից՝ դիտարկելու դինամիկան՝ ըստ տարիների։ Նաև հաշվել ենք, թե միջինում որքան գումար է նախատեսված պետբյուջեով 2024-ին այս ընտանիքներին վճարելու համար։
Պետական նպաստը պետության կողմից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է պետական բյուջեի միջոցներից։
Նպաստների տրամադրման նպատակն է օժանդակել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը կամ կանխել դրա վատթարացումը։
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2018-2024 թթ-ին՝ յուրաքանչյուր տարի, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը միջին հաշվով կրճատվել է 5.2 %-ով։
Ընտանեկան և սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում,
2) դիմողի կողմից սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,
3) ընտանեկան/սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում,
4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
Համաձայն ՀՀ Կառավարության 2019 թ․-ի հունվարի 24-ի որոշման՝ 2024թ․-ին ընտանեկան և սոցիալական նպաստների վճարման համար նախատեսված գումարն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 24 մլրդ 940 մլն դրամ, ընտանեկան նպաստների համար՝ 19 մլրդ 332 մլն դրամ, սոցիալական նպաստների համար՝ 5 մլրդ, 608 մլն դրամ։
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից՝ 28․00-ից:
2024թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընտանեկան նպաստ ստացել է 42,483 ընտանիք։ Նախորդ տարվա համեմատ՝ ընդամենը մեկ տարի անց, այս ընտանիքների թիվը նվազել է ավելի քան 5,800-ով կամ 12%-ով։
Ինչ վերաբերում է սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին՝ 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 22,710՝ նախորդ տարվա համեմատ պակասելով ավելի քան 800-ով կամ 3.6%-ով:
Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից՝ 28․00-ից:
Ամենաշատ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները բնակվում են Գեղարքունիքի (16․5%), Շիրակի (15․8%) և Լոռու (14․6%) մարզերում, ամենաքիչը՝ Սյունիքում (3%) և Վայոց Ձորում (2․2%)։
Սոցիալական նպաստ ստացող ամենաշատ ընտանիքները Երևանում (26․3%), Լոռիում (18․4%) և Շիրակում (13․6%) են, ամենաքիչը՝ Արագածոտնում (3․5%) և Վայոց Ձորում (2%)։
Տեքստն ու վիզուալիզացիան՝ Լուսինե Շադյանի, Կարինե Դարբինյանի
Մենթոր՝ Կարինե Դարբինյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
- Բուժման նպատակով ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ
- Բենզինն ու դիզելը թանկացել են, այլ վառելանյութերը՝ էժանացել
- Օղին թանկացել է, գինին՝ էժանացել․ հունվար-հուլիս, 2024թ․
- Ռեստորանային ու հյուրանոցային ծառայությունները թանկացել են 3.1%-ով
- Մեկ տարում տրանսպորտը թանկացել է 10%-ով․
- ՀՀ-ում աղքատ երեխաների թիվը չի նվազել, իսկ Արմավիրում աղքատության մակարդակը կրկնակի աճել է 2019-ի համեմատ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/09/2024